close
Եղանակը Երևանում
23 Նոյեմբերի 2017
+4°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Նմբ 2017
USD1483.75
GBP1640.87
EUR1568.65
RUB18.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միջազգային ճգնաժամային խումբը Արցախում պատերա՞զմ է հրահրում

Թեմա

2 Հունիսի 2017, 21:50
 Միջազգային ճգնաժամային խումբը Արցախում պատերա՞զմ է հրահրում

«Միջազգային ճգնաժամային խմբի» (ՄՃԽ) ԼՂ հակամարտության վերաբերյալ վերլուծություն-զեկույցն առանձնակի քննարկման առարկա է դարձել Հայաստանում: Պատճառն այն հիմնական եզրակացությունն է, որ հայկական և ադրբեջանական կողմերը հրադադարի կնքումից ի վեր ամենամոտն են լայնածավալ պատերազմի վերսկսմանը:

 «Որևէ միջադեպ կարող է իրավիճակը դուրս բերել վերահսկողությունից, հատկապես, երբ երկու հասարակություններն էլ համակարծիք են, որ հաջորդ առճակատումն անխուսափելի է, և որ Լեռնային Ղարաբաղի խնդրի «վերջնական կարգավորումը» անհրաժեշտ է, եթե անգամ դա ենթադրում է նոր պատերազմ»,-ըստ «Civilnet»-ի՝ նշել են խմբի փորձագետները։ Նրանք կոչ են արել Ռուսաստանին, Ֆրանսիային և ԱՄՆ-ին մի կողմ դնել տարբերությունները և համակարգված կերպով ճնշում գործադրել կողմերի վրա՝  վիճակը հանգուցալուծելու և բռնության վերսկսման վտանգը նվազեցնելու համար։ 

Այս եզրակացությունները ներկայացվում ու վերլուծվում են այնպես, կարծես ՄՃԽ-ն ինչ-որ արտառոց, անսպասելի բաներ է ասել, որոնք լուրջ ուսումնասիրման և հետևությունների անհրաժեշտություն են առաջացնում: Իրականում, սակայն, իրենց մեջ որևէ նորություն չպարունակելով՝ զեկույցն ավելի շատ, կամա թե ակամա հանգեցնում են խուճապային տրամադրությունների աճին:  

Անցած առնվազն 10 տարվա իր բոլոր զեկույցներում այս խումբը պարտադիր արձանագրել է լարվածության աննախադեպ աճ և ամեն անգամ հիշատակել, որ կողմերը մոտ են հսկայական կորուստներով ու վնասներով հղի նոր ծավալուն բախումների: Անհերքելի է, որ  նման դինամիկա իսկապես կար: Բայց այն տեսնելու համար գոնե հակամարտող կողմերը, որոնք գրեթե ամենօրյա ռեժիմով մարտական կորուստներ են ունենում, ինչպես նաև միջնորդները, հիշեցման կամ նախազգուշացման կարիք չունեն:

Նրանդ դա զգում  են, ինչպես ասում են՝ սեփական մաշկի վրա: Պարզապես այս անգամ փորձագետների գնահատականների ելակետը եղել են 2016թ. ապրիլյան քառօրյա մարտերը: Այդ  ֆոնին քիչ թե շատ ադեկվատ որևէ փորձագետ իրեն չէր կարող լավատեսական զեղումներ թույլ տալ: Առավել ևս, երբ բանակցային գործընթաց, որպես այդպիսին, չկա: Իսկ այն իրավիճակը, երբ կողմերը չեն բավարարվում իրենց ներկայացված կարգավորման առաջարկություններով, երբ շրջանառության մեջ չկան և չեն դրվում իրավիճակում բեկում մտցնելու պոտենցիալով նոր գաղափարներ, կոնֆլիկտաբանության մեջ կոչվում է կուլմինացիոն պատային դրություն, որը այսպես թե այնպես ճեղքվում է: Այս իմաստով ճգնաժամային խումբը պարզապես ասում է դասագրքային հերթապահ ճշմարտություններ, որոնք, սակայն, ապրիլյան դեպքերի ֆոնին, իրենց մեջ շատ ավելի լուրջ մանիպուլյացիոն, նույնիսկ պրովոկացիոն տարրեր են պարունակում:

Իրականում պատերազմի վտանգը չի դադարել ակտուալ լինել երբևէ: Նույնիսկ այն ժամանակ, երբ թվացել է, թե դրա համար այդ պահին որևէ հիմք չկա: Դրա հավանականությունը չի նվազում ո՛չ այն ժամանակ, երբ կողմերից մեկի դիրքերն ինչ-որ պահի թուլանում են, ոչ էլ այն ժամանակ, երբ տակտիկական հաջողություն է ունենում:

Օրինակ որպես պատերազմի վերսկսման հավանակության փաստարկ, կարող է բերվել Ադրբեջանում տնտեսական վերելքը, նավթադոլարների կուտակումը. ի վերջո դրանք տվյալ կողմին դիրքային առավելություն են տալիս, որը վերջինս ուզում է կապիտալիզացնել: Բայց պատերազմի վերսկսման նույնչափ համոզիչ փաստարկ են նաև այդ երկրում ներքին ժողովրդավարության, տնտեսական, քաղաքական անկայությունն ու ցնցումները: Որովհետև այդ  դեպքում էլ պատերազմը համարվում է ներքին խնդիրներից հանրային ուշադրությունը շեղելու, հանրային ներքին բացասական էներգիան արտաքին թշնամու դեմ գեներացնելու, իշխանության դեմքը փրկելու միջոց:

Ապրիլյան մարտերի նախօրեին, օրինակ, փորձագետների մի մասը խորապես համոզված էր, որ Ադրբեջանը չի համարձակվի նման հարաբերականորեն մասշտաբային օպերացիայի դիմել: Հիմնական փաստարկն այն էր, որ նավթի գների գլոբալ փլուզումը զրկում է Բաքվին երկարատև պատերազմի համար ռեսուրս ունենալու հնարավորությունից: Մյուս մասը, այդ թվում տողերիս հեղինակը, համոզված էր, որ նման շիկացումը միանգամայն իրատեսական է՝ հղում կատարելով նախ ռուս-թուրքական լարվածության աճին, ապա նաև հենց նավթի գների անկման երկարաժամկետ բացասական էֆեկտից Ադրբեջանի իշխանությունների զգուշանալուն և բլից-քրիգի միջոցով հնարավորինս շուտ հարցը լուծելու խուճապային տրամադրություններին:

Հետաքրքրականն այն է, որ Ճգնաժամային խումբը բացարձակ անտեսել է  այս իրավիճակի վրա ազդող ներքին ու արտաքին գործոնները և պատերազմի վերսկսման հնարավորության վրա դրանց այս կամ այն կերպ ազդելու հնարավորությունը: Այդ պնդման միակ հենքը, փաստորեն, երկու հասարակությունների պատերազմատենչությունն է: Առանց ազդող ավելի իրական` քաղաքական, տնտեսական, բարոհայոգեբանական, աշխարհաքաղաքական գործոնների համադրման, համակողմանի, օբյեկտիվ վերլուծության այդ զեկույցը որևէ գործնական արժեք չունի:

Առավելևս, երբ այն չի պարունակում ստեղծված իրավիճակից դուրս գալու այլընտրանքային մեխանիզմների թեկուզ անուղղակի առաջարկներ: Հենց այդ պատճառով էլ զեկույցը նմանվում է պատերազմի հեռանկարն արդարացնելու փորձի: Զեկույցից  տպավորություն է ստեղծվում, որ ՄՃԽ-ն հետապնդում է պատերազմի վերսկսումը օրինաչափ, բնական զարգացում ներկայացնելու, հետևաբար նաև կողմերին դրան դրդելու նպատակ: Եթե նկատի ունենանք, որ կողմերի միջև դիրքորոշումների ներկայիս փոխբացառման և բևեռացման պայմաններում ստատուս-քվոն ավելի շատ հայկական կողմին է ձեռնտու, ապա կարելի է ենթադրել, որ խումբը պարզապես միտումնավոր կամ առանց միտումի Ադրբեջանին գրգռում է  նոր արկածախնդրության: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ...

Գևորգ Դարբինյան

 

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
23 Նոյեմբերի 2017, 12:06 ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica