close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2018
+21°
+33°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2018
USD1483.14
GBP1613.64
EUR1549.38
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վիգեն Սարգսյանի «սիրիական» կարևոր բացահայտումները

Թեմա

12 Մայիսի 2017, 19:59
 Վիգեն Սարգսյանի «սիրիական» կարևոր բացահայտումները

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Мир» հեռուստաընկերությանը: Այն հիմնականում վերաբերում է երկկողմ, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական հարաբերություններին, ահաբեկչության դեմ պայքարում փոխգործակցությանը: Անդրադառնալով Սիրիայում հումանիտար նախաձեռնություններին Հայաստանի մասնակցությանը՝ Սարգսյանը մի ուշագրավ դիտարկում է արել. «Սկզբունքորեն մենք ռուս գործընկերների հետ քննարկում ենք մեր փոխգործակցության ձևաչափն ընդլայնելու հարցը և դրա հնարավորությունը տեսնում ենք այնպիսի ոլորտներում, ինչպիսին հումանիտար ականազերծումն է և մի քանի այլ ուղղություններ, որտեղ Սիրիայի ժողովուրդն զգում է Հայաստանի և հայկական զինուժի օգնության կարիքը»:

Առաջին անգամ չէ, որ Երևանը Սիրիայի ճգնաժամում ներգրավվելու ցանկություն է հայտնում: Անցած տարվա սեպտեմբերին Բիշքեկում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Երևանը քննարկում է Սիրիայում հումանիտար աղետի խորացման կանխարգելման գործընթացում Հայաստանի և Սիրիայի հայկական համայնքի ներգրավման հնարավորությունը: Այն ժամանակ, սակայն, հասկանալի չդարձավ, թե ներգրավումն ինչ ձևաչափով է պլանավորվում: Խոսքը, փաստորեն, գնում էր միայն սիրիացիներին հումանիտար օգնություն ցուցաբերելու մասին, որի շրջանակում անցած տարվա հոկտեմբերից մինչև հիմա ՌԴ ՌՕՈՒ-ի միջոցով Երևանից 2 ինքնաթիռ օգնություն է հասցվել Սիրիա:

Հիմա ՀՀ պաշտպանության նախարարի խոսքերից ակնհայտ է դառնում, որ այդ ներգրավումն ունենալու է նաև ռազմական բաղադրիչ, որի տարրերից մեկը լինելու է հումանիտար ականազերծումը: Իսկ «մի քանի այլ ուղղությունների» մասին նրա անորոշ ձևակերպումը թույլ է տալիս ենթադրել, որ դա կարող է նաև այլ դրսևորումներ ունենալ, ենթադրաբար՝ խաղաղապահական առաքելություն, որը, սակայն, ավելի շատ Սիրիայի հետպատերազմական վերականգնման համատեքստում կարելի է դիտարկել:

Այս հայտարարությունը ուշագրավ է ընդամենը մեկ շաբաթ առաջ նույն հեռուստաընկերությանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի տված՝ Հայաստանում լայն քննարկման առարկա դարձած հարցազրույցի ֆոնին: Դրանում, հիշեցնենք, Լավրովը հայտարարում էր, թե ինչպես ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը, այնպես էլ Տաջիկստանում, Ղրղզստանում և Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմաբազաները կարող են ներգրավվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ գործողություններում:

Վիգեն Սարգսյանի փոքրիկ «բացահայտումները» պարզաբանում են երկու իրողություն: Նախ՝ ներկա փուլում, առնվազն Հայաստանի մասով, քննարկվում է միայն ռուս-հայկական երկկողմ ձևաչափով մասնակցության հեռանկարը, այլ ոչ թե` Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի: Երկրորդը և ամենակարևորը` Հայաստանի մասնակցությունը սահմանափակվում է հումանիտար գործողություններով և փաստացի ուղղված է պատերազմի հետևանքների վերացմանը, սիրիացիների անվտանգության ապահովմանը՝ առանց անմիջականորեն ռազմական գործողություններին մասնակցության: Սա նշանակում է, որ մի կողմից Հայաստանն իսկապես ցանկանում է ներգրավվել սիրիական ճգնաժամում, ինչը գործնականում հնարավոր է միայն Ռուսաստանի հետ համագործակցությամբ, իսկ մյուս կողմից գիտակցում ու հաշվարկում է ԻՊ-ի դեմ ռազմական գործողությունների մեջ ներգրավվելու ռիսկայությունը` առաջին հերթին Իրաքի և Սիրիայի էթնիկ հայերի անվտանգության առումով, և գուցե, հենց այս ձևաչափն ընտրելով, փորձում է կանխել ռազմական գործողություններում ներգրավումը:

Ըտս էության՝ Երևանը որդեգրել է նույն ռազմավարությունը, ինչ 2001թ., երբ որոշեց ներգրավվել Աֆղանստանում, Իրաքում հակաահաբեկչական միջազգային կոալիցիայում և մասնակցել խաղաղապահ առաքելությանը, օդային տարածք տրամադրել միջազգային կոալիցիայի փոխադրումներին, որոնք շարունակվում են առ այսօր: Թե՛ այն ժամանակ և թե՛ հիմա Հայաստանն այդ որոշումն ընդունեց մի կողմից ահաբեկչական խմբավորումների զգալի թուլացման, մյուս կողմից` աշխարհաքաղաքական կենտրոնների, մասնավորապես` Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև որոշակի փոխըմբռնման ֆոնին: Աֆղանական կոալիցիային, հիշեցնենք, մասնակցում էր նաև Ռուսաստանը: Իսկ ներկայումս` ԱՄՆ զինված ուժերի կողմից Սիրիայի կառավարական զորքերին պատկանող Հոմսի ռազմական օդանավակայանի ռմբակոծումից հետո, նկատելի է Կրեմլի և Սպիտակ տան միջև երկխոսության դրական դինամիկա: Մասնավորապես` ապրիլի կեսերին Մոսկվայում ՌԴ նախագահի և արտգործնախարարի հետ բանակցություններ ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, իսկ նախորդ օրերին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի, ապա նաև նախագահ Թրամփի հետ հանդիպեց Սերգեյ Լավրովը, որից հետո Թրամփը հայտարարեց, թե անցկացված հիանալի քննարկումները կարող են հանգեցնել Սիրիայում խաղաղության հասնելուն:

Սրանք բարենպաստ պայմաններ են ստեղծում նվազագույն ռիսկերի պայմաններում Սիրիա «մտնելու»` Հայաստանի նախաձեռնությունը կյանքի կոչելու համար: Սա ոչ միայն մարդասիրական, այլև լուրջ քաղաքական նպատակներ է հետապնդում: Մասնավորապես` Հայաստանը հավակնում է միջնորդավորված մասնակցություն  ունենալ առաջին հերթին Սիրիայի վերականգնողական գործընթացներին և դա ծառայեցնել Մերձավոր Արևելքում, նաև, ի դեմս Սիրիայի հայկական համանքի վերականգնման, ընդհանրապես հայկական գործոնի ուժեղացմանը և դրա չեզոքացման թուրքական կանխատեսելի ձգտումներին խանգարելուն: Հայաստանը, իր տարածքի և բնաչության համեմատ, ամենամեծ թվով սիրիացի բռնագաղթածներ ընդունած երկիրն է, բայց դա Երևանին դեռ չէր տալիս նման հավակնություն ցուցաբերելու բավարար լծակ: Լրիվ այլ բան է, դրան զուգահեռ, Սիրիայի ներսից գործելու հնարավորություն ունենալը:

Սա տարածաշրջանից դուրս գալու, քաղաքական մակարդակում թուրքական և ադրբեջանական բլոկադան ճեղքելուն և Հայաստանի միջազգային դերն ու հեղինակությունը բարձրացնելուն ուղղված համարձակ քայլ է: Չափազանցված ահաբեկչական ռիսկերից զգուշանալով` միջազգային առանքային գործընթացներից ինքնամեկուսանալը Հայաստանին ոչ մի հեռանկար խոստանալ չի կարող:

Գևորգ Դարբինյան  

Երևանում մեքենա է այրվել
16 Օգոստոսի 2018, 22:54 Երևանում մեքենա է այրվել

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica