close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2017
+6°
+13°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Գործ տվողի» հայկական ֆենոմենը

Թեմա

8 Հունիսի 2017, 21:10
 «Գործ տվողի» հայկական ֆենոմենը

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում ներդրվող  ազդարարի ինստիտուտի վերաբերյալ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի հայտարարության շուրջ առաջացած անասելի աղմուկը բացահայտեց մի չտեսնված բան. Հայաստանում, փաստորեն, բոլորը համատարած  կոռուպցիայի դեմ պայքարողներ են, ծպտյալ ազդարարներ:

Այսինքն մարդիկ են, ովքեր աչքերը չորս արած առավոտից երեկո տնտղում են իրենց շուրջը, որպեսզի հենց գործընկերոջ, հարևանի, ծանոթի գործողություններում կոռուպցիայի հանցանշաններ նկատեն, անմիջապես դիմեն իրավասու մարմիններին կամ նրանց վերադասներին:

Եվ ահա կոռուպցիայի դեմ պայքարի այս, փաստորեն, համազգային, համաժողովրդական էյֆորիայի մեջ հանկարծ ինչ-որ մեկը համարձակվեց ասել, թե, գիտեք, որքան էլ վատ է, բայց հասարակության մեջ ազդարարումը՝ օրենքից ենթադրվող բացատրությամբ, շարունակում է համարվել «գործ տալու» երևույթ:

 Այսինքն կիրառեց մի բնորոշում, որն անցած 100 տարվա ընթացքում ամուր արմատներ է գցել հանրային գիտակցության մեջ, վերածվել կարծրատիպի, դարձել հասարակական հարաբերությունների կարգավորման ամենահիմնական չգրված օրենքներից, կարգավորիչներից մեկը՝ դրանով իսկ վերածվելով ազգային և պետական մեծագույն չարիքի:

 Որովհետև այդ երևույթին ամբողջ հասարակությամբ որպես «գործ տալու» մոտենալն է դարձել կոռուպցիան լեգիտիմացնելու հիմնական միջոցը: Եվ թեև պատգամավորն իսկապես մեղմ ասած անհաջող ձևակերպումներ գտավ իր միտքն արտահայտելիս, սակայն ԱԺ ամբիոնից ազդարարի ինստիտուտի հանրային ընկալումների այդ վերաշարադրումը պատճառ դարձավ՝ խոսելու հայաստանյան հասարակության ամենացավոտ հիվանդություններից մեկի մասին և տվեց ինքներս մեզ ազնվորեն նայելու անհրաժեշտ առիթ:

Նախ՝ ազդարարի ինստիտուտը Հայաստանում նոր չէ: 2011թ. ընդունված «Հանրային ծառայության մասին» օրենքում դրա մասին չորս մասից բաղկացած մի ամբողջ հոդված կա: Այն կոչվում է «Հանրային ծառայողի կողմից կատարվող տեղեկացումը (զեկուցումը)»: Անցած 6 տարիներին այս հոդվածը երբևէ գործե՞լ է, թե՞ ոչ: Քանի՞  հանրային ծառայող է պաշտոնատար անձանց տեղեկացրել ծառայակցի կողմից թույլ տրված ապօրինության մասին: Քանի՞ վարույթ է հարուցվել նման իրազեկումների հիման վրա, քանի՞ պաշտոնատար անձ է աշխատանքից ազատվել, ենթարկվել վարչական կամ կարգապահական այլ պատասխանատվության: Այս հարցերը պատասխան չունեն: Որովհետև այդ հոդվածը երբևէ չի գործել՝ հենց «գործ տալու» համընդհանուր մտածության և իրազեկման արդարացի հետևանքների հանդեպ վստահության բացակայության պատճառով: Գուցե իմաստ ունե՞ր նախ խորանալու պատճառների մեջ, որպեսզի մեկ մեռելածին հոդվածի փոխարեն հանկարծ մի ամբողջ մեռելածին օրենք չստեղծենք: 

Չի կարելի ջայլամի կեցվածք ընդունել և չխոստովանել, որ պատգամավորի մտավախությունը, այսպես ասած՝ հայկականության կեղծ պաճուճանքներից դուրս, ունի օբեկտիվ պատճառներ: Խնդիրը ոչ թե ազդարարի ինստիտուտի մեջ է, այլ դրա հնարավոր չարաշահման: Թե ինչ հետևանքներ է ունենում այդ չարաշահումը, հարցրեք 30-40-ականների անհատի պաշտամունքի զոհերի ժառանգներին: Որքան թարմ է դրա հետ կապված հիշողությունը, այնքան զգալի է նաև դրանից ածանցվող սարսափի կամ վախի զգացողությունը և մտավախությունը, որ այդ մղձավանջը կարող է երբևէ կրկնվել: Եվրոպայում, արևմտյան քաղաքակրթությունում այս ինստիտուտը կայացել է, որովհետև չի անցել ստալինյան մղձավանջի միջով ու չի ենթարկվել այնպիսի մուտանտային տրանսֆորմացիաների, որոնք կարող էին միլիոնավոր մարդկանց մահվան ու տանջանքների պատճառ դառնալ: Դրա համար էլ ինչպես ասում են՝ նրանց ձայնը «տաք տեղից է դուրս գալիս»:

Այդ երկրները նաև սովետիզմից ազգային պետականակերտման անցումային շրջափուլ չեն անցնում, որտեղ անցումը դեպի տոտալիտարիզմ երբեմն շատ ավելի  բնական է թվում, քան անցումը դեպի ժողովրդավարություն: Որպեսզի շարքային քաղաքացին հավատա, որ սա «Գուլագ» տանող «գործ տալու» երևույթը չէ, պետք է բավականաչափ վստահ լինի, որ իշխանությունն ու պետությունը երբեք չեն նույնանալու, մեկ ցուցմունքի հիման վրա մարդկանց քաղաքական կամ այլ շարժառիթներով ազատությունից չեն զրկելու, որ կոռուպցիոների փոխարեն զրպարության մեղադրանքով իրազեկողը կամ ազդարարը չեն հայտնվելու ճաղերի ետևում:

Կա՞ նման վստահություն, եթե այո, ուրեմն չկա ընդհանրապես ազդարարի ինստիտուտի անհրաժեշտություն: Որովհետև արդարադատության ու ժողովրդավարության պայմաններում նախ կոռուպցիայի, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ զբաղվողներ չեն լինում, հետևաբար նաև ինչ-որ բան ազդարարելու անհրաժեշտություն չի լինում և երկրորդ՝ բավական է միայն իրավապահ մարմիններին տեղեկացնել նման երևույթների մասին և դա բավարար կլինի անմիջապես քրեական գործ հարուցելու՝ ընդ որում ինչպես ներկայացված կասկածները հիմնավորելու, այնպես էլ զրպարտության իրողությունը պարզելու համար՝ հավասարապես: Իսկ եթե համակարգը ներդրվում է նորմալ չգործող արդարադատության պայմաններում, ի՞նչ տարբերություն՝ ազդարարման լրացուցիչ համակարգ կա՞, թե՞ ոչ. կամ ազդարարումն ո՞ւմ է արվելու՝ վերադասության կարգո՞վ, թե՞ իրավասու մարմնին: Միևնույնն է՝ արդարության, հետևաբար նաև վստահության դեֆիցիտի հանգամանքը մնալու է առկախված: Հետևաբար որպեսզի այս ինստիտուտը գործի, նախ անհրաժեշտ է վերականգնել հանրային վստահությունն առհասարակ պետական կառավարման և առաջին հերթին արդարադատության համակարգի նկատմամբ:

Ո՞ւմ համար է, ի վերջո, այս օրենքը: Ո՞վ է այն կիրառելու: Ազդարարի մասին օրենքի ընդունման իմաստը, գոնե այս փուլում, հասկանալի դարձնելն է, որ սա «գործ տալու» նոր մեխանիզմ չէ: Հասարակությունը պետք է գա այդ համոզման: Բայց դրա համար նախ անհրաժեշտ է այն կիրառել անձամբ և աներկբա՝ առանց խտրականության: Հարց է առաջանում ՝ ազդարարի ինստիտուտը պաշտպանում ենք, որովհետև ուզում ենք ինքներս անձա՞մբ այն գործադրել, ինքներս դառնալ ազդարար, թե՞ զուտ այն պատճառով, որ իմաստը լավն է ու ինչ-որ մեկը, հավանաբար երբևէ այն կկիրառի: Քանի՞սն են մեզանում հաղթահարելու «գործ տվողից» «ազդարարի» վերածվելու ստերեոտիպային բարդագույն հոգեբանական-մտածողական արգելքը և, օրինակ, դիմելու Երևանի քաղաքապետարան՝ իրենց երեխային մանկապարտեզ ընդունելիս «հերթն առաջ տվող» տնօրենին պատասխանատվության ենթարկելու համար՝ նաև այն դեպքում, երբ մեծ ոգևորությամբ «մաղարիչ» ենք անում դրա համար: Կամ՝ պատրա՞ստ ենք պատասխանատվության ենթարկելու համար ազդարարել այն դատախազի, քննիչի կամ դատավորի կաշառակերության մասին, որոնց ինքներս ենք գտել ծանոթ-բարեկամների, քավոր-սանիկների մի ամբողջ բանակ մոբիլիզացնելու միջոցով: Եթե այո, ապա փառք ու պատիվ այդպիսիներին:

Որովհետև դրանով է իրավիճակ ու մտածողություն փոխվելու, դրանով են ստիպելու ձեռնպահ մնալ ապօրինություններից՝ յուրաքանչյուրի մեջ պոտենցիալ «ազդարար» տեսնելու մտավախությամբ: Բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ որտե՞ղ էին այդ մարդիկ մինչև հիմա: Ինչո՞ւ այդպիսիները չէին դիմում դատախազություն, երբ ծեծում էին իրենց դռները և ընտրակաշառք առաջարկում: Ի՞նչ է՝ կոռուպցիան արմատախիլ անելու համար ազդարարի օրե՞նքն էր պակասում: Եթե ուզում ենք գործի  այս ինստիտուտն առանց խեղաթյուրման, ապա առաջին ազդարարն ինքներս պետք է դառնանք: Մնացածը ջուրծեծոցի է...

Գևորգ Դարբինյան  

 

Լավրովը Երևան է ժամանում
18 Նոյեմբերի 2017, 17:25 Լավրովը Երևան է ժամանում
Հրդեհ Արփի գյուղում
18 Նոյեմբերի 2017, 10:11 Հրդեհ Արփի գյուղում

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica