close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2018
+16°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Օպերայի թատրոնում 3 փոխտնօրեն է աշխատանքից ազատվել և ոչ միայն. ուշագրավ կրճատումներ` օպերայում

Մշակույթ

27 Հունիսի 2017, 20:09
 Օպերայի թատրոնում 3 փոխտնօրեն է աշխատանքից ազատվել և ոչ միայն. ուշագրավ կրճատումներ` օպերայում

Տեղեկացրել էինք, որ հունիսի 8-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Գայանե» բալետի ներկայացումը տապալվել է: Ըստ տեղեկությունների` այն տապալվել էր, քանի որ թատրոնից անհիմն ազատվել էր 10 աշխատակից: Թատրոնում կրճատումները, կարծես, ուշագրավ բնույթ և ձևաչափ ունեն:

Yerkir.am-ի տեղեկություններով` թատրոնը 5 փոխտնօրեն ուներ` Կարինե Կիրակոսյանը /ով Անդրանիկ Արզումանյանին զուգահեռ էր ընդունվել աշխատանքի/, Սուրեն Աղաբաբյանը, Հրաչ Գրիգորյանը, Նարեկ Անտոնյանն ու Գայանե Նազարյանը: Թատրոնն ազատվել է տարիների փորձ ունեցող 3 փոխտնօրեններից` Հրաչ Գրիգորյանից, Նարեկ Անտոնյանից ու Գայանե Նազարյանից: Հետաքրքիր է, որ, ըստ մեր լուրերի, աշխատանքից ազատվել է նաև թատրոնի մեկ այլ աշխատակից` Լիլիթ Հովակիմյանը, սակայն օրեր անց այդ նույն հաստիքով նոր աշխատակից են ընդունել: Աշխատանքից ազատման ծանուցագրերն ուղարկվել են այն ժամանակ, երբ թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը` Կոնստանտին Օրբելյանը, երկրում չի եղել: Աշխատանքից ազատվածներից և ոչ մեկին այլ աշխատանք չեն առաջարկել: Բացի այդ` աշխատանքից ազատվել են նաև թատրանում աշխատող ամուսիններ, ովքեր պատրաստվում են իրավական հարթակում իրենց ազատման խնդիրը լուծել:

Yerkir.am-ը զրուցել է աշխատանքից ազատված աշխատակիցների հետ:

Թատրոնի` ընդհանուր հարցերի կառավարման գծով փոխտնօրեն Նարեկ Անտոնյանը նշեց, որ օրերս իրեն ծանուցագիր են ուղարկել, ըստ որի` կառուցվածքային փոփոխություններ են թատրոնում, որոնց պատճառով էլ իրեն ազատում են աշխատանքից: «Տնօրենի պաշտոնակատարը` Կոնստանտին Օրբելյանը, այդ ժամանակ քաղաքում էլ չէր, ինձ թատրոնի աշխատակիցները փոխանցեցին ծանուցագիրը: Իրենց տված երկու ամիս ժամկետին չսպասեցի, ինքս դիմում գրեցի և ազատվեցի աշխատանքից: Ես 2004-ից կոնսերվատորիայում եմ աշխատել` տնօրենի խորհրդական, պրոռեկտոր, իսկ վերջին 3 տարում արդեն օպերային թատրոնում»,- ասաց Անտոնյանը` հավելելով, որ աշխատանք անպայման կգտնի, պարզապես վիրավորական է, որ նման կերպ` առանց որևէ պատճառի են աշխատանքից ազատում:

Աշխատանքից ազատման ծանուցում է ստացել նաև թատրոնի գործավարուհիներից Եվա Հակոբյանը: Նա էլ տեղեկացրեց, որ 12 տարի է, ինչ աշխատում է թատրոնում, սակայն այժմ մինչև օգոստոսի 5-ն «իրերը հավաքելու» ժամանակ են տվել: «Ինձ համար շատ վիրավորական է այս ամբողջ գործընթացը: Տեսեք` թատրոնը 3 գործավարուհի ունի` ես /35 տարեկան/ և երկու` թոշակային տարիքի կանայք: Ես անգլերենի բարձրագույն կրթություն ունեմ, իսկ աշխատանքից չազատված կանանցից մեկը բարձրագույն կրթություն էլ չունի: Նրանք համակարգչին չեն տիրապետում, անգլերեն էլ չգիտեն, և ինձ համար անհասկանալի է` ինչ սկզբունքով են աշխատանքից ազատել հենց ինձ»,- ասաց Հակոբյանը:

Նա նշեց նաև, որ դեռ հունիսի 8-ին նամակով դիմել է ղեկավարությանը, թե ինչու հենց ինքն է աշխատանքից ազատվելու, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել: «Ես նաև մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ եմ զրուցել և իրավիճակը ներկայացնել: Նա ինձ ասաց, որ ես փորձեմ զրուցել թատրոնի ղեկավարության հետ, իսկ ինքն էլ կգա թատրոն, և այս հարցերը կքննարկեն: Ես փորձեցի Կարեն Շահինյանի հետ խոսել, սակայն նա ասաց, որ ցավում է, բայց կրճատումներ են: Իսկ մշակույթի նախարարն այդպես էլ չեկավ թատրոն` այդ հարցով:  Եթե սա թատրոնի առողջացման ծրագիր է, ինչպե՞ս են կարծում, որ թոշակառուին պահում են, իսկ ինձ` հեռացնում: Եթե արժանի մրցակից լինեին, ես դեմ չեմ, հանուն թատրոնի, այո, թող ազատեին ինձ թատրոնից, բայց այսպես ուղղակի անարդար է»,- ասաց Եվա Հակոբյանը:

Ի դեպ, գործավարուհիներից մեկը, ով շարունակում է աշխատել թատրոնում, երկու տարի չկա, ինչ աշխատանքի է անցել:

Ընդհանուր բաժնի տեսուչ Սուսաննա Սեդրակյանին ու նրա ամուսնուն` վարչատնտեսական և տեխնիկան սպասարկման բաժնի պետ Արամ Պետրոսյանին էլ միասին են աշխատանքից ազատել: «Ինձ ծանուցագիր են ուղարկել, իսկ ամուսնուս առհասարակ ծանուցում չեն էլ ուղարկել: Ես և ամուսինս 2014-ից ենք թատրոնում աշխատում: Իմ բաժինը նորաբաց է. Ալեքսանդր Արզումանյանը բացեց այն, քանի որ կարիքը կար: Հիմա ինձ ասում են, որ իմ հաստիքը կրճատվում է: Մեր բաժնում ևս 4 աշխատակից կա. պատկերացնո՞ւմ եք բաժին, որտեղ տեսուչ չկա: Մենք անչափահաս երեխա ունենք, և երկուսիս աշխատանքից ազատելով` մեզ արտագաղթի՞ են պատրաստում: Չի ստացվի, ես Հայաստանից գնալ չեմ ուզում»,- ասաց Սեդրակյանը:

Նա նշեց նաև, որ պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև ՀՀ վարչապետին, քանի որ խախտվել են իր իրավունքները` մի ընտանիքից երկու հոգու են աշխատանքից ազատել` անչափահաս երեխայի խնամքը հաշվի չառնելով: «Մի անգամ եղել եմ Արմեն Աիրյանի մոտ, ասաց` ղեկավարության մոտ խնդիրները փորձեմ բարձրացնել, սակայն թատրոնից էլ ասացին, թե անձնական ոչինչ չկա, ուղղակի կրճատումներ են: Հիմա նորից պետք է Ամիրյանի մոտ ընդունելության համար հերթագրվեմ, քանի որ ասել էր` ղեկավարության հետ խոսելուց հետո, եթե խնդիրը չլուծվի, կփորձեմ ինչ-որ բան անել: Հույս ունեմ` նա տեր կկանգնի իր խոստումին»,- ասաց Սուսաննա Սեդրակյանը:

Թատրոնի 25-ամյա աշխատակից /որից 18 տարին` հենց փոխտնօրենի պաշտոնում/ Հրաչ Գրիգորյանն էլ նշեց, որ վստահ է` ազատումների մեջ սուբյեկտիվիզմ կա: Նա նշեց, որ վիրավորված է թատրոնի ղեկավարությունից, քանի որ իրեն, ինչպես օտար մարդու, ծանուցագիր են ուղարկել, թե` շուտով աշխատանքից կազատվես: «Սա ուղղակի վերաբերմունք չէր իմ հանդեպ: Այս տարի Երևանի քաղաքապետն ինձ ոսկե մեդալ տվեց մշակույթում ունեցած վաստակի համար, իսկ այսօր թղթի վրա գրված որոշումն են տվել օպերայի աշխատակիցների ձեռքն ու ուղարկել ինձ: Կարող էին, չէ՞, կանչել, գոնե շնորհակալություն հայտնել ու ասել` ժամանակն է, որ դուրս գամ: Ես էլի իրենց բարին եմ ցանկանում, օպերայի մատը փուշ մտնի, սրտիցս արյուն կկաթի, բայց տարրական բաներ կան, մարդկային բաներ, որ հաշվի չեն առնվել, թե չէ` աշխատանքից ազատվելը կա ու կա»,- ասաց Գրիգորյանը:

Yerkir.am-ը փորձեց բարձրացված հարցերի պատասխանները ստանալ նաև թատրոնից: Ի պատասխան մեր հարցին, թե ի՞նչ սկզբունքով են որոշել` ով է աշխատանքից հեռացվելու, և ինչո՞վ են պայմանավորված կրճատումները, թատրոնից տեղեկացրեցին, որ վարչական կազմում որոշակի կառուցվածքային փոփոխություններ են իրականացվել թատրոնի ընթացիկ աշխատանքային գործընթացը բարելավելու, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:  «Նախկին աշխատակիցներից ոմանք, հասկանալի պատճառներով` օպտիմալացման արդյունքում այլևս չեն աշխատելու թատրոնում: Թատրոնի գործունեության նոր կառուցվածքն այլևս չի նախատեսում նրանցից շատերի մասնակցությունը հետագա աշխատանքներին: Փաստ է, որ խորհրդային տարիներից մեզ հասած որոշ աշխատանքային մեխանիզմներ այլևս կիրառելի չեն, և մշակութային կառույցների կառավարման ժամանակակից մոդելն այլ պահանջներ է ներկայացնում, որոնցով պարտավոր ենք առաջնորդվել` ի նպաստ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի հետագա զարգացման»,- հայտնեցին թատրոնից:

Ինչ վերաբերում է հարցին, թե համապատասխանո՞ւմ է իրականությանն այն ինֆորմացիան, որ թատրոնի իրավաբանն ազատվել է աշխատանքից և նրա փոխարեն նոր աշխատակից է արդեն ընդունվել աշխատանքի, ասացին, որ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը, քանի որ թատրոնի իրավաբանն աշխատանքից ազատման ծանուցագիր չի ստացել:

Մեկ այլ հարցի, թե ճի՞շտ է տեղեկատվությունը, որ այլ աշխատանք չի առաջարկվել կրճատված աշխատակիցներին, պատասխանեցին` այո, համապատասխան թափուր հաստիքներ չլինելու պատճառով աշխատանքից կրճատված աշխատակիցներին այլ աշխատանք չի առաջարկվել:

Մեր դիտարկմանը, թե թատրոնի գործավարուհի Եվա Հակոբյանի խոսքով` իրեն անհիմն ազատել են աշխատանքից, իսկ նույն բաժնի երկու աշխատակիցների /թոշակառու/ հաստիքը պահել, այն դեպքում, երբ մնացած աշխատակիցներից մեկը բարձրագույն կրթություն էլ չունի: Բացի այդ` թատրոնի մեկ այլ աշխատակից` Սուսաննա Սեդրակյանն էլ իր հերթին նշել է, որ իրեն և ամուսնուն ազատել են աշխատանքից` կրկին առանց պատճառաբանության: Երկու դեպքերի հետ կապված էլ թատրոնից պարզաբանում են, որ վերոհիշյալ անձինք աշխատանքից ազատվել են՝ հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները .«Կատարված կառուցվածքային փոփոխությունները միտված են աշխատանքի կազմակերպման արդյունավետության բարձրացմանը: Կրճատվել են այն հաստիքները, որոնց գործառույթները կրկնվում են»:

Մեկ այլ ճշգրտմանը, թե հեռացված փոխտնօրենները վիրավորված են, քանի որ իրենց կրճատման մասին լուրը միայն ծանուցագրի միջոցով են ստացել, այն էլ` օպերայի աշխատակիցներից, այլ ոչ թե տնօրենի պաշտոնակատարից կամ փոխտնօրենից, թատրոնից հերքեցին. «Կառուցվածքային փոփոխությունների և դրանց անհրաժեշտության մասին նախապես բոլոր աշխատակիցներն էլ տեղեկացվել են եղել աշխատանքային ժողովի ընթացքում: Աշխատանքից կրճատված բոլոր աշխատակիցները ծանուցվել են սահմանված կարգով: Նրանք տեղեկացված են եղել կատարվելիք փոփոխությունների մասին նաև նախապես»:

Թատրոնից հավաստիացրեցին նաև, որ կրճատվել են կրկնվող գործառույթներով հաստիքները՝ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Հաստիքների կրճատման պատճառով նոր աշխատակիցներ չեն ընդունվել:

Հիշեցնենք, որ օպերային թատրոնում խժդժությունները սկիզբ առան, երբ թատրոնի տնօրեն նշանակվեց Անդրանիկ Արզումանյանը, ով ոչ մի կապ չուներ օպերային արվեստի հետ: Արզումանյանը վերջերս նշանակվեց մշակույթի նախարարի խորհրդական, իսկ օպերային թատրոնում տնօրենի ընտրության մրցույթ  դեռ չեն հայտարարել, վերջնաժամկետը օգոստոսի 3-ն է: 

Կարինե Հարությունյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica