close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2017
+6°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2017
USD1483.66
GBP1640.22
EUR1567.24
RUB18.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՊՀ ուսխորհուրդը չի կիսում ցուցարարների մոտեցումները

Հասարակություն

11 Նոյեմբերի 2017, 13:05
 ԵՊՀ ուսխորհուրդը չի կիսում ցուցարարների մոտեցումները

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահության` երեկ տեղի ունեցած ընդլայնված նիստում ձայների մեծամասնությամբ ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի և վերջին օրերի ուսանողական ցույցերի մասին հետևյալ հայտարարությունը:

«Վերոնշյալ օրենքի նախագծով նախատեսված տարկետման ձևաչափի փոփոխության հետ առաջացած բողոքի խաղաղ ակցիաները, մենք համարում ենք հասարակական հարաբերությունների կարևոր գործընթացներ: Ժողովրդավարության զարգացման ճանապարհին մեր պետության յուրաքանչյուր քաղաքացի կամ քաղաքացիների խումբ իր կարծիքն արտահայտելու ազատության սահմանադրական իրավունք ունի, իսկ պետությունը պարտավոր է ապահովել այդ իրավունքը: Ազատ կարծիք արտահայտելու, բողոքի խաղաղ ցույցեր և երթեր անցկացնելու մեր ուսանող ընկերների իրավունքները պաշտպանելու ենք օրենքով սահմանված բոլոր միջոցներով, ուստի պահանջում ենք հարգանքով վերաբերվել բողոքի ակցիաներին, դրանց մասնակիցներին և չտրվել տարատեսակ սադրանքների:

Հիմք ընդունելով բոլոր ֆակուլտետների ուսանողների շրջանում քանակական և որակական տեղեկատվությունը, կարծիքների և դիրքորոշումների ամբողջությունը՝ հայտարարում ենք, որ ԵՊՀ ուսանողական խորհրդը չի կիսում «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի շուրջ մեր ցուցարար ընկերների մոտեցումները: 
Մենք դեմ ենք գիտությունն ընդդեմ անվտանգության ձևաչափով բանավեճին, այս արժեքների ուղիղ հակադրմանը. բանակին վերաբերող խնդիրների քննարկումը չպետք է ամբողջովին միահյուսել գիտության հիմնախնդիրների հետ: Հարց է առաջանում. մինչ այժմ որքանո՞վ է տարկետման առկայությունը լուծել գիտության խնդիրները և նպաստել Հայաստանում գիտության զարգացմանը, քանի՞ ասպիրանտ է, չանցնելով պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ Զինված Ուժերի շարքում, շարունակել գիտամանկավարժական գործունեությունը: Բավարար է, նույնիսկ, հպանցիկ աչքի անցկացնել վիճակագրությունը և ակնհայտ կդառնա, որ գիտության զարգացումը տարկետման խնդրի հետ կապելն արդարացված չէ:

Բոլորին հորդորում ենք հեռու մնալ 2016թ. ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած ուսանողների անունների շահարկումներից: ԵՊՀ Ուսանողական խորհրդի շարքերում կան 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների բազմաթիվ մասնակիցներ, ովքեր իրենց արիությամբ կանգնեցրել են թշնամու գրոհը, ում կողքին զոհվել են ծառայակից ընկերներ, և անընդունելի է նման բանավեճում մեր զոհված ընկերների հիշատակը շահարկելը: Մենք շատ լավ գիտակցում ենք պատերազմի և խաղաղության գինը: Հասկանում ենք բանակում ծառայությունն անցնելուց հետո ուսումը շարունակելու նշանակությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև ծառայությունից հետո՝ համալսարանում սովորելու ընթացքում, հայրենիքի կանչով կամավոր ճակատ մեկնելու և հետո դա քաղաքական կարիերայի դրոշակ չդարձնելու գինը:

Կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, և խնդիրը լուծել հարգալից, միմյանց լսելու, առողջ բանավեճի, տարընթերցումներն ու տարըբռնումները քննարկելու միջավայրում: 

Կոչ ենք անում քաղաքական ուժերին զերծ մնալ ուսանողությանը քաղաքականացնելու, ուսանողական ցույցերն ու երթերը կուսակցական և նեղ խմբային շահերին ծառայացնելու ցանկացած դրսևորումներից: Մենք հարգում ենք ուսանողական նույն աթոռներին նստող մեր ընկերների կարծիք հայտնելու ազատությունը և պատրաստ ենք պաշտպանել նրանց իրավունքները»,- նշված է հայտարարության մեջ:

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica