close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2018
+19°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2018
USD1482.76
GBP1644.63
EUR1565.36
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆրանսիայի նորընտիր նախագահի «նվերները»` Հայաստանին

Թեմա

13 Մայիսի 2017, 20:01
 Ֆրանսիայի նորընտիր նախագահի «նվերները»` Հայաստանին

Վաղը՝ մայիսի 14-ին, Ֆրանսիայի «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը, ով համոզիչ հաղթանակ էր տարել անցած նախագահական ընտրություններում, պաշտոնապես կստանձնի նախագահի լիազորությունները:

Ընտրությունների արդյունքները հայտնի դառնալուց գրեթե անմիջապես հետո Հայաստանի նախագահը շնորհավորեց նորընտիր նախագահին՝ նրան ուղղված իր ուղերձում շեշտելով երկկողմ տնտեսական, քաղաքական, մշակութային սերտ կապերի զարգացման, եվրոպական համայնքին Հայաստանի ինտեգրմանն աջակցության շարունակվման, ԼՂ կարգավորման հարցում միջնորդական առաքելության արդյունավետության բարձրացման` Երևանի ակնկալիքները: Նման շտապողականությունը ինքնանպատակ չէ:

Մակրոնի` նախագահ ընտրվելն առաջին հերթին նշանակում է առաջիկա 5 տարիներին կանխատեսելի Ֆրանսիա, որտեղ, ռազմավարական առումով, շարունակվելու է նախորդ վարչակարգերի վարած արտաքին քաղաքական կուրսը: Հանգամանք, որը կարելի էր բացառել նրա մրցակցի՝ Մարի Լը Պենի հաղթելու դեպքում՝ չնայած հայկական հարցերում նրա ունեցած՝ մեզ համար ավելի նախընտրելի հրապարակային մոտեցումներ ունենալուն: Լը Պենը Ֆրանսիան տանելու էր ներքին ու արտաքին ցնցումներով հղի անորոշությունների, որոնք անկանխատեսելի հետևանք կարող էին ունենալ ոչ միայն Ֆրանսիայի, այլև ամբողջ Եվրոպայի մասշտաբով:

Այս իմաստով Մակրոնը կայունության խորհրդանիշ է: Նախագահի մյուս թեկնածուների համեմատ` նորընտիր նախագահը հայկական օրակարգի երկու առանցքային հարցերի՝ Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման և ժխտողականության քրեականացման, ինչպես նաև ԼՂ հիմնահարցի կարգավորման կապակցությամբ ամենապահպանողական դիրքորոշումներով հանդես եկած թեկնածուն էր: Ապրիլի 24-ին նա ծաղիկներ դրեց Փարիզում Կոմիտասի հուշարձանին՝ հարգելով Ցեղասպանության զոհերի հիշատակը: Այդ արարողության ժամանակ նա նշել էր Ցեղասպանության միջազգային ճանաչման հայկական նախաձեռնություններին աջակցելու` իր պատրաստակամությունը, շեշտել Ֆրանսիայում ցեղասպանության ժխտողականության քրեականացման անհրաժեշտությունը: «Ես համոզված եմ, որ հարկավոր է շարունակել աշխատել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ուղղությամբ: Իրավունքը և հիշողությունը չեն կարող համատեղելի չլինել»,- ասել էր նա: Այս ընդհանուր ձևակերպումների ներքո, իհարկե, կարելի էր նկատել կոնկրետ խոստումներից խուսափելու միտում, ինչն իր խոսքի արժեքն իմացող և ավելորդ ու պետական ուղեգծից դուրս, անիրականանալի խոստումներ շռայլելուց խուսափող ղեկավարի մոտեցում է: Դա ավելի նախընտրելի է, որովհետև դրանում խաբեության տարր, հետևաբար` նաև հիասթափություն չկա և նրա վարչակարգի հետ հընթացս աշխատելու հնարավորություն է տալիս:

Ի դեպ, նույնը վերաբերում է նաև Արցախյան հիմնահարցի կարգավորմանը: Ի տարբերություն մյուս թեկնածուների, որոնք բացահայտ կամ քողարկված խոսում էին անգամ ԼՂ-ն Հայաստանի  վերամիավորելու, նվազագույնը` Արցախի Հանրապետության ճանաչման մասին, Մակրոնը շատ պարզ հայտարարեց. «Եթե դառնամ Ֆրանսիայի նախագահ, ապա առավելագույն ջանքեր կգործադրեմ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու գործում։ Ամեն ինչ կանեմ, սակայն հասկանում եք, որ Ֆրանսիան միայնակ չի կարող լուծել խնդիրը»: Փաստացի Մակրոնը չի խոսում հայանպաստ լուծման մասին՝ հիշեցնելով, որ Ֆրանսիան, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր լինելով, չի կարող միակողմանի դիրքորոշում որդեգրել: Այն դեպքում, երբ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեն ԼՂ-ում սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ հայտարարում է, թե  Ֆրանսիան չի ճանաչում Արցախը` որպես անկախ պետություն, և դա Ֆրանսիայի դիրքորոշումն է, դժվար էր նախագահի պաշտոնը ստանձնող գործչից ավելին ակնկալել: Հիմա խնդիրն այն է՝ որքանո՞վ կկարողանան հայաստանյան դիվանագիտությունը, Ֆրասնիայի հայկական համայնքը և լոբբիստական կառույցներն ազդել Փարիզի դիրքորոշումների վրա՝ գոնե Արցախի ինքնիշխանությունը հարգելու մակարդակին հասնելու ընթացող բանակցություններում և դրա միջոցով Արցախի կարգավիճակի հստակեցումն առաջին պլան մղելու մարտավարական խնդիրները լուծելու առումով: Եթե հայկական կողմին հաջողվի Մակրոնի միջոցով, ի հակակշիռ ռուսական սեպարատ նախաձեռնությունների, ուժեղացնել Մինսկի խմբի ֆորմատը, հնարավոր կլինի խոսել միջանկյալ դիրքային հաջողության մասին: Իսկ Մակրոնի միջոցով միկրո և մակրոմակարդակներում քաղաքական կայունության ապահովումը ստեղծում է այդ ուղղություններով գործելու հնարավորություն: Թերևս դա է հայկական համայնքի՝ մեծապես հենց դեպի Մակրոնը կողմնորոշվելու հիմնական պատճառը:

Նորընտիր նախագահը Եվրոպական Միության ամրապնդման կողմնակից է: Նա հանդես է գալիս ԵՄ-ում Ֆրանսիայի դերի մեծացման դիրքերից, որը սասանվել էր «Բրեքսիթ»-ից հետո: Կասկած չկա, որ առաջիկայում Ֆրանսիայի և Գերմանիայի՝ իբրև ԵՄ-ի միջուկը և շարժիչը կազմող երկրների միջև կարձանագրվեն նոր մակարդակի կոնտակտներ՝ ուղղված ԵՄ-ում բարեփոխումներին:

 Հայաստանի համար միասնական ԵՄ-ի` որպես աշխարհաքաղաքական բևեռի պահպանումն էական է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հակասությունների առանցքում մանևրայնություն ունենալու և քաղաքակրթական զարգացման ուղղություն ունենալու առումով: Բացի այն, որ  այս տարվա մարտին Հայաստանը ԵՄ-ի հետ նախաստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ԵՄ-ն զսպող գործոն է նաև Թուրքիայի համար: Թեև թուրքական էրդողանական տոտալիտար վարչակազմի նկատմամբ ԵՄ-ի ազդեցությունը թուլացել է, սակայն Թուրքիային հեռավորության վրա «կապված» պահելու` Բրյուսելի քաղաքականությունը խոչընդոտում է համաթուրքականության զարգացման` Անկարայի պլաններին: Առանց միացյալ Եվրոպայի` կտրուկ մեծանալու է Թուրքիայի և Ռուսաստանի տարածաշրջանային դերակատարությունը: Եվ Մակրոնի հաղթանակով պայմանավորված` ԵՄ-ի ամրապնդման հեռանկարը հույս է ներշնչում, որ այս առւոմով ևս բալանսը կպահպանվի, ինչը Հայաստանի համար չափազանց կարևոր է:

Գևորգ Դարբինյան 

Փլուզում՝ Երևանում
26 Մայիսի 2018, 13:00 Փլուզում՝ Երևանում

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica