close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+6°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հողը «մեռնում» է, որովհետև հողի վրա կանգնած մարդը չկա` հող մշակողն է երկրից գնում. Ֆերդինանտ Առաքելյան

Մշակույթ

27 Սեպտեմբերի 2017, 15:30
 Հողը «մեռնում» է, որովհետև հողի վրա կանգնած մարդը չկա` հող մշակողն է երկրից գնում. Ֆերդինանտ Առաքելյան

Yerkir.am-ի զրուցակիցն է ճարտարապետ Ֆերդինանտ Առաքելյանը:

-Վերջին տարիներին մի շարք փոփոխություններ արեցինք` Սահմանադրություն փոխեցինք, ընտրություններ անցկացրինք, երկրի կառավարման ձևը փոխեցինք: Ձեր կարծիքով` էլ ի՞նչ պետք է անենք, որպեսզի երկիրն այսպես ավելի «ծաղկի»:

-Ասում եք` ծաղկի, հա՞: Մեզ դիկտատուրա է պետք, բայց ճիշտ հասկացեք` օրենքները կյանքի կոչելու դիկտատուրա: Ես, օրինակ, կարծում եմ` դեմոկրատիա բառի ցողունը դիկտատուրան է: Երբ չկա դիկտատ, բարդակ է դառնում: Ինչո՞ւ պետք է իմ երկրում ղեկավարներն ուրիշ օրենքներով ապրեն, ես և դուք` ուրիշ: Սխալ է: Աշխարհում եղել են, չէ՞, դեպքեր, որ նախագահին, իշխանավորին դատի են տվել, իսկ մենք կարո՞ղ ենք նման բան անել, իհարկե` ոչ: Նախագահը, բնականաբար, փոխաբերական իմաստով եմ նաև ասում, խոսքը բոլորի մասին է` բարձրաստիճան պաշտոնյաների: Ի դեպ, ասեմ, որ մեր երկիրը լավ էլ դեմոկրատական ու ազատ է, գիշերը հանգիստ կարող ես փողոցում քայլել: Ուրիշ ոչ մի տեղ քեզ այսպես անվտանգ չես կարող զգալ:

-Բայց միայն անվտանգությունը բավարա՞ր է` երկրում նորմալ ապրելու համար:

-Այո, համաձայն եմ, անվտանգությունը քիչ է: Մեր ու երկրի բարօրության համար միայն անվտանգությունը քիչ է, ավելին` երիտթուրքերի ու երիտհայերի մեջ ես տարբերություն չեմ տեսնում: Երկուսն էլ ստիպեցին, որ ժողովուրդը փախչի երկրից: Ժողովուրդը գնում է ու գնում…

-Գնացողներին մեղադրո՞ւմ եք:

-Ինչ-որ տեղ` այո: Ես չեմ դիմացել ու չեմ դիմանա դրսում, չեմ գնա: Գիտեմ, իրականությունը գիտեմ` շատերը ստիպված են գնում, բայց գնում ու այլևս չեն գալիս, իսկ այսպես երկիր չենք կարող կառուցել: Մեր փոքրիկ Հայաստանն իրականում տխուր վիճակում է: Մյուս կողմից` եթե աշխատատեղ լինի, ոչ մեկը չի գնա: Չգիտեմ էլ` ինչ են մտածում վերևները, որ օրեցօր փակում են գործարան ու աշխատանքի վայրեր: Կարծում եք` իշխանությունը փոխելով, վիճա՞կ է փոխվելու: Չէ, օրենքները պետք է փոխվեն, կարգերը փոխվեն: Մեր գլխավոր խնդիրն այն է, որ օրենքները չեն գործում, բացի այդ` մեր օրենքները շատ տարօրինակ ձևով ճկուն են գրել, ու ով ուզում` իր կողմն է այն թեքում:

-Ինչո՞ւ նրանք, ովքեր նստում են իշխանության գլուխ, սեփականատիրական զգացումով են լցվում երկրի, ժողովրդի հանդեպ ու անում` ինչ ուզում են: Ի բնե այդպիսի՞ն են, թե՞ իշխանությունն է նաև փոխում մարդուն:

-Մարդը փառասեր է, գայթակղությանը չեն դիմանում, հատկապես` փողի: Աշխարհում բոլոր խոշոր թագավորները պարտվել են դրան: Իշխանություն են ստանում ու մոռանում ժողովուրդ, պետություն, երկիր: Բացի դրանից` մի տարօրինակ գիծ էլ ունենք` անհաշտ ենք, երեք հոգի իրար հետ յոլա չի կարողանում գնալ: Իսկ եթե օրենքն ուժեղ լինի, նրանք ուզած-չուզած կենթարկվեն դրան, ու կամաց-կամաց «ապրելու, շնչելու» օղակը կմեծանա: Իսկ հիմա գնալով օղակը նեղանում է` միայն նեղ օրերին ենք համախմբվում, այն էլ` դրսից սպառնացող վտանգի համար: Մենք չպետք է հույսներս միայն իշխանության վրա դնենք, նա իր շահն ու փառասիրությունն ունի: Բայց, մյուս կողմից, նման ղեկավար չկա, որ երկրի վատ օրն ուզի, ուղղակի ունակ չեն հաղթահարել իրենք իրենց ու դրսից եկող մարտահրավերները: Բացի այդ` Համաշխարհային բանկը, միջազգային կառույցները մեզ դիտավորյալ փող չեն տալիս, որ սկսենք սնանկանալ ու իրենցից կախում ունենալ: Դրան գումարած` մեզ մոտ ընտրությունների ժամանակ այնքան փող են «ծախսում», որ հետո արդեն նորից ժողովրդի գրպանն են մտնում, ժողովրդից են ուզում այդ գումարը հանել: Կարծում եմ` վերևները ոչ թե չեն ուզում, որ մենք լավ ապրենք, երկրի վիճակը լավանա, այլ չեն կարողանում, քանի որ ում աթոռին են դնում, իրենց պես սկսում են գողանալ: Այնպես չէ` նրանց մեզ ազնիվ մարդիկ չկան, չէ, մեկ-երկուսը կան, բայց նրանց օրինակը ոչինչ չի տա:

-Ստացվում է` մինչ վերևներն ուզում են լավ բան անել ու չի ստացվում, երկիրը գնալով դատարկվում է: Գյուղեր կան, որ դպրոցներում աշակերտների թիվը 20-ի էլ չի հասնում: Ի՞նչ անենք, լուծում կա՞:

-Տեսեք, մարդիկ անընդհատ ավելի շատին են ձգտում: Մենք ծայրահեղական ազգ ենք` մեզ մոտ միջինը պատահաբար է ստացվում, միջին մակարդակ գրեթե չունենք, իսկ ամենաներքևում աղքատությունն է: «Հետո»-ն հարաբերական բան է, ժամանակ-տարածությունն էլ օրենքների նման ճկվող բան` որ ուզես, քո կողմը կթեքես: Այո, գյուղում կան տներ, որ դատարկվել են: Հողը «մեռնում» է, որովհետև հողի վրա կանգնած մարդը չկա: Հող մշակողն է երկրից գնում, ամենավատն ու վտանգավորը սա է: Ես, իհարկե, պայծառատես չեմ, բայց կարծում եմ` կուղղվի իրավիճակը, կբարելավվի: Մեզ անընդհատ ասում են` մի մոռացեք` պատերազմող երկիր ենք: Չենք մոռանում, բայց ուզում ենք երկրի վիճակը լավանա, գոնե դրա իրավունքն ունենք, չէ՞: Իսկ սահմանի խնդիրն իրականում բանակցության հարց է. ո՞վ է Ադրբեջանը, որ հարց լուծող լինի, ողորմելի մի երկիր, որն ուղղակի փող ունի, ուրիշ ոչինչ: Մենք մեր թիկունքին հայ զինվորի նման սար ունենք, բայց  պիտի այդ երեխեքին տիրություն անենք: Այսինքն` մենք էլ զինվոր ունենք, իր կյանքը զոհող զինվոր, բայց այնպես պիտի անենք, մեզ այստեղ այնպես պահենք, որ այդ տղերքը հանկարծ չհիասթափվեն: Ապրիլյան պատերազմից հետո առավել ևս մեր պատասխանատվության զգացումը պետք է մեծանա: Ես մի փոքր տարբերություն տեսնում եմ արդեն, բայց էլի պիտի անենք, շատ պետք է անենք: 

Կ. Հ. 

Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica