close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2017
+25°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2017
USD1477.89
GBP1646.20
EUR1567.97
RUB18.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը խառնում է գերտերությունների «խաղաքարտերը». նոր Աթաթո՞ւրք, թե՞ դիկտատուրա

Թեմա

18 Ապրիլի 2017, 14:26
 Էրդողանը խառնում է գերտերությունների «խաղաքարտերը». նոր Աթաթո՞ւրք, թե՞ դիկտատուրա

Ապրիլի 16-ին Թուրքիայում կայացած սահմանադրական հանրաքվեն փաստացի վերջ դրեց քեմալական աշխարհիկ հանրապետական Թուրքիային և սկզբնավորեց նոր՝ իսլամական, տոտալիտար էրդողանական Թուրքիայի ստեղծման ժամանակաշրջանը: Գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դա հաջողվեց իրագործել անցած 10 տարվա ընթացքում անցկացված երեք սահմանադրական հանրաքվեների միջոցով: Եթե նախորդներն ուղղված էին առավելապես պետական կառավարման և քաղաքական համակարգի վրա բանակի վերահսկիչ ահռելի դերի չեզոքացմանը, ապա վերջինը հաստատեց լիակատար նախագահական համակարգ՝ գործող նախագահին տալով պառլամենտի ձևավորման, քաղաքական որոշումների գրեթե միանձնյա կայացման բացարձակ իրավունքներ: Այս երերուն հաղթանակը, որը Էրդողանն արդեն որակել է «հաղթանակ խաչակիրների» դեմ, ավելի մեծ վստահություն է հաղորդելու գործող նախագահին՝ Քեմալ Աթաթուրքի փոխարեն իրենից նոր Թուրքիայի հիմնադրի կուռք, անձի պաշտամունք ստեղծելու հավակնության ճանապարհին:

Ապրիլի 16-ի հանրաքվեում Էրդողանը հաղթեց ձայների չնչին տարբերությամբ՝ ընդամենը 51 տոկոս քվեով: Նրա նախաձեռնությանը դեմ են քվեարկել Թուրքիայի խոշորագույն քաղաքները, որտեղ, հանրաքվեի արդյունքների հետ կապված, զանգվածային ակցիաներ են սկսվել: Տպավորություն կա, թե Թուրքիան մի կողմից կանգնած է հասարակական-քաղաքական լրջագույն պառակտման, ճգնաժամի եզրին, իսկ մյուս կողմից բախվում է արտաքին լեգիտիմության հիմնահարցին: Սակայն նման շրջափուլեր էրդողանական ռեժիմն ապրել է նախորդ գրեթե բոլոր ընտրություններին և հանրաքվեներին ու մշտապես հաղթող է դուրս եկել «կամ-կամ»-ի իրավիճակներից: Էրդողանը ներքին բռնաճնշումների այնպիսի համակարգ և մթնոլորտ է ստեղծել, որ բանակի գրեթե կատարյալ «ստերլիզացման», արտաքին աշխարհի կարծիքն արհամարհելու պայմաններում լրիվ հնարավորություններն ունի շատ արագ ճնշելու նաև հետհանրաքվեական ցնցումները՝ երկրում ավելի ամրապնդելով իր դիկտատուրան: Պատահական չէ, որ հանրաքվեի հենց հաջորդ օրը Թուրքիայի անվտանգության խորհրդի որոշմամբ ևս երեք ամսով երկարաձգվեց 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ երկրում հաստատված արտակարգ դրութունը:  Այս տեսակետից գոնե ներկա պահին քիչ հավանական է թվում, որ հանրաքվեն կարող է Թուրքիան նետել տևական ներքին ապակայունության կամ քաղաքացիական պատերազմների մղձավանջի մեջ և հանգեցնել այդ երկրի փլուզմանը:  

Էրդողանի նոր Թուրքիան, սակայն, նոր մարտահրավեր է ոչ միայն երկրի ներսում՝ հաարակության մեջ առաջացած հակասությունների առումով, այլ նաև մերձավորարևելյան ամբողջ տարածաշրջանի կտրվածքով: Յուրաքանչյուր նոր հաղթանակը խորացրել է Էրդողանի համոզմունքը  սեփական անհաղթելիության մեջ`  նրան գցելով ավելին ձեռք բերելու խելահեղ էյֆորիայի մեջ ու դրանով իսկ նրան դարձնելով ավելի ու ավելի անկանխատեսելի:

Էրդողանն արդեն լիարժեք անվերահսկելի է միացյալ Եվրոպայի համար: ԵՄ-ն կտրականապես հրաժարվում է ընդունել հանրաքվեի արդյունքները. ԵԱՀԿ-ն և ԵԽ-ն հայտարարել են քվեարկությունը զանգվածային խախտումներով անցկացված լինելու մասին: Թեև ԵՄ-ն կտրականապես դեմ է Թուրքիայի ներկայիս ընթացքին, սակայն նրա վրա ազդելու որևէ իրական լծակ չունի, և մնում է համակերպվել առկա իրողությունների հետ:

Ի հեճուկս ԵՄ-ի՝ ԱՄՆ նախագահ Թրամփը ողջունել է Էրդողանին հանրաքվեում տարած հաղթանակի կապակցությամբ: Թրամփին ոգևորել է Ասադի ռեժիմի հեռացման իր պահանջին Էրդողանի արտահայտած լիակատար աջակցությունը: Բայց սա այլ կերպ, քան հանուն Մերձավոր Արևելքում Թուրքիայի աջակցությունը ստանալու և նրան ավելի ակտիվացնելու, այդ երկրում Էրդողանի դիկտատուրայի հաստատումը ողջունելու քայլ, չի կարելի համարել: ԱՄՆ-ն առաջնորդվում է իր վաղեմի՝ «թեկուզ շանորդի է, բայց մեր շանորդին է» սկզբունքով՝ առաջին հերթին նպատակ ունենալով սեպ խրել ռուս-թուրքական ջերմացող հարաբերությունների մեջ՝ հերթական անգամ ցույց տալով ամերիկյան քաղաքականության երկդիմի էությունը և փաստելով ժողովրդավարական արժեքների պաշտպանության հարցում Վաշինգտոնի ընտրանքային քաղաքականությունը:

Ուշագրավ է, որ հանրաքվեից անգամ երկու օր անց Էրդողանի ներկայիս թվացյալ բարեկամը՝ Վլադիմիր Պուտինը, չի շտապում շնորհավորել նրան: ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է, թե հանրաքվեն Թուրքիայի սուվերեն խնդիրն է և պետք է հարգել թուրք ժողովրդի կամաարտահայտությունը: Բայց ինչպիսի՞ն է Մոսկվայի դիրքորոշումը կոնկրետ տեղի ունեցածի կապակցությամբ, մեծ հաշվով դեռ մնում է անհասկանալի: Այս սպասողականությունը ցույց է տալիս արտաքին հանգստության ներքո Մոսկվայի խոր մտահոգվածությունը, հատկապես` հանրաքվեի հետևանքների առումով: Եվ դա միանգամայն հասկանալի է: ԱՄՆ-ի կողմից Բաշար Ասադին Իդլիբում քիմիական հարձակման մեջ մեղադրելուց և Սիրիայի կառավարական ուժերին պատկանող Հոմսի ռազմական օդանավակայանը ռմբակոծելուց հետո Անկարան կտրուկ փոխեց շեշտադրումները: Եթե մինչ այդ հանուն Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման Անկարան մոռացության էր մատնել Ասադի պարտադիր հեռացման պահանջը, ամերիկյան ռազմածովային ուժերի կողմից սիրիական օդանավակայանին հասցված հարվածներից հետո ոչ միայն հիշեց դրանք, այլև սկսեց Մոսկվայից պահանջել, որ իր ազդեցությունն օգտագործի Սիրիայի «ասադազերծման» համար: Այս փոքրիկ, բայց հատկանշական դետալը Մոսկվային արդեն որերորրդ անգամ անիմաստ կերպով ցույց է տալիս, որ Անկարան անվստահելի է և ուղղակի խաղում ու շարունակելու է խաղալ ԱՄՆ-Ռուսաստան բախումների վրա` առաջնորդվելով բացառապես սեփական տարածաշրջանային և գլոբալ շահերով: Իսկ ԱՄՆ-ի կողմից լեգիտիմացված անսահմանափակ իշխանություն ունեցող Էրդողանը, դուրս մնալով ներքին քաղաքացիական վերահսկողությունից, բազմաթիվ տհաճ անակնկալներ կարող է մատուցել Մոսկվային, ընդ որում` ոչ միայն Սիրիայում, այլ նաև երկարաժամկետ հեռանկարում Հարավային Կովկասում, Միջին Ասիայում և Ղրիմում:

Գևորգ Դարբինյան   

Գլխավոր դատախազը մեկնում է ՌԴ
26 Սեպտեմբերի 2017, 15:00 Գլխավոր դատախազը մեկնում է ՌԴ

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica