close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2018
+26°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2018
USD1482.19
GBP1640.83
EUR1561.80
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանում առաջին անգամ անց է կացվում Գինու միջազգային համաժողով

Տնտեսական

23 Նոյեմբերի 2017, 23:43
 Երևանում առաջին անգամ անց է կացվում Գինու միջազգային համաժողով

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Հայաստանում առաջին անգամ անցկացվող Գինու միջազգային համաժողովին, որը կազմակերպվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ: Միջոցառումն անց է կացվում  «Գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը. հետևություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» խորագրի ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Ասիական զարգացման բանկի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, ինչպես նաև ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ:

 Երկօրյա համաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող խաղողագործության և գինեգործության ոլորտի զարգացմանը, բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը, խթանել միջազգային համագործակցությունը և ներդրումների ներգրավումը գինեգործության ու խաղողագործության ոլորտում, նպաստել ոլորտի մասնագետների միջև փորձի և գիտելիքների փոխանակմանը:

 Համաժողովը միտված է նպաստել հայկական գինեգործական ավանդույթների և նրա մշակութային ժառանգության վերածննդին, հնագույն արժեքների պահպանմանը, տեխնոլոգիաների լայն տարածմանը, ինչպես նաև գինու միջազգային ստանդարտների հաստատմանը Հայաստանում:

 «Համոզված եմ, որ հայ գինեգործների համար այս համաժողովը հետաքրքիր հարթակ կդառնա ոլորտի ապագա զարգացման հարցերը քննարկելու և միջազգային փորձին ծանոթանալու համար: Հուսով եմ նաև, որ հյուրերը հաճույքով կծանոթանան ավելի  քան 6000 տարվա պատմություն ունեցող գինու երկրին», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը լրագրողների հետ ճեպազրույցում:   

 Նախարարի խոսքով` համաժողովի ընթացքում կկազմակերպվեն 4 կլոր սեղաններ, որի ընթացքում կքննարկվեն խաղողի ֆիլոքսերակայուն տեսակների մշակմանը, խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանմանը, խաղողագործության ռեեստրի ստեղծմանը, աշխարհագրական նշումներով գինիների արտադրությանը և խաղողագործության ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր:

 Անդրադառնալով ընթացիկ տարում խաղողի արտադրության ծավալներին` նախարարը նշել է, որ չնայած ընդհանուր առմամբ տարին չորային էր, սակայն թե’ խաղողի բերքատվության, թե’ մթերման տեսանկյունից գրանցվել է  դրական աճ:

 Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանն իր հերթին նշել է, որ համաժողովի հիմնական նպատակն է միջազգային լավագույն փորձագետների հետ համատեղ վեր հանել խաղողագործության և գինեգործության ոլորտներում առկա խնդիրները և քննարկել դրանց հնարավոր լուծման ուղիները:

 Հիմնադրամի գործադիր տնօրենը նաև տեղեկացրել է, որ նոյեմբերի 14-16-ը Չինաստանի Շանհայ քաղաքում կայացել է «PrօWine China 2017» ցուցահանդեսը, որին առաջին անգամ մասնակցել են գինեգործական և կոնյակագործական 13 հայաստանյան ընկերություններ:

 «Ցուցահանդեսի ընթացքում հայկական միասնական տաղավարն ունեցավ 300-ից ավել այցելու, և մենք համոզվեցինք, որ չինական շուկայում կա մեծ հետաքրքրություն հայկական արտադրանքի նկատմամբ», – հավելել է Զարուհի Մուրադյանը:

 Հիմնադրամի առաջիկա նախաձեռնությունների թվում Զարուհի Մուրադյանը մատնանշել է Բորդոյի գինու թանգարանի (La Cité du Vin) hետ համագործակցության հուշագրի ստորագրումը, որի շրջանակում 2018 թվականի գարնանն այնտեղ կկազմակերպվեն հայկական գինու օրեր` Հայաստանի գինեգործության պատմությունը և կիրառվող տեխնոլոգիաները ներկայացնելու նպատակով:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica