close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2018
+22°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Սա պատվեր է». Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման

Իրավունք

28 Նոյեմբերի 2017, 11:25
 «Սա պատվեր է». Սամվել Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը քիչ առաջ հրապարակեց ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և ևս 6 անձի գործով դատավճիռը:

Դատարանի վճռով` Սամվել Բաբայանը մեղավոր ճանաչվեց «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելը, փոխադրելը և պահելը դրդելու, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում) մեջ և դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման, իսկ Արմեն Պողոսյանը` 2 տարվա: Գործով ամբաստանյալներ Ժորա Զաքարյանը, Դավիթ Հարությունյանը և Անդրանիկ Քոչարյանը դատապարտվեցին 2-ական տարվա ազատազրկման, սակայն դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի, այլ կնշանակվի փորձաշրջան` 2 տարի ժամկետով: Կարեն Քոչարյանի նկատմամբ նշանակվեց պատիժ 2 տարի 6 ամիս ժամկետով, ինչը ևս պայմանականորեն չկիրառվեց:

Լրագրողների հարցին ի պատասխան՝ Սամվել Բաբայանը հայտարարեց, որ այս դատավճիռը պատվեր է: Ճշտող հարցին, թե ո՞ւմ կողմից է պատվերը, նա պատասխանեց. «Հայաստանում պատվերը մի տեղից է լինում»:

Հիշեցնենք որ մեղադրող դատախազը միջնորդել էր Սամվել Բաբայանին դատապարտել 7, Սանասար Գաբրիելյանին ՝ 4, Արմեն Պողոսյանին, Կարեն Քոչարյանին` 3-ական, իսկ Դավիթ Հարությունյանին` 2 տարի ժամկետով ազատազրկման: Իսկ գործով մյուս երկու ամբաստանյալներ Անդրանիկ Քոչարյանի և Ժորա Զաքարյանի համար էլ առաջարկել էր ազատազրկում 2 տարի ժամկետով, սակայն միջնորդել էր պատիժը պայմանականորեն չկիրառել և նրանց նկատմամբ նշանակել փորձաշրջան` 3 տարի ժամկետով:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով` ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերել, փոխադրել և պահել, ինչպես նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերել:

Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով` ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, փոխադրելու և պահելու մեջ:

Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելուն և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:

ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Օգոստոսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երևանում մեքենա է այրվել
16 Օգոստոսի 2018, 22:54 Երևանում մեքենա է այրվել

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica