close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2018
+21°
+22°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2018
USD1482.65
GBP1646.46
EUR1566.10
RUB17.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աթեշյանի նկատմամբ Էջմիածնի «հոգատարությունն» անհասկանալի է

Թեմա

23 Մայիսի 2017, 20:45
 Աթեշյանի նկատմամբ Էջմիածնի «հոգատարությունն» անհասկանալի է

«Հայ Ձայնը»-ի հաղորդմամբ` պոլսահայ համայնքի ներկայացուցիչներ Կարո Գաբրիելյանն ու Խոսրով Քյոլեդավիթօղլուն հանդիպել են Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինի հետ և քննարկել Պոլսո Հայոց պատրիարքարանի և պատրիարքի ընտրության հետ կապված հիմնախնդիրները: Ըստ աղբյուրի` պատվիրակները ներկայացրել են անցած տարվա հոկտեմբերին պատրիարքության կրոնական ժողովի արդյունքները, Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրությանը նախորդած շրջանի զարգացումները և փորձել բացատրել, որ նահանգապետարանը ճիշտ և ամբողջական պատկերացում չունի պատրիարքարանում ստեղծված իրավիճակի և դրա պատճառների մասին: Աղբյուրը, սակայն, չի նշում, թե ինչպիսի՞ն է եղել արձագանքը: Տեղեկություն չկա նաև ամենակարևորի մասին՝ ի՞նչ ընթացք է ստանում պատրիարքի ընտրության հարցը:

Հիշեցնենք, որ Ս. Էջմիածնի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղղակի միամտությամբ ձեռք բերված համաձայնությունների արդյունքում այս տարվա մարտի 15-ին տեղի ունեցան Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները, որից հետո պետք է  սկսվեին պատրիարքի ընտրությունները մայիսին անցկացնելու նախապատրաստությունները: Թեև տեղապահի ընտրություններում հաղթանակ տարավ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, սակայն պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ներկայացնելով Ստամբուլի նահանգապետարանից նախապես ստացված՝ ընտրություններն անօրինական ճանաչող մի գրություն, հայտարարեց, որ չի հրաժարվելու փոխանորդի պաշտոնից: Աթեշյանն այդպիսով, ըստ էության, վերջնականապես վերածվեց թուրքական շարքային մանրախնդիր իշխանամոլ չինովնիկի՝ արհամարհելով Պոլսի հայկական համայնքի և Ս. Էջմիածնի կամքը` հողին հավասարեցնելով կաթողիկոսի հետ ձեռք բերված համաձայնությունները: 

Թեև ոչ սպասելի օպերատիվությամբ՝ Աթեշյանի այս ինքնագործունեությանն արձագանքեց ստամբուլահայությունը: Համայնքի ներկայացուցիչներից կազմված «Միտք հարթակը» (Düşünce Platformu) Change.org կայքում հայերեն և թուրքերեն լեզուներով ստորագրահավաք նախաձեռնեց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրաժարականի պահանջով, որին ուղեկցող հայտարարությամբ նշվում էր, թե Պոլսո հայոց պատրիարքարանը «բռնագրավված է» «բարերարության դիմակի տակ իշխանության ձգտող անիշխան անպատասխանատուների» կողմից:  Իսկ անցած կիրակի համայնքի մեծ մասը բոյկոտեց Արամ Աթեշյանի մատուցած եկեղեցական պատարագը՝ հավաքվելով Ստամբուլի Սուրբ Վարդանանց եկեղեցում, որտեղ պատարագ էր մատուցում արքեպիսկոպոս Բեկչյանը:

Պոլսի հայկական համայնքի այս կեցվածքն ինչ-որ իմաստով խիզախություն կարելի է համարել: Խնդիրն այն է, որ Աթեշյանն ակնհայտորեն վայելում է թուրքական իշխանությունների աջակցությունը և նրանց համար պատրիարքի ամենահարմար թեկնածուն է՝ հաշվի առնելով այն ահռելի ծառայությունը, որն նա մատուցում է հատկապես Հայոց ցեղասպանության ժխտողականությունը լեգիտիմացնելու հարցում: Արդեն երրորդ տարին է՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ապրիլի 24-ին Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդի անունով ուղերձ է հղում Թուրքիայի հայությանը՝ ցինիկաբար ապրիլի 24-ը վերածելով Առաջին աշխարհամարտում մահացած կայսրության բոլոր քաղաքացիների հիշատակման օրվա` Ցեղասպանության զոհերին հավասարեցնելով այդ պատերազմում թուրքերի կորուստներին: Ի պատասխան Աթեշյանը, հարուցելով համայնքի բուռն զայրույթը, Էրդողանին երախտագիտություն է հայտնում՝ ամեն անգամ շեշտը դնելով թուրքական հանդուրժողականության, հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցում դրսևորած, իբր, հոգատարության համար:

Այս տարվա ուղերձում, ի դեպ, Էրդողանը հատուկ ընդգծել էր պատրիարքի ընտրությունների անցկացումը՝ այդ կապակցությամբ հաջողություն մաղթելով Աթեշյանին: Էրդողանն այդպիսով, ապօրինաբար միջամտելով եկեղեցական գործերին, փաստացի հասկացրեց, թե ով է իրենց համար պատրիարքի միակ նախընտրելի թեկնածուն: Սակայն փաստը, որ առանց թուրքական այդ աջակցությունից վախենալու համայնքը բացահայտ հանդես է գալիս Աթեշյանի դեմ՝ նրան ենթարկելով յուրօրինակ մեկուսացման, լուրջ խնդիր է ստեղծում Աթեշյանին պատրիարք «կարգելու» պլանների համար, մանավանդ, որ համայնքն արդեն իր վերաբերմունքը նրա նկատմամբ դրսևորել է տեղապահի ընտրություններում` նրան վստահության քվե չտալով: Այս հանգամանքը հնարավորություն է տալիս եզրակացնելու, որ հենց թուրքական իշխանությունները շահագրգռված չեն պատրիարքի ընտրությունների անցկացմամբ՝ իբրև չարյաց փոքրագույն, նախընտրելով արհեստականորեն պահպանել փոխանորդի կարգավիճակը և անձամբ Աթեշյանին: Նման իրավիճակում ամենաօպտիմալ լուծումը կլիներ Աթեշյանի հրաժարականը, որում ծանրակշիռ խոսքը Ս. Էջմիածնինն է և անձամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ինը:

Մայիսին 17-18-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում կաթողիկոսի նախագահությամբ կայացած` Հայ Առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը անդրադարձել է Պոլսո պատրիարքարանում ստեղծված իրադրությանը և զորակցություն հայտնել տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին: Իսկ փոխանորդ Արամ Աթեշյանին Ժողովը հորդորել է «ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ պատրիարքության բնականոն կյանքի վերականգնման համար»։ Թեև սրանով Էջմիածինը փաստացի վավերացնում է տեղապահի ընտրությունները և Աթեշյանի գործողությունները համարում ապօրինի, այնուամենայնիվ, տարակուսելի է, որ նրան ոչ թե հրաժարականի պահանջ է ներկանացվում, այլ ընդամենը «հորդոր» է հղվում` վերականգնել պատրիարքարանի բնականոն աշխատանքը, ընդ որում՝ առանց պատրիարքի ընտրությունների անցկացման հրատապ խնդիր ձևակերպելու: Չի կարելի բացառել, որ Գերագույն հոգևոր ժողովի զգուշավորությունը պայմանավորված է թուրքական իշխանություններին ավելորդ չնյարդայնացնելու և արտաքին միջամտության տպավորություն չթողնելու համար: Սակայն երբ պոլսահայ համայնքն արդեն ընդվզել է և թուրքական իշխանություններին շատ պարզ հասկացնում է, որ Աթեշյանը հեռանկար չունի իրենց համար, Էջմիածնի նման վախվորածությունն ու պահանջի լղոզվածությունն ավելի շատ նմանվում է Աթեշյանին պաշտպանության: Սա անհասկանալի է: Ի վերջո, Աթեշյանն իր վարքագծով հարցականի տակ է դնում թե' Հայ Առաքելական եկեղեցու հեղինակությունը և թե' ամբողջականությունը՝ ստեղծելով ինքնագործունեության և անջատողականության չափազանց վտանգավոր նախադեպ: Այս իմաստով Էջմիածնի կրավորական կեցվածքը ոչ թե Աթեշյանի անձի նկատմամբ է, այլ եկեղեցու նկատմամբ իրականացված ոտնձգության:

Պետք է հուսալ գոնե, որ այս «հորդորը» հիմք կտա հրաժարական չտալու դեպքում սկսել Աթեշյանին կարգալույծ անելու գործընթաց: Արքեպիսկոպոսին կարգալույծ անելու նախադեպ կա. 2000թ. ներկայիս կաթողիկոս Գարեգին Բ-ն կարգալույծ արեց Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանին:

Գևորգ Դարբինյան   

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica