close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2017
+6°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2017
USD1483.66
GBP1640.22
EUR1567.24
RUB18.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չընկնել Ադրբեջանի մանիպուլյացիոն վտանգավոր թակարդը

Թեմա

19 Հունիսի 2017, 20:51
 Չընկնել Ադրբեջանի մանիպուլյացիոն վտանգավոր թակարդը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ադրբեջան են այցելել անցած շաբաթվա վերջին` այդ երկրի զինուժի իրականացրած սադրիչ գործողություններից անմիջապես հետո: Դրանց հետևանքով հայկական կողմը 4 զինծառայող կորցրեց: Որքանո՞վ այս սադրանքը կարտացոլվի այցին հաջորդելիք համատեղ հայտարարությունում, դժվար է ասել: Փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում ՄԽ համանախագահները լղոզված դիրքորոշում են որդեգրում՝ բավարարվելով կողմերից հավասարապես հրադադարի ռեժիմի պահպանում պահանջելով:

Հայկական կողմին ծանր կորուստներ պատճառելու սադրանքն ուղղված էր ավելի շատ ՄԽ-ի դեմ: Նպատակն էր ցույց տալ, որ թեև վերջին շրջանում իր նկատմամբ միջնորդների գործադրած միակողմանի ճնշումներին, իր պահանջներից, պատերազմի շանտաժի իր մարտավարությունից հրաժարվելու միտք չունի: Դա հաստատեց նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը: Համանախագահների՝ Բաքվում գտնվելու ժամանակ նա հայտարարել է, թե Ադրբեջանը երբեք չի հրաժարվելու իր տարածքային ամբողջականության սկզբունքից, և եթե բանակցությունները չլուծեն այդ հարցը, իրենց բանակը պատերազմի միջոցով կվերադարձնի կորցրած տարածքները: Բացի դրանից՝ Բաքուն հերթական չպլանավորած՝ մինչև 23 հազար զինվորական, 120 միավոր տանկ և զրահամեքենա, 180 հրթիռա-հրետանային համակարգ և անօդաչու թռչող սարքեր ներառող խոշորածավալ զորավարժություններն է սկսել հենց այն օրը, երբ ՄԽ համանախագահները գտնվել են Բաքվում: Սա խոսուն ուղերձ է նրանց հասցեին և պատասխան համանախագահների` վերջին հասցեական հայտարարություններին:

Դրանից բացի` ամեն անգամ Բաքուն հենց համանախագահների՝ հակամարտության գոտի այցելության շրջանում է շփման գծում սրում իրավիճակը՝ փորձելով լուծել երկու հիմնական խնդիր: Առաջին՝ ցույց տալ, որ ՄԽ ձևաչափը վերածվել է անկայունության հիմնական աղբյուրի, ի զորու չէ վերահսկել իրավիճակը, կանխել հնարավոր պատերազմը և երաշխավորել խաղաղ բանակցային գործընթացը, այսինքն` որ ՄԽ ձևաչափը սպառել է իրեն: Երկրորդ՝ սադրել հայկական կողմին, որ դիմի պատժամիջոցների, որոնք կարող է ներկայացնել իբրև նախահարձակ գործողություններ և ստիպել համանախագահներին` փոխել Բաքվին աստիճանաբար ավելի ու ավելի որոշակի ագրեսոր և հրադադարի ռեժիմի խախտման հիմնական պատասխանատու ճանաչելու` ներկայիս ուղեգիծը:

Այս ֆոնին, չնայած հանրային ներքին լուրջ դժգոհություններին, հակահարված հասցնելու հարցում հայկական ԶՈւ զսպվածությունն այս անգամ թվում է ռացիոնալ: Նախ՝ համանախագահների վերջին հայտարարությունները լիարժեք բխում են հայկական կողմի շահերից և ամրապնդում համոզմունքը, որ Ադրբեջանն ինքն իրեն գցել է դիվանագիտական փակուղու մեջ, որից դուրս գալու ցանկացած փորձ նոր հաղթաթուղթ է տալիս հայկական կողմին: Ի պատասխան համանախագահների այցին՝ նման սադրիչ գործողությունների գնալը ևս այդ պատային դրության դրսևորումներից է, որը մատնում է հակառակորդի հուսահատությունը: Այս պայմաններում արդարացված չէր կարող լինել համանախագահների` Բաքու այցելության շրջանում, հապշտապորեն պատժիչ համարժեք կամ անհամարժեք գործողությունների դիմելով, կորցնել այդ հաղթաթղթերը և հիմքեր տալ համանախագահներին՝ կրկին վերադառնալ կողմերի միջև հավասարություն դնելու` նախկին անհեթեթ և վնասակար մոտեցմանը:

Երկրորդ՝ Ադրբեջանում ստեղծված է այնպիսի սոցիալ-տնտեսական իրավիճակ, որը հղի է ցանկացած պահի այդ երկիրը քաոսի վերածելու հեռանկարով: Ադրբեջանական բոլոր խոշոր բանկերը կանգնած են սնանկացման եզրին, նավթի գների անկման տևական շարունակումն Ադրբեջանին կարող է պարզապես դեֆոլտի ենթարկել: Բանակը, անվտանգության համակարգը, դիվանագիտական կորպուսը ալիևյան ռեժիմի դեմ կոնսոլիդացվելու գրեթե բացահայտ գիծ են որդեգրել: Այս իրավիճակում Ադրբեջանի իշխանությունները միակ ելք կարող են ունենալ՝ շփման գծում լարվածությունն  արհեստականորեն մեծացնելով` ստեղծել մասշտաբային պատերազմի իրատեսականության պատրանք, որով կզսպեն ներհասարակական ու ներքաղաքական դժգոհության ալիքը և իրենց շուրջը կկոնսոլիդացնեն հասարակությանը: Որևէ պարագայում  ալիևյան ռեժիմին չպետք է առիթ տալ իր թուլացած դիրքերը վերականգնելու համար օգտագործել պատերազմի վտանգը, այսինքն` զգացմունքներին տուրք տալով, տաք որոշումներ կայացնելով` ընկնել խուճապի մատնված ալիևյան ռեժիմի մանիպուլյացիոն թակարդը: Մանավանդ, որ ակնհայտ երևում է, որ Ադրբեջանը պատրաստ է, համանախագահողների՝ իր տարածքում գտնվելու հանգամանքն օգտագործելով, պատասխանել հայկական կողմի հապճեպ գործողություններին:

Չպետք է պատահական համարել, որ մարդկային վնաս հասցնելու սադրիչ հարձակումները տեղի ունեցան մեկնարկելիք լայնածավալ զորավարժություններից անմիջապես առաջ: Նման պրովոկացիաների ֆոնին այդ քանակությամբ մարդկային կոնտինգենտի և զինտեխնիկայի ներգրավմամբ զորավարժություններն ավելի շատ նմանվում են հարվածային ուժերի կենտրոնացման: Այն ցանկացած պահի կարող է շփման գծի ուղղությամբ հարձակման փորձի ձեռնարկման վերածվել:

Այս գործոնները ստիպում են իսկապես շատ ավելի սառնասիրտ լինել և պատժիչ, նույնիսկ` կանխարգելիչ գործողությունների դիմելու համար ավելի նպատակահարմար պահ ընտրել: Սա ենթադրում է սպասել` մինչև կուտակված զորքերի ցրումն ու վերադարձը ելման դիրքեր և տարածաշրջանից համանախագահների հեռանալը:

Սա պատերազմից խուսափել կամ փախչել չի նշանակում: Իրականում նոր պատերազմը շատ ավելի իրատեսական է թվում, քան բանակցային գործընթացում ճեղքում մտցնելը: Խնդիրը ներկայիս դիվանագիտական առավելությունները չկորցնելն է, պատժիչ օպերացիայի իրականացման պատեհ պահին սպասելը: Այն, որ նման գործողությունները անխուսափելի են, կասկածից վեր է: Ադրբեջանը միայն այդ լեզուն է հասկանում, ինչի մասին վկայեց այս տարվա փետրվարի 25-ին իրականացված դիվերսիոն հարձակումների ջախջախումից և լուրջ մարդկային կորուստներ կրելուց հետո դիվերսիոն ներթափանցումների մարտավարությունից հրաժարվելը: Վաղուց եկել է նրան նաև նռնականետներ ու ականանետներ կիրառելու մտքից հրաժարվել ստիպելու ժամանակը:

Գևորգ Դարբինյան   

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica