close
Եղանակը Երևանում
23 Նոյեմբերի 2017
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Նմբ 2017
USD1483.75
GBP1640.87
EUR1568.65
RUB18.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պապիլոմա. առասպելնե՞ր` չիմացությունից, թե՞ իրական վտանգ. դեկտեմբերից կիրականացվեն պատվաստումներ

Հասարակություն

10 Նոյեմբերի 2017, 16:55
 Պապիլոմա. առասպելնե՞ր` չիմացությունից, թե՞ իրական վտանգ. դեկտեմբերից կիրականացվեն պատվաստումներ

Եթե հնարավորություն ունենայի աշխարհում առկա բոլոր ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պատվաստվելու, ես կանեի դա՝ նախ ապահովագրելով ինձ, հետո արդեն ինձ հետ շփվողների առողջությունը. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քիթ-կոկորդ-ականջաբան Լուսինե Ղազարյանը՝ անդրադառնալով պապիլոմա վիրուսի դեմ պատվաստմանն ու դրա վերաբերյալ առկա մտահոգություններին:

Պապիլոման  բարորակ ուռուցք է, որն առաջանում է մաշկի մակերեսին  ու լորձաթաղանթի վրա: Գոյություն ունի պապիլոմայի ավելի քան 60 տարատեսակ, որոնցից հիվանդածին են համարվում 32-ը: Մարդու պապիլոմա վիրուսը՝ HPV, փոխանցվում է սեռական ճանապարհով: Վիրուսի որոշ տեսակներ առաջացնում են արգանդի վզիկի քաղցկեղ: Հայաստանում տարեկան գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի 250-300 նոր դեպք, իսկ տարեկան դրանից մահանում է միջինը 100-130 կին: Միայն 2015-ին արձանագրվել է մահվան 127, 2016-ին՝ 116 դեպք: Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղով մահվան դեպքերը երկրորդ տեղում են՝կրծքագեղձի չարորակ նորագոյացություններից հետո

Երեկ ՀՀ կառավարությունը հաստատեց որոշում, ըստ որի` 2017թ. դեկտեմբերից Հայաստանում պապիլոմա վիրուսային վարակի դեմ պատվաստումներ կիրականացվեն 13 տարեկան աղջիկների շրջանում` երկու դեղաչափ սխեմայով` 6 ամիսը մեկ անգամ:

Նշենք նաև, որ պատվաստանյութի հետ կապված հասարակության շրջանում տարակարծություն կա. շատերը հայտարարում են, թե այն կարող է անպտղություն առաջացնել: Իսկ մասնագիտությամբ բժիշկ Լուսինե Ղազարյանն ասում է՝ ճիշտ է, իր տարիքն ամենևին էլ չի մտնում պլանային պատվաստման տարիքային շեմի մեջ, սակայն որոշել է անպայման դիմել առողջապահության նախարարություն, որ իրեն էլ պատվաստեն: Ըստ Ղազարյանի՝ որոշել է պատվաստվել ոչ թե նրա համար, որպեսզի իր քայլով աջակցի նախարարությանը, այլ պարզապես գիտակցված ընտրություն է կատարել:

 «Կարծում եմ՝  հասարակության մեջ պատվաստանյութերի վերաբերյալ հակասական կարծիքների աղբյուրը սոցցանցերն են, որտեղ ինչ ինֆորմացիա ասես, որ չես հանդիպի: Հաճախ այդ կարծիքները լինում են ոչ պրոֆեսիոնալ՝ հարևան, բարեկամ, ծանոթի շրջանակներում: Ես նման կարծիքներին լուրջ չեմ վերաբերվում, քանի որ ինքս, բժիշկ լինելով, հետևում եմ ապացուցողական բժշկության փաստերին: Մյուս կողմից, սակայն, ես շատ քննադատաբար էլ չեմ մոտենում թյուր կարծիք ունեցողներին, քանի որ ինֆորմացիայի պակաս կա: Պատվաստանյութերի դեմ աղմուկն ավելի շատ անտեղյակության հետևանք է»,- ասաց բժիշկը:

Նրա կարծիքով՝  պատվաստումներից պետք չէ խուսափել, քանի որ վիրուսների թողած հետևանքները կարող են անդառնալի լինել: Ըստ Ղազարյանի՝ կարծիքը, թե պապիլոմայի դեմ պատվաստումը կարող է անպտղություն առաջացնել, ծիծաղելի է, քանի որ սպիտակուցային կառուցվածք ունեցող նյութը չի կարող անպտղություն առաջացնել: «Կուզեի՝ այդ կարծիքն ունեցողներն ապացուցեին, թե ինչի հիման վրա են նման կարծիք հայտնում: Ես որևէ մտավախություն չունեմ և վստահորեն դիմելու եմ այդ քայլին: Բացի այդ՝ ես մյուսներին էլ խորհուրդ կտամ չվախենալ պատվաստումից ու գնալ պատվաստման,` բնականաբար, մինչ այդ կարդալով նյութեր, զրուցելով բժշկի հետ և լիարժեք հասկանալով, թե իրականում այդ կերպ ինչ վտանգներից են ազատվում»,- ասաց նա:

Իսկ թե իրականում ի՞նչ է իրենից ներկայացնում պատվաստանյութը և որքանո՞վ է այն վտանգավոր`  զրուցեցինք ՀՀ ԱՆ Իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հետ: Նա տեղեկացրեց, որ մարդու պապիլոմա վիրուսի պատվաստանյութը ինակտիվ պատվաստանյութ է, այսինքն՝ չի պարունակում կենդանի վիրուսի մասնիկներ: Այն, որ շատերը խոսում են, թե հնարավոր է դեռահասի մոտ պատվաստումից հետո առաջանա հիվանդությունը, այսինքն՝ պատվաստանյութը հիվանդության զարգացման պատճառ դառնա, ըստ Սահակյանի, հնարավոր չէ, քանի որ պապիլոմա վիրուսը միայն պատիճային սպիտակուց է պարունակում /L1 և L2/, որը հիվանդություն չի առաջացնում: «Պատվաստումը ենթադրում է վիրուսի որոշակի մասնիկների ներմուծում օրգանիզմ, որը հիվանդություն չի առաջացնում, այլ պարզապես օրգանիզմը սկսում է ճանաչել այդ մասնիկները և դրանց նկատմամբ հակամարմիններ առաջացնել: Միակ «վտանգը», որը կարող է առաջացնել պատվաստումը, ցավն է, որը կարող է տևել մեկ օր: Բացի այդ՝ կարող է լինել նաև ջերմություն, թուլություն կամ գլխացավ, ինչը նույնպես բնական է»,- ասաց Սահակյանը:

Ինչ վերաբերում է կարծիքին, թե պատվաստումը կարող է անպտղություն առաջացնել, ապա, մասնագետի խոսքով, պապիլոմա վիրուսն առաջացնում է սեռական օրգանների բազմաթիվ հիվանդություններ, և պատվաստանյութը չի թողնում, որ հետագայում մի շարք հիվանդություններ առաջանան, արդյունքում վերարտադրողական ֆունկցիայի խթանում կլինի: Սահակյանի պնդմամբ՝ 10 տարի է, ինչ կիրառվում է պատվաստանյութը, և այս տարիների ընթացքում դրա կիրառումից առաջացած որևէ պատճառահետևանքային կապ չի հաստատել, որ դրանից կարող է անպտղություն առաջանալ կամ որևէ անոմալիա:

Մեր հարցին, թե անձամբ կուզենա՞ր պատվաստվել, նա պատասխանեց «Այո, ավելին` աղջկաս էլ եմ պատվաստելու, թեև նա մեծ է: Բացի այդ՝  կան բավական մեծ թվով բուժաշխատողներ, ովքեր պատրաստ են «հրապարակավ» պատվաստվել, որպեսզի հասարակության կասկածները ցրվեն»:

Հարցին` պատվաստումից հետո կարո՞ղ ենք բացառել, որ աղջիկը հետագայում արգանդի վզիկի քաղցկեղից ապահովագրված կլինի, Սահակյանը պատասխանեց, որ արգանդի վզիկի քաղցկեղը 71-75 տոկոս դեպքերում առաջանում է այն ժամանակ, երբ առկա են այն երկու շտամները, որոնք պարունակում է պատվաստանյութը:

Ի դեպ, մասնագետի հավաստմամբ՝ պատվաստումից կարող է հրաժարվել թե´ աղջիկը, թե´ ծնողը, սակայն այն, Սահակյանի խոսքով, պետք է լինի իրազեկված հրաժարում: Այսինքն՝ նախ նրանց պետք է տրամադրվի մանրամասն ինֆորմացիա պատվաստվելու և դրա արդյունքի ու ընդհակառակը՝ չպատվաստվելուց բխող վտանգների մասին, և հետո արդեն, եթե որոշում են հրաժարվել, պետք է գրավոր դիմում գրեն:

Նշենք նաև, որ պատվաստանյութն իրականում շատ թանկ արժե, սակայն առաջիկա 2 տարիներին GAVI-ն /Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինք/ Հայաստանին պատվաստանյութը կտրամադրի իր հաշվին, իսկ հաջորդ 10 տարիներին Հայաստանը պատվաստանյութը կգնի GAVI-ի գներով՝ չափաբաժինը 4,5 դոլարով: Ի դեպ, պատվաստանյութն արդեն ներդրվել է աշխարհի 70 երկրում։ Պատվաստումից առաջ, ինչպես բոլոր դեպքերում, երեխան կանցնի բուժզննում:

Իսկ թե ինչու են որոշել պատվաստել հենց 13 տարեկան աղջիկներին, ապա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս պատվաստումը կատարել 9-13 տարեկան աղջիկների շրջանում, քանի որ այն արդյունավետ է հորմոնալ հասունացման ժամանակահատվածում,երբ աղջիկները դեռևս չեն սկսել սեռական կյանքով ապրել, այսինքն՝ չեն կարող պապիլոմա վիրուսով արդեն վարակված լինել: Հայաստանում, հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները, որոշվել է պատվաստել 13 տարեկան աղջիկներին։ Պապիլոմա վիրուսային վարակի դեմ պատվաստանյութն արտադրվում է «Գարդասիլ» (արտադրող՝ Merck & Co.) և «Ցերվարիքս» (GlaxoSmithKline) անվանումներով: Հայաստան բերվող պատվաստանյութը «Գարդասիլի» արտադրությանն է, որի ներկայացուցիչները  հավաստիացնում են, որ «Գարդասիլ» քառավալենտ պատվաստանյութը պաշտպանում է մարդու պապիլոմա վիրուսի 6, 11, 16 և 18 տիպերից: Առաջին երկուսը պատասխանատու են սեռական կոնդիլոմաների առաջացման, իսկ վերջին երկուսը՝ արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացման համար

Ի դեպ, մենք փորձեցինք զրուցել նաև մեկի հետ, ով սոցցանցում ակտիվորեն գրառումներ էր կատարում՝ պնդելով, թե ոչ մի դեպքում պետք չէ պատվաստել աղջիկներին պապիլոմա վիրուսի դեմ, քանի որ այն անպտղություն է առաջացնում: Նա մերժեք մեր առաջարկը: 

Կարինե Հարությունյան

Երբ են դադարելու տեղումները
22 Նոյեմբերի 2017, 18:00 Երբ են դադարելու տեղումները
Էրդողանը մեկնել է Սոչի
22 Նոյեմբերի 2017, 16:40 Էրդողանը մեկնել է Սոչի
Ռոհանին մեկնել է Սոչի
22 Նոյեմբերի 2017, 13:04 Ռոհանին մեկնել է Սոչի

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica