close
Եղանակը Երևանում
21 Օգոստոսի 2018
+18°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Օգս 2018
USD1483.10
GBP1615.42
EUR1551.12
RUB17.20
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարող կոալիցիա՝ խաղի 5-ամյա կանոններով

Թեմա

11 Մայիսի 2017, 20:23
 Կառավարող կոալիցիա՝ խաղի 5-ամյա կանոններով

ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն այսօր համագործակցության հուշագիր ստորագրեցին, ինչի մասին հայտարարվել էր վաղօրոք: Այն 2016թ. փետրվարին երկու ուժերի միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի տրամաբանական շարունակությունն էր, չորս հիմնական տարբերությամբ:

Առաջին. ի տարբերություն նախորդի ժամկետային անորոշությանը, կոալիցիոն ներկայիս հուշագրի գործողությունը շարունակվելու է մինչև 6-րդ գումարման Աժ-ի ավարտը, այսինքն մինչև 2022 թ-ը, եթե մինչ այդ քաղաքական իրադրության փոփոխությամբ պայմանավորված՝ կոալիցիան չքանդվի: Պետք է նկատի ունենալ, որ 2018թ. ապրիլին գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտով պայմանավորված՝ տեղի է ունենալու նոր կառավարության ձևավորում: Այս գործընթացը, փաստորեն, տեղի է ունենալու ներկայումս ստեղծվող խաղի կանոնների շրջանակում:

Երկրորդ. խոսքը հիմա գնում է կոնկրետ կոալիցիայի ձևավարման, այլ ոչ թե պարզապես քաղաքական համագործակցության մասին: Թեև անցած տարվա փետրվարից ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ձևավորված հարաբերությունները բովանդակային իմաստով ևս կոալիցիոն էին, սակայն ներկայումս տեղի է ունենում դե ֆակտո իրողության դե յուրե ամրագրում: Սա հարաբերությունների նոր, ավելի կոնկրետ և պատասխանատու մակարդակ է: Նման հստակեցումը ինչ-որ առումով պարտադրում է նոր ԱԺ-ի նոր կանոնակարգ-օրենքը: Վերջինս սահմանում է, որ կոալիցիա ձևավորած ուժերը նոր ԱԺ-ի առաջին նիստին հռչակվում են կառավարող խմբակցություններ, այսինքն ենթադրվում է, որ կոալիցիան պետք է մինչ այդ ձևավորվի: Բացի այդ՝ առաջին նիստի գումարման օրը Սահմանադրության ուժով կառավարությունը հրաժարական է տալիս, և նոր վարչապետի թեկնածությունն առաջադրում է կառավարող կոալիցիան: Դրանով է պայմանավորված, որ կոալիցիա ձևավորելու հուշագիրը ստորագրվում է նոր ԱԺ-ի առաջին նիստից ուղիղ մեկ շաբաթ առաջ:

Երրորդ. 2016թ. համագործակցության համաձայնագիրը կառուցված էր ընտրություններին նախորդող շրջանի քաղաքական իրողությունների վրա, մինչդեռ կոալիցիոն հուշագիրը հետընտրական շեշտադրումներ ունի: Մասնավորապես հստակ նշվում է, որ սահմանվելու է «արդյունավետ կառավարման չափորոշիչներին համապատասխանող կառավարության նոր կառուցվածք և գործունեության կարգ», ամբողջացվելու է «ազգ-բանակ հայեցակարգը» և որ ուշագրավ է՝ դրվում է ընտրական օրենսգիրքը նորից վերանայելու, կատարելագործելու խնդիր, որը բխում է ընտրությունների վերաբերյալ ՀՅԴ-ի տված գնահատականներից:  

Չորրորդ. նախորդ փաստաթղթում առաջին պլանում ըստ լոկոմոտիվային ոլորտների՝ այն մանրամասն մարտահրավերներն էին, որոնք ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն հռչակում էին ծրագրային առաջնահերթություն: Ներկայիս հուշագրում շեշտը դրվել է կոալիցիայի գործունեության մեխանիզմների հստակեցման վրա: Դա փաստում է, որ նախ և՛ ՀՀԿ-ի, և՛ ՀՅԴ-ի համար ի սկզբանե խաղի կանոնների, որոշումների կայացման մեխանիզմների հստակեցումն ունի քաղաքական-մարտավարական առաջնային նշանակություն, երկրորդ՝ երկուսն էլ, հատկապես ՀՀԿ-ն, կոալիցիայի ձևավորմանը մոտենում են ոչ թե որպես ավելորդ ճոխության, այլ` օբյեկտիվ անհրաժեշտության:

ՀՀԿ-ն նոր ԱԺ-ում ստացել է 105 մանդատներից 58-ը և կազմել բացարձակ մեծամասնություն: Այլ իրավիճակում նման ցուցանիշ ունեցող կուսակցությունը մեկ այլ ուժի հետ կոալիցիա կազմելու և նրա հետ պատասխանատվությունն ու գործադիրի պորտֆելները կիսելու անհրաժեշտություն չպետք է ունենար: Եվ ընդհանրապես՝ նման դեպքերում որևէ կոալիցիայի ձևավորում կլիներ արհեստական: Բայց նոր Սահմանադրությամբ հայկական խորհրադարանական համակարգն ունի մեկ էական նրբություն: Կան առանձնահատուկ դեպքեր, երբ նոր Աժ-ում որոշումներ ընդունելու համար ՀՀԿ-ի 58 մանդատները բավարար չեն: Խոսքը վերաբերում է նախ սահմանադրական կարգավիճակ ստացած օրենքների ընդունմանը (Ընտրական, Դատական օրենսգրքեր, Սահմանադրական դատարանի մասին, Հանրաքվեի մասին, Կուսակցությունների մասին, ՄԻՊ մասին օրենքները) ինչպես նաև 2018թ. հետո ՀՀ նախագահի և պետական մի քանի այլ մարմինների (Սահմանադրական, Վճռաբեկ դատարանների դատավորների, Հաշվեքննիչ պալատի, Կենտրոնական բանկի նախագահի, ԿԸՀ նախագահի, ՀՀ գլխավոր դատախազի, ՄԻՊ-ի) ընտրությունների կամ նշանակման ժամանակ: ՀՀ նախագահ ընտրելու համար, օրինակ, անհրաժեշտ է Աժ-ի պատգամավորների ¾-ի կողմ ձայները, որը կազմում է 79 պատգամավոր, իսկ մնացած դեպքերում՝ 3/5-ի ձայները, որը կազմում է 63 պատգամավոր: Այս տեսանկյունից է, որ կոալիցիայի ձևավորումը դառնում է  բնական:

ՀՅԴ-ի համար կոալիցիան անհրաժեշտ է ոչ միայն կառավարմանը մասնակից լինելու և ծրագրերն իրացնելու, այլ նաև քաղաքական որոշումների վրա իրական ազդեցություն ձեռք բերելու տեսանկյունից: Օրեր առաջ «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենց համար էականը քաղաքական որոշումների կայացման մեխանիզմների սահմանումն է: Այդ մեխանիզմը կոալիցիոն խորհրդի ձևավորումն է, որը իրավասու է քննարկել Աժ-ին և կառավարությանը վերաբերող ցանկացած հարց և որի ստեղծումը նախատեսվում է կոալիցիոն հուշագրով:

Նման խորհրդի ստեղծում, ի դեպ,  նախատեսված էր նաև 2016թ. հուշագրով: Սակայն նոր կոալիցիոն փաստաթուղթը երեք կետերում  ավելի է ընդգծում դրանում ՀՅԴ-ի դերակատարությունը: Առաջին՝ «քաղաքական կոալիցիայի կողմերը մինչև համապատասխան պաշտոնի համար թեկնածու ներկայացնելը՝ այն ներկայացնում են կոալիցիայի մյուս կողմին»: Այսինքն կաբինետի ձևավորումը՝ սկսած վարչապետի թեկնածությունից, տեղի է ունենում համաձայնեցմամբ, չնայած վարչապետի առաջադրման իրավունքը վերապահվում է ՀՀԿ-ին: Երկրորդ՝ «քննարկումների արդյունքում տվյալ կուսակցությանը վերապահված պաշտոնում կարող է նշանակվել միայն տվյալ կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն»: Սա նշանակում է, որ եթե ի սկզբանե համաձայնեցվել է, թե որ պորտֆելներն են տրվում ՀՀԿ-ին, որոնք՝ ՀՅԴ-ին, կոալիցիայի գործունեության ողջ ընթացքում այդ հարաբերակցությունը պահպանվելու է:Սա երաշխավորում է քաղաքական պայմանավորվածությունների կայունությունը:

Եվ երրորդն ինքնին կոալիցիոն խորհրդի առկայությունն է, որի ընդունելիք որոշումները կամ որի ընթացքում ձեռք բերվող համաձայնությունները տարածվելու են ոչ միայն Աժ-ի, այլև ամբողջ կառավարման համակարգի և կառավարության վրա: Եվ փաստացի կոալիցիայի կողմերի նախաձեռնողականությունից է կախված՝ փաստացի ինչ քաղաքական կշիռ կունենա խորհուրդը և որքանով այն կգործի իրականում:

Գևորգ Դարբինյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica