close
Եղանակը Երևանում
21 Ապրիլի 2018
+8°
+10°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Ապր 2018
USD1480.18
GBP1675.23
EUR1590.67
RUB17.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբեք չեմ մտածել, որ օրենքով հնարավոր է ընտանեկան համերաշխություն վերականգնել. Պետրոսյանը քննադատում է ընտանեկան բռնության մասին օրենքը

Քաղաքական

30 Նոյեմբերի 2017, 18:25
 Երբեք չեմ մտածել, որ օրենքով հնարավոր է ընտանեկան համերաշխություն վերականգնել. Պետրոսյանը քննադատում է ընտանեկան բռնության մասին օրենքը

Հայտնել ենք, որ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի և հարակից փաթեթի մասին հարցը:

Ելույթով հանդես եկավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով նշեց, որ իր ելույթը չի արտահայտում խմբակցության տեսակետը, և դա միայն իր կարծիքն է: Նա նշեց, որ մի քանի առիթով էլ է արտահայտել իր անհամաձայնությունը այս օրենքի ընդունման անհրաժեշտության կապակցությամբ:

«Այս օրենքի նախագիծը բազմիցս փորձել եմ, ինքս ինձ հակադրվելով, կարդալ, վերլուծել և այնտեղ չեմ տեսել  ընտանեկան բռնության կանխարգելման դրույթ»,- ասաց պատգամավորը:

Ըստ նրա՝ զավեշտալի է ձևակերպումը, թե օրենքն ուղղված է ընտանիքում համերաշխության վերականգմանը: «Ընկերնե'ր, ես երեբեք չեմ մտածել, որ օրենքով հնարավոր է ընտանեկան համերաշխություն վերականգնել: Սա նույն բանն է, ոնց որ լինի օրենք ընտանիքում բարձր տրամադրություն առաջացնելու մասին, որ օրենքով պարտադրես, որ վերհիշեն իրենց բարիդրացիական ավանդույթները ընտանիքում, օրենքով պարտադրես, որ տրամադրության անկում չգրացվի այս երեկո: Ո՞նց կարելի է համերաշխությունը վերականգնել օրենքով»,- նշեց Պետրոսյանը:

Ըստ նրա` թեև ինքը հարգանք ունի ոստիկանության համակարգի նկատմամբ, բայց նաև չի կարող չհայտնել իր մտավախությունները: «Այդ մասին խոստովանություն է արել նաև ոստիկանապետը, որ քիչ չեն ոստիկանությունում շարժական զանգվածները` մարդու կերպարանքով, որ իրենց լիազորությունները, առիթից օգտվելով, չարաշահել են քաղաքացիների նկատմամբ»,- ասաց պատգամավորը և հիշեցրեց անցյալ տարվա դեպքը, երբ ընտանիքում բռնությունից տուժած կինը ոստիկանություն էր դիմել, նրան 3-4 ժամ սպասեցրել էին, քանի որ պետը չէր եկել: «Արդյունքում` տարբեր հարցեր էր ստացել ոստիկաններից, որոնք դիմումին չէին վերաբերում»,- ասաց Պետրոսյանը: 

Նա զարմանք հայտնեց, թե օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ-երկու ամիս հետո ինչպե՞ս  են ոստիկաններն արագ վերապատրաստվելու, մասնագիտացվելու, ապա նշեց, որ երբ ինչ-որ հարց են բարձրացնում, հանրապետականները նշում են, թե բյուջեում փող չկա: «Ասում ենք` եկեք երեք դատավոր ավելացնենք, որը մանր ծախսերի հետ է կապված, ասում եք` փող չկա բյուջեում: Այդ դեպքում ինչպե՞ս եք ոստիկանության որոշակի ստորաբաժանում ստեղծելու, այդ ստորաբաժանմանը աջակցող տեխնիկական օժանդակ անձնակազմ հատկացնելու, դեռ մի հատ էլ աջակցման կենտրոն հիմնելու: Այդ աջակցման կենտրոնը դեռ պետք է սեռային հատկանիշով տարբերակվի: Չի կարող տղամարդը օտար կնոջ հետ, ովքեր երկուսն էլ ընտանեկան բռնությունից տուժած են, այդ օրը որոշեն իրար մխիթարել, և հանկարծ եթե չստացվի, ի՞նչ է սպասվում այդտեղ: Ոչ ոք չի խոսում այդ ծախսի մասին»,- նշեց Պետրոսյանը:

Նա խոսեց նաև մի դրույթի մասին, որը հանվել էր, սակայն ԱԺ կայքում դեռ կա: «Այստեղ կան ինչ-որ տարօրինակ հասկացություններ: Ընտանիքը գրանցված ամուսնությունն է, ամուսնությունը եթե չգրանցված չէ, ապա մեր օրենսդրությունն այդպիսի կարգավիճակ չի ճանաչում»,- ասաց պատագամվորը:

Նրան ընդհատեց հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը և հարցրեց. «Հազար ներողություն եմ խնդրում, օրինակ` Դուք ե՞րբ եք գրանցել ձեր ամուսնությունը, ձեր հարսանիքի օ՞րը»: Պետրոսյանն արձագանքեց. «7 տարի հետո է գրանցվել դա ի՞նչ կապ ունի: (ծիծաղում է /խմբ./): Մի րոպե, էստեղ ախր կնոջ մասին չէ խոսքը, ուրեմն` նախկին ամուսնու ծնող, հարս-փեսայի մորքուր, մորաքրոջ տատ»:

Հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանն էլ նշեց, որ այդ դրույթը հանվել է:

«Հիմա տրամադրության տակ դա է, եթե գաղտնի հանել եք, շնորհակալություն դրա համար»,- պատասխանեց Պետրոսյանը:

Նա նաև անդրադարձավ այն բանին, որ երբ, օրինակ, երեխային արգելում են այփադով խաղեր խաղալ, քանի որ դասից շեղվում է և առաջադիմության մեջ անկում կա, ի՞նչ է, ոստիկանը պետք է ծնողին կանչի, ասի` ինչի՞ ես արգելել:

Կրկին միջամտեց հանձնաժողովի փոխնախագահ Մախմուդյանը, նա հորդորեց պատգամավորին` չբարկանալ:

«Չեմ ջղայնանում, իմ խոսելու ձևն է տենց: Քոչարյանն էլ իմ ընկերն է (նկատի ունի հիմնական զեկուցող` արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին /խմբ./),  բայց կապ չունի Պլատոնն էլ ասում էր` Արիստոտելն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ինձ համար ավելի թանկ է»,- ասաց պատգամավորը և շարունակեց. «Ոստիկանը կարող է մնալ քո տանն այնքան ժամանակ մինչև դու քո «շորերը հավաքես»: Եթե ես հայտնի կինոնկարի գլխավոր հերոս Օստապ Բենդերը չլինեմ, որ ունենամ մի կոստյում, մի գլխարկ և մեկ շարֆ, ենթադրում եմ` գոնե երեք ժամ ինձ պետք կլինի, որ իրերս հավաքեմ, ուրեմն ոստիկանը պետք է կանգնի իմ կողքը` դիրիժորի փայտիկով` այս շորը վերցրու, արագ.. Այս ի՞նչ բան է, ո՞ր մեկիս ընտանեկան պատկերացումների շրջանակում է»:

Պետրոսյանը նշեց, որ եթե օրենքը կյանքի կոչվի, մեր ազգային  մտածողության պայմաններում անպայման լինելու են բախումներ հենց ոստիկանների հետ: «Եվ Աստված չանի, գուցե ավարտվեն ծանր հետևանքներով»,- ասաց նա:

Ամփոփելով խոսքը` պատգամավորն ասաց. «Ես երբեք քաղաքական գործիչներից անկեղծություն չեմ ակնկալել, և սա էլ բացառություն չի ընդհանուր կանոնից: Լավ կլիներ, որ ասեիք` այս նախագիծը պետք է ընդունենք, որովհետև այսինչ երկրներին պետք է ցույց տանք, որ ունենք: Եկեք դա խոստովանեք»:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica