close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2017
+3°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծխելը թոքի քաղցկեղի առաջացման ռիսկի ամենամեծ գործոնն է

Հասարակություն

2 Օգոստոսի 2017, 22:39
 Ծխելը թոքի քաղցկեղի առաջացման ռիսկի ամենամեծ գործոնն է

«Կարծում եմ ծխախոտային կախվածությունից ձերբազատումը քաղցկեղի բուժման պլանում ընդգրկելու խիստ անհրաժեշտություն կա»,- հանդես գալով «Թոքի քաղցկեղի վիրահատական բուժման ժամանակակից մոտեցումները» միջազգային գիտաժողովում` ասել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ժիրայր և Փաթրիշա Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի Զուարթ Աւետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի ավագ գիտաշխատող Արուսյակ Հարությունյանը:

Անդրադառնալով թոքի քաղցկեղով հիվանդների շրջանում ծխելը դադարեցնելու առավելություններին` նա մասնավորապես նշել է. «Ապացուցված է, որ նույնիսկ հիվանդության ախտորոշումից հետո ծխելը դադարեցնելը հանգեցնում է բուժման արդյունավետության և ելքերի բարելավմանը: Թոքի քաղցկեղի վաղ հայտնաբերման և ժամանակակից բուժման մեթոդների ներդրման արդյունքում նաև բարելավվել է հիվանդների ապրելիությունը: Հետևաբար, առավել մեծ է թոքի քաղցկեղ վերապրածների թիվը, և նրանք օգուտ են քաղում ծխելը դադարեցնելու առավելություններից»:

Բանախոսն ափսոսանքով ընդգծել է, որ բուժաշխատողները և թոքի քաղցկեղով հիվանդները հաճախ անտեղյակ են և թերահավատորեն են մոտենում այս առավելություններին:

Ողջ աշխարհում թոքի քաղցկեղը շարունակում է մնալ ամենատարածված չարորակ նորագոյացություններից մեկը: Բավական է ասել, որ այս տեղակայումով քաղցկեղի հետևանքով տարեկան ավելի շատ մարդ է մահանում, քան կրծքագեղձի, աղիների և շագանակագեղձի քաղցկեղներից միասին վերցված:

Արուսյակ Հարությունյանը նաև նշել է, որ, ըստ հաշվարկների, քաղցկեղի հետևանքով յուրաքանչյուր հինգերորդ մահվան պատճառը թոքի քաղցկեղն է:

«Ծխելը թոքի քաղցկեղի առաջացման ռիսկի ամենամեծ գործոնն է` հիվանդության առաջացման շուրջ 90%-ի պատճառը: Ծխողների շրջանում թոքի քաղցկեղի հիվանդացության և մահացության ցուցանիշները 15-30 անգամ գերազանցում են չծխողների ցուցանիշներին: Ցանկացած տարիքում ծխելը դադարեցնելը նվազեցնում է թոքի քաղցկեղի զարգացման ռիսկը: Նույնիսկ թոքի քաղցկեղի ախտորոշումից հետո ծխելը դադարեցնելը հանգեցնում է մի շարք առողջական օգուտների, ինչպիսիք են՝ հետվիրահատական բարդությունների նվազումը, քիմիաթերապիայի, ճառագայթային թերապիայի արդյունավետության և կյանքի որակի բարելավումը»,-ասել է գիտաշխատողը:

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2012 թվականին տղամարդկանց շրջանում թոքի քաղցկեղի տարածվածության ամենաբարձր ցուցանիշը եղել է Հունգարիայում (76.6` 100,000 բնակչի հաշվով) (http://www.wcrf.org/int/cancer-facts-figures/data-specific-cancers/lung-cancer-statistics#MEN ), որին հաջորդել է Հայաստանը (72.9` 100,000 բնակչի հաշվով): Ակնհայտ է, որ նման իրավիճակի պատճառներից մեկը ծխախոտի օգտագործման բարձր տարածվածությունն է:

ԱՀԿ-ի կողմից իրականացված STEPS (2016-2017) հետազոտության համաձայն՝ Հայաստանում 18-ից 69 տարեկան մեծահասակների շրջանում ծխելու տարածվածությունը կազմում է 27.8%: Ընդ որում, ամենօրյա ծխող են տղամարդկանց մոտավորապես կեսը` 51.5%-ը, իսկ կանանց 1.8%-ը (World Health Organization. ARMENIA STEPS Survey 2016-2017: Fact Sheet.; 2016):

Ահազանգող այս ցուցանիշները պարտադրում են ծխախոտային կախվածության հիմնախնդրի լուծման կտրուկ քայլեր ձեռնարկել:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica