close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2018
+20°
+22°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2018
USD1482.76
GBP1644.63
EUR1565.36
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապրիլյան քառօրյա հերոսամարտը. հաղթանա՞կ, թե՞ պարտություն

Թեմա

5 Ապրիլի 2017, 20:24
 Ապրիլյան քառօրյա հերոսամարտը. հաղթանա՞կ, թե՞ պարտություն

Մեկ տարի առաջ` ապրիլի 5-ին, Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետերը պայմանավորվեցին դադարեցնել ապրիլի 2-ից արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով ծավալվող ռազմական գործողությունները: Դրանք պատմության մեջ մտան որպես ապրիլյան քառօրյա պատերազմ:

Ցածր ինտենսիվությամբ ռազմական գործողությունները շարունակվեցին մինչև ապրիլի 28-ը: Այդ մարտերում հայկական կողմը 100-ից ավելի զոհ ունեցավ` ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ ԶՈւ շարքերում: Հակառակորդի վերահսկողությանն անցան Արցախի պաշտպանական գծի հյուսիսարևելյան և հարավային ուղղությամբ երկու ազդեցիկ հենակետեր, այդ հատվածներում ադրբեջանական կողմը մի քանի հարյուր մետրով առաջխաղացում ունեցավ:

Այդ դրամատիկ, բայց նաև հերոսական դրվագներով իրադարձություններին մեկամյա հեռավորությունից սթափ հայացք նետելով` կարելի է վստահ ասել, որ թեև 1994թ. հրադադարի հաստատումից ի վեր սա ամենավտանգավոր սրացումն էր, բայց դասական իմաստով այն պատերազմ չէր: Իրականում քառօրյա այդ մարտերով հայկական բանակի զինվորներն ու սպաները, հետո` նաև կամավորականները, սխրանքի, անանձնական նվիրման և ինքնազոհողության աներևակայելի օրինակներ ցույց տալով, կանխեցին հայկական պաշտպանական առաջնագիծը ճեղքելու և հիմնական հարվածային ուժերի ներխուժումն ապահովելու օպերացիան: Քառօրյա մարտերը կարճաժամկետ կտրվածքով կանխեցին վերահաս լայնամասշտաբ պատերազմը, տապալեցին բանակցային գործընթացում բեկում մտցնելու և լուծում պարտադրելու լծակ ստանալու` Բաքվի պլանները: Այս տեսանկյունից, չնայած ցավալի զոհերին, տարածքային կորուստներին, «քառօրյա պատերազմը» հայկական կողմի համար մեծ չափով հաղթական էր:

Ադրբեջանի ունեցած միակ շոշափելի առավելությունը հոգեբանական էր. մի քանի հարյուր մետր առաջխաղացումը բարձրացրեց հասարակության՝ դեռևս Արցախյան պատերազմից ընկճված մարտական ոգին և ինչ-որ առումով դարձավ անտրամաբանական մեծ կորուստներն արդարացնելու միջոց: Մինչդեռ քառօրյա պատերազմը հայկական կողմի համար լուծեց մի քանի մարտավարական խնդիրներ:

1. Հակառակորդի մոտ ջարդեց հայկական բանակի անմարտունակության, բարոյալքվածության մասին կարծրատիպը, ինչպես նաև ձևավորված խոր համոզմունքը, թե սպառազինության հաշվին ունակ է մեկ հարվածով ծնկի բերել հայկական կողմին: Ադրբեջանի իշխանությունները և հասարակությունը հասկացան, թե ինչ է արժենալու նոր պատերազմի սանձազերծումը:

2. Ձախողված այդ հարձակումը թույլ տվեց բացահայտել և չեզոքացնել առաջնագծում ու պաշպանության ամբողջ համակարգում եղած թույլ օղակները, հասկանալ հակառակորդի տակտիկական առանձնահատկությունները:

3. Ադրբեջանը կորցրեց, այսպես կոչված, «անակնկալի էֆեկտը»: Այդ մեթոդն այլևս չի աշխատելու: Դրանում Ադրբեջանը թերևս լիովին համոզվեց այս տարվա փետրվարի 25-ին արցախյան ճակատում երկու ուղղություններով իրականացրած դիվերսիոն ներթափանցման անհաջող և իր համար մարդկային մեծ կորուստների հանգեցրած փորձերից հետո:

4. Դրդեց հայկական կողմին վերջապես քայլեր ձեռնարկել ռազմական տեխնոլոգիական արդյունաբերության ստեղծման, ներքին ռեսուրսների մոբիլիզացման փիլիսոփայության վրա խարսխված «ազգ-բանակ» կոնցեպցիան գործարկելու ուղղությամբ: Մուլտիպլիկատիվ էֆեկտով այն կարող է ազդել բոլոր կենսական ոլորտների զարգացման վրա:

5. Հասարակությանը, հատկապես` լրատվադաշտին սովորեցրեց` ինչ է հիբրիդային պատերազմը, բարձրացրեց զգոնությունը` հակառակորդի տեղեկատվական մանիպուլյացիոն թակարդներում չհայտնվելու առումով, սովորեցրեց ռազմաճակատային լրատվության հետ աշխատելու նրբությունները: Բանակի բաց տեղեկատվական քաղաքականության պայմաններում սա կարևոր ձեռքբերում է՝ ոչ միայն տեղեկատվական անվտանգության, այլև տեղեկատվական «հարձակման»  առումով: Այդ պատերազմից հետո բանակը հասարակությունից էլ ավելի կտրելու` Ադրբեջանի քաղաքականության պատճառով հայկական ԶԼՄ-ներն ու պաշտոնական աղբյուրներն ադրբեջանցիների համար ենթագիտակցորեն դառնում են ավելի արժանահավատ, քան  սեփական պետության, պաշտպանական գերատեսչության տեղեկատվական պրոդուկտը: Իսկ դա Ադրբեջանի հասարակական տրամադրություններն ավելի կառավարելի դարձնելու միջոց է:

6. Ադրբեջանը մեծ հաշվով կորցրեց ԼՂ կարգավորման գործընթացում պատերազմի շանտաժային խաղաքարտն օգտագործելու հեռանկարը: Չնայած ներկայիս փորձերին` այն այլևս ո'չ հայկական կողմի և ո'չ էլ միջնորդ երկրների վրա չի ազդում: Ադրբեջանն ապացուցեց, որ արցախյան հարցը ռազմական ճանապարհով լուծելն իր համար նույնքան բարդ է, եթե` ոչ ավելի, քան բանակցություններով: Ապրիլյան ձախողման պատճառով Բաքուն պատերազմական շանտաժի կիրառման առումով կորցրեց այնպիսի կարևոր դաշնակցի, ինչպիսին Ռուսաստանն է: Նոր հարձակում, որն այս անգամ իսկապես կարող է մեծամասշտաբ պատերազմի հանգել, Մոսկվան թույլ տալ չի ցանկանում:

7. Այդ «պատերազմով», հատկապես` դրա ընթացքում խաղաղ բնակիչների, գերեվարված հայ զինծառայողների նկատմամբ իրականացրած գազանային հանցագործություններով Ադրբեջանը հասավ նրան, որ ամրապնդեց միջազգային հանրության համոզմունքն Արցախն Ադրբեջանի ենթակայությանը վերադարձնելու անթույլատրելության հարցում:

8. Ամրապնդեց հայկական կողմի բանակցային դիրքերը: Արդեն 2016թ. մայիսից ակնհայտ դարձավ, որ հայկական կողմը փաստացի հրաժարվում է դրանց շուրջ բանակցություններից՝ դնելով հրադադարի լիակատար վերականգնման նախապայմանը: Ադրբեջանն ի վիճակի չէ դա կատարել, որովհետև դրանով էլ ավելի կամրապնդի առկա ստատուս քվոն: Արդյունքում` գործընթացը մտել է կատարյալ փակուղի, որի պատասխանատուն է համարվում Բաքուն՝ հենց ապրիլյան հարձակման արկածախնդրության պատճառով: Ստեղծվել է մի վիճակ, երբ Ադրբեջանը ոչ պատերազմ սկսելու «թույլտվություն» է կարողանում ստանալ, ոչ էլ` արդյունքի հասնել բանակցություններով:

Չնայած այս ամենին` «ապրիլյան պատերազմը», որն ավելի ճիշտ կլինի անվանել ապրիլյան քառօրյա հերոսամարտ, երկարաժամկետ հեռանկարում չի կանխել հնարավոր մասշտաբային նոր պատերազմը: Դրա հավանականությունը հիմա նույնքան մեծ է, որքան անցած տարվա ապրիլի 6-ին: Բայց այդ հերոսամարտը լուծեց ամենակարևորը` ցույց տվեց, որ այս երկրում ապրող մարդը կարող է չլինել լավ քաղաքացի, թերանալ լավ պետություն կառուցելու գործում, բայց ամբողջ էությամբ հայրենապաշտ է և հայրենապաշտպան: Ապրիլյան հերոսամարտն իրականում հայ հասարակությանը հանեց ապրիլյան պատերազմի հաղթանակների դափնիների վրա լեթարգիական քնի վիճակից:

Գևորգ Դարբինյան               

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica