close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2017
+3°
+6°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2017
USD1482.74
GBP1649.33
EUR1570.65
RUB18.24
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էքզյուպերիի «Մարդկանց երկիր»-ը հայերեն է թարգմանվել. գրքի շնորհանդեսը՝ վաղը

Մշակույթ

17 Նոյեմբերի 2017, 11:32
 Էքզյուպերիի «Մարդկանց երկիր»-ը հայերեն է թարգմանվել. գրքի շնորհանդեսը՝ վաղը

Վաղը «Բուկինիստ» գրախանութների ցանցի «Մետրոնոմ» մասնաճյուղում տեղի կունենա Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Շուշանիկ Թամրազյանը: Միջոցառման մուտքն ազատ է:

«Էքզյուպերին մեր ամենասիրելի գրողն է: Նա հեղինակել է ստեղծագործություններ, որոնք 20-րդ դարի լավագույն նմուշներն են: Կարծում ենք, որ հայ ընթերցողը պետք է հնարավորություն ունենա կարդալու ֆրանսիացի հանրահայտ գրողի ստեղծագործությունները հայերեն թարգմանությամբ»,- նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:

Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքում տեղ են գտել հեղինակի՝ տարիների ընթացքում գրված պատմվածքները, խոհագրությունները, հուշերը, որ այստեղ հանդես են գալիս որպես առանձին գլուխներ: Օդաչուի՝ իր կենսագրության, օդագնացության խնդիրների, թանկագին ընկերների, անապատի, օազիսի, անապատի թափառական ցեղերի կենսակերպի մասին պատմող այդ դրվագներն ամբողջացնում է ընդգրկուն խորհրդածությունը մարդկային ճակատագրի, երկրի վրա մարդու առաքելության շուրջ: 

Ըստ Էքզյուպերիի՝ յուրաքանչյուր մարդու ճակատագիրը բացահայտվում է միայն ու միայն անվերջանալի ինքնահաղթահարման ճանապարհին: Ավարտուն պատմվածքները փոխկապակցված են ներդաշնակ, շարունակական հյուսվածքով, որ աչքի է ընկնում իր բովանդակային և կառուցվածքային ամբողջականությամբ: Տարբեր գլուխներում հանդիպում ենք նույն հարցադրումներին, նույն լեյտմոտիվներին՝ քաղքենին և հոգսերի բեռի տակ կքած մարդու կենսագրությունը, մենության զնդանն ու սիրելի ընկերը, որ ընդունակ է անօրինակ սխրանքների, կենաց ու մահու սահմանին կանգնած մարդը, որի կյանքը կախված է թելից:

«Մարդկանց երկիր»-ը լույս է տեսել 1939 թ. փետրվարին: Նույն տարվա մայիսի 25-ին Ֆրանսիայի ակադեմիան Էքզյուպերիի ստեղծագործությունն արժանացնում է արձակ երկի համար սահմանված բարձրագույն մրցանակին:

«Այս երկը խորհրդածություն է մարդու ճակատագրի, երկրի վրա ունեցած նրա առաքելության մասին: Էքզյուպերին այս ստեղծագործությամբ մի շարք կարևոր գաղափարներ է առաջ քաշում, որոնք այսօր էլ հնացած չեն: Առաջին հայացքից Էքզյուպերիի երկերը թվում են շատ պարզ, բայց այդ պարզությունը խաբուսիկ է»,- նշում է գրքի թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանը: 

Նոր խաչքար Բաղանիսում
14 Դեկտեմբերի 2017, 23:50 Նոր խաչքար Բաղանիսում
Նալբանդյանը կմեկնի Կիև
14 Դեկտեմբերի 2017, 16:11 Նալբանդյանը կմեկնի Կիև

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica