close
Եղանակը Երևանում
23 Նոյեմբերի 2017
+4°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Նմբ 2017
USD1483.75
GBP1640.87
EUR1568.65
RUB18.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի անվտանգության «իրանական» սպառնալիքը

Թեմա

7 Հունիսի 2017, 20:57
 Հայաստանի անվտանգության «իրանական» սպառնալիքը

Իրանում այսօր ահաբեկչական երկու գործողություն է տեղի ունեցել: Զինված 4 անձինք կրակ են բացել Իրանի խորհրդարանում, մահապարտներից մեկը գործ է դրել իրեն ամրակցված պայթուցիկը: Գրեթե միաժամանակ մի քանի զինված անձինք կրակ են բացել նաև Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնիի դամբարանում: Իրավապահ մարմինները ոչնչացրել են ահաբեկիչներին, սակայն հարձակումների հետևանքով զոհվել է 7, վիրավորվել` 35-ից ավելի մարդ: Իրանի անվտանգության ծառայության մարմինները հայտնել են, որ ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է նախապատրաստված ևս մեկ ահաբեկչական գործողություն: Ըստ իրանական IRNA լրատվական գործակալության՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել այդ հարձակումների պատասխանատվությունը:

Իրանի խորհրդարանի ղեկավար Ալի Լարիջանին ահաբեկչական հարձակումները, ազդեցության առումով, համարել է աննշան՝ հայտարարելով, թե դրանով ահաբեկիչները ցանկանում են խնդիրներ ստեղծել երկրի ներսում, քանի որ Իրանը ահաբեկչության դեմ պայքարի կենտրոն էր դարձել:

Իրանում իրականացված ահաբեկչական հարձակումների ձեռագիրը նման է երկու օր առաջ Լոնդոնում կատարված նմանատիպ գործողություններին: Հիշեցնենք, որ Լոնդոնում ահաբեկիչները փոքր բեռնատարով մխրճվել էին բազմության մեջ, որից հետո մեքենայից դուրս եկած 3 հոգին դանակներով հարձակվել էին անցորդների վրա: Նմանատիպ ևս մեկ հարձակում իրականացվել է քաղաքի Բորու շուկայի մոտ: Զոհվել էր 6, վիրավորվել` 48 մարդ:

Թեհրանի և Լոնդոնի ահաբեկչությունների նմանությունն ակնհայտ է հատկապես բազմության վրա փոքր խմբերով իրականացված հարձակումների առումով: Ակնհայտ է, որ ԻՊ-ը փոխում է մարտավարությունը՝ պայթեցումների փոխարեն նախընտրելով փողոցներում մարդկանց վրա ուղղակի հարձակումները հրազենով կամ սառը զենքով: Հավանաբար, համարվում է, որ այսպես հասցվող վնասի մասշտաբներն ավելի մեծ են և ավելի երաշխավորված: Սակայն այս մարտավարության ամենամեծ վնասը հոգեբանական ազդեցությունն է. ահաբեկիչները փորձում են տոտալ վախի մթնոլորտ ստեղծել, որի պայմաններում ցանկացած անցորդ կընկալվի որպես պոտենցիալ ահաբեկիչ:

Իրանի պարագայում լկտիությունը շատ ավելի ցուցադրական է. Իրանի խորհրդարանի վրա հարձակմամբ ԻՊ-ը փորձել է առարկայորեն ցույց տալ, որ այդ երկրի անվտանգության համակարգը խիստ խոցելի է: Այս հանդգնությունը թույլ է տալիս ենթադրել, որ Իրանը թիրախավորվել է «Իսլամական պետության» կողմից, և նմանատիպ գործողությունները կարող են շարունակական լինել:

Հատկանշական է, որ Իրանում այս ահաբեկչությունները տեղի են ունենում Թեհրանի համար չափազանց նուրբ և վտանգավոր աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին: Անցած ամիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սաուդյան Արաբիայում մուսուլմանական, ավելի կոնկրետ` սուննի իսլամ դավանող երկրների մասնակցությամբ անցկացված միջազգային խորհրդաժողովից հետո, որի ընթացքում Իրանը հայտարարվեց անգամ միջազգային ահաբեկչությունից լուրջ սպառնալիք, մի քանի արաբական երկրներ՝ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան,  Բահրեյնը, ԱՄԷ-ն, Մալդիվները, Լիբիան, Եմենը խզեցին Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները: Նրանք Դոհային մեղադրում են ահաբեկչությանն աջակցելու և Իրանի հետ հարաբերությունները սերտացնելու մեջ: Քաթարին, ըստ էության, պատժում են այն բանի համար, որ նա խախտում է Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ և ԱՄՆ-ի հրահրմամբ Իրանի աշխարհաքաղաքական շրջափակման ներքին պայմանավորվածությունը: Դոհայի կողմից ահաբեկչությանն աջակցելու հանգամանքը երրորդական է՝ հաշվի առնելով, որ նրանց առաջ և նրանից ավելի ինտենսիվ միջազգային ահաբեկչությանն օժանդակում է Էր Ռիադը, որի նկատմամբ «եղբայրաբար» աչք են փակում թե՛ մուսուլմանական երկրները և թե՛ Վաշինգտոնը:

Իրանի մեկուսացման այս դեմարշը ստիպում է Թեհրանին հակակշռման մեխանիզմներ գտնել: Բացարձակապես անսպասելի չէր տեղեկությունը, որ Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջևադ Զարիֆը մեկնում է Թուրքիա՝ թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկելու Քաթարի շուրջ ստեղծված իրադրությունը և, դրանով պայմանավորված, տարածաշրջանային զարգացումները: Թրամփի կողմից Սաուդյան Արաբիան որպես Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հիմնական ստրատեգիական գործընկեր հռչակելու հետևանքով անկյուն քշվող Թուրքիան Իրանի համար վերածվում է յուրօրինակ բախտակցի: Չի բացառվում, որ Իրանը ձգտում է Թուրքիայի, Իրաքի, Քաթարի մասնակցությամբ ստեղծել տարածաշրջանում ակտիվ վերադասավորման մարտահրավերին դիմակայող բևեռ: Այս ֆոնին ԻՊ-ի կողմից Իրանի թիրախավորումը դժվար թե պատահականություն  է: Ամենայն հավանականությամբ, այն ուղղված է Իրանի շուրջ իրավիճակի ապակայունացմանը և նրա սպասելի ակտիվ հակադարձման քաղաքականությանը խոչընդոտելուն:

Ամեն դեպքում` Իրանի ահաբեկչությունները զգալիորեն մեծացնում են նաև Հայաստանի անվտանգության սպառնալիքների հավանականությունը: Նախ՝ սա նշանակում է, որ ԻՊ-ը զգալիորեն մոտեցել է Հայաստանի սահմաններին և հաղթահարել արտաքուստ բավականին ամուր թվացող ևս մեկ պատնեշ: Եթե նկատի ունենանք Իրանի հետ առանց վիզաների ռեժիմի հաստատումը և այդ երկրից Հայաստան մուտքի զգալի ազատականացումը, էականորեն մեծանում է նաև ահաբեկչական տարրերի՝ երկիր ներթափանցման հնարավորությունը: Սա պարտադրում է աննախադեպ միջոցներ ձեռնարկել սահմանային վերահսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ: Մյուս կողմից` Իրանի անվտանգությանը հասցված հարվածով տարածաշրջանի զգալի ապակայունացումը և իրեն մեկուսացնելու գործընթացին հակակշռելու համատեքստում Թուրքիայի հետ հարաբերությունները վերաարժևորելու իրատեսական հեռանկարը կարող է Հայաստանով պայմանավորված տարածաշրջանային տնտեսական, կոմունիկացիոն նախագծերի առժամանակ սառեցման պատճառ հանդիսանալ և ուժեղացնել Թուրքիա-Իրան-Ադրբեջան քաղաքական առանցքը:

Գևորգ Դարբինյան 

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
23 Նոյեմբերի 2017, 12:06 ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica