close
Եղանակը Երևանում
23 Նոյեմբերի 2017
+2°
+4°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Նմբ 2017
USD1483.75
GBP1640.87
EUR1568.65
RUB18.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միջնորդների նոր նախազգուշացումները Բաքվին՝ Ստեփանակերտից

Թեմա

12 Հունիսի 2017, 20:30
 Միջնորդների  նոր նախազգուշացումները Բաքվին՝ Ստեփանակերտից

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն անցած օրերին գտնվում էին Երևանում և Ստեփանակերտում: Արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում նրանք հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Արցախի նախագահների, ՀՀ արտգործնախարարի հետ: Սպասվում է, որ մեկ շաբաթ հետո նրանք նույնպիսի այց կկատարեն նաև Բաքու:

Արդեն երկրորդ անգամն է, որ համանախագահները հակամարտող կողմեր են այցելում ժամանակային որոշակի ընդհատումով: Նախորդ անգամ դա տեղի ունեցավ  մարտին: Համանախագահները նախ մարտի 11-ին այցելեցին Բաքու, իսկ  Երևանում և Ստեփանակերտում եղան դրանից երկու շաբաթ անց միայն՝ մարտի 27-ին: Այս իրողությունը հուշում է, որ եռանախագահողների ընտրած մաքոքային բանակցությունների մարտավարությունը ենթարկվում է որոշակի փոփոխությունների:

Նման ընդհատումներով Երևան-Ստեփանակերտ և Բաքու այցելելը կարող է նշանակել, որ նրանք քննարկվող հարցերի վերաբերյալ կողմերից մեկի մոտեցումները որոշակի մշակման ենթարկելուց հետո են միայն նախապես փոխանցում հակառակ կողմին՝ վերջինիս տալով նախապատրաստվելու և որոշ ժամանակ անց իրենց այցելության ժամանակ դրանց վերաբերյալ հստակ դիրքորոշումներ ստանալու նպատակով: Մարտավարության այսպիսի փոփոխությունը հուշում է, որ ոչ միայն հայկական և ադրբեջանական կողմերի համաձայնությունների գալը, այլև անգամ միմյանց հետ ուղղակի հաղորդակցվելն է դարձել ավելի դժվար՝ կրիտիկականի մոտեցնելով բանակցային փակուղայնությունը:

Թերևս հենց սա է պատճառը, որ համանախագահների մոտ նկատելի է դառնում մարտավարության փոփոխություն նաև ուղերձների առումով: Նրանք սկսում են շեղվել իրենց բնորոշ նախկին լղոզված հայտարարություններով բավարարվելու գծից, և հասցեական ու նկատելիորեն կոշտ գնահատականներ հնչեցնել: Օրինակ Ստեփանակերտում նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, թե եռանախագահողների հայտարարությունները եղել են հասցեական, որի նպատակն է պահպանել խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը:

Առաջին անգամն է, թերևս, երբ համանախագահողի մակարդակով հայտարարվում է, որ հասցեական հայտարարությունների թիրախը ոչ թե բանացկային գործընթացին նպաստելն է, այլ խաղաղ գործընթացը պահպանելը, այսինքն հակամարտության ռազմական ֆազայի տեղափոխումը կանխելը: Եթե հաշվի առնենք, որ վերջին՝ մայիսի 18-ի հասցեական հայտարարությամբ համանախագահներն Ադրբեջանին էին մեղադրել հրադադարի պայմանագրի խախտման նախահարձակ գործողության մեջ՝ նկատի ունենալով մայիսի 15-ին հայկական ՀՕՊ համակարգի բաղադրիչներից մեկը կառավարվող հրթիռով խոցելը, ապա Պոպովն անուղղակի ասում է, որ հասցեական հայտարարությունների նպատակը Ադրբեջանին զսպելը, բանակցային գործընթացը, հետևաբար նաև ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի հեղինակությունը փրկելն է: Այլ կերպ ասած՝ Պոպովը, ըստ էության, երկրորդում ու հաստատում է համանախագահների արած նախորդ հայտարարության առանցքային շեշտադրումները:

Այս իմաստով բանակցային գործընթացում կարծես թե սկսվել է Բաքվի նկատմամբ փափուկ «ճնշման» մի գործընթաց, որը զարգացում ունենալու նախանշաններ է դրսևորում: Երևանում ՄԽ համանախագահողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, թե հասունանում է մի իրավիճակ, որ եռանախագահող երկրները՝ որպես միջնորդության, հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերի միջազգային մանդատ ունեցող ձևաչափ, պետք է ոչ միայն հայտարարություններ անեն, այլև «համապատասխան կոնկրետ գործողությունների դիմեն, որպեսզի սանձեն Ադրբեջանի այս ապակառուցողական և սադրիչ քաղաքականությունը»:

Երկրորդ անգամ է, որ Էդվարդ Նալբանդյանը, հիմնվելով մայիսի 18-ի համանախագահների հայտարարության վրա, նրանցից կոնկերտ գործողություններ է պահանջում: Մինչ այս պաշտոնական Երևանը բավարարվում էր ընդամենը համանախագահներից հասցեական հայտարարություն ակնկալելով: Սա միանշանակ տակտիկական քայլ առաջ է հայկական դիվանագիտության մեջ, որի ողջ իմաստն Ադրբեջանի նկատմամբ ճնշումներն առարկայական դարձնելն է և որպես ճնշման գործիք՝ հենց Արցախի սուբյեկտայնությունն ընդգծելը:

Այս իմաստով ուշագրավ է եղել Ստեփասնակերտում հանդիպումներից հետո ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի արած մի՝ առաջին հայացքից ոչինչ չասող դիտարկում: Ըստ «Արցախպրես» գործակալության՝ լրագրողներին տված ճեպազրույցում Հոգլանդն ասել է, թե իրենք նախագահ Սահակյանի հետ հանդիպման ժամանակ բացի հիմնախնդրի կարգավորումից, քննարկել են նաև տնտեսության տարբեր ճյուղերին, ֆինանսական հատվածին և շատ այլ թեմաների վերաբերող հարցեր: Այլ իրավիճակում տարակուսելի կլիներ, թե ինչո՞ւ են համանախագահներն իրենց կողմից չճանաչված երկրի ղեկավարի հետ քննարկում բացարձակապես իրենց մանդատի հետ կապ չունեցող հարցեր, առավել ևս՝ հրապարակավ խոստովանում այդ փաստը: Մինչդեռ ամենևին չի բացառվում, որ սա հենց Արցախի սուբյեկտայնությունը, ինքնիշխանությունն ընդգծելու միտում ունի, որի ենթատեքստային ուղերձը Բաքվին այն է, որ ներկայիս վարքագծի շարունակման հետևանքը կարող է լինել ընդհուպ Արցախի ճանաչման գործընթացին չխոչընդոտելը:  Սա նշանակում է, որ Էդվարդ Նալբանդյանի անուղղակի կոչը՝ ԼՂ-ի ճանաչման հնարավորությունը դարձնել Բաքվին զսպելու ճնշամիջոց, կարծես թե արձագանք է ստանում համանախագահների մոտ: Այս իմաստով շատ բան գուցե հասկանալի կդառնա մեկ շաբաթ հետո նրանց Բաքու կատարելիք այցից և այնտեղից հղվելիք ուղերձներից: 

Գևորգ Դարբինյան  

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
23 Նոյեմբերի 2017, 12:06 ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica