close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2017
+6°
+16°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2017
USD1481.50
GBP1633.85
EUR1565.52
RUB18.39
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԵՄ-ն կարող է հայաստանյան ընտրական «ցեխից» փախչել, իսկ մե՞նք...

Թեմա

15 Հունիսի 2017, 20:43
 ԵՄ-ն կարող է հայաստանյան ընտրական «ցեխից» փախչել, իսկ մե՞նք...

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին «Ընտրական զարգացումները Հայաստանում. քաղված դասերը եւ հետագա քայլերը» համաժողովում խորհուրդ է տվել ընտրական գործընթացը բարելավելու համար վերանայել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը, քանի որ այն վստահություն չի ներշնչում: Որպես խնդրի լուծման տարբերակ՝ նա առաջարկել է ԿԸՀ-ում ներգրավել քաղաքացիական հասարակությանը:

Իշխանությունը, ի դեմս արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, արձագանքել է Սվիտալսկու այս հայտարարությանը՝ որակելով այն Հայաստանի ներքին խնդիրներին միջամտելու որոշակի փորձ:

Ուղերձների այս «փոխհրաձգությունը» վկայում է, որ ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո հայաստանյան իշխանության և ԵՄ-ի միջև փոխադարձ վերաբերմունքի որոշակի փոփոխություն է տեղի ունենում: Կողմերը փաստացի միմյանց նկատմամբ ավելի կոշտ են տրամադրվում:

Ընտրություններից հետո ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակը հանդես էր եկել հայտարարությամբ և չնայած ընտրակաշառքի և վարչական լծակների կիրառման վերաբերյալ «արժանահավատ տեղեկությունների» հիշատակմանը, նշել էր, թե ընդհանուր առմամբ Հայաստանում ընտրությունները լավ էին կազմակերպված, պահպանվել էին քաղաքացիների հիմնարար ազատությունները և որ  որոշ աննշան տեխնիկական խնդիրներով հանդերձ՝ քվեատուփերի լցոնման, կրկնակի քվեարկության, հաշվարկի և արդյունքների ամփոփման գործընթացում ավելի քիչ անճշտություններ են գրանցվել:

Իշխանությունը  հիմնվելով այդ գնահատականների վրա, ի դեմս ՀՀ նախագահի, հայտարարել էր, թե այդ ընտրությունները լավագույնն էին անկախ Հայաստանի պատմության ընթացքում: Այս գնահատականի ֆոնին հասկանալի է Դավիթ Հարությունյանի կոշտ արձագանքը Սվիտալսկուն. վերջինս ընտրություններից երկուսուկես ամիս անց, փաստորեն հայտարարում է, որ ոչ միայն դրանք այնքան էլ լավ չեն անցել, այլև որ դրա հիմնական պատասխանատուն հենց ԿԸՀ-ն է:

Սվիտալսկու նման մոտեցումները տարօրինակ են ոչ միայն ԵՄ-ի նախնական գնահատականների ոգուց տարբերվելու իմաստով, այլև նկատի առնելով, որ այս աշնանը նախատեսվում է Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության նոր շրջանակային փաստաթղթի ստորագրումը: Տպավորություն է, թե այսպիսով ԵՄ-ն փորձում է հող պատրաստել Ընտրական օրենսգրքի նոր վերանայումները այդ համաձայնագրի ստորագրման նախապայման դարձնելու համար:

Բայց խնդիրն այն է, որ Սվիտալսկին հայաստանյան ընտրությունների որակի հետ կապված սխալ թիրախներ է մատնանշում: Բանն այն է, որ գոնե ապրիլյան ընտրությունների պարագայում ընտրությունների որակը ԿԸՀ-ի կազմով պայմանավորված չի եղել: Նախ՝ ընտրություններին մասնակից 9 ուժերից միայն մեկն է վերջինիս արձանագրած արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում. մյուս 8 ուժերն ընդունել են այդ արդյունքները, այսինքն այս կամ այն չափով դրանք համարել են լեգիտիմ՝ չբերելով ընտրատեղամասերում զանգվածային ընտրախախտումների, կամ ձայների հաշվարկի հետ կապված կոպիտ խախտումների փաստեր:

Երկրորդ՝  ինչպես ԵՄ-ն, այնպես էլ դիտորդական առաքելություն իրականացրած բոլոր միջազգային կառուցներն արձանագրել էին ԿԸՀ-ի աշխատանքի բարձր արդյունավետությունն ու թափանցիկությունը:

Իրականում հայաստանյան ընտրական համակարգի խնդիրը ստեղծված կառուցակարգերի, այդ թվում նաև ԿԸՀ-ի մեջ չէ, այլ հանրային ընկալումների և ապատիայի: Ընտրությունների արդյուքնների վրա հսկայական ազդեցություն են գործել այն մեխանիզմները, որոնք կիրառվել են ընտրատեղամասից դուրս՝ լինեն դրանք ընտրակաշառքի տեսքով, թե վարչական ու անձնական լծակների կիրառման:  Իսկ սրանք ոչ թե օրենքի կարգավորման խնդիրներ են, այլ բարոյաէթիկական ու գիտակացական:

Երբ գործում է փոխշահավետ կամ պարտադրված գործարքի սկսզբունքը, որտեղ բոլոր կողմերը կուլիսային համաձայնությունների մեջ են, ոչ մի օրենք ու ոչ մի ԿԸՀ իրավիճակը փոխել չի կարող: Եթե կա ընտրական օրենսգրքի բարեփոխման խնդիր, ապա ոչ թե ԿԸՀ-ի կազմավորման հետ է կապված, այլ ռեյտինգային ընտրակարգը հանելուն կամ արմատապես վերանայելուն: Իսկ ընտրական «գործարքները» վերածվել են օրինաչափության ու նորմի՝ հասարակական, քաղաքական, պետական  բոլոր ինստիտուտների նկատմամբ հասարակության տոտալ անվստահության պատճառով:

Հասարակությունը չի հավատում պետական կառուցներին, չի հավատում քաղաքական համակարգին ու խաղացողներին, դատաիրավական համակարգին, նույնչափ չի հավատում նաև քաղաքացիական հասարակության ազնվությանը, առավելևս երբ չափազանց դժվար է գտնել վերջինիս ճիշտ բանաձևումն ու չափորոշիչները: Ոչ ոք չի կարող միանշանակ պնդել, որ նման պայմաններում ԿԸՀ-ում ՀԿ-ների ներգրավումը արմատախիլ է անելու ընտրակաշառքներն ու տարբեր տիպի լծակների գործադրմամբ քվեների որսը, որոնք իրավապահ մարմինների պատասխանատվության տիրույթում են, այլ ոչ թե ԿԸՀ-ի: 

Այս իմաստով մեղքը ԿԸՀ-ի վրա բարդելը օբյեկտիվ իրականությունից փախչել է նշանակում և պարզապես քավության նոխազ գտնելով բավարարվել: Գուցե եվրոպական կառույցների համար դա ընտրությունների որակի համար, իրենց տված գնահատականներով ստանձնած պատասխանատվությունը լղոզելու ամենահարմար տարբերակն է: Բայց դա Հայաստանին և նրա քաղաքացիներին ոչինչ տալ չի կարող:

Հետաքրքրականն այն է, որ ԿԸՀ-ում քաղաքացիական հասարակությանը տեղ տալու կոչ անող Պյոտր Սվիտալսկու հայրենիքում՝ Լեհաստանում, նման կառուցակարգ չկա: Այնտեղ պետական ընտրական հանձնաժողովը ձևավորում է դատական համակարգը: Այսինքն պատասխանատվությունն ամբողջությաբ թողնված է պետության վրա: Հասկանալի է՝ Լեհաստանում պետական, դատական համակարգի նկատմամբ վստահությունն ավելի բարձր է և լեհերը չունեն այնպիսի խորքային խնդիրներ, ինչպես հայաստանցիներս: Բայց այս համեմատությունը ցույց է տալիս, որ նախ՝ խնդիրը ոչ թե ընտրական հանձնաժողովիների ձևավորման մեխանիզմի մեջ է, այլ գործնականում ամեն ինչի ու բոլորի նկատմամբ հանրային անվստահության: Եվ երկրորդ՝ ընտրական համակարգը «պարապ վախտի խաղալիք» չէ, որտեղ կարելի է ոտքի վրա, առանց իրական խնդիրներն ու դրանց պատճառներն ախտորոշելու, օբյեկտիվ անալիզ անելու, շարունակ էքսպերիմենտներ անել:

Գևորգ Դարբինյան               

 

 

Դեբեդ գետում դի են գտել
18 Հոկտեմբերի 2017, 14:55 Դեբեդ գետում դի են գտել

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica