close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2017
-2°
+4°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2017
USD1483.99
GBP1645.01
EUR1574.40
RUB18.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանը դիվերսիֆիկացնում է իր անվտանգությունը՝ ՆԱՏՕ-ի միջոցով

Թեմա

13 Հունիսի 2017, 20:35
 Երևանը դիվերսիֆիկացնում է իր անվտանգությունը՝ ՆԱՏՕ-ի միջոցով

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում նշել է, որ կազմակերպությունը Հայաստանից ստանում է համագործակցությունը խորացնելու ցանկության մասին ազդակներ: Գրասենյակի ղեկավարը, սակայն, ակնարկել է, որ այդ ցանկությունը դեռ գործնական, առարկայական դրսևորում չունի:

Ըստ ամենայնի՝ նա նկատի ունի հրապարակային ազդակների բացակայությունը, որովհետև Երևանում՝  Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի այցի շրջանակում արված հայտարարությունները խոսում են հակառակի մասին:

Վերջինիս հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է, թե Հայաստանը մտադիր է ավելացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության տեմպը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան-ՆԱՏՕ  «Անհատական գործընկերության գործողությունների» ծրագրի իրականացմանը, և ՆԱՏՕ-ի մասնակցությամբ միջազգային խաղաղապահ գործողություններում իր ներգրավվածությանը: Խնդիրն այն է, որ առ այսօր Երևանը խոսում էր ոչ թե հյուսիսատլանտյան դաշինքի հետ գործակցությունը խորացնելու, այլ եղածով բավարարվելու մասին:

Առ այսօր Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ բացի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրից (IPAP) համագործակցում է մի քանի ծրագրերի շրջանակում. Պլանավորման և վերանայման գործընթացը (PARP), որն ուղղված է ՀՀ ԶՈւ պաշտպանական պլանավորմանը, ռազմական կրթությանը, բարեվարքության ամրապնդմանը, անձնակազմի կառավարմանը,  ինչպես նաև Ռազմական կրթության զարգացման ծրագիրը (DEEP): Հայաստանը ներգրավված է Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության մեջ: 

Եվ այդ ֆոնին Արա Բաբլոյանը, փաստորեն, ակնարկում է, որ Հայաստանը  ցանկանում է ուժեղացնել իր մասնակցությունը դաշինքի շրջանակում միջազգային խաղաղապահական առաքելության մեջ՝ առաջին հերթին «Անհատական գործընկերության գործողությունների» ծրագրի միջոցով, որը 2017-2019 թվականների կտրվածքով Հայաստանն ու ՆԱՏՕ-ի խորհուրդը թարմացրին ընդամենը երկու ամիս առաջ: Թե կոնկրետ ինչ տեմպի է ուզում Երևանը հասցնել ՆԱՏՕ-ի   հետ այս ձևաչափը, դժվար է ասել:

Սակայն «Առաջին լրատվական»-ին տված վերոնշյալ հարցազրույցում Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն մի ուշագրավ և բավականաչափ ինտրիգային բացահայտում է արել: Նա ասել է, թե առաջիկա ամսիներին ՆԱՏՕ-ն Վստահության նոր հիմնադրամ է ստեղծելու Հայաստանի համար, և այդ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ոչնչացնել շարքից դուրս եկած ռազմական տեխնիկան: Այս հայտարարությունն ինտրիգային է երկու առումով: Նախ՝ փաստացի խոսքը գնում է համագործակցության նոր ձևաչափի ստեղծման մասին, որի անվանումն ինքնին չափազանց խոսուն է: Երկրորդ՝ Լահյուի հայտարարությունից հետևում է, որ ՆԱՏՕ-ն ներգրավվելու է հայկական Զինուժի բալանսում առկա ժամկետանց և շարքից դուրս եկած զինտեխնիկան ոչնչացնելու գործըթնացում: Իսկ ինչպես հայտնի է հայկական բանակի զինտեխնիկան մեծամասամբ ռուսական արտադրության է: Որքանո՞վ է սա նշանակում, որ ՆԱՏՕ-ին այս ծրագրի միջոցով հնարավորություն է տրվում առավել մոտիկից, կարելի է ասել՝ ներսից շոշափելու հայկական զինուժի իրական արսենալը, դժվար է ասել: Պետք է նկատի ունենալ, որ անցյալ տարվանից հայկական ԶՈւ-ի մի մասը ներգրավված է Ռուսաստանի հետ ձևավորված միացյալ զորախմբում:

Այս հայտարարությունները վկայում են, որ Երևանը փորձում է բարձրացնել ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության մակարդակը՝ զուգահեռ Հայաստան-Ռուսաստան ինչպես երկկողմ, այնպես է ՀԱՊԿ-ի ձևաչափում առկա նախաձեռնությունների:

Մայիսին  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Мир» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է Սիրիայում հումանիտար ականազերծման և մի քանի այլ ուղղություններով փոխգործակցության ձևաչափն ընդլայնելու հարցը: Փաստորեն մի կողմից Երևանը փորձում է Ռուսաստանի հետ գործակցության հարթակն օգտագործելով ռազմական, թեկուզ զուտ հումանիտար մակարդակով ներկայություն ապահովել Սիրիայում, մյուս կողմից ավելացնել ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության ծրագրերը և խորացնել միջազգային խաղաղապահ գործընթացներում ներգրավվածությունը: Այս կերպ մի կողմից Հայաստանը ձգտում է դիվերսիֆիկացնել իր անվտանգության համակարգը, իսկ մյուս կողմից փորձել բալանսավորել իր հարաբերությունները աշխարհաքաղաքական ուժային երկու բևեռների՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև:

Դաշինքի հետ իրականացվող ծրագրերն, իհարկե, չեն կարող համեմատվել Հայաստան-Ռուսաստան բազայի հետ:  Սակայն էականը տվյալ դեպքում դա չէ: Ի վերջո լինելով ՀԱՊԿ-ում և իր տարածքում ունենալով ռուսական ռազմաբազա՝ Երևանն անգամ մեծագույն ցանկության դեպքում չի կարող նրանց միջև լիարժեք բալանսավորում իրականացնել: Սակայն նման քաղաքականությունը գոնե հնարավորություն է տալիս ոչ միայն չկորցնել ՆԱՏՕ-ի վստահությունը և նրա հետ կոնտակտները, այլև այս ուղղության զարգացման հեռանկարը մշտապես պահել Մոսկվայի տեսադաշտում: Եվ այս առումով տակտիկական նվազագույն խնդիրը Երևանը կարծես թե լուծում է: Պատահական չէ, որ այս տարի հուլիսին առաջին անգամ Հայաստանը մասնակցելու է  ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որոնք անցկացվելու են Վրաստանում և որին մասնակցելու է ՆԱՏՕ-ի անդամ և դաշինքի գործընկեր 11 երկիր՝ սկսած ԱՄՆ-ից ու Թուրքիայից, վերջացրած Ադրբեջանով և Ուկրաինայով: Զորավարժություններին Մոսկվան բավականին մեծ խանդով է վերաբերում, ինչը, փաստորեն, Երևանին չի խանգարում:

Գևորգ Դարբինյան           

 

ՃՏՊ` Վանաձորում
24 Նոյեմբերի 2017, 23:34 ՃՏՊ` Վանաձորում
Թունավորում Ծիլքարում
24 Նոյեմբերի 2017, 15:11 Թունավորում Ծիլքարում

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica