close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2018
+14°
+22°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2018
USD1483.03
GBP1647.65
EUR1567.51
RUB17.74
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քայքայող «Ավրորա»-ն

Թեմա

29 Մայիսի 2017, 20:03
 Քայքայող «Ավրորա»-ն

«Ավրորա» մարդասիրական երկրորդ մրցանակաբաշխությունը Երևանում մայիսի 28-ին` Հայաստանի  Առաջին հանրապետության տոնի օրն անցկացնելը կորցնող ազգից ստեղծարարի փոխակերպման սիմվոլն է: «1918թ. մայիսի 28-ին ցեղասպանությունը վերապրողները համարձակություն ունեցան հռչակելու անկախություն: Նրանց այս քայլը փաստում է, որ վերապրողները ոչ միայն հաղթահարում են սարսափելի դժվարությունները, այլ նաեւ դառնում են համաշխարհային հանրության ստեղծարար ու նվիրված անդամներ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կարեւորում է հուսալքությունից լավատեսություն վերափոխման հեռանկարը. հնարավորություն, որը բոլորինն է»,- ասում է «Ավրորա»-ի համահիմնադիր, գործարար Ռուբեն Վարդանյանը:

Մայիսի 28-ը սոսկ պետականության վերականգնման ակտ չէր, այն հուսալքությունը, ապագայի առջև վախն ու անորոշությունը հաղթելու կարողության խորհրդանիշ է, որը, գրեթե 100-ամյա հեռավորությունից, կրում է նաև ֆորմալ պետությունից դեպի քաղաքակիրթ, արժեքաստեղծ, մշակութաստեղծ աշխարհի մասնիկը դառնալու, կերպարանափոխված պետության և հասարակության իմաստը:

Հայաստանյան գավառական, չարչիական կարծրատիպային ընկալումներից դուրս, մի քիչ խենթ, մի քիչ իդեալիստ, իր ժողովրդի անցյալը ներկայում վերարժևորելով` նրա նոր ապագայի կերտման առաքելությունը ստանձնած Ռուբեն Վարդանյանը սեղանին է դրել ինքնավստահ աշխարհի առջև բացվող ու հաղորդակցվող, ներսից ճառագող լույսով նոր Հայաստանի և նոր հայի մանրակերտ-նախագիծը: Նա շարունակում է համոզել, որ ֆիզիկական փոքրությունը ոչ միայն չի բացառում մետաֆիզիկական գլոբալ մտածողությունը, այլև պարտադրում է դա մեզ՝ որպես ինքնափրկության, ինքնակրթման, նոր քաղաքակրթական միջավայրում, մեծ աշխարհում ինքնահաստատման եղանակ: Նա ցույց է տալիս, թե հանուն ինչպիսի Հայաստանի կառուցման չպետք է լքել այս երկիրը և հանուն ինչպիսի երկրի է անհրաժեշտ պայքարել թե' ներքուստ, ներանձնայինից սկսած ու ներհասարակականով, ներպետականով ավարտած, վերափոխման, թե' արտաքուստ՝ արտաքին անվտանգության ապահովման առումներով:

«Ավրորա»-ն աշխարհի համար Հայաստանի նոր` ոչ թե աշխարհի ետևից քարշ եկողի, հետապնդողի, այլ ընդհանուրի մաս լինելու կերպար է ստեղծում: «Ավրորան» այն համամարդկային լեզուն է, որը մեզ հասկանալի և ընկալելի է դարձնում աշխարհին՝ ազգայինի նեղ, կաշկանդող կաղապարներից դուրս:   Դրանից ածանցվող՝ հումանիզմի առաջմղման` աշխարհի համար շոշափելի ու գնահատելի յուրահատուկ առաքելություն ունենալու, քաղաքակրթական նույն հարթության մեջ գտնվելու զգացողությունը ոչ միայն ուրախություն է պարգևում, այլև բարձրացնում մեր ինքնագնահատականն ու ինքնահարգանքը թե՛ որպես ազգ և թե՛ որպես պետություն:

Բայց այս ամենը դեռ հանրային ենթագիտակցական մակարդակում է և մնալու է այդպիսին այնքան ժամանակ, քանի դեռ հասարակությունը և առաջին հերթին հանրային, մշակութային, քաղաքական ու տնտեսական էլիտան չի հասկացել, որ դա միայն մեկ անհատի` Ռուբեն Վարդանյանի առաքելությունը չէ, քանի դեռ չի ձևավորվել այն համոզմունքը, որ այս նախաձեռնությունը հեռանկար չի ունենալու, քանի դեռ ներքին բովանդակությամբ չենք համապատասխանել մեր մասին «Ավրորա»-ի միջոցով ձևավորվող կերպարին, քանի դեռ նրա արժեքները մեր ներքին կենսակերպի անքակտելի մաս չենք դարձնել և դաս տալու, քննադատելու, հայհոյելու, շարունակ փնովելու փոխարեն չենք վերցրել բահը ու սկսել հերկել մեր խոպանացած գիտակցական դաշտերը: Որովհետև հնարավոր չէ դառնալ առաջադեմ աշխարհի մաս՝ արդարադատության առանցքից բարոյականությունն ու արդարությունն անտեսելով, 10 հազար դրամանոց ժողովրդավարության իմիտացիան չվերացնելով, ստեղծվող նյութական ու հոգևոր բարիքների անարդարացի բաշխման պրակտիկան շարունակելով, ներքին ատելության ու մաղձի, գաղջի, մանրախնդրության, սեփական քթի ծայրից այն կողմ չտեսնելու, ցածր գրագիտության, փողի գերիշխանությունից չինքնաազատագրվելու պայմաններում:

Առանց դրանց ամենամյա «Ավրորա»-ներն ընկալվելու են որպես գեղեցիկ, չափազանց բարձր ճաշակով կազմակերպվող շոուներ, որոնք ընդամենը շարունակելու է հիշեցնել մեզ մեր ունեցած ու չիրացվող հզոր պոտենցիալի, այս տեղապտույտ-ճահիճից դուրս գալու` մեզ առաջարկվող ելքից օգտվել չկարողանալու կամ չփորձելու մասին:

Այս իմաստով «Ավրորա»-ն արտաքին ձևի ու ներքին բովանդակության միջև եղած տարբերության արտացոլանքն է, այդ տարբերությունը լցնելու հրամայականը: Այն մեր հիվանդությունների ախտորոշիչն է և մեր հանրային օրգանիզմի չարորակ գոյացությունները քայքայող դեղամիջոցի քիմիական բանաձևը:  

 

Գևորգ Դարբինյան      

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica