close
Եղանակը Երևանում
23 Հոկտեմբերի 2018
+16°
+18°Ցերեկ
+9°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հոկ 2018
USD1484.35
GBP1629.32
EUR1556.13
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ցավոտ և ամոթալի ապտակ

Թեմա

4 Ապրիլի 2017, 20:58
 Ցավոտ և ամոթալի ապտակ

Ո՛չ խորհրդարանում հայտնված, ո՛չ էլ պարտություն կրած մնացած ուժերն ապրիլի 2-ին կայացած ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրին: Ճիշտ է՝ ՕՐՕ դաշինքը հայտարարեց, թե ընտրությունների արդյունքները չեն արտացոլում հասարակության իրական տրամադրությունները և «կրկին ունեցանք ապօրինի ճանապարհով ձևավորված ո՛չ լեգիտիմ իշխանություն», սակայն հետընտրական քաղաքական, իրավական պրոցեսներ սկսելու մասին չխոսեց:

Ընտրություններն ընդհանուր առմամբ առաջընթաց են համարել նաև միջազգային դիտորդները: ԱՊՀ դիտորդական խումբը հայաստանյան ընտրությունները համարել է ժողովրդավարությանը լիարժեքորեն համահունչ: Ավելին, խմբի ղեկավար, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը նույնիսկ հայտարարել է, թե ընտրությունների թափանցիկության առումով «հայ գործընկերներն առաջ են ընկել նույնիսկ արևմտյան որոշ երկրներից»:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և ԵԽԽՎ դիտորդական առաքելությունների հայտարարության մեջ նշվել է, թե «խորհրդարանական ընտրությունները Հայաստանում լավ կազմակերպված էին և հիմնարար ազատությունները հիմնականում պահպանվել են»: Նրանք փաստել են, որ թե՛ իրավական, թե՛ տեխնիկական լուծումների առումով ստեղծված են եղել ազատ ընտրությունների բոլոր հնարավորությունները:

Հիմնվելով նրանց այս արձանագրումների վրա՝ Եվրամիության խոսնակը հայաստանյան ընտրությունների վերաբերյալ տարածած հայտարարության մեջ նշել է, թե «չնայած որոշ ոչ նշանակալի տեխնիկական խնդիրների առկայության՝ դիտորդներն արձանագրել են քվեատուփերի լցոնման, բազմակի քվեարկության, քվեների հաշվարկի և աղյուսակավորման վերաբերյալ իրավախախտումների ավելի քիչ դեպքեր»: Նույն սկզբունքով առաջնորդվելով՝ նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն է ընտրությունների առիթով շնորհավորել Հայաստանի ժողովրդին ՝ նշելով, թե «քվեարկության օրն ընդհանուր առմամբ հանգիստ էր ու կանոնավոր Հայաստանի ամբողջ տարածքում. ընտրողները կարող էին ազատ իրացնել իրենց ձայնի իրավունքը»:

Ինչպես կարելի է նկատել, հիմնականում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական խմբի տված եզրակացության հիման վրա ԵՄ-ի և ԱՄՆ-ի արձագանքը վերաբերում է բացառապես ընտրությունների համար ստեղծված պայմաններին, այսինքն արտաքին ֆասադին, ձևին: Նրանք ասում են, որ ձևի իմաստով Հայաստանում կայացել են նորմալ ընտրություններ և այս առումով ընտրությունները օրինական են:

Թե՛ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի կողմից արդյունքներն ի գիտություն ընդունելու իրողությունը, և թե՛ դիտորդական առաքելությունների նման գնահատականները նշանակում են, որ իշխանությունները լուծել են հասարակական-քաղաքական կայունության ապահովման տեսանկյունից ամենակարևոր խնդիրը. ընտրությունների ներքին և արտաքին լեգիտիմության ապահովումը: Երկիրը հետընտրական ավանդական ցնցումների փուլ չի անցնի: Տնտեսության ակտիվացման և Հայաստանի արտաքին քաղաքական դիրքերի ուժեղացման տեսանկյունից սա, իհարկե, կարևոր ցուցիչ է: Սակայն հարցն այն է՝ որքանո՞վ են այս ընտրությունները նպաստել ընտրական նոր համակարգի նկատմամբ հասարակության վստահության ամրապնդմանը: Նպատակ, որը ընկած էր նոր ընտրական օրենսգիրքը կոնսենսուսի միջոցով ընդունելու հիմքում:

Այս խնդիրը ապրիլի 2-ին կայացած ընտրությունները մեծ հաշվով չի լուծվել: Եվ դա չեն զլացել իրենց զեկույցում արձանագրել այդ կոնսենսուսի ձևավորման պահանջը դրած արևմտյան դիտորդները: «...Ընտրություններն արատավորվեցին ձայների գնման, պետական ոլորտի և մասնավոր հիմնարկությունների աշխատողների վրա ճնշումների մասին հավաստի տեղեկություններով»,- նշված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հայտարարության մեջ: «Այս ընտրություններին ևս չվերացան երկարատև կասկածները՝ ուղղված երկրում ընտրական գործընթացների հուսալիությանը եւ ամբողջականությանը»,- ասել է ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավար Լիլիան Մորի-Պասքիեն:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընտրություների կապակցությամբ հանդես եկավ հայտարարությամբ և նշեց, որ անցկացրել ենք խորհրդարանական ընտրություններ, որոնք «ավելին էին, քան բոլոր այն խորհրդարանական ընտրությունները, որոնք մենք ունեցել ենք անկախացումից ի վեր»: Նախագահը դիտորդների այս գնահատականներին չի անդրադարձել:

Մինչդեռ, եթե ավելի պարզ խոսենք, այսպիսի արձանագրումներով դիտորդական խմբերը շատ ցավոտ և ամոթալի ապտակ են հասցրել նույնիսկ ոչ այնքան իշխանություններին, որքան հասարակությանը: Նրանց եզրակացության տողատակը հետևյալն է. ճիշտ է՝ մենք ընդունում ենք ընտրությունների արդյունքները, սակայն շատերդ ոչ թե ընտրություն եք կատարել, այլ ձայն եք վաճառել կամ քվեարկել ճնշումների ներքո: Դիտորդներն անուղղակի ասում են, որ ընտրություններում հաղթել է «գործ չտվողի» հայկական հոգեբանությունը և, որ արդյունքները լեգիտիմ են ոչ թե այն պատճառով, որ հասարակության մեծամասնությունն է վստահ ազատ և արդար ընտրություններ անցկացրած լինելու մեջ, այլ որովհետև ընտրողների մի մասի կամարտահայտման վրա ընտրատեղամասից դուրս ազդելու իրողությունը հնարավոր չէ ապացուցել: Ընտրական ժողովդրավարության իմիտացիայի մասին այս թափանցիկ ակնարկը իսկապես վիրավորական է: Այն փաստում է, որ հասարակությունը հիվանդ է և առողջացման խնդիր ունի: Ապրիլի 2-ից հետո հաստատվող ներհասարակական հարաբերական կայունությունը ամեն ինչ վերարժևորելու և առողջացման հույս վերցնելու ժամանակ են տալիս: Մնում է դրանից օգտվելու կամք ունենանք:

Գևորգ Դարբինյան  


Ես ազգայնական եմ. Թրամփ
23 Հոկտեմբերի 2018, 11:54 Ես ազգայնական եմ. Թրամփ
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica