close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2017
+16°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2017
USD1477.89
GBP1646.20
EUR1567.97
RUB18.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միջազգային բակալավրիատ. աշխարհի լավագույն բուհերն ընդունվելու ևս մեկ հնարավորություն

Հասարակություն

21 Ապրիլի 2017, 13:06
 Միջազգային բակալավրիատ. աշխարհի լավագույն բուհերն ընդունվելու ևս մեկ հնարավորություն

Հայաստան է ժամանել 200 պատվիրակ` ՌԴ-ից, Ղազախստանից, Ֆինլանդիայի, Վրաստանից և Թուրքիայից,  Երևանում անցկացվող «Միջազգային բակալավրիատի ԱՊՀ երկրների 11-րդ համաժողովին» մասնակցելու: Ի դեպ, միջոցառման կազմակերպման աշխատանքներն իրականացրել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը, որը տարածաշրջանում Միջազգային բակալավրիատի ասոցիացիայի միակ անդամն է:

Աբեղյան Լիաննան մեկն է այն աշակերտներից, ով սովորում է Շիրակացու անվան ճեմարանում` 11-րդ դասարանում, և զուգահեռ` միջազգային բակալավրիատում: Ըստ նրա` Միջազգային բակալավրիատը դռներ է բացում դեպի աշխարհի լավագույն համալսարաններ: «Մենք կարող ենք ընդունվել տարբեր երկրների լավագույն բուհերը: Դրան զուգահեռ` այն զարգացնում է մի քանի մարդկային որակներ, որոնք մեզ պետք կգան ապագայում: Դեռ չեմ որոշել, թե ուր եմ դիմելու, բայց բիզնես մենեջմենթի ուղղությամբ եմ ուզում ուսումս շարունակել: Քննությունները շատ դժվար են, պետք է լավ պատրաստվես, քանի որ խիստ են և հետևում են, որ ոչ մի ակադեմիական խախտում չլինի»,- ասաց Լիաննան:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ Միջազգային բակալավրիատի մոդելն աշխարհի գրեթե բոլոր երկրներում իր ներկայությունն ունի, այն միջազգային ծրագիր է, որն իրականացվում է օտար լեզվով: «Մենք հայտարարել ենք, որ մեր կրթական համակարգը բաց պլատֆորմ է, և տարբեր տիպի կրթական մոդելներ են աշխատում: Բացի այդ` կրթական համակարգը երկու նպատակի է ծառայում` երեխայի զարգացմանը և, ի վերջո, պետք է նպաստի տվյալ երկրում առաջացած հիմնախնդիրների լուծմանը: Այս իմաստով, օրինակ, Շիրակացի վարժարանը, Հայաստանի այն հաստատություններից է, որն առաջիններից մեկն էր, որ մասնավոր դպրոցի մշակույթը սկսեց կյանքի կոչել, և հասարակությունն էլ ճիշտ գնահատեց այն, քանի որ դպրոցն, իրոք, կրթական որակ էր տալիս: Նմանատիպ հաստատություն է «Քվանտ» վարժարանը, «Այբը»: Դրանք հարստացնում են մեր կրթական համակարգը, նրանց փորձը շատ օգտակար է մեր կրթական համակարգի համար»,- ասաց ԿԳ նախարարը:

Ըստ նրա` այն, որ ազգային կրթական համակարգում ներառված են տարբեր միջազգային ծրագրեր, ուղղակի անհրաժեշտություն է, քանի որ կրթությունը, հատկապես` 21-րդ դարում, բազմաշերտ է և բազմավեկտոր: «Այսինքն` մենք պարտավոր ենք կրթություն տրամադրել և՛ շատ բարձր ինտելեկտ ունեցող երեխաներին, և՛ միջին մակարդակի ինտելեկտ ունեցող երեխաներին: Պարզապես մենք Հայաստանում պետք է ունենանք հանրակրթական համակարգ, որն իր տրամաբանության մեջ ցանցային կլինի, և տարբեր մակարդակների դպրոցներ կունենանք, դրանք կկարողանան հեշտությամբ որակական անցումներ, փոփոխություններ կատարել: Կարևոր է, որ էլիտարիզմ չլինի, կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր դպրոց կարողանա ինքն իր որակին համընթաց ազգային համակարգում առաջ գնա: Ոչ թե պետք է ստեղծենք փակ շրջան` մի քանի դպրոցներ առաջ գնան, իսկ մյուսները դոփեն տեղում, ո՛չ, հանրակրթության մեջ շատ կարևոր է միջին որակը, այն պետք է պահել, իսկ գերազանցության կենտրոնները կապել միջին որակի հետ, որ աշխատեն իբրև շոգեքարշ»,- ասաց նախարարը:

Խոսելով համաժողովի` Հայաստանում իրականացվելու մասին` Մկրտչյանը կարևորեց այդ փաստը, քանի որ, ըստ նրա, նման համաժողովներով երկիրը դառնում է գիտական մտքի քննարկումների վայր, որը բարձրացնում է երկրի հեղինակությունը:

Միջազգային բակալավրիատի ասոցիացիայի գործադիր տնօրեն Նատալյա Բարինովայի կարծիքով էլ` ամենամյա համաժողովը նաև փորձի փոխանակում է երկրների միջև, քանի որ մասնակիցները, որոնք ժամանում են այս կամ այն երկրից, փորձառության տարբեր մակարդակ ունեն: «Կան դպրոցներ, որոնք Միջազգային բակալավրիատի փորձ ունեն ավելի քան 20 տարի, և կան դպրոցներ, որոնք նոր են ինտեգրվում այս համակարգին: Ինչո՞ւ ներդնել «Միջազգային բակալավրիատ» ծրագիրը, որովհետև կարծում եմ` երբ դպրոցը որոշում է` ուզում է ինչ-որ բան փոխել, և ռեալ գնահատում է, որ կրթության իրենց մակարդակն այնքան էլ չի համապատասխանում ժամանակի պահանջներին, հենց այս դեպքում է, որ Միջազգային բակալավրիատը կարող է գալ օգնության և փորձել կրթությունը կազմակերպել նոր ֆորմատով»,- ասաց Բարինովան:

Նա նշեց նաև, որ իրենք ուսումնասիրել են Շիրակացու ճեմարանի աշխատանքները և վստահ կարող են ասել` այն լավագույն դպրոցներից է, որը համապատասխանում է միջազգային ստանդարտներին, հակառակ դեպքում` Միջազգային բակալավրիատի ծրագիրն ինտեգրելու իրավունք չէին ունենա:

Ի դեպ, Հայաստանում դեռ 3 դպրոցներում է Միջազգային բակալավրիատի ծրագիրը ներդրվել: Բարինովան տեղեկացրեց, որ Ռուսաստանում արդեն 35 դպրոցներում գործում է ծրագիրը: «Միջազգային բակալավրիատը ներառական կրթություն կարող ենք համարել, քանի որ ծրագրին կարող են մասնակցել ոչ միայն գիտունիկները, այլև բոլորը, ովքեր ուղղակի կպատրաստվեն քննությունների համար»,- նշեց նա: 

Կրակոցներ` Երևանում
25 Սեպտեմբերի 2017, 23:04 Կրակոցներ` Երևանում

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica