close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2018
+22°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքական ցինիզմի էրդողանական նոր նվաճումները

Թեմա

25 Ապրիլի 2017, 20:52
 Թուրքական ցինիզմի էրդողանական նոր նվաճումները

Ապրիլի 24-ին Ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Պատրիարքարանում կազմակերպված միջոցառման ժամանակ ընթերցվել է այդ օրվան վերաբերող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ուղերձը: Դրանից ակնհայտ է դառնում, որ Էրդողանը չի փոխում իր ամենամյա ուղերձների ժխտողական տրամաբանությունը, և որ պաշտոնական Անկարան արդեն գտել է արձագանքելու ստանդարտ եղանակը:  Բուն Ցեղասպանության վերաբերյալ ստանդարտ ձևակերպումներով հայտարարարությունը գրեթե նույնությամբ կրկնում է նախորդ տարիների Էրդողանի ուղերձների բովանդակությունը: Օգտագործված բառակույտը, ձևակերպումներն այնպիսինն են, կարծես նրա աշխատակազմը պարզապես գործում է «copy paste» սկզբունքով: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս անգամ Էրդողանը փաստացի ապրիլի 24-ը վերածում է առաջին աշխարհամարտում մահացած կայսրության անխտիր բոլոր քաղաքացիների հիշատակման օրվա՝ մնալով հայերի հետ տեղի ունեցածը պատերազմի գործոնով հիմնավորելու և թուրքերի կորուստների հետ նույնացնելու պաշտոնական դիրքորոշման սահմաններում: Նույնն են ձևակերպումները նաև «եղբայր ժողովուրդների», «դժվար պայմաններում կյանքից հեռացած» օսմանյան հայերի, վերջիններիս հիշողության և հայկական մշակութային ժառանգության պահպան, «անցյալի վերքերը համատեղ ամոքելու» վերաբերյալ: Միակ տարբերությունն այն է, որ այս տարվա ուղերձում բացակայում էր նախորդներում պարտադիր շեշտվող միտքը 20-րդ դարասկզբի իրադարձությունների քննությունը պատմաբաններին թողնելու անհրաժեշտության, ներկայումս այն քաղաքականացնելու անթույլատրելիության մասին:

Սակայն իրեն բնորոշ ցինիզմը Էրդողանին չի լքել նաև այս անգամ: Ընդ որում՝ միանգամից երկու առումով: Նախ՝ պաշտոնական Անկարան գրեթե բացահայտ խոստովանում է, որ Էրդողանի կողմից նման ուղերձներով հանդես գալը հետապնդում է ընդամենը Թուրքիայի հայերի հանդեպ հանդուրժողականությունը ցուցադրելու նպատակ: Պատրիարքարանում զոհերի ոգեկոչման միջոցառում անցկացնելու հայերի իրացվող իրավունքի մասին Ուղերձում շեշտվում է այնպիսի տոնայնությամբ, կարծես իշխանությունն աննկարագրելի զոհողությունների է գնում նման բան թույլ տալով: Սա այն դեպքում, երբ գրեթե ամեն տարի այդ միջոցառումներին պարտադիր մասնակցում են թուրքական իշխանության ներկայացուցիչներ՝ որևէ անկանխատեսելի, պետական քաղաքական գծից շեղվող երևույթ թույլ չտալու համար: Երկրորդ՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես եկավ «Մեծ եղեռնի» տարելիցի կապակցությամբ ավանդական հայտարարությամբ՝ հետևեց պաշտոնական Անկարայի կոշտ արձագանքը: Վրդովմունք արտահայտելով պատմական փաստերն իբր ԱՄն վարչակազմի կողմից աղավաղելու առթիվ, Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում էր. «Մենք ցանկանում ենք ԱՄՆ-ի ղեկավարությանը հիշեցնել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրենց կյանքը կորցրած օսմանյան հայերի հիշատակին նվիրված ամենամյա միջոցառման մասին, որը հարգանքի արժանի կերպով տեղի է ունենում Ստամբուլի հայոց պատրիարքարանում»: Ապա մատնացույց անելով Էրդողանի հայտարարությունը՝ ավելացվում է. «Այդ ուղերձը ներկայացնում է այս հարցում Թուրքիայի ցուցաբերած դիրքորոշումը»:

Այլ կերպ ասած՝ ժխտողականության ստանդարտ և հերթապահ ձևակերպումներով հագեցած ուղերձ Էրդողանը հղում է՝ ընդամենը այլ երկրներում Ցեղասպանության ճանաչման համատեքստում անգամ ամենաչնչին նախաձեռնություններին պատասխանելու հիմք ունենալու նպատակով: Գործում է նույն տրամաբանությունը, ինչ հայ-թուրքական հաշտեցման ցյուրիխյան գործընթացը հրապարակ նետելիս: Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց հետո Անկարան, իրենց և հայերի հաշտեցմանը չմիջամտելու և չխանգարելու պատճառաբանությամբ, սկսեց արձանագրությունների գոյությունն օգտագործել որպես Ցեղասպանության ճանաչման սկսված միջազգային «արշավը» կասեցնելու միջոց:  Հիմա, փաստորեն, Էրդողանի ուղերձները ծառայեցվում են թուրքական չեղած հանդուրժողականությունը ցուցանակ դարձնելու նպատակին: 

Ցինիզմի երկրորդ դրսևորումը պայմանավորված է Թուրքիայում դիկտատուրա հաստատելու Էրդողանի քաղաքականությամբ: Ուղերձի փաստացի հասցեատերը պատրիարքի ինքնակոչ փոխանորդ Արամ Աթեշյանն է: Էրդողանը հայտարարության մեջ հույս է հայտնել, որ կարճ ժամանակում կավարտվեն Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունները և հաջողություններ է մաղթել այդ հարցում: Թեև կոնկրետ չի նշվել՝ ու՞մ է ուղղված հաջողության մաղթանքը, սակայն դատելով նրանից, որ ուղերձն ուղարկվել է հենց Արամ Աթեշյանի անունով, գրեթե համոզված կարելի է ասել, որ այն ուղղված է հենց վերջինիս:

Էրդողանը ապրիլի 24-ի կապակացությամբ ուղերձ հղելու առիթն օգտագործել է՝ ցույց տալու, որ Աթեշյանն է Թեմի առաջնորդի՝ իրենց համար ընդունելի թեկնածուն: Եթե այդպես է, ապա սա ընտրողներին ուղղորդելու, պետության կողմից Պատրիարքարանի գործերին կոպտորեն միջամտելու ցինիկ և հակասահմանադրական քայլ է: Այն փաստարկում է, որ Պատրիարքի փոխանորդի ընտրության շուրջ ստեղծված իրադրությունը, պառակտումների և Աթեշյանի միջոցով Առաջնորդարանը թուլացնելը պետական քաղաքականություն է, որը պաշտպանվում է իշխանության ամենաբարձր մակարդակով:  Այս մոտեցումը լիովին տեղավորվում է գործնականում ամեն ինչ պետության ուղղակի վերահսկողությանը և հրահանգավորմանը ենթարկելու էրդողանական ռեժիմի վերջին շրջանի քաղաքականության սահմաններում: Ակնհայտ է, որ որքան էլ փոքր, այնուամենայնիվ ամենակազմակերպված էթնիկական փոքրամասնությունը ներկայացնող հայկական համայնքը, դրա շունչն ու ոգին հանդիսացող Պոլսո պատրիարքարանը պետք է հայտնվեին ռեժիմի թիրախում: Ահա այսպես է նեոօսմանիզմի մարմաջով տառապող Էրդողանը՝ հայկական համայնքի երջանկությունն ապահովելու  իր խոստումը:

Գևորգ Դարբինյան  

              


ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Օգոստոսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երևանում մեքենա է այրվել
16 Օգոստոսի 2018, 22:54 Երևանում մեքենա է այրվել

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica