close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2018
+20°
+22°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2018
USD1482.76
GBP1644.63
EUR1565.36
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարտավարական, բայց սիմվոլիկ հաղթանակ ՀԱՊԿ-ում

Թեմա

15 Ապրիլի 2017, 12:41
 Մարտավարական, բայց սիմվոլիկ հաղթանակ ՀԱՊԿ-ում

ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Այդ մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմինիկովը: Նոր պաշտոնը Խաչատուրովը կստանձնի մայսի 2-ից:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը էստաֆետային եղանակով Հայաստանին հանձնելու շուրջ ստեղծված կազուսային իրավիճակն այսպիսով կարծես թե ավարտվեց: Հիշեցնենք, որ այդ որոշումն անցած մեկուկես տարվա ընթացքում արդեն երեք անգամ հետաձգվել էր կամ Բելառուսի կամ Ղազախստանի անուղղակի դեմարշների պատճառով: Թե ինչպես է հաջողվել այս հարցում ի վերջո գալ կոնսենսուսի, առայժմ հայտնի չէ: Պետք է ենթադրել, սակայն, որ դա առաջին հերթին պայմանավորված է մի կողմից ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, մյուս կողմից արցախա-ադրբեջանական շփման գծում վերջին մի քանի շաբաթներին նկատվող հարաբերական կայունությամբ: Թե՛ Աստանայի, թե՛ Մինսկի ու Բիշքեկի հիմնական մտավախությունն այն էր, որ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կարող է ծառայեցնել կազմակերպությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր կոնֆլիկտների մեջ ներքաշելուն, այն դեպքում, երբ այդ երկրների հետ նրանք ունեն սերտ, վերընթաց հարաբերություններ:

Այդ մտավախությունները սրվում էին հատկապես Խաչատուրովի անձով պայմանավորված: Բոլորն են հիշում 2015թ. դեկտեմբերին Մոսկվայում կայացած` ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստից հետո Թուրքիայի ՀՕՊ ուժերի կողմից ռուսական ինքնաթիռի խոցման կապակցությամբ կազմակերպության անունից Խաչատուրովի արած հայտարարությունները, որոնք անհարմար դրության մեջ գցեցին Ղազախստանին, Ղրղզստանին և Բելառուսին: Խաչատուրովը անդամ երկրների անունից լիարժեք աջակցություն էր հայտնել Ռուսաստանին՝ Թուրքիայի քայլը որակելով հարված թիկունքից: Դրանից հետո այդ երեք երկրներն էլ հանդես եկան հայտարարություններով առ այն, թե Խաչատուրովը լիազորված չի եղել նման ուղերձ հղելու իրենց անունից, այսինքն նրան մեղադրեցին ինքնագործունեության մեջ:

Պետք է ենթադրել, որ հենց այսպիսի դեպքերից խուսափելու նկատառումով էլ նրանք բոյկոտում էին ՀԱՊԿ ԳԽ պաշտոնում Խաչատուրովի  թեկնածության հաստատումը: Եվ հենց այս ֆոնին է էական դառնում, որ Երևանը, չնայած կազմակերպության անդամ երկրների ակնհայտ դիմադրությանը, չի հրաժարվել Խաչատուրովի թեկնածությունից: Սա կարևոր նրբերագ է երկու պատճառով:

Նախ՝ այդպիսով Երևանը ստիպել է գոնե այս հարցում հարգել իր որոշումը: Նրան հաջողել է ճեղքել գլխացավանքի վերածված ներքին թշնամական պատը: Սա թեև սիմվոլիկ, բայց դիրքերը պաշտպանելու իմաստով մարտավարական փոքրիկ հաղթանակ կարլեի է համարել: Երկրորդ՝ հասնելով այդ պաշտոնում Խաչատուրովի նշանակմանը՝ Երևանը շեշտը դնում է կազմակերպության հատկապես ռազմական բաղադրիչն ուժեղացնելու վրա: Այստեղից է փորձ արվելու քաղել հիմնական դիվիդենտները:

Խնդիրն այն է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն քաղաքական է: Բայց ՀԱՊԿ-ն Հայաստանի համար ռազմաքաղաքական իմաստով որևէ գործնական արժեք չունի: Այդ կազմակերպությունը չի հանդիսանում Հայաստանի անվտանգության բաղկացուցիչը, չի ապահովում նրա անվտանգությունը, անդամ երկրները չեն առաջնորդվում անվտանգության ընդհանուր շահերով: Ղազախստանը, Բելառուսը, մասամբ նաև Ղրղզստանն ու Ռուսաստանն անցած մի քանի տարիներին բազմիցս են ցույց տվել, որ գործում են Հայաստանին և ռազմաքաղաքական բլոկի տրամաբանությանը տրամագծորեն հակառակ ուղղությամբ: Կազմակերպությունը երբևէ բավարար սկզբունքայնությամբ ու կոշտությամբ չի արձագանքել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների նկատմամբ պարբերաբար իրականացվող արգրեսիային: Քաղաքական առումով ՀԱՊԿ-ն Հայաստանին պետք է գուցե միայն այն պատճառով, որ դրա իրավապայմանագրային բազայի հենքին գոնե թույլ է տալիս փորձել հնարովիրնս զսպել Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի կողմից Ադրբեջանին լիարժեք աջակցության ցուցաբերումը: Եթե Հայաստանը չլիներ այդ կազմակերպությունում, ԼՂ հարցում վերջինիս պաշտոնական մոտեցումները կլինեին ընդգծված հակահայկական:

Բայց կազմակերպությունը Հայաստանին պետք է ռազմական բաղադրիչով: Այն Ռուսաստանից ավելի էժան զենք և զինտեխնիկա ձեռք բերելու, ռուսական ռազմական ուսումնական հաստատություններում սպայակազմի վերապատրաստման և հմտությունների կատարելագործման ծրագրերից օգտվելու և համատեղ միջոցառումներով առանձին ստորաբաժանումների մարտունակությունն ու պրոֆեսիոնալությունը բարձրացնելու որոշակի հնարավորություններ է տալիս: Եվ Խաչատուրովը գուցե կփորձի ավելի արդյունավետ դարձնել այդ ռեսուրսներից Հայաստանի օգտվելու մեխանիզմները: Պետք է հասկանալ, սակայն, որ գործելու լայն ազատություններ նա չի ունենալու այն պարզ պատճառով, որ որոշումները կազմակերպությունում կայացվում են կոնսենսուսով: Ի վերջո, ԵԱՏՄ-ում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահի պաշտոնին էլ է Հայաստանի ներկայացուցիչը՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն զբաղեցնում: Բայց դրանից Հայաստանն առանձնապես օգուտներ չունի:

Գևորգ Դարբինյան

     


Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica