close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2018
+20°
+22°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռոհանին շանսեր է տալիս Հայաստանին

Թեմա

22 Մայիսի 2017, 20:47
 Ռոհանին շանսեր է տալիս Հայաստանին

Մայիսի 19-ին Իրանի նախագահական ընտրություններում ավելի քան 57 տոկոս վստահության քվեով համոզիչ հաղթանակ տարավ գործող նախագահ Հասան Ռոհանին: Նրան իրենց լիակատար աջակցությունն էին հայտնել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Հադի Խամենեին և երկրի զինված ուժերը: Կարելի է արձանագրել, որ Իրանի ժողովուրդը, ի դեմս Ռոհանիի, իր ձայնը տվեց ներքին բարեփոխական և ավելի բաց արտաքին քաղաքականությանը:

Ռոհանիի հաղթանակն ապահովագրում է առաջիկա 4 տարիների կանխատեսելի Իրան ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ մակարդակներում, ինչը կարևոր էր առաջին հերթին Հայաստանի համար: Դա է, թերևս, պատճառը, որ ընտրությունների արդյունքները հայտնի դառնալուց գրեթե անմիջապես հետո ՀՀ նախագահը շտապեց շնորհավորել Ռոհանիին: Նրան հղած ուղերձում Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնում «հայ-իրանական ավանդական ջերմ եւ բարեկամական հարաբերությունների զարգացման և բոլոր բնագավառներում ամրապնդման» կապակցությամբ և կատարում ուշագրավ ընդգծում, որ Իրանը կշարունակի նշանակալի ներդրում ունենալ տարածաշրջանային խաղաղության և կայունության գործում: Այսպիսով` պաշտոնական Երևանը հստակեցնում է, որ Թեհրանին տեսնում է ոչ թե անվտանգության ռեգիոնալ և գլոբալ սպառնալիքի, այլ ճիշտ հակառակը՝ անվտանգության աղբյուրի դերում:

Ռոհանիի վերընտրությունը նշանակում է, որ շարունակելու են ուժի մեջ մնալ հայ-իրանական՝ օր օրի ավելի կոնկրետացող և հավակնոտ դարձող օրակարգի մաս կազմող քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային կոմունիկացիոն և էներգետիկ բոլոր նախագծերն ու ծրագրերը: Խոսքը վերաբերում է Հայաստանի գազաէներգետիկ համակարգում Իրանի տեսակարար կշռի մեծացմանը, Հայաստանով դեպի Վրաստան, հետագայում` գուցե նաև դեպի Եվրոպա իրանական գազի տարացմանը, Թուրքմենստան-Իրան-Հայաստան նոր գազաէներգետիկ և էլեկտրաէներգետիկ շղթայի ձևավորման շուրջ ընթացող բանակցություններին, Պարսից ծոցը Սև ծովին կապող կոմունիկացիոն միջանցքը Հայաստանով անցկացնելուն և այս շրջանակում Վրաստանն Իրանին միացնող Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությանը, հայ-իրանական երկաթգծի կառուցումը տեսլականում պահելուն, վիզային ռեժիմի հանմամբ մշակութային կապերի, տուրիզմի զարգացման առջև բացվող լայն հորիզոնին, Մեղրիում ազատ առևտրի գոտի ստեղծելու հեռանկարին և Հայաստանի միջոցով ու միջնորդությամբ ԵԱՏՄ-ին Իրանի ինտեգրման գործընթացին: Վերոնշյալ բոլոր ուղղություններով, առանց չափազանցության, այս կամ այն չափով հաջողվել է զարգացումներ ապահովել Ռոհանիի անձնական հետևողականության շնորհիվ, ինչով շատ հստակ ցույց  է տրվել Հայաստանի տարածաշրջանային տնտեսա-քաղաքական, կոմունիկացիոն դերն ուժեղացնելու, Հարավային Կովկասում Հայաստանին իր հիմնական, ռազմավարական գործընկերը համարելու կամքը: Դա հաստատվեց հատկապես անցած տարվա դեկտեմբերին Ռոհանիի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի միջոցով: Որևէ կասկած չկա, որ ֆորսմաժորային իրավիճակներ չառաջանալու դեպքում առաջիկա տարիներին վերոնշյալ ուղղություններով լուրջ գործընթացներ կարող են ծավալվել: Դրան նպաստում է Իրանի շուրջ միջազգային անվտանգային նոր՝ թե' մարտահրավերներով ու ռիսկերով և թե' շանսերով հագեցած միջավայրը:

Ռոհանին երկրի կառավարման ղեկը վերաստանձնում է Իրանի համար բավականին բարդ շրջափուլում: ԱՄՆ նոր վարչակարգի կողմից Իրանի թիրախավորումը չափազանց վտանգավոր դրսևորումներ է ստանում: Իրանում նախագահական ընտրությունների օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին պաշտոնական այցը կատարեց այդ երկրի ներկայիս ոխերիմ թշնամի Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու արաբական սուննի երկրների և ԱՄՆ-ի համատեղ՝ ամեն ինչ ասող «Միասին ուժ ենք» խորագրով «ԱՄՆ-իսլամական աշխարհ» ֆորումին: Թրամփն այս միջոցառման ժամանակ Իրանին որակեց որպես միջազգային ահաբեկչության համար 1 սպառնալիք, իսկ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարեց, որ ԱՄՆ-ը տարածաշրջանային իր գործընկեր երկրների հետ կգործի միասին՝ հակազդելու Իրանի հեգեմոնինային: Թիլերսոնը հասկանալի դարձրեց, որ  Թրամփի այցը Էր Ռիադ հետապնդում է հակաիրանական ամերիկա-սուննիական նոր ալյանս ձևավորելու, տարածաշրջանում իր հենման կետը Թուրքիայից Սաուդյան Արաբիա տեղափոխելու նպատակ: Այդ այցի ընթացքում Վաշինգտոնն ու Էր Ռիադը ստորագրել են ռազմական ու ռազմատեխնիկական աննախադեպ ծավալի՝ մոտ 380 մլրդ դոլարի հասնող համաձայնագիր: Այս սադրիչ քայլերը սրելու են Իրանի և Սաուդյան Արաբիայի հակամարտությունը, ձգձգելու սիրիական ճգնաժամը՝ Իրանին ստիպելով աջակցություն փնտրել Ռուսաստանի, Չինաստանի, մասամբ` նաև ԵՄ-ի հետ հարաբերություններում: Այն փաստը, որ ԱՄՆ-ը Թուրքիային այլևս չի համարում իր վստահելի դաշնակիցը՝ նրան տրված դերը փոխանցելով Սաուդյան Արաբիային, որոշակիորեն թուլացնում է Իրան-Թուրքիա տարածաշրջանային դիրքային դիմակայության պոտենցիալը` մանավանդ նկատի առնելով քրդական հարցում այս երկու երկրների շահերի համընկումը, սիրիական կոնֆլիկտում  Ռուսաստանի հետ նրանց ձևավորած եռյակի հաջողությունները:

Սակայն դրա փոխարեն Թեհրանը գուցե ստիպված կլինի վերանայել Ադրբեջանի հետ իր հարաբերությունները՝ նկատի առնելով Բաքվի կողմից արդեն անթաքույց հակաիրանական դիրքավորում որդեգրելը: Բացի այն, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը OIC Journal-ին տված հարցազրույցում, որպես իրենց ռազմավարական դաշնակից, Պակիստանից և Թուրքիայից բացի, նշել էր նաև Սաուդյան Արաբիային, նա նաև մասնակցել է Էր Ռիադում ընթացող` ԱՄՆ-մուսուլմանական երկրներ հակաիրանական գագաթաժողովին՝ անտեսելով Իրանի նյարդային ռեակցիան: Դժվար է պատկերացնել, որ Թեհրանը հեշտությամբ կուլ կտա այս ժեստերը: Եվ նրա շուրջ ընթացող բևեռացումների համատեքստում կարող ենք առաջիկայում ականատես լինել նաև ադրբեջանա-իրանական հարաբերությունների որոշակի վերախմբագրման: Այս պարագայում Թեհրանն ավելի է արժևորելու Հայաստանը՝ որպես կայուն և վստահելի գործընկեր, բարեկամ երկիր, առավել ևս, երբ նախագահ Սարգսյանն իր ուղերձով հասկացնում է, որ Իրանին համարում է Հայաստանի հետ միևնույն անվտանգային համակարգի մաս:

Այս իրավիճակից անհրաժեշտ է օգտվել: Հասան Ռոհանին անցած տարվա դեկտեմբերին Երևանում ՀՀ նախագահին հրավիրեց Իրան: Նրա վերընտրությունը, Ադրբեջանի նկատմամբ Թեհրանի վստահության նոր խաթարումը, Ռուսաստան-Իրան-Չինաստան ուրվագծվող առանցքի ձևավորումը, Իրանի հետ տնտեսական կապերն ուժեղացնելու` ԵՄ-ի անթաքույց ձգտումները լավ նախադրյալներ են ստեղծում հնարավորինս շուտ օգտվելու այդ առիթից՝ երկկողմ հարաբերությունները տեղափոխելու նոր մակարդակ:  

Գևորգ Աղաբաբյան

Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
19 Հոկտեմբերի 2018, 17:57 Հոկտեմբերի 22-24-ը՝ թույլ անձրև
Ալիևը այցով Թուրքիայում է
19 Հոկտեմբերի 2018, 14:34 Ալիևը այցով Թուրքիայում է
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica