close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2017
+3°
+6°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2017
USD1482.74
GBP1649.33
EUR1570.65
RUB18.24
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երկրաշարժերի կանխատեսում. ինչ բազա ու խնդիրներ ունենք Հայաստանում

Հասարակություն

13 Նոյեմբերի 2017, 17:11
 Երկրաշարժերի կանխատեսում. ինչ բազա ու խնդիրներ ունենք Հայաստանում

Իրանի և Իրաքի սահմանին երեկ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, նախնական տվյալներով, 350 մարդ է զոհվել: Թե որքանո՞վ ենք մենք ապահովագրված երկրաշարժից և դրա հետևանքներից, արդյո՞ք ունենք համապատասխան սարքեր երկրաշարժերի կանխատեսման համար, Yerkir.am-ը զրուցել է ակադեմիկոս, սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության պետ Սերգեյ Նազարեթյանի հետ:

Նրա հավաստմամբ՝ երկրաշարժերի կանխատեսման խնդիրն ամբողջ աշխարհում լուծված չէ, սակայն սա չի նշանակում, որ պետք է այդ խնդրով չզբաղվենք: Ըստ Նազարեթյանի՝ Հայաստանը բավական լավ դիտարկումների ցանց ունի՝  մոտ 150 տարբեր տիպի կայաններից կազմված՝ երկրադինամիկական, երկրաֆիզիկական, սեյմսիկ, երկրաքիմիական...

«Սպիտակի երկրաշարժի փորձից ելնելով՝ բազմապարամետր դիտարկումների ցանց է ստեղծվել, և ունենք տվյալներն օպերատիվ հավաքելու բավական լավ համակարգ: Սակայն մենք որոշ խնդիր ունենք, քանի որ տեխնիկան անընդհատ զարգանում է, և սարքերն էլ պարբերաբար պետք է փոխվեն, դրանք էլ ֆինանսական լուրջ միջոցներ են պահանջում: Այսպես ասեմ՝ ունենք որոշ սարքավորումներ, որոնք փոփոխման ենթակա են, բայց, դրան զուգահեռ, ունենք նաև գերժամանակակից սարքավորումներ»,- ասաց Նազարեթյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ Հայաստանը սեյսմապաշտպանության ոլորտում ակտիվ համագործակցում է Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի հետ: Այդ երկրները շահագրգռված են մեզ մոտ սարքավորումներ տեղադրել, իսկ մենք էլ, Նազարեթյանի խոսքով, պարտավորվում ենք ստացված տվյալները համատեղ վերլուծել:

Հարցին, թե կարո՞ղ ենք ասել՝ երկրաշարժերի կանխատեսման համար անհրաժեշտ մեր ունեցած սարքավորումները բավարար են, Նազարեթյանը պատասխանեց` ոչ: «Տեսեք` նույնիսկ ճապոնացիների դեպքում դրանք բավարար չեն: Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ո՞վ կմտածեր, որ ցունամի կլիներ և 5 մետր բարձրության ալիքի փոխարեն 30 մետրանոց ալիք կգար: Այսինքն՝ երբեք չենք կարող ասել, որ մինչև վերջ ենք ապահովագրված, բայց անհրաժեշտ քայլերն արվում են, տեխնիկան ձեռք է բերվում»,- ասաց նա:

Նազարեթյանի խոսքով՝ ամենակարևորն այն է, որ մենք լավ մասնագետներ ունենք, որ կարողանում են համագործակցել մյուսների հետ, վերլուծել չափումների տվյալները:

Ինչ վերաբերում է Իրաքի երկրաշարժին, ապա, մասնագետի պնդմամբ, դրանից մեզ որևէ վտանգ չի սպառնում: «Այն շատ հեռու է մեզնից: Չնայած բավականին հզոր երկրաշարժ էր, սակայն Հայաստանի տարածքի վրա չէր կարող հետևանքներ ունենալ, բացի մի քիչ ժողովրդին վախեցնելուց: Ուժեղ երկրաշարժին միշտ բազմաթիվ հետցնցումներ են հետևում, որոնք նույնպես մենք չենք էլ զգա»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, թե այսօր մեր հասարակությունը որքանո՞վ է պատրաստված և տեղյակ՝ երկրաշարժի դեպքում ինչ քայլեր պետք է արվեն, Նազարեթյանը պատասխանեց, որ դժվար է ասել: Ըստ նրա՝ Գյումրիում, դառը փորձից ելնելով, մարդիկ տեղեկացված են, իրազեկ, իսկ, օրինակ, Երևանում, կարծես թե ոչ: «Գյումրիում քարե շենքերի 10 տոկոսը փլուզվել է բնակիչների մեղքով՝ առանց գիտակցելու խոր նկուղներ են փորել, կապիտալ պատերը քանդել են, սյուների մեջ հաշվիչ տեղադրել… Կառուցապատման ոլորտում լուրջ խնդիր ունենք, մանավանդ՝ պետական հաստատությունների մասնավորեցումից հետո մարդիկ, առանց հասկանալու, ինչ ասես անում են: Մինչև 2006թ. արգելված էր 5 հարկից բարձր շենք կառուցելը, սակայն հետո կառուցապատման նորմերը փոխեցին, քանի որ Երևանում մի քանի քառակուսի մետր դատարկ հողը 2000 դոլար է, իսկ կառուցապատողին ձեռնտու է վերև բարձրանալ, կողքերով տարածվել»,- ասաց Նազարեթյանը:

Նա նշեց նաև, որ Հայաստանում կառուցապատումից ավելի լուրջ խնդիր են սովետական տարիներին Երևանում կառուցած 3500 բարձրահարկ շենքերը: Ըստ մասնագետի՝ վերջին տարիներին Երևանում մոտ 100 բարձրահարկ շենք է կառուցվել, որը չարիքի փոքրագույնն է 3500՝ արդեն իսկ մեծ մասամբ վթարային շենքերի համեմատ: «Բացի այդ՝  հիմա շենքերը նախագծվում են 9 բալի համար, և որակն էլ անհամեմատելի լավ է, իհարկե, ոչ բոլորի դեպքում: Մեր մեծագույն խնդիրն այդ 3500 շենքերն են, որոնք լավագույն դեպքում 8 բալի համար են նախագծված, շինարարական որակն էլ՝ խայտառակ ցածր է»,- ասաց Նազարեթյանը:     

Նոր խաչքար Բաղանիսում
14 Դեկտեմբերի 2017, 23:50 Նոր խաչքար Բաղանիսում
Նալբանդյանը կմեկնի Կիև
14 Դեկտեմբերի 2017, 16:11 Նալբանդյանը կմեկնի Կիև

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica