close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2017
+6°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նրա մեջ ինչ-որ լավ բան տեսնում եմ. Սմբատ Լպուտյանը՝ Տարոն Մարգարյանի մասին

Հարցազրույց

20 Ապրիլի 2017, 20:02
 Նրա մեջ ինչ-որ լավ բան տեսնում եմ. Սմբատ Լպուտյանը՝ Տարոն Մարգարյանի մասին

Մայրաքաղաք Երևանի խնդիրների, քաղաքապետարանի` 4 տարիների ընթացքում կատարած գործերի և այլ հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է Երևանի ավագանու անդամ, ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող, Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանի հետ:

 

-Պարոն Լպուտյան, ավագանու անդամ եք, երկրորդ անգամ եք առաջադրվել, ՀՀԿ համամասնական ցուցակում 2-րդն եք: Առաջարկը եղել է քաղաքապետի՞ կողմից, ի՞նչ կիսատ գործ եք թողել, որ համաձայնել եք երկրորդ անգամ առաջադրվել:

-Այո, քաղաքապետի կողմից է եղել: Այդ 4 տարվա մեջ ինչ-որ բաներ արվեցին` շախմատի դպրոցներ բացվեցին բոլոր համայնքներում: Դա միասնական ծրագիր էր: Կարելի է ասել Երևանը դարձավ աշխարհում ամենաշախմատային քաղաքը: Աշխարհում չկա այդպիսի քաղաք: Հիմա 1500 երեխա անվճար հաճախում է այդ դպրոցները, թեև պոտենցիալն այնպիսին է, որ մինչև 2000 երեխա կարող է լինել: Ես համարում եմ դա բավականին մեծ նվեր մեր երեխաների, հասարակության  համար: Հիմա ինչո՞վ կուզենայի օգտակար լինել: Կուզենայի Երևանում սպորտային աշխարհը զարգացնել, կուզենայի բացել Երևանի ֆեդերացիաներ:

- Ավագանու նախորդ ընտրություններին ձեր կարգախոսն էր «Ավելի բարեկարգ Երևան», բայց այդ «ավելի բարեկարգը» լավագույնս արտահայտվում է տրանսպորտային միջոցներում,  երբ գերբեռնված տրանսպորտով են մարդիկ երթևեկում, էլ չենք խոսում բազմաթիվ այլ խնդիրների մասին:

-«Բարեկարգ» հասկացողության տակ չպետք է հասկանալ միայն տրանսպորտը: Շատ ոլորտներ կան, որտեղ, իրոք, լուրջ փոփոխություններ են եղել, ուստի, իմ կարծիքով, չպետք է այդքան դժգոհ լինենք, որովհետև բարեկարգումը միայն տրանսպորտը չէ, թեև ես վստահ եմ, որ տրանսպորտի ոլորտում նույնպես եղել է որոշ բարելավում, սակայն այդ բարելավումներն ամբողջական չեն, այս ոլորտում դեռ շատ աշխատանքներ  կան անելու:

-Կարո՞ղ եք նշել էական բարեկարգումներ, բարենորոգումներ, որ արվել են այս 4 տարիների ընթացքում:

-Ինչ խոսք` քաղաքը փոխվում է, այս 4 տարիների ընթացքում ես փոփոխություններ տեսնում եմ: Տեսել եմ բարեկարգում տարբեր ոլորտներում` մշակութային` շատ մշակութային կենտրոններ վերանորոգվեցին, որոնք երկար` 30-ից ավելի տարիներ չէին վերանորոգվել, բոլոր գրադարաններն ամբողջությամբ վերանորոգվեցին, մանկապարտեզները հիմնականում վերանորոգվեցին, բավականին շատ դպրոցներ ջեռուցվեցին ու վերանորոգման մեջ են, նոր այգիներ, նոր բակեր կառուցվեցին, ճանապարհներ վերակառուցվեցին, որոնք բավականին լուրջ խնդիր էին մեր քաղաքի համար և այլն: Հիմա ես գուցե չկարողանամ բոլորը թվարկել, բայց որ եղել են բավականին փոփոխություններ, դա չի կարելի չնկատել:

-Ձեր ընդդիմախոսներին ձեր նշած փոփոխությունները չեն գոհացնում, նրանք ասում են, որ քաղաքի կենտրոնում դեկորատիվ ծաղիկներ տնկելն ամենևին էլ բարելավում չէ:

-Բայց ինչո՞ւ մեր ընդդիմախոսներին… Քաղաքապետարանն ու ավագանին մի քանի կուսակցություններից են կազմված: Նոր ավագանիում կլինեն երեք կուսակցություններ, և բոլոր կուսակցությունների անդամներն էլ մասնակից կլինեն այդ կառուցմանը: Այս ավագանիում  Հանրապետականն էր, «Բարգավաճ Հայաստանը», «Բարև Երևան» դաշինքը, բոլորը մասնակցում են հանձնաժողովների նիստերին, այսինքն` բոլորն են աշխատում: Ավագանին կոնկրետ խնդիրների լուծումներ տալու համար է, այստեղ որևէ կուսակցական մաս չկա, ավելի շատ գործնական աշխատանք է: Հանձնաժողովներում շատ անգամ եղել է այնպես, որ Հանրապետականը  11 հոգով է եղել, «Բարև Երևան»-ը` 2, բայց «Բարև Երևան»-ի առաջարկն է  ընդունվել: Այսինքն` ավագանի գնում են` կոնկրետ խնդիրներ լուծելու: Այստեղ ես չեմ տեսնում որևէ ճնշում, ես տեսնում եմ քաղաքի բարելավում, իսկ թե ի՞նչ է այդ բարելավումը, ամեն մեկը տարբեր ձևով է մեկնաբանում: Ոչինչ արագ չի լինում: Եթե տեսնում ենք առաջընթաց դեպի լավը, արդեն ներքուստ ուրախ պետք է լինել:

-Տարոն Մարգարյանին գրեթե չենք տեսնում հարցազրույցներ տալիս, իսկ բանավեճի  մասին էլ չեմ խոսում, դա ֆանտաստիկայի ժանրից կլինի: Նրա փոխարեն միշտ խոսում են Շարմազանովը, Աշոտյանը: Ինչո՞ւ Տարոն Մարգարյանը պետք է լինի քաղաքապետ, այլ ոչ  թե Նիկոլ Փաշինյանը կամ Զարուհի Փոստանջյանը:

-Հասարակությունն է ընտրում. ում ընտրեց, նա էլ կլինի քաղաքապետ: Ես նրա մեջ ինչ-որ լավ բան տեսնում եմ: Ես դեռ չգիտեմ, թե ինչպիսին կլինի Փաշինյանը, կամ ինչպիսին կլինի Փոստանջյանը, բայց Տարոն Մարգարյանին գոնե գիտեմ` ինչպիսին է` դրական և բացասական կողմերով: Ինչ վերաբերում է, թե հարցազրույց չի տալիս, լավ չի խոսում, իսկ հիմա նա ի՞նչ պետք է խոսի, դեռ ծրագիրը չկա: Երբ լինի, նա կխոսի ծրագրի շուրջ, հիմա ի՞նչ պետք է խոսի, կամ ի՞նչ բանավեճ: Բանավեճը պետք է լինի ծրագրերի շուրջ, առանց ծրագրերի ի՞նչ բանավեճի մասին է խոսքը: Մեկը պետք է ասի` ինչո՞ւ է այսպես կամ այնպես, մյուսը` պատասխանի, այդ հարցուպատասխանը բանավեճ է համարվում:

-Չե՞ք բացառում, որ ծրագրերը ներկայացնելուց հետո լինի բանավեճ:

-Գուցեև լինի, ես չեմ բացառում: Ամեն դեպքում` պետք է լինի նյութը, որի շուրջ լինի խոսակցություն: Հիմա Տարոն Մարգարյանը կարող է չուզենա, մեկ ուրիշը ներկայացնի: Մեկ ուրիշը կարող է շատ լավ խոսում է, բայց գործ անել չգիտի, մեկ ուրիշը չի խոսում, բայց շատ լավ գործ է անում, դա դեռ ոչ մի բան չի նշանակում:

-Ըստ Ձեզ` Տարոն Մարգարյանը լավ քաղաքապետ է: Իսկ այն կարծիքը, որ նրա միակ արժանիքն Անդրանիկ Մարգարյանի որդին լինելն է…

-Ես դժգոհ չեմ: Ես աշխատում եմ նրա հետ և տեսնում եմ, թե ինչպես է մտածում, ինչպես է աշխատում: Ես կարծում եմ, որ եթե նա այս տարիների ընթացքում չկարողանար աշխատել, Անդրանիկ Մարգարյանի որդին լինել-չլինելը կապ չէր ունենա: Նա իր գործով պետք է ցույց տար, որ կարող է այդ բարդ աշխատանքը կատարել:

-Դուք նշեցիք, որ Տարոն Մարգարյանին լավ եք ճանաչում, ի՞նչ է կարողանում լավ անել Տարոն Մարգարյանը, գուցե երգո՞ւմ է, ասմունքում: Ես գիտեմ, որ նա արմատներով սասունցի է, գուցե կարողանում է քոչարի՞ պարել:

-Ամենակարևորը` քաղաքապետը պետք է կարողանա լավ աշխատել: Մնացածը երկրորդական է: Քաղաքապետը պետք է լինի շրջահայաց, պատասխանատու, աշխատել սիրող մարդ, որը կարողանում է գործ անել, ամեն մի խոսքը կատարում է կամ գոնե փորձում է կատարել: Ես կուզենամ, որ այդպիսի մարդիկ լինեն քաղաքապետ: Ես չեմ ասում, թե Տարոն Մարգարյանն է միայն, թող լինեն մարդիկ, ովքեր այդ ունակություններն ունեն:

-Տարոն Մարգարյանն ունի՞ այդ ունակությունները:

- Ես նրա մեջ շատ բաներ եմ տեսնում, որոնք ոչ բոլորի մեջ կարող ես տեսնել:

-Պարո’ն Լպուտյան, հնարավո՞ր է 500 հազար դրամ աշխատավարձով դղյակներ կառուցել և ահռելի հարստություն կուտակել:

-Եթե ես չունեմ այդպիսի ինֆորմացիա, ինչպե՞ս կարող եմ պատասխանել այդ հարցին: Ուզում եք ասել` մեկին գումարած մեկ հնարավո՞ր է լինի հարյուր, հնարավոր չէ: Բայց գուցե մեկին գումարած մեկ չի ունեցել, պետք է իրականը իմանանք, որպեսզի կարողանանք ճիշտ պատասխանել: Ես ոչինչ չգիտեմ և չեմ էլ հետաքրքրվում: Եթե ես իմանամ ճիշտը, նոր միայն կարող եմ պատասխանել:

-Միքայել Պողոսյանը Երևանի ավագանու ՀՀԿ ցուցակում էր ընդգրկվել, իսկ երբ իմացավ, որ ՀՀԿ-ի ցուցակում է, նշեց, որ ինքը չի ուզում գործ ունենալ այդ կուսակցության հետ: Ձեզ համար ամոթ չէ՞ Հանրապետական կուսակցության ցուցակում լինելը:

-Բոլորը հենց լսում են` հանրապետական, նրանց մեջ մեծ զայրույթ կամ դժգոհություն է առաջանում: Այդ դժգոհությունները եկել են ժամանակի ընթացքում` որոշ մարդկանց տեսակից, որոնք իրենց աշխատանքով չեն բավարարել հասարակությանը: Բայց նոր մարդիկ են եկել Հանրապետական կուսակցություն, որոնք իրենց տեսակով վատը չեն և կարող են որոշ բաներ փոխել: Մարդը պետք է իրական աչքերով նայի ամեն ինչին, այլ ոչ թե ներքին անբավարարությամբ առաջնորդվի:
Ես ազատ մարդ եմ, երբեք կուսակցական չեմ եղել, եթե կարող եմ որոշ բանով օգտակար լինել իմ քաղաքին, ի՞նչ կապ ունի, թե ինչ կուսակցության ցուցակում եմ, եթե կարողանում ես օգտակար լինել, հասարակության համար պիտանի լինել, ի՞նչ կապ ունի այստեղ կուսակցությունը:

-Եթե կուսակցությունը կապ չունի, ստացվում է` առաջարկ լիներ «Ելք» դաշինքից կամ «Երկիր ծիրանի» կուսակցությունից, նրանց ցուցակում ընդգրկվե՞լ կհամաձայնեիք:

- Ես նրանց չեմ ճանաչում, նրանց գործունեությունն ու տեսակը չգիտեմ, ուստի դժվար թե կարողանայի համաձայնել, որովհետև սա համագործակցական աշխատանք է:

-Մյուս տարի նշելու ենք Երևանի 2800-ամյակը, բայց Երևանում հինը ոչնչացվում է, ու տեղը նոր շենքեր են կառուցվում … 

-Կա «Հին Երևան» ծրագիրը: Եթե մենք կարողանանք իրականացնել, ցույց կտանք ոչ թե այդ 2000 տարիները, այլ գոնե 100-150 տարվա պատմությունը: Բայց ասեմ` շատ քաղաքներ կան` 2000-ից ավելի տարվա են, բայց այսօր լրիվ այլ տեսակի են, ես դա նորմալ եմ համարում: Եթե հին շենքերն այնքան էլ գրավիչ չեն, արժեքավոր չեն, չեն գեղեցկացնում կամ չեն հետաքրքրացնում քաղաքը, գուցեև հնարավոր է դրանցից ազատվել: Շատ անգամ մարդիկ քանդում են իրենց տները, նորն են կառուցում: Պետք է բան չփոխե՞լ, դա ճի՞շտ է:

-Ճի՞շտ էր Փակ շուկան  «Երևան սիթի» սուպերմարկետ դարձնելը:

-Կարող է ինչ-որ բաներ կային, որ չպետք է քանդվեին, բայց կան հազարավոր շատ բաներ, որ պետք է քանդվեին, այլապես ինչպե՞ս պետք է արվեն փոփոխություններ:

-Պարո’ն Լպուտյան, նորմալ է, որ Փակ շուկան վերածվեց սուպերմարկետի:

-Ես չեմ ասում` նորմալ է կամ նորմալ չէ, ես չգիտեմ, նույնիսկ չեմ էլ մտել, չեմ եղել այնտեղ սուպերմարկետ դառնալուց հետո:

-Չեք մտել, որովհետև Ձեզ համար ցավալի՞ է տեսնել Փակ շուկան սուպերմարկետի կարգավիճակով:

-Չգիտեմ, չեմ ուզել, չեմ մտել:

-Երևանում ունե՞ք նախընտրած փողոց կամ վայր, որտեղ աշխատանքից հետո երեկոյան զբոսնում եք:

-Մի քանի փողոցներ ինձ շատ են դուր գալիս, Սայաթ-Նովան եմ սիրում, Աբովյանը, Տերյանն եմ սիրում, քայլում եմ այդ փողոցներով:

 

Զրուցեց  Ամալյա Առաքելյանը

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica