close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2017
+15°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2017
USD1480.22
GBP1607.86
EUR1536.12
RUB18.04
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
news@yerkir.am yerkir.am@gmail.com
ՎԵՐԵՎ

«Բարի լույսի» ու «Բարի գիշերի» մեջտեղում անելիքը

Հարթակ

16 Մայիսի 2017, 21:14
 «Բարի լույսի» ու «Բարի գիշերի» մեջտեղում անելիքը

Առավոտյան արթնանում եմ, արթնանում եմ` ինչպես բոլորը, ում բախտ է վիճակվել այդ առավոտ, առհասարակ, արթնանալ… Արթնանում եմ ու հագնվում` ինչպես բոլորը` «տակից» հագնում եմ նախորդ օրերից մնացած ու չմարսված մտքերը, իսկ որպես վերնազգեստ` հագնում եմ մտքերը, որոնք դեռ նոր պետք է մտածեմ: Մեկ-մեկ մտածում եմ` ե՞ս, թե՞ միտքս է շուտ արթնանում ու ինձ արթնացնում:

Արթնանում եմ, հագնվում ու տնից դուրս գալիս: Դրսում որքանո՞վ ես քեզ ներսում զգում` չեմ էլ հասցնում մտածել` ներս ու դրսի խնդիրը միանգամից լուծվում է, երբ ծեր հարևանս ժպտալով բարևում է ու սկսում բողոքել «էս կյանիքց»` թաղելով թե՛ ներսում, թե՛ դրսում գտնվողների բոյը: Մեկ-մեկ մտածում եմ` այդ պահին, երբ Անուշ տատը բոյեր է թաղում, երևի աչքին ես ավելի սլացիկ եմ երևում:

Արթնանում եմ, հագնվում, տնից դուրս գալիս ու գնում: Գնում եմ` տնից դուրս գալուց հետո ուղղակի ուրիշ շարժում չպատկերացնելով: Գնում եմ` երբեմն հաճույքով, մեծ մասամբ` սովորության համաձայն: Գնում եմ, բայց տեղ հասնելու մասին չեմ մտածում` կարևորը շարժն է` վերջում մի կետում կկանգնեցնի` միգուցե իմ տեղն էլ դա լինի: Մեկ-մեկ մտածում եմ` երևի գնում եմ, որ հետո չմտածեմ` գնալու տեղ չունեմ:

Ուրեմն այսպես` արթնանում եմ, հագնվում, տնից դուրս գալիս, գնում ու նստում Կասկադի բարձունքում: Ներքևում քաղաքն է, վերևում` ագռավները. հաճելի զգացողություն է մեջտեղում լինելը: Նստում եմ ու սկսում ոտքերս ճոճել` հենց այնպես, վերևում նստած` ուրիշ անելիք չունենալու պատճառով: Երբեք չեմ մտածել ցած նետվելու մասին` քաղաքն ափսոս է: Մեկ-մեկ մտածում եմ` որ չգնամ ու քաղաքին չբարևեմ, ի՞նձ էլ արտագաղթածների ցուցակում կավելացնի:

Արթնանում եմ, հագնվում, տնից դուրս գալիս, գնում, նստում Կասկադի բարձունքում ու հետո նոր միայն աշխատանքի վազում: Փոքր ժամանակ պապիս հարցնում էի, որ եթե աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, ինչո՞ւ է մեր կոշկակարի քիթն այդքան մեծ: Պապս էլ լուրջ-լուրջ պատասխանում էր.«Ինքը միայն մեծերի կոշիկներ է սարքում, դրա համար էլ քիթը մեծ է, բայց` սիրուն»: Վազում եմ աշխատանքի` օրվա վերջում հոգնած լինելու հաճույքը վայելելու համար: Մեկ-մեկ մտածում եմ` աշխատելիս, առհասարակ, մեկ-մեկ մտածում եմ:

Արթնանում եմ, հագնվում, տնից դուրս գալիս, գնում, նստում Կասկադի բարձունքում, վազում աշխատանքի ու հետո զբոսնում` երեկո` իբրև թե մաքուր մտնելու համար: Քայլում եմ, որ տեսնեմ, ամեն ինչ իր տեղո՞ւմ է` խոտերի վրա թավալվող շները, նույն դալանում ամեն օր թաքուն միզող հարբեցողը, սիրահարներին անհուսորեն ծաղիկ գնել առաջարկող գեր տղան, մուրացիկը, ով հազար ու մի երգ գիտի, բայց բոլորն էլ նույն տոնայնությամբ է նվագում ու երգում…

Արթնանում եմ, հագնվում, տնից դուրս գալիս, գնում, նստում Կասկադի բարձունքում, վազում աշխատանքի, հետո քայլում ու մեկ էլ հոպ` մութն ընկավ. երբեք չեմ հասցնում լույսով տուն վերադառնալ: Օրվա վերջում միակ ճիշտ շարժումը վերադառնալն է, որ հաջորդ օրվա սկզբին գնալու տեղ ունենամ: Վերադարձը, կարծում եմ, չարժե վաղվան թողնել: Ամենահաճելի զգացողությունն այն է, որ տանը գիտեն`վերադառնալու եմ, գիտեն, բայց սպասում են:

Արթնանում եմ, հագնվում, տնից դուրս գալիս, գնում, նստում Կասկադի բարձունքում, վազում աշխատանքի, հետո քայլում, մթով հասնում տուն ու մերոնց սպասումը թեյով լցնում և հասկանում` կարևորը հասցնելն է «Բարի լույսի» ու «Բարի գիշերի» մեջտեղում ինչ-որ բան անել:


Կարինե Հարությունյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Պահի կենացը
1 Մարտի 2017, 16:19
Բազմասերիանոց ծեծեր
27 Փետրվարի 2017, 15:11
Ապշած-սառածը
21 Փետրվարի 2017, 16:26
Երկրին բան չասեք
8 Փետրվարի 2017, 20:31
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica