close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2017
+4°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դեպքի վայրից կարևոր իրեղեն ապացույց է անհետացել. սպանվածի մայրը հանդիպում է պահանջում գլխավոր դատախազի հետ

Իրավունք

10 Նոյեմբերի 2017, 14:45
 Դեպքի վայրից կարևոր իրեղեն ապացույց է անհետացել. սպանվածի մայրը հանդիպում է պահանջում գլխավոր դատախազի հետ

Նախկին մանկավարժ Ռուզան Ադանալյանը երեք տարի առաջ թողել է աշխատանքը և զբաղվում է միակ որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքի ամբողջական բացահայտման գործով: Այս տարիների ընթացքում մայրը համապատասխան իրավաբանական գիտելիքներ է ձեռք բերել, ուսումնասիրել դատաբժշկական գրականություն, հետազոտել գործում եղած փաստական տվյալները և համոզվել, որ որդու սպանության գործի ամբողջական բացահայտման համար պատշաճ քննություն չի իրականացվել:

Ադանալյանը Yerkir.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ սպանությանն ուղղակի մասնակցություն ունեցող անձանցից մեկն այսօր ոչ միայն ազատության մեջ է, այլև այս գործով որևէ դատավարական կարգավիճակ չունի:

Արտյոմ Ադանալյանի սպանության գործին անդրադարձել են տարբեր լրատվամիջոցներ: Սպանվածի մայրը գործի քննության ընթացքում տեղ գտած թերացումների հարցով դիմել է տարբեր իրավապահ կառույցների, սակայն, ըստ նրա, իր կողմից մատնանշված փաստերն անտեսվել են:

Ներկայումս գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այս գործով ամբաստանյալի աթոռին է Արթուր Մարտիրոսյանը, ով իրեն մեղավոր չի ճանաչում: Նա, նախքան կալանավորվելը, աշխատել է Ախուրյանի շաքարի գործարանում` որպես հումքի մատակարար:

Համաձայն մեղադրանքի՝ 2014թ. հոկտեմբերի 29-ին` ժ.17-ի սահմաններում, Ավետիք Ադանալյանի՝ Գյումրիում գտնվող տնակում տեղի է ունեցել ճաշկերույթ, որին մասնակցել են Արտյոմ Ադանալյանը, Ավետիք Ադանալյանը, Ռուբիկ Գևորգյանը, Ռազմիկ Պետոյանը, Կարեն Շահինյանը, Արտաշես Բաղդասարյանը, Մարիամ Ուստյանը, Մանվել Նիկոլյանը, Գոռ Հարությունյանը և Արթուր Մարտիրոսյանը: Ժ.20:30-ի սահմաններում Արտյոմ Ադանալյանը  դիտողություն է արել հորը`Ավետիք Ադանալյանին, ինչին միջամտել է Արթուր Մարտիրոսյանը և Արտյոմ Ադանալյանին դիմել` «Արտյոմիկ», իսկ Արտյոմ Ադանալյանը նույն կերպ պատասխանել է Արթուր Մարտիրոսյանին` «Արթուրիկ»: Այդ պատճառով նրանց միջև ծագել է վիճաբանություն: Ավետիք Ադանալյանը վիճաբանությունը կանխելու նպատակով Արթուր Մարտիրոսյանին հյուրասենյակից տարել է խոհանոց, սակայն Արթուր Մարտիրոսյանը և Արտյոմ Ադանալյանը միմյանց ուղղությամբ նետել են սպասք և տվել սեռական բնույթի հայհոյանքներ, որի ժամանակ Արթուր Մարտիրոսյանը Ավետիք Ադանալյանին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ գլխով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին, ինչի արդյունքում Ավետիք Ադանալյանը ընկել է գետնին, սակայն մարմնական վնասվածքներ չի ստացել: Այնուհետև Արտյոմ Ադանալյանը և Արթուր Մարտիրոսյանը, դիտավորությամբ միմյանց հարվածներ հասցնելով, ընկել են գետնին, որի ժամանակ Արթուր Մարտիրոսյանը նախ ձեռքով, այնուհետև իր մոտ ունեցած դանակով ապօրինաբար, Արտյոմ Ադանալյանին կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում Արտյոմ Ադանալյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Ռուզան Ադանալյանի խոսքով՝ գործի դատաքննության ընթացքում նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք փաստում են, որ, բացի Արթուր Մարտիրոսյանից, այլ անձ էլ է մասնակից եղել սպանությանը: Ըստ նրա՝ իրենց հարևան Հովհաննես Թոփչյանը, ով ևս ներկա է եղել սպանությանը նախորդած խնջույքին, մասնակից է կատարվածին, իսկ դեպքից հետո հեռացել է երկրից: Նրա խոսքով՝ մինչ օրս որևէ գործողություն չի իրականացվել Թոփչյանին հայտնաբերելու և դեպքին նրա մասնակցությունը  պարզելու ուղղությամբ: Ադանալյանի խոսքով՝ դատաքննության ընթացքում փորձագետներին հարցաքննելուց և դատաբժշկական փորձաքննությունների արդյունքում ստացված եզրակացություններն ուսումնասիրելուց հետո պարզ է դարձել, որ իր որդուն սուր կտրող-ծակող գործիքից հասցված վնասները տարբեր են և չէին կարող պատճառված լինել մեկ անձի կողմից: Բացի այդ, ըստ նրա, գործում բացակայում է կարևորագույն իրեղեն ապացույցներից մեկը՝ դեպքի վայրից հայտնաբերված արյունոտ սփռոցը, որը, ըստ կնոջ, անհետացել էր դեռ նախաքննության ընթացքում:

Նշենք, որ, համաձայն ՀՀ քրեականան դատավարության օրենսգրքի 309 2 հոդվածի, եթե առաջին ատյանի դատարանում դատական քննության ընթացքում ի հայտ են գալիս այնպիսի հանգամանքներ, որոնք հիմք են տալիս նույն քրեական գործով մեղադրանք առաջադրել մեկ այլ անձի (անձանց), որին տվյալ գործով մեղադրանք առաջադրված չի եղել, ապա մեղադրողն իրավունք ունի հարուցելու նոր քրեական գործ: Ադանալյանի խոսքով, սակայն, մեղադրողը որևէ քայլ չի ձեռնարկել նոր քրեական գործ հարուցելու համար: Նա համոզված է, որ եթե նոր քրեական գործ հարուցվի և համապատասխան քրեաիրավական գնահատական տրվի Հովհաննես Թոփչյանի գործողություններին, ապա հնարավոր է` գործով ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքը ևս փոփոխվի կամ լրացվի: Նման պարագայում, համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի, մեղադրողի միջնորդության հիման վրա դատարանը հետաձգում է գործի դատական քննությունը:

Հիշյալ հարցի կապակցությամբ սպանվածի մայրը ցանկանում է հանդիպել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Ադանալյանը համոզված է, որ այս գործով միայն գլխավոր դատախազն է ի զորու նոր քրերական գործ հարուցելու վերաբերյալ ցուցում տալ և վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել պատշաճ քննության առարկա դարձնել Թոփչյանի՝ սպանության դեպքին հնարավոր մասնակցության հարցը:

«Ստացվում է, որ ասում են` մխիթարվիր դրանով, գնա հոժար եղիր, որ գոնե մեկին բռնել ենք, երջանիկ եղիր, որ գոնե մեկը նստելու է: Սա՞ է ամբողջ արդարադատության հիմքը»,- մեզ հետ զրույցում ասաց կինը:

Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում:

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica