close
Եղանակը Երևանում
23 Նոյեմբերի 2017
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Նմբ 2017
USD1483.75
GBP1640.87
EUR1568.65
RUB18.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կյանքը՝ թղթապանակի մեջ

Հարթակ

2 Նոյեմբերի 2017, 20:17
 Կյանքը՝ թղթապանակի մեջ

Խաղաղությունը սկսվում է ժպիտից

                                       Մայր Թերեզա

Հիվանդանոց մտնող ամեն չորրորդի ձեռքում թղթապանակ կար: Շատերը դրա մեջ էին պահում կարևոր թղթերը՝ հիվանդության պատմությունը, հետազոտության ժապավենը…

Թղթապանակի մեջ ամփոփված էր մարդկանց մնացյալ կյանքը. մեկին երկու ամսվա կյանք էին խոստացել, մյուսին հավատացրել էին, որ կապրի… Էն մեկին ոչինչ ասել չէին կարող, որովհետև այդ հիվանդությունն այնպիսի բան է, որ չգիտես երբ, ում մոտ, ինչպես կզարգանա, ով կդիմանա, ով՝ չէ, ում բախտը կբերի, ով հրաշքով կփրկվի, ում մոտ դրական դինամիկա կլինի, ում մոտ՝ բացասական…

Ահել ու ջահել, կին ու տղամարդ թղթապանակի մեջ էին դրել իրենց կյանքն ու միջանցքից միջանցք էին քայլում, սպասում, մտորում… Ու չէին ժպտում:

Մի կյանք էլ թևիս տակ դրած ես էի վազում սենյակից սենյակ, մի հարկից մյուսը:

Օրվա մեջ չորրորդ անգամ էի մոտենում հիվանդանոցի գանձապահին ու չորրորդ անգամ ժպիտով կատարում հերթական վճարումը:

«Զարմանալի է այստեղ պոզիտիվ մարդ տեսնելը, առողջություն հիվանդին»,- ժպիտիս պատասխանեց դրամարկղի մոտ նստած կինը:

Բժիշկներին, հիվանդներին, անվտանգության աշխատողներին, պահակին ու գանձապահին ժպտացի նաև մյուս օրը, էն մյուս օրը…

Գանձապահից բացի, իմ ժպիտը գուցե էլ ոչ մեկ չէր նկատում, չգիտեմ, բայց կարծես թե ոչ մեկին չէր էլ խանգարում, համենայն դեպս, ծանր հիվանդների մոտ ժպտալու համար հիվանդանոցում ոչ ոք ինձ նկատողություն չարեց:

Երբ ժպտում էի՝ չգիտեի, որ թղթապանակի մեջ 10 օրվա կյանք է մնացել ու ամեն օր այդ կյանքից մի կաթիլ պակասում է…

Հետո թղթապանակն էլ պետք չեկավ, բժիշկներին կամ գանձապահին տեսնելու առիթ էլ չկար…

Թղթապանակի երեսին ոչ ոք էլ չէր նայում, ավելի քան երբեք կարևոր թղթերն անպետք էին:

Մի շաբաթում թղթապանակի մեջ եղած կյանքը մաշվեց ու լույս դարձավ… Փակ աչքերի հետևում կորան լույսի միլիարդավոր ակնթարթներ:

 Միլիարդավոր մարդկանց մեջ մի կյանքը նման է օվկիանոսի մի կաթիլին: Երբ կաթիլն անհետանում է, օվկիանոսը շարունակում է ապրել…

Մայր Թերեզան, օրինակ, հավատում էր, որ երբ օվկիանոսը մի կաթիլ կորցնում է, զգում է դրա պակասը… Մայր Թերեզան ինքը խաղաղություն էր, բարությունից սերած խաղաղություն:

«Խաղաղությունը սկսվում է ժպիտից».-հիշում եմ Մայր Թերեզայի խոսքերն ու լույսի կորած ակնթարթների մեջ փնտրում նրանից մնացած ամենալավը, ամենաջերմն ու ամենամաքուրը…

Այսօրվա ժպիտի մեջ եմ պահում նրա՝ «գնացողի» ապրած տարիները, իսկ չապրած տարիները՝ պահում վաղվա օրվան:

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Երբ են դադարելու տեղումները
22 Նոյեմբերի 2017, 18:00 Երբ են դադարելու տեղումները
Էրդողանը մեկնել է Սոչի
22 Նոյեմբերի 2017, 16:40 Էրդողանը մեկնել է Սոչի
Ռոհանին մեկնել է Սոչի
22 Նոյեմբերի 2017, 13:04 Ռոհանին մեկնել է Սոչի

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica