close
Եղանակը Երևանում
19 Դեկտեմբերի 2018
+7°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Դեկ 2018
USD1484.72
GBP1613.27
EUR1551.42
RUB17.27
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապստամբություն Ծառուկյանի՞, թե՞ ԲՀԿ-ական «կեղտոտ սպիտակեղենի» դեմ

Թեմա

3 Մայիսի 2017, 21:26
 Ապստամբություն Ծառուկյանի՞, թե՞ ԲՀԿ-ական «կեղտոտ սպիտակեղենի» դեմ

ԿԸՀ-ն բավարարեց պատգամավորական մանդատից հրաժարվելու իրենց նախկին դիմումները չեղարկելու մասին  «Ծառուկյան»  դաշինքի 12 անդամներից  8-ի դիմումները, ովքեր դարձան պատգամավոր: Հիշեցնենք, որ նախօրեին ԿԸՀ-ն հրապարակել էր ինքնաբացարկ հայտնած պատգամավորների ցուցակը, որտեղ ընդգրկված էր «Ծառուկյան»  դաշինքը ներկայացնող 23 անուն: Նրանցից 12-ը այսօր առավոտյան դիմել էին ԿԸՀ՝ պնդելով, որ իրենք ինքնաբացարկի դիմումներ չեն ներկայացրել:

Այս առաջին հայացքից արտառոց զարգացումներն իրականում չափազանց տհաճ և ծանր դրության մեջ են դնում  «Ծառուկյան» դաշինքը՝ ջրի երես հանելով միանգամից մի քանի տխուր իրողություն: Նախ՝ ակնհայտ է, որ գործ ունենք դաշինքի փաստացի տրոհման գործընթացի հետ՝ անգամ դեռ նորընտիր Աժ-ի գործունեությունը չսկսված: Դաշինքի ցուցակներով պատգամավոր ընտրված 12 անձանց ինքնաբացարկից հրաժարվելու դիմումները ԿԸՀ դեֆակտո կարելի է համարել դիմումներ դաշինքի հենքին ձևավորվելիք խմբակցությունից դուրս գալու մասին: Խնդիրն այն է, որ դիմելով ԿԸՀ՝ նրանք փաստացի դեմ են հանդես եկել ընտրվածներից Աժ անցնողներին որոշելու՝ նախկինում ԲՀԿ-ում, հիմա նաև դաշինքում հաստատված ավանդույթներին: Այն փաստը, որ ԿԸՀ էր դիմել բացարկ հայտնած 23 պատգամավորներից  12-ը, շատ պարզ ցույց է տալիս, որ բոլորի դեպքում էլ գործել է նույն սկզբունքը, այսինքն բոլորը նախապես տեղեկացված են եղել, որ կարող են նաև չհայտնվել խորհրդարանում և հավանաբար տեղեկացված լինելու իրողությունը հաստատող ինչ-որ ձևաթուղթ էլ նախապես ստորագրած են եղել: Պարզապես նրանց մի մասը մնացել է այդ պայմանավորվածությունների շրջանակում և համակերպվել փաստացի իրենց փոխարեն կամ իրենց անուններից ինքնաբացարկի որոշումներ կայացնելու փաստի հետ, իսկ մի մասը, դրան հետ չեն համակերպվել: Եվ հասկանալի է, թե ինչու:

Նախ՝ դատելով նրանցից ոմանց կցկտուր մեկնաբանություններից՝ մարդկայնորեն վիրավորված են եղել, որ այդ որոշումների կայացումից առաջ իրենց հետ գոնե չեն խորհրդակցել և տարրական հարգանքի չեն արժանացել: Բայց որքան էլ մարդկայնորեն հասկանալի է նման վրդովմունքը, քաղաքական առումով միայն վիրավորվածությունը լուրջ փաստարկ չի կարող լինել մի ուժի պարագայում, որտեղ շատ վաղուց են այսպիսի խաղի կանոններ գործում և որտեղ մարդիկ մտնում են նախապես այդ կանոնների մասին տեղյակ  լինելով: Շատ ավելի էական է, որ ինքնաբացարկի դիմումները ԿԸՀ են ներկայացվել այնպիսի մարդկանց անունից, ովքեր ընտրություններում քիչ բան չեն արել դաշինքի համար և ովքեր լուրջ «ներդրումներ» են կատարել հանուն պատգամավորական մանդատների: Պատահական չէ, որ նրանց մի մասը ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորներն են: Այս իրողությունը թույլ է տալիս ենթադրելու, որ փորձելով Աժ-ից հեռացնել նրանց՝ դաշինքի քաղաքական հատվածը փորձել է Աժ-ում ստեղծել քաղաքական թիմ, այսինքն խմբակցություն, որն ունի լուրջ քաղաքական պոտենցիալ, ունակ է մտնելու քաղաքական դեբատների մեջ և չի համալրելու պարզապես կոճակ սեղմողների և մանդատը որպես «տանիք» օգտագործողների հանրույթը:

Ամեն դեպքում փաստ է, որ թե՛ դաշինքի լիդեր Գագիկ Ծառուկյանը և թե՛ ապագա խմբակությունը ստիպված են լինելու վերանայել հարաբերությունները  ըմբոստացած այդ  8 հոգու հետ: Ի վերջո նախ պայմանավորվածություններ են խախտվել, ապա նաև գործ ունենք վստահության կորստի գործոնի հետ: Եվ ամենևին չի կարելի բացառել, որ դաշինքի փոխարեն նրա անվան տակ Աժ կանցնի արդեն իսկ պառակտված, խմբերի բաժանված մի հանրույթ, որը ավելի կխառնի ընդհանուր պատկերը խորհդրարանում և գուցե կփոխի քաղաքական ուժերի դասավորությունը՝ կախված նրանից, թե դաշինքից ինքնաօտարվող շրջանակն ինչպիսի՞դիրքավորում կընտրի մի կողմից անձամբ Գագիկ Ծառուկյանի և դաշինքի, իսկ մյուս կողմից իշխանության նկատմամբ:

Այս մարդկանց նկատմամբ Ծառուկյանի կողմից ներողամտությունը քիչ հավանական է թվում:Սակայն՝ ոչ այնքան նրա որոշումներին դեմ հանդես գալու «հանդգնության»  պատճառով, որքան առաջին հերթին նրա, որ համարձակվել են դուրս հանել «կեղտոտ սպիտակեղենը», որից եկող հոտը, թեև, զգալի էր վաղուցվանից, սակայն որը խնամքով թաքցնում էր ԲՀԿ-ական ակտիվը:

ԿԸՀ-ին ինքնաբացարկից հրաժարվելու դիմումներ ներկայացնելու փաստն ինքնին նշանակում է, որ դաշինքի ներսում Գագիկ Ծառուկյանի դիրքերն իրականում այնքան ամուր չեն, իսկ նրա ազդեցությունն այնքան միահեծան չէ, որքան թվում էր առաջին հայացքից: Սա հարված էր լիդերի դիրքերին, և լուրջ ազդակ է, որ Ծառուկյանը, գուցե, կորցնում է վերահսկողությունը և ունեցեած ներքին և արտաքին քաղաքական կշիռը, նշանակությունը, որքան էլ Ծառուկյան-ԲՀԿ ֆենոմենն ինքնին քաղաքագիտական սկզբունքների հետ քիչ առնչություն ունի:

Սա կարող է կանխորոշել ապագայում քաղաքական դաշտում այս գործչի և նրա թիմի դերակատարության որոշակի տրանսֆորմացիա՝ ընդհուպ արագ կամ աստիճանաբար քաղաքականությունից վերջնականապես Ծառուկյանի հեռանալը: Չի կարելի բացառել, որ նման իրավիճակի ստեղծման վրա իր ազդեցությունն է թողել 2016թ. Փետրվարին քաղաքականությունից Ծառուկյանի մեկուսակցումը, որը չէր կարող անհետևանք մնալ: Գուցե այս ամենում ԲՀԿ-ականները սկսեն դավադրության էլեմենտներ փնտրել: Սակայն փաստը մնում է փաստ, որ եթե մեկ անձի շուրջ ստեղծված քաղաքական միավորումում նման ցնցումներ են տեղի ունենում, ապա դա առաջին հերթին պայմանավորված է հենց լիդերի հեղինակության գործոնով:

Սակայն, այն, ինչ արձանագրվեց այս դաշինքում, զուտ Ծառուկյանի կամ նրա դաշինքների  խոհանոցային խնդիրը չէ: Այն լակմուսի թղթի նման բացահայտում է, որ հնարավոր չէ քաղաքական օրգանիզմը առողջ պահել ապաքաղաքական գործիքակազմով: Սա ինչ-որ իմաստով հանգուցալուծումն էր դաշինքաստեղծման այն անտրամաբանական գործընթացի, որով համակվել էր քաղաքական դաշտը խորհրդարանական անցած ընտրությունների նախօրեին: Սրանք քաղաքական համակարգում առաջացած բովանդակային ճգնաժամի «կայծերն» են, որոնք պառլամենտական կառավարման համակարգին հարիր քաղաքական համակարգի և միավորների ստեղծման հրամայականն են առաջադրում:

Գևորգ Դարբինյան

 

Նախագահն արձակուրդ է մեկնել
19 Դեկտեմբերի 2018, 14:38 Նախագահն արձակուրդ է մեկնել
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica