close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2018
+21°
+22°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2018
USD1482.65
GBP1646.46
EUR1566.10
RUB17.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի հրթիռային «հարվածը» ՄԽ ձևաչափին

Թեմա

16 Մայիսի 2017, 21:07
 Ադրբեջանի հրթիռային «հարվածը» ՄԽ ձևաչափին

Նախօրեին ադրբեջանական զինուժը իսրայելական արտադրության «ՍՊԱՅԿ» տեսակի կառավարվող հրթիռով խոցել է հայկական ԶՈՒ-ին պատկանող «ОСА» տիպի զենիթահրթիռային համակարգի տրանսպորտային-լիցքավորման կայանքը: Չնայած հրադադարի պահպանման ռեժիմը խախտվում է ամենօրյա, գործնականում ամենժամյա ռեժիով, սակայն Արցախի տարածքում գտնվող պաշտպանական նշանակության զինտեխնիկային հրթիռային համակարգին հարված հասցնելու միջադեպն իր ռազմա-քաղաքական բաղադրիչով աննախադեպ է 2016թ. ապրիլյան մարտերից հետո: Քանի որ այդ կայանքը որևէ վտանգ Ադրբեջանի համար չէր ներկայացնում, դրա միտումնավոր ոչնչացման գործողությունն ակնհայտ սադրանք էր՝ հայկական կողմին պատասխան գործողությունների դրդելու նկատառումով:

 Չնայած այդ հանգամանքին՝ միջադեպը միջազգային լայն ռեզոնանսի տեղիք չտվեց: Բացի հակամարտող կողմերի ռազմական գերատեսչություններից, միջազգային որևէ կառույց կատարվածին չի արձագանքել: Չեղավ Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը, չնայած նրան, որ այս քայլով Բաքուն ավելորդ անգամ հաստատում է նախքան հրադադարի հաստատումը կարգավորմանն ուղղված որևէ բանակցության մասնակցելու անիմաստությունը: Չեղավ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահող երկրների, այդ թվում նաև վերջին շրջանում ԼՂ բանակցային գործընթացի «մոդերատորի» դերը ստանձնած Ռուսաստանի արձագանքը՝ չնայած նրան, որ իր այդ քայլով Ադրբեջանը ձգտում է ապացուցել ՄԽ ձևաչափի անգործունակությունը և ձախողել իրավիճակի կայունացման Ռուսաստանի ջանքերը:

 Այս իրավիճակը պարզորոշ ցույց է տալիս, որ բոլոր կարծես համակերպվել են նրան, որ Ադրբեջանը ոչ միայն պետք է պարբերաբար սադրանքների դիմի, այլև աստիճանաբար մեծացնի դրանց մասշտաբները և նոր ռազմական գործողություններ հրահրելով  ապակայունացնի իրավիճակը: Սա վկայում է նաև, որ միջազգային հանրությունը չի սպասում հայկական կողմի համարժեք գործողության, և նույնքան օրինաչափ է համարում, որ Ստեփանակերտը և Երևանը շարունակում են սառնասրտորեն անտեսել այդ սադրանքները, որքան էլ Բաքուն ընդլայնում է դրանց ծավալներն ու լրջացնում:

Այս միջադեպից առաջ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, թե ամռանը սկզբին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ տարածաշրջան այցելությանը կարող է հաջորդել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում: Ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, թե նման հանդիպումը սկզբունքորեն հնարավոր է: «Մոսկվայում երեք երկրների արտգործնախարարների հանդիպման (խոսքը վերաբերում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների՝ Մոսկվայում ապրիլի 28-ին կայացած հանդիպմանը-հեղ.) տրամաբանությունից ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ խաղաղության դիմաց զորքերի դուրս բերումը կամ խաղաղության դիմաց տարածքների հանձնումը հնարավոր է: Դա վերջին 12 տարիների բանակցային ամբողջ գործընթացի տրամաբանությունն է: Դիվանագիտության մեջ բանակցություններ հանուն բանակցությունների գոյություն չունի: Բոլորն են հասկանալի, որ Հայաստանը պետք է հանի զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից»,-ասել էր Մամեդյարովը՝ ըստ ադրբեջանական APA-ի:

Դրան հետևեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի  արձագանքը, ըստ որի՝  մոսկովյան հանդիպման բովանդակությունը արտահայտված է միայն Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների հաղորդագրություններում: Եվ այն, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն խախտելով համաձայնությունը՝ նույնաբովանդակ հաղորդագրություն չտարածեց, ըստ Բալայանի, փաստում է, որ Բաքուն հանդիպման վերաբերյալ այլ մեկնաբանություններ ունի:

Ուշագրավ է, որ Մամեդյարովն ոչ միայն բացահայտ խոսում է այն մասին, որ բանակցությունների սեղանին «տարածքներ-խաղաղության դիմաց» կոնցեպցիան է, այլև պնդում է, որ հրաժարվելով կարգավորման բովանդակային բանակցություններ սկսելու իր նախապայմաններից՝ Երևանը քննարկում է այդ կոնցեպցիան: Մամեդյարովի այս հայտարարության մեջ ծուղակ կա: Եթե ամեն ինչ այդքան միանշանակ է և հայկական կողմը պատրաստ է քննարկել այդ կոնցեպցիան, ապա ինչո՞ւ պետք է Բաքուն խոցեր հայկական ԶՈՒ տեխինիկան և հարցականի տակ դներ վերսկսվող բանակցային պրոցեսի շարունակությունը: Ի վերջո ակնհայտ է, որ նման սադրանքները Երևանին կարող են վերադարձնել նախկին նախապայմանային մարտավարությանը:

Իրականում որևէ նախադրյալ չկա, որ հայկական կողմը քննարկում է այդ կոնցեպցիան: Հենց դրանով են պայմանավորված իրավիճակը լարելու Ադրբեջանի այս սադրիչ քայլը: Այն ոչ այլ ինչ էր, քան պատերազմի շանտաժի զարգացում: ՀՕՊ համակարգի կայանքի խոցումը հունիսի սկզբներին կայանալիք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցին ընդառաջ է, և ուղերձ է համանախագահող երկրներին: Ուղերձի իմաստը շատ պարզ է: Ադրբեջանը հասկացնում է, որ չի պատրաստվում կատարել հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված Վիենայի և Սանկտ-Պետերբուրգի՝ անցած տարվա գաղաթաժողովների պայմանավորվածությունները, որքան էլ դրանց ուղղությամբ հատկապես եռանախագահության ֆորմատի ճնշումները զգալի են, և եթե չբավարարի հայկական զորքերը «իրենց օկուպացված տարածքներից» հանելու պահանջը, Ադրբեջանը կարող է գնալ ավելի լուրջ ռազմական լուծումների: Այս ֆոնին է, որ աչք է ծակում ադրբեջանական այս խոշոր սադրանքի հանդեպ աչքերը, ականջներն ու բերանը փակելու Մոսկվայի պահվածքը:

 

Գևորգ Դարբինյան            

 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica