close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2017
+6°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ուրիշներին զարմացնելու բան չունենք՝ մեր մշակույթն ու տաղանդն է. Նարեկ Հարթունյան

Հարցազրույց

3 Նոյեմբերի 2017, 16:55
 Ուրիշներին զարմացնելու բան չունենք՝ մեր մշակույթն ու տաղանդն է. Նարեկ Հարթունյան

Yerkir.am-ի զրուցակիցն է «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանը:

Միակ դեպքը, երբ կխզվի կապս «Նարեկացի»-ի հետ, կլինի այն ժամանակ, երբ շունչս կփչի

Հիմա Հայաստանում եմ, որոշ ժամանակ առաջ ԱՄՆ-ում էի: Ասում են՝ վերադարձել ես Հայաստան, բայց ես երբեք չէի լքել Հայաստանը, որ վերադառնամ: Հայաստանն ինձ համար հայրենիք է, իսկ ԱՄՆ գնալս կապված է մեր ընտանեկան բիզնեսի հետ, ինչի շնորհիվ էլ կարողանում ենք նարեկացիների ծախսերը հոգալ: Միությունում մոտ 50 աշխատող ունենք, այսինքն՝ բավականին ծախսեր ունենք, և այդ ամենը մեզ վրա է: Ամառվանից Հայաստանում էի, իսկ ավելի շուտ չգալու պատճառն այն էր, որ երեխա ծնվեց: Միության հետ կապը միշտ կա, թեկուզ այնտեղ լինեմ, ամեն օր կապի մեջ եմ և պետք է վստահաբար ասեմ՝ ամեն ինչ իր հունով է գնում: Նոր տնօրեն ունենք՝ Լևոն Իվանյանը: Տարիների ընթացքում «Նարեկացի»-ն տարբեր տնօրեններ է ունեցել, առաջին տնօրենը եղել է Սեդա Մելքոնյանը՝ Մոնթեի կինը: Փոփոխությունները հաճախակի են եղել: Եկեք չշփոթենք տնօրենը հիմնադիրի հետ. հիմնադիրը փոփոխական չէ, և միակ դեպքը, երբ կխզվի կապս «Նարեկացի»-ի հետ, կլինի այն ժամանակ, երբ շունչս կփչի:

Մենք ուրիշ ազգերին զարմացնելու բան չունենք՝ մեր մշակույթն ու տաղանդն է

Հայաստանում, կարծում եմ, կարիք կա, որպեսզի մեր քաջալերությունն ու օժանդակությունը ցուցաբերենք թե´ երիտասարդին, թե´ կայացած մարդուն: Եթե չկան «Նարեկացի»-ի նման՝ ընդհանրապես շահույթ չհետապնդող կառույցներ, ուրեմն պետք է այլ լուծումներ լինեն, քանի որ մեր ազգի համար մեր մշակույթը շատ կարևոր է, առանց մշակույթի` մենք կորած ենք: Մենք ուրիշ ազգերին զարմացնելու այլ բան չունենք՝ մեր մշակույթն ու տաղանդն է, մեր հավատքն էլ, անշուշտ, բայց դա արդեն եկեղեցու պարտավորությունն է մեր հոգևոր ժառանգությունը ներկայացնելը: Չնայած մեր կենտրոնը, կրելով Նարեկացու անունը, նաև հոգևոր ուղղվածություն ունի՝ համագործակցում է Մայր Աթոռի հետ, ունենք հոգևոր երաժշտության խմբակ՝ այստեղ և Շուշիում: Շուշիի «Նարեկացի» միությունում երեխաները նաև մկրտվում են: Բացի այդ՝ ունենք ներկայացումներ՝ աստվածաշնչյան պատմությունների հիման վրա, և տարին սկսվում է Սուրբ Ծնունդով, ու տարվա ընթացքում անպայման նշում ենք եկեղեցական տոները, բայց, մեկ է, բավարար չէ: Միշտ փորձում ենք ավելին անել, քանի որ հոգևոր ուղղվածության ծրագրերը շատ կարևոր են, մշակույթի մեկ մաս են կազմում, ձեռք ձեռքի բռնած` պետք է առաջ տանել, և դա է, որ մեզ՝ իբրև ազգ, ուժեղ է դարձնում:

Շատ խնդիրներ գալիս են մարդու՝ մշակույթից հեռու լինելուց

Երբ մարդը հեռանում է հոգևորից, հոգին չորանում է և դառնում կենդանի, երբ հոգևոր սնունդը քիչ է, մշակույթի ներդրումը` նույնպես, մարդու մոտ բացասական երևույթներ են առաջանում: Շատ խնդիրներ գալիս են մարդու՝ մշակույթից հեռու լինելուց: Իբրև ազգ՝ մենք միշտ երազում ենք միասնական լինել, բայց չենք: Չնայած Չարենցն էլ ասել է՝ «Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո միասնության մեջ է», բայց մենք միասնական չենք, ցավոք: Անհատները, փոքր կազմակերպություններն են, որ փորձում են իրավիճակը փրկել: Հույս ունեմ, որ ապագայում հրաշք կկատարվի, և բաժանումներ էլ չեն լինի՝ գյումրեցի, սիրիահայ, դրսում ապրածներին էլ ախպար չեն ասի: Սա ինչ-որ տեղ նաև տգիտության արդյունք է և հոգևորի պակաս:  

Սառույցը չի հալվել

Ինչքան շատ գործ արվի հոգևոր ոլորտում, այդքան լավ, այսինքն՝ եկեղեցին շատ մեծ դեր ունի, բայց եկեղեցականներն էլ պետք է անմիջական բացատրության հարթակ ստեղծեն: Երբ մարդ եկեղեցի է գնում, պատարագը չի հասկանում, չգիտի՝ երբ ոտքի կանգնի, ինչ անի: Շատ հարցեր ունեն մարդիկ, որոնց պատասխանների համար պետք է հարթակ լինի: Այդ վարագույրը, որ չի երևում, կա, սառույցը չի հալվել: Բացի դրանից՝ եկեղեցին պետք է բավական լուրջ քայլեր ձեռնարկի, այո, նրանք անում են ինչ-որ բաներ, բայց ոչ այնքան, որքան հարկավոր է: Մենք մեր ազգի մեջ տեսնում ենք ուրիշ ալիքներ, ազդեցություններ, աղանդներ, օտարամոլություն, թերահավատներ: Եկեղեցու գործը շատ ծանր է: Նաև մշակութային կենտրոններն ունեն անելիք, նրանք, որոնք մտածում են, որ պետք է հոգևորը տարածվի: Մեր միությունը, օրինակ, դա անում է տարբեր ձևերով՝ հրավիրում ենք հոգևոր հովիվներ, հոգևոր երաժշտություն է հնչում, հրավիրում ենք երգչախմբեր: Ունենք նորակազմ երգչախումբ՝ ավելի մասնագիտացված, ովքեր հոգևոր երգեր են կատարում: Բացի այդ՝ «Նարեկացի» ժողգործիքների նվագախումբն էլ է հնչեցնում հոգևոր երաժշտություն:

Մենք մեզ լավ չենք ճանաչում

Որոշ ազգերի ես նախանձում եմ, որ նրանք կարողանում են իրենց ազգայինն այնպիսի բարձր մակարդակի վրա պահել, որ ոչ մի ալիք չի կարողանում ներս թափանցել: Օրինակ` գերմանացիները, ճապոնացիները, վրացիներն իրենց արվեստը գերագույն ձևով են ներկայացնում: Պետք է հասկանալ՝ ինչպես կարող ենք նրանց լավ բաներից օգտվել, բայց մենք մերի վրա շեշտը պետք է դնենք: Մեզ Աստված ամեն ինչ տվել է: Պատմության մեջ տեսնում ենք, որ երբ հայ ազգն անդունդի եզրին է հայտնվում, Աստված մեզ մի անձ է ուղարկում` Մաշտոց, Շնորհալի, Նարեկացի, Կոմիտաս... Այսքան գանձեր ունենք: Երբ մեր հարևաններն աղավաղում էին մեր երաժշտությունը, Կոմիտաս վարդապետին ուղարկեց Աստված, ով կարողացավ մաղել ու մաքրել մեր երաժշտությունը: Մենք մեզ լավ չենք ճանաչում, լավ չենք ճանաչում այն, ինչ Աստված մեզ տվել է: Այնքան հրաշալի արվեստագետներ ունենք, ում չենք գնահատում:

Ամեն ոլորտում անտարբերություն կա

Անտարբերությունը համաճարակ հիվանդություն է հայերի մեջ, և կարծես ամեն ոլորտում անտարբերություն կա: Երբ ժողովրդական երաժշտության համերգ է լինում, թափուր աթոռ չպետք է լինի, քանի որ երբ Գերմանիայում Բախ է հնչում, մի թափուր աթոռ չի լինում, քանի որ նրանք գիտակցում են նրա արժեքը: Իսկ մեզ մոտ անգամ անվճար համերգներն են կիսադատարկ դահլիճներում անցնում: Մենք մեր կողմից ամեն ինչ անում ենք, օրինակ`  վերջերս Սերժ Թանկյանը CNN-ի նկարահանող խմբի հետ եկավ ու նկարեց «Նարեկացի» ժողգործիքների նվագախմբի ելույթը: Մենք փորձում ենք մեր ակունքների հետ կապը պահպանել, քանի որ կարևոր է, որ այդ ամենը շարունակական բնույթ կրի: Երիտասարդ սերունդը պետք է հասկանա, որ ժողգործիքները սուրբ գործիքներ են: Կարծում եմ՝ ամեն մարզում պետք է ունենանք նման համույթներ, քանի որ, ժողովրդական երաժշտությունը նվագելով, սիրելով ու մատուցելով, գալիք սերունդներին փոխանցում ենք մեզ փոխանցված ժառանգությունը:

Եթե հասարակության մեջ կարևոր թելերը կտրված են, պետք է լինեն նվիրված մարդիկ, որ այդ բացը լրացնեն

Մենք միշտ պարծենում ենք` չէ՞ որ  քրիստոնեություն ընդունած առաջին ազգն ենք, ինչը նշանակում է, որ մեր տերն Աստված է, այսինքն՝ մեզ չարը միշտ էլ կողքից պետք է հարվածի: Եթե չար ուժերը տեսնում են, որ հավատքն ու մշակույթը հայ ազգի մեջ զարգանում են, անպայման պետք է սկսեն հարվածել: Եթե հասարակության մեջ կարևոր թելերը կտրված են, պետք է լինեն նվիրված մարդիկ, որ այդ բացը լրացնեն, փորձեն միացնել դրանք: Թելերը միշտ էլ կտրվում են, և միշտ էլ պետք է փորձել դրանք միացնել՝ չարը միշտ աշխատանքի մեջ է: Չարի ու բարու պայքար կա, կյանքը դա է, չէ՞ որ, երբ մեր ֆիզիկական գոյությունն ավարտվում է, հոգևորը շարունակվում է: Այս ժամանակահատվածը, որ տրված է մեզ, իբրև ֆիզիկական գոյություն, պետք է փաստենք, որ մենք տիրո՞ջն ենք ծառայում, թե՞ չարին՝ կա'մ մեկին, կա'մ մյուսին: Այդ պայքարը յուրաքանչյուր անձի մեջ կա, ու նորից վերադառնում ենք հավատքի ու մշակույթի զորացմանը: Եվ այստեղ անելիք ունի նաև մշակույթի գործիչը, նա պետք է ոչինչ չխնայի, որ մշակույթը ծաղկի ու զարգանա: 

Զրուցեց Կարինե Հարությունյանը

Լավրովը Երևան է ժամանում
18 Նոյեմբերի 2017, 17:25 Լավրովը Երևան է ժամանում
Հրդեհ Արփի գյուղում
18 Նոյեմբերի 2017, 10:11 Հրդեհ Արփի գյուղում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica