close
Եղանակը Երևանում
22 Փետրվարի 2018
+5°
+9°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Փտր 2018
USD1480.46
GBP1670.87
EUR1592.36
RUB18.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դեսպան Միլզի անիմաստ «հաթաթաները»

Թեմա

2 Մայիսի 2017, 21:10
 Դեսպան Միլզի անիմաստ «հաթաթաները»

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը «168 ժամ»-ին տված հարցազրույցում, հայտարարել է, թե իրենք կօգտագործեն անցած խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառքներ բաժանելու, ընտրողների նկատմամբ ճնշումների ու վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ արժանահավատ տեղեկությունները, որպեսզի ընտրական գործընթացը խաթարած անձինք իրավասու չլինեն մասնակցել ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերին ու միջոցառումներին: ԱՄՆ դեսպանը, ըստ էության, խոսում է անցած հայաստանյան համապետական ընտրություններում ընտրակաշառքներ բաժանածների, ընտրողներին ճնշումների ենթարկողների և վարչական ռեսուրս գործադրածների նկատմամբ որոշակի սանկցիաներ կիրառելու հնարավորության մասին:

ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերին ու միջոցառումներին մասնակցությունից զրկելն այնքան էլ «սարսափեցնող» պատիժ չէ: Տվյալ դեպքում խոսքը սիմվոլիկ սանկցիաների մասին է: Սակայն էականը, իհարկե, ոչ թե ինքնին պատժամիջոցների լրջությունն է, այլ քաղաքական և վարկանիշային էֆեկտը: Սակայն ի՞նչ գործնական արժեք ունի Միլզի այս «սպառնալիքը»:

Սովորաբար, արտաքին մոնիթորինգի տակ գտնվելու հանգամանքը ստիպում է իշխանություններին լինել ավելի զգոն: Ընտրություններում արձանագրված օրինախախտումների առթիվ քրեական գործերի հարուցումը, ոմանց պատասխանատվության ենթարկելը մի մասով հենց արտաքին սպասելիքների բավարարման նշանակություն ունի: Պատահական չէր, որ մասնավորապես «ՍԱՍ» ընկերության աշխատակիցների նախընտական ժողովի ձայնագրության հետ  կապված քրեական գործի հարուցմանն անմիջապես հաջորդեց ԱՄՆ դեսպանատան ողջունող արձագանքը: Դրանով դեսպանատունը հայտնեց, որ հետընտրական զարգացումները գտնվում են իր ուշադրության, ինչ-որ իմաստով` նաև վերահսկողության ներքո: Եվ առնվազն արտաքին լեգիտիմության ապահովման խնդիրը իշխանություններից պահանջում է մատն անընդհատ պահել պուլսի վրա: Հենց այդ նպատակն էր հետապնդում նաև ապրիլի 18-ին թեյի սեղանի շուրջ ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Դրա նպատակն էր հասկանալ՝ բացի դիտորդական առաքելություններից, ինչպիսի՞ն է Հայաստանի շահերի շրջանակը ներառող երկրների դիրքորոշումը ընտրությունների վերաբերյալ: Ամեն դեպքում` դեսպանների նման հրապարակային գնահատականները ստիպում են իշխանություններին` չընկնել ռելաքսային վիճակի և էյֆորիայի մեջ, չլկտիանալ ընտրական հաջողություններից:

Մյուս կողմից, սակայն, հարց է առաջանում ՝ արդյո՞ք ԱՄՆ դեսպանը, օրինակ, իրեն մտահոգած խնդիրը և սպառնալիքը բարձրաձայնել է նախագահ Սարգսյանի հետ այդ հանդիպման ժամանակ, որի ընթացքում վերջինս, համենայն դեպս ըստ պաշտոնական հաղորդագրության, խոսել է հիմնականում ընտրությունների դրական կողմերի մասին: Խնդիրն այն է, որ հայաստանյան ընտրություններին հետևած` անխտիր բոլոր միջազգային կառռւյցները և երկրները, այդ թվում ու առաջին հերթին` ԱՄՆ-ը, ապրիլի 2-ի ընտրությունները որակել են ժողովրդավարական առաջընթաց՝ անվերապահ ճանաչելով դրանց արդյունքները: Եթե ընտրակաշառքների, ընտրողների նկատմամբ բռնությունների և վարչական ռեսուրսի շահագործման մասին տեղեկություններն այդքան արժանահավատ էին, ինչպես հիմա բնորոշում է դեսպան Միլզը, ապա առնվազն տարօրինակ է, թե ինչպե՞ս կարող էին դրանցով ուղեկցված ընտրությունները գնահատվել ժողովրդավարական առաջընթաց: Պատահական չէ, որ, ի պատասխան Միլզի հարցազրույցի, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը միանգամայն տեղին նկատում է, որ դեսպանի հարցազրույցում ամենակարևորը ընտրություններում ժողովրդավարական զարգացում տեսնելն է: Ասել է թե՝ մնացածը պարզապես «լոլոներ» են:

Առաջին անգամը չէ, որ ԱՄՆ դեսպանատունը խոսում է Հայաստանում ինչ-որ «ուրվականների» նկատմամբ սանկցիաներ կիրառելու մասին: Միլզը ամերիկյան ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցությունից զրկելու սպառնալիքների մասին էր խոսում ինչպես սահմանադրական հանրաքվեից հետո, այնպես էլ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ՀՀ կառավարության պրակտիկ արդյունքների ապահովման շրջանակում: Բայց ԱՄՆ դեսպանատունը դեռ երբևէ չի հայտարարել, որ որևէ չինովնիկի նկատմամբ նման սանկցիա է կիրառում: Ստացվում է, որ կա'մ նրան լիովին բավարարում է իրենց հայտարարություններին իշխանությունների արձագանքը կամ արձագանքի բացակայությունը, կա'մ սանկցիաներով սպառնալը պարզապես «բնավորություն» է դարձել: Երկրորդը, ի դեպ, առանձնապես լավ է ստացվում Հայաստանում ԱՄՆ գործող դեսպանի մոտ՝ աստիճանաբար հասկանալի դարձնելով, որ դրանք, իրենց մեջ որևէ գործնականություն չպարունակելով, պարզապես էժանացնում են սանկցիաների «հաթաթաները»:

Իրականում այլ կերպ չէր էլ կարող լինել: Երբ սանկցիաների սպառնալիքները վերաբերում են անձանց, էականը դառնում է ոչ թե քաղաքական, այլ իրավական բաղադրիչը: Այսինքն՝ որպեսզի որևէ պաշտոնատար անձի նկատմամբ պատժամիջոց կիրառես, նախ անհրաժեշտ է ապացուցել նրա «հանցակցությունը»՝ կա'մ կոնկրետ փաստերի տիրապետելով ու ներկայացնելով, կա'մ էլ հիմնվելով այն դատական վճիռների վրա, որոնք դատարանները կայացնում են ընտրախախտումներին վերաբերող գործերով: Իսկ Հայաստանում նման գործերը դեռ գտնվում են նախաքննության ու դատաքննության փուլերում, և այդ գործերն ուղղակիորեն չեն առնչվում այնպիսի պաշտոնատար անձանց, որոնց նկատմամբ սանկցիա կիրառելը քաղաքականապես իմաստ կունենար: Հարցն այն չէ, որ այդպիսիք չկան: Հարցն այն է, որ նրանց կապը հիմնավորելն է դժվար, եթե չասենք՝ անհնար:  

Այլ կլիներ իրավիճակը, եթե դեսպանն առաջնորդվեր բացառապես քաղաքական նկատառումներով: Այդ դեպքում սանկցիաների կիրառումը քաղաքական պաստառ կստանար: Բայց խնդիրն այն է, որ դա արդեն չէր տեղավորվի ընտրությունները ժողովրդավարական համարելու` դեսպանատան նախնական դիրքավորման շրջանակում, և երկրորդ՝ զուտ քաղաքական հայտարարությունները կնշանակեին, որ ԱՄՆ դեսպանը միջամտում է Հայաստանի ներքին խնդիրներին: Իսկ այսպես դեսպանը պարզապես հիշեցնում է, որ «համաշխարհային ժանդարմը»՝ ԱՄՆ-ը, հետևում է: Այսինքն` գործ ունենք ամերիկյան «մտրակի և բլիթի»` քաջ ծանոթ տակտիկայի հետ:

Գևորգ Դարբինյան  

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica