close
Եղանակը Երևանում
23 Օգոստոսի 2017
+34°
+36°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Օգս 2017
USD1478.55
GBP1614.08
EUR1562.30
RUB18.10
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Ինչո՞ւ է Թուրքիան խուճապի մատնվել

Թեմա

14 Հունիսի 2017, 21:47
 Ինչո՞ւ է  Թուրքիան խուճապի մատնվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սխալ է համարել սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քուրդիստանի անկախացման հանրաքվե անցկացնելու որոշումը։ Էրդողանը հայտարարել է, թե  իրենք հանդես են գալիս Իրաքի տարածքային ամբողջականության օգտին և հանրաքվեի անցկացումը որակել է սպառնալիք միացյալ Իրաքի համար: Պաշտոնական Անկարան ավելի մտահոգ է Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման հարցում, քան նույնիսկ Իրաքն ինքը: Թեև իրաքյան քրդերի հանրաքվեին բացասաբար են վերաբերվում նաև ԱՄՆ-ն, Իրանը, Գերմանիան, սակայն Թուրքիայի անհանգստությունը, որը վերջին երեք օրերին արտահայտվել է իշխաբնության ամենաբարձր բոլոր մակարդակներով, ավելի շատ հիշեցնում է խուճապայնություն: Դա ունի օբյեկտիվ պատճառներ:

Քրդական պետականության կազամավորումը նրա սահմանների անմիջական հարևանությամբ լրջագույն սպառնալիք է Թուրքիայի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը, որովհետև այն կարող է անջատողականության լուրջ խթան դառնալ Թուրքիայի քրդերի համար: Սեփական երկրում քրդական էթնոսին պատերազմ հայտարարած թուրքական իշխանությունները պարզապես կարող են հայտնվել հարավ-արևելյան շրջաններում, որոնք պատմական Հայաստանի տարածքներն են, կորցնելու կամ առնվազն այնտեղ վերահսկողությունն ու կառավարումն աստիճանաբար կորցնելու վտանգի առջև:

Իրաքում Քրդական պետության ստեղծումը, որը, անկախ ժամկետներից, այլևս թվում է անփուսափելի, կարող էր Թուրքիայի համար լինել փրկօղակ, այն իմաստով, որ դա պատրվակ կդարձներ իր ներսում քրդական անջատողականությունը ճնշելու կամ դեպի Քուրդիստան այդ տարրի արտագաղթը խթանելու համար, եթե  չլիներ մի կարևոր գործոն: 

Խնդիրն այն է, որ չնայած ԱՄՆ-ն պաշտոնապես դեմ է հանդես գալիս Քուրդիստանի անկախացման հանրաքվեին, սակայն հակաահաբեկչական պայքարի քողածածկույթի ներքո ակտիվ սպառազինմամբ և ֆինանսավորմամբ նպաստում է Մերձավոր Արևելքում քրդական գործոնի ուժեղացմանը և կոնսոլիդացմանը: Գլոբալ իմաստով Քուրդիստանի ստեղծումը հանդիսանում է ԱՄՆ-ի՝ Մերձավոր Արևելքի նոր քարտեզագրման քաղաքականության գործիքներից մեկը:

Չնայած Վաշինգտոնն ու Անկարան շարունակում են հանդես գալ ստրատեգիական գործընկերների կարգավիճակում, սակայն նրանց միջև վստահության լրջագույն դեֆիցիտ է առաջացրել Թուրքիան տարածաշրջանային գերտերություն դարձնելու, Վաշինգտոնից լիարժեք անկախ պետություն դարձնելու, Ռուսաստանի հետ տնտեսակա-քաղաքական և ռազմավարական կապերն ամրապնդելու Թայիփ Էրդողանի քաղաքականությունը:

Այդ ճգնաժամը հրապարակավ ցուցադրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սաուդյան Արաբիայում մուսուլմանական երկրների համաժողով անցկացնելու և Թուրքիայի բարեկամ Կատարի դեմ արաբական երկրների կողմից սկսված արշավին բացահայտ աջակցություն հայտնելով: Անկարայում հրաշալի հասկանում են, որ այս միտումներն ի վերջո կարող են հանգեցնել հենց քրդական գործոնի միջոցով Թուրքիայի մասնատումը նոր Մերձավոր Արևելքի վերաձևման ամերիկյան ռազմավարության մաս դարձնելուն:

Մյուս կողմից Իրաքյան Քուրդիստանի ստեղծումը էականորեն թուլացնելու է Թուրքիայի Անկարայի ազդեցությունը Իրաքում և հսկայական պատնեշ է գոյացնելու Էրդողանի ծավալապաշտական, նեոօսմանականության պլանների առջև: 2015թ. Թուրքիան, խախտելով Իրաքի սահմանների անձենմխելիությունը և առանց Բաղդադի համաձայնության, զորախումբ մտցրեց Իրաք, որը տեղակայվեց Հյուսիսային Իրաքի Նայնավա նահանգի Բաշիքա շրջանում՝ իսլամիստական ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարում տեղական ժողովրդական ուժերին նախապատրաստելու պատրվակով:

Այդ զորախումբը փաստացի կարելի է համարել Թուրքիայի ապօրինի ռազմաբազան Իրաքում, որով Անկարան լուծեց Իրաքում ռազմական ներկայություն ապահովելու և այն քաղաքական գործիք դարձնելու խնդիրը: Իրաքյան Քուրդիստանի ստեղծումը կստիպի լրջագույն վերանայումներ կատարել այս քաղաքականությունում, եթե Անկարան չի ցանկանում Սիրիայի, Թուրքիայի քրդերից բացի խնդիրներ ունենալ նաև Իրաքյան քրդերի հետ, որոնց հանդեպ վերաբերմունքը եղել է հարաբերականորեն բարիդրացիական:

Իրաքյան քրդերի դե յուրե անկախության ձեռբերումն Անկարայի համար խնդրահարույց է նաև ԼՂ հիմնահարցի համատեքստում, քանի որ այն ամրապնդելու է ազգերի ինքնորոշման սկզբունքի առաջնահերթությունը և լրացուցիչ լեգիտիմություն է հաղորդելու արդեն ձեռք բերած անկախությունը միջազգայնորեն ճանաչելի դարձնելու արցախահայության պահանջին:

Այս գործոններով պայմանավորված՝ Անկարան կփորձի քաղաքական գործիքակազմով ամեն ինչ անել Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեին խանգարելու համար, թեև իրավական առումով դրան որևէ կերպ ազդելու լծակ չունի: Այս հիմնահարցը կնպաստի նրան, որ Թուրքիան կփորձի ժամանակավորապես դադարեցնել Իրաքի և հատկապես Իրանի հետ իր դիրքային հակամարտությունը: Քրդական հարցի շրջանակում Թեհրանը և Անկարան վերածվում են ժամանակավոր գործընկերների: Խնդիրն այն է, որ ամենևին չի բացառվում՝ Իրաքում քրդական պետության ստեղծումը ևս Իրանի դեմ և Իրանի շուրջ ապակայունության օղակ ստեղծելու նոր նախաձեռնություն է: Չպետք է մոռանալ, որ Իրանի՝ հիմնականում հենց Թուրքիայի և Իրաքի սահմանակից 5 նահանգներում կոմպակտ բնակվում է տարբեր տվյալներով 5-ից 10 մլն քուրդ: Համենայն դեպս իսկապես տարօրինակ է, որ Քուրդիստանի ղեկավարությունը հանկարծակի հենց Իրանի ու Թուրքիայի համար այս աննպաստ ռեգիոնալ-քաղաքական իրադրության պայմաններում որոշեց անցկացնել հանրաքվեն՝ օգտվելով առաջին հերթին դրան խանգարելու Բաղդադի անկարողության գործոնից:

Ինչևէ, այս գործընթացն ուղղակիորեն առնչվելու է նաև Հայաստանի շահերին: Անհրաժեշտ է չափազանց լուրջ ու խորքային վերլուծության ենթարկել դրա բացասական և հնարավոր դրական հետևանքները, որովհետև ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ:

Զուտ արտաքուստ տպավորությունն այնպիսին է, որ քրդական պետության ստեղծումը ի հայտ է բերում տարածաշրջանային նոր խաղացող, որը սահմանափակում է Թուրքիայի դերակատարությունը և խթանում ներքին տրոհման պրոցեսն այս երկրում: Բացի դրանից Քուրդիստանի անկախացումը միանշանակ ծառայում է ԼՂՀ-ի միջազգային ճանաչման գործընթացին: Սակայն մյուս կողմից Իրանի շուրջ օղակի սեղմումը, Իրանին նոր հնարավոր հակամարտության մեջ ներքաշման ռիսկը և հատկապես Իրան-Թուրքիա համագործակցության առարկայացումը բացարձակապես չեն բխում Հայաստանի շահերից, որքան էլ վերջիններս երկարաժամկետ բնույթ չունեն:

Գևորգ Դարբինյան 

 

 

Գյուրզան մտել էր խոհանոց
23 Օգոստոսի 2017, 11:53 Գյուրզան մտել էր խոհանոց
Հրդեհ Դդմաշեն գյուղում
22 Օգոստոսի 2017, 19:55 Հրդեհ Դդմաշեն գյուղում

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica