close
Եղանակը Երևանում
24 Ապրիլի 2017
+13°
+17°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Ապր 2017
USD1484.51
GBP1619.83
EUR1518.72
RUB18.61
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

«Ես` ենթակա, գրում եմ` ստորոգյալ». Հովիկ Չարխչյանի էսսեներն ու մանրապատումները` նոր գրքում

Թուղթուգիր

14 Ապրիլի 2017, 13:32
 «Ես` ենթակա, գրում եմ` ստորոգյալ». Հովիկ Չարխչյանի էսսեներն ու մանրապատումները` նոր գրքում

Լույս է տեսել գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի նոր գիրքը` «Ես` ենթակա, գրում եմ` ստորոգյալ» վերնագրով: Ժողովածուն ներառում է հեղինակի էսսեներն ու մանրապատումները: Գիրքը հրատարակել է «Անտարես» ընկերությունը, խմբագիրն Արքմենիկ Նիկողոսյանն է:

***

Զորաց Երկիր

Չկա այնպիսի դիրք, խրամատ, ճակատային գիծ, որ գտնվի մեզնից ապահով հեռավորության վրա: Վտանգն աշխարհագրություն չունի, ինչպես որ քարտեզագրված չէ մեր սերն այս հողի հանդեպ: Եվ դրա համար առաջնագիծն այսօր անցնում է նաև Երևանի փողոցներով, մեր տան բակով, մեր բոլորիս սրտերի միջով: Եվ դրա համար զինվոր լինելն այլևս մասնագիտություն չէ, այլ քաղաքացիություն:

Ես այդ զինվորներին տեսնում եմ ամենուր: Ես տեսա այդ զինվոր տղաներին ու աղջիկներին, երբ Մաշտոցի պուրակում օգնություն էին հավաքում բանակի համար: Ես տեսա զինվոր բժիշկներին, երբ վիրահատարան էին մտնում` կյանքեր փրկելու: Ես տեսա զինվոր հողագործների, որ վաղվա հացն են աճեցնում երկրի համար: Տեսա զինվոր լրագրողների, որ ճշմարտությունն են դուրս բերում կեղծիքի միջից: Բազում-բազում զինվորների տեսա` ամեն մեկն` իր զենքի հետ, ամեն մեկն` իր դիտակետում: Ու մեր բանակը տասնապատկվեց, ու մեր զենքերը դարձան ահեղ, ու մեր կամքը` հաղթանակի դատապարտված… Ու մեր Հայրենիքը` Երկիր Զորաց:

***

100 տարի, 100 անգամ

Վազում էի: Ընկա ու ոտքս խփեցի գետնին: Ցավն անտանելի էր: Լաց եղա, բայց ոչ միայն ցավից: Իմ անզորության ու թուլության համար էլ լաց եղա: Նաև ամոթից: Նաև այն բանի համար, որ ճարպիկ չէի, ինչպես մյուսները: Նրա համար, որ վազքս ընդհատվել էր, ընթացքս ծնկածալ կսկիծ էր դարձել:

Շուրջս նայեցի: Չլինի՞ մեկը տեսավ խեղճությունս ու կարծեց, թե գետնատարած մարմնի մեջ նվաղում են մղումները:

Վեր կենամ, աչքս սրբեմ, վերքս ծածկեմ ու առաջ գնամ: Ես ուրիշների հետ մրցել չեմ ուզում: Ինձ իմ երազին հասնել է պետք:

***

Հողեղեն

Երբ երեխա էի, գարնանը հորս հետ վերցնում էինք բահերը ու փորում էինք մեր տնամերձ հողամասը: Ձմռան մրափից արթնացող հողը շնչում էր ու մենք լսում էինք հողի արտաշնչանքը: Հորս ձեռքերն ուժեղ էին, ոտքի հարվածը` ծանր, և հողը նրա առջև բացվում էր թեթև ու հեշտ: Ես նախանձով նայում էի նրան ու մտածում էի, որ եթե երևբև կարողանամ փորել հորս նման արագ ու խորը, երևի ամենաերջանիկ մարդը կլինեմ աշխարհում:

Հիմա ես հորիցս արագ եմ փորում: Բայց երջանկությունը չկա: Որովհետև երջանկությունն այն է, երբ հայրդ քեզնից ավելի արագ է փորում:

***

Մհեր Մկրտչայնի պատմածը

Մհեր Մկրտչյանը Հնդկաստանում մասնակցել էր «Ալի Բաբան և 40 ավազակները» ֆիլմի նկարահանմանը: Երևան էր վերադարձել ու պատմեց.«Մի հնդիկ մեծահարուստ ինձ ռեստորան հրավիրեց: Հյուրասիրությունից հետո դուրս եկանք փողոց, և այդ ժամանակ մեզ շրջապատեցին մի քանի մուրացկան երեխաներ: Մեծահարուստն իր գրպանից մետաղադրամներ հանեց և նետեց նրանցից շատ հեռու: Երեխաները վազեցին ու սկսեցին գետնից հավաքվել: Երբ արդեն մեքենայի մեջ էինք, ես հարցրեցի.«Ինչո՞ւ փողը պարզապես չտվեցիր նրանց, այլ նետեցիր»: Եվ մեծահարուստը պատասխանեց.«Եթե ես դնեի նրանց ձեռքի մեջ, ապա նրանք փող կունենային առանց ջանք թափելու: Նետեցի հեռու, որպեսզի հասկանան, որ ամեն մի վաստակ քրտինք ու աշխատանք է պահանջում»:

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica