close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+5°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում մեթոդներն ավելի քաղաքակիրթ են

Հարցազրույց

22 Սեպտեմբերի 2011, 10:28
 Արցախում մեթոդներն ավելի քաղաքակիրթ են

Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձի տոնակատարություններին ներկա լինելու պատրվակով երեկ Հայաստանում էր ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

Օգտվելով առիթից` Դ. Իշխանյանից հետաքրքրվեցինք սեպտեմբերի 18-ին ԼՂՀ-ում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքից:

 

- Ձեր գնահատմամբ, որքանո՞վ են թափանցիկ ընտրական գործընթացներն Արցախում եւ, մասնավորապես, սեպտեմբերի 18-ին անցկացված ՏԻՄ ընտրությունները:

 

- Պետք է արձանագրենք, որ այս ընտրությունների արդյունքները բավարար էին համարյա բոլոր տեսանկյուններից: Այս հերթական ընտրություններով մենք ապացուցեցինք, որ ունենք կայացած պետականություն, եւ պետականաշինության գործընթացում դրանք մեզ մեկ աստիճան ավելի առաջ մղեցին: Նման եզրակացություններ անելու հիմք մեզ տալիս են թե' ընտրությունների նախապատրաստական փուլը, թե' ընտրությունների բուն արդյունքները, այսինքն` Արցախում ստեղծված էին բոլոր նախադրյալները` ազատ, թափանցիկ, ժողովրդավար եւ արդար ընտրություններ անցկացնելու համար:

 

- Սակայն չենք կարող նաեւ չարձանագրել, որ բնակչության մոտ որոշակի անտարբերություն կար ընտրությունների նկատմամբ: Որո՞նք են, ըստ Ձեզ, դրա պատճառները:

 

- Դա ունի իր ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառները: Տարիներ ի վեր մենք փորձում ենք կայացնել համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու ինստիտուտը, բայց դեռեւս այդ կայացման գործընթացի մեջ ենք, ավելին` մեզ այդպես էլ չհաջողվեց կայացնել ավագանու ինստիտուտը: Պետք է նկատեմ, որ այս ընտրությունների արդյունքում նույնիսկ որոշակի անտարբերություն կար թեկնածուների առաջադրման առումով: Տարբեր համայնքներում առաջադրվելու ցանկություն չունեին նույնիսկ նախկին համայնքապետները: Կարծում եմ` հաջորդ ՏԻՄ ընտրություններին թե՛ իշխանավորները, թե՛ քաղաքական ուժերը պետք է որոշակի հետեւություններ անեն: Ինչ վերաբերում է ընտրամեխանիզմին, ապա, թեեւ որոշ տեղերում, նույնիսկ քաղաքապետների ընտրություններում ելքը կարծես թե ի սկզբանե կանխորոշված էր, սակայն արդյունքում ընտրվեց այն թեկնածուն, որն իրապես ստացավ ժողովրդի քվեն, այսինքն` այդ կանխորոշվածության թեզը չգործեց Արցախի մի շարք համայնքներում` Քաշաթաղում, Մարտակերտում եւ այլուր:

 

- Եթե համեմատական անցկացնենք նախորդ տարի կայացած խորհրդարանական ընտրությունների հետ, կարո՞ղ ենք որոշակի հավասարության նշան դնել 2010-ի եւ այս ընտրությունների միջեւ:

 

- Անշուշտ, կարող ենք նաեւ համեմատել դրան նախորդած 1998, 2001, 2005թթ. ընտրությունների հետ: Թերեւս բացառություն պետք է համարել միայն 2004թ. ՏԻՄ ընտրությունները եւ, հատկապես, Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունները: Ես ուզում եմ մեկ անգամ եւս ընդգծել, որ վարչական ռեսուրսների եւ պետական լծակների ուղղակի, կոշտ, կոպիտ միջամտություն թե՛ նախընտրական փուլում, թե՛ բուն ընտրությունների օրը մենք չտեսանք:

 

- ՏԻՄ ընտրություններին դիտորդի կարգավիճակով Արցախում գտնվող ՀՅԴ պատգամավոր Գագիկ Գեւորգյանն օրերս հայտարարել էր, որ Արցախում, ի տարբերություն Հայաստանի, ընտրակաշառք չեն բաժանում:

 

- Սա, թերեւս, կարելի է բացատրել նրանով, որ 2007 թվականից առայսօր Արցախում լուրջ պայքար է մղվում կոռուպցիայի դեմ, եւ դրա անմիջական արդյունքն է ընտրություններում եւ ընտրապայքարում այդ մեթոդներից հրաժարվելն ու այլ քարոզչամեխանիզմներ օգտագործելը, որը մեզ համար նոր հույս եւ նոր լույս է բացում` ընտրությունների միջոցով հասարակության եւ պետության մեջ մեր արժանի տեղն ունենալու: Կարծում եմ` ցանկացած պատգամավոր էլ, դիտորդի կարգավիճակով լինելով Արցախում, կարողացել է անմիջապես ընկալել եւ հասկանալ, որ` այո, դա իրականություն է. քաղաքական ուժերը փորձում են գոնե ընտրությունների նախապատրաստական փուլում եւ քարոզարշավի ժամանակ օգտագործել ավելի քաղաքակիրթ մեթոդներ:

 

- Ինչպե՞ս է ընթացել պայքարը քաղաքական ուժերի միջեւ:

 

- Ասեմ, որ սուր պայքար չկար, եւ այդ ամենը կրկին թելադրված էր այն ընդհանուր անտարբերությամբ, որ նկատելի էր այս ընտրությունների ընթացքում: Պարզապես յուրաքանչյուր քաղաքական միավոր, գնահատելով իր իրական ուժը, փորձել է իր թեկնածուներն առաջադրել այն համայնքներում, որտեղ հավանական հաղթանակի հնարավորությունն ավելի մեծ էր: Մենք եւս ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի որոշումով թեկնածուներ առաջադրեցինք այն համայքներում, որտեղ ընտրվելու հավանականությունն ավելի շատ էր: Ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ մեր առաջադրած եւ պաշտպանած թեկնածուներից ավելի քան 90 տոկոսի դեպքում հաջողություն ունեցանք: Մեզ համար սա բացառիկ հաջողություն է, քանի որ կարողացանք ճիշտ գնահատել մեր ուժերը: Պետք է նշեմ, որ հաջողություններ ենք ունեցել նաեւ այն շրջաններում, որտեղ երբեւէ չէինք ունեցել:

 

Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica