close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2018
+1°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերժ Սարգսյանի ներքին ու արտաքին թիրախները

Թեմա

27 Մարտի 2017, 20:52
 Սերժ Սարգսյանի ներքին ու արտաքին թիրախները

Արցախի ՊԲ զորամասերից մեկում շաբաթ օրը Սերժ Սարգսյանը փաստացի հայտարարեց, որ արցախյան կարգավորման հարցում շարունակվելու է հակառակորդին զսպելու, խաղաղություն պարտադրելու քաղաքականությունը: «Շատ պարզ ու հասկանալի հայտարարում եմ` մեր զինված ուժերը՝ մեր հավաքական պատիվն ու արժանապատվությունը, շարունակելու են իրենց պատրաստվածությամբ, սպառազինությամբ ու մարտական անգերազանցելի ոգով հակառակորդին պարտադրել խաղաղություն, եթե, Աստված մի արասցե, դրա անհրաժեշտությունը կրկին լինի»,- ասաց նա: Սարգսյանն ավելացրեց, թե Ադրբեջանի բոլոր ուղղություններով` ամենակարևոր ենթակառուցվածքներին, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված, իսկ հարկ եղած դեպքում «Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու` «Իսկանդերի» համազարկի հրաման արձակել»։

Սերժ Սարգսյանի այս ուղերձները երկու հասցեատեր ունեին` Ադրբեջանը և Հայաստանի հասարակությունը կամ խորհրդարանական ընտրությունների համատեքստում` ընտրազանգվածը:

Ադրբեջանի ամենակարևոր ենթակառուցվածքների թիրախավորման, «Իսկանդերի» կիրառման սպառնալիքների հնչեցումը հետաքրքրական է շփման գծում ներկայումս հաստատված հարաբերական կայունության ֆոնին: Արդեն մոտ երկու շաբաթ է՝ ադրբեջանական զինուժը նվազեցրել է հրադադարի խախտումները: Դրանց ընթացքում, ըստ առաջնագծում իրադրության մասին Արցախի ՊԲ ամենօրյա հաղորդագրությունների, ականանետների ու նռականետների, առավել ևս` հրետանային միջոցների կիրառման մասին չի խոսվում: Չի կարելի բացառել, որ այս արտաքուստ հարաբերական անդորրի ներքո հայկական կողմը Ադրբեջանից նոր ռազմական սադրանքների, նոր հնարավոր հարձակման նախապատրաստություններ է տեսնում կամ ունի նման հետախուզական տվյալներ: Նման կասկածներն այնքան էլ անհիմն չեն թվում, եթե նկատի ունենանք, որ բանակցային գործընթաց, որպես այդպիսին, գոյություն չունի, և այն տորպեդահարում է հայկական կողմը՝ պնդելով, որ Ադրբեջանը հրաժարվի պատերազմի մտքից և համաձայնի հրադադարն ամրապնդող, կողմերի պատասխանատվությունը հասցեականացնող մեխանիզմներ տեղակայելու՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորության կատարմանը: Նման կոշտ սպառնալիքների հնչեցումը կարելի է համարել Բաքվին ուղղված նախազգուշացում, որ Երևանը չի հրաժարվելու այս նախապայմաններից, իսկ պատերազմի փորձ ձեռնարկելու դեպքում պատասխանը լինելու է կործանարար: Սա հայտարարություն է ոչ միայն հնարավոր պատերազմից չխուսափելու, այլև, ըստ անհրաժեշտության, այս հարցում նախաձեռնություն վերցնելու մասին: Բաքվին, Ադրբեջանի հասարակությանը հասկացվում է, որ Հայաստանն արտաքին աշխարհից «ստացել է» նոր պատերազմական սադրանքի դեպքում անհամարժեք պատասխան հասցնելու լեգիտիմ իրավունք` որպես Ադրբեջանին բանակցություններ պարտադրելու և պարտավորությունները կատարել ստիպելու միջոց:

Բայց, մյուս կողմից, այս հայտարարությունները նաև նախընտրական երանգավորում ունեն: ՀՀԿ-ի քարոզարշավում Հայաստանի և Արցախի անվտանգությունը լեյտմոտիվային է, այն արտահայտված է նաև ՀՀԿ-ի կարգախոսում՝ «Անվտանգություն և առաջընթաց»: Եվ նախագահի քարոզչական ենթատեքստային ուղերձը պարզ է` քվեարկության ժամանակ կողմնորոշման ելակետը պետք է լինեն այն հարցերը, թե ինչպես է երաշխավորվելու Հայաստանի և Արցախի անվտանգությունը, և ով կամ ովքեր են այդ անվտանգությունն ապահովելու կարողություն ունեցող ուժերը: «Մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ը խաղ չէ, սուտ շուտասելուկների մրցույթ չէ, մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ին մենք տանիքների վրա լավ ցատկողներ չենք ընտրում, մենք մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանողներ ենք ընտրում, մենք համազարկի, հարձակման և հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տվողներ ենք ընտրում, դա անելու համար բավարար ներքին ուժ ունեցողներ ենք ընտրում։ ...Մենք պետք է ունենանք անվտանգության ուժեղ ձեռք։ Պոպուլիզմը կամ թուլությունը անվտանգության բուրգի գագաթում կկործանի մի ողջ ժողովուրդ»,- ասում է նախագահը։

Նախագահի խոսքում կարելի է նկատել ԼՂ հիմնահարցի չկարգավորվածությունը և անվտանգության սպառնալիքները քարոզչական նկատառումներով օգտագործելու միտում /«տանիք մագլցողների», «շուտասելուկների մրցույթի» և պոպուլիզմի մասին ակնարկները/: Սակայն փաստ է, որ Սերժ Սարգսյանն առաջին հերթին  փորձում է հեռացնել իշխանությունների հասցեին հնչող՝ ԼՂ հարցում զիջումների պատրաստակամության հետ կապված մեղադրանքները: Սա կարելի է պատասխան համարել առաջին հերթին ՀԱԿ առաջնորդ Լևոն-Տեր-Պետրոսյանին, ով հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում համառորեն պնդում էր, թե գործող իշխանությունը գնում է «տարածքային զիջումներ` խաղաղության դիմաց» սկզբունքով կարգավորման:

Սերժ Սարգսյանն այս ելույթով փորձեց պարզել իշխանության քաղաքականության և «խաղաղության» տերպետրոսյանական կոնցեպցիայի հիմնական տարբերությունը: Այդ տարբերությունն այն է, որ, նախ, իրենք կողմ չեն ցանկացած գնով խաղաղությանը, երկրորդ` բանակցություններին մոտենում են որպես ստատուս քվոն պահպանելու միջոց,  քանի դեռ Ադրբեջանը չի համակերպվել Արցախի` անկախ սուբյեկտ լինելու իրավունքի և իրողության հետ: Եվ երրորդ՝ հայկական կողմը հասել է զիջումների առավելագույն կետին և չի տրվելու  ավելիին գնալու` ՀԱԿ-ի «խրախուսանքին»: Իսկ «խաղաղության» մանիպուլյացիոն մոտեցումը զիջումները խրախուսելու անուղղակի ձև է, որովհետև այն չի լուծում որևէ խնդիր, բացի Ադրբեջանի դիրքորոշումը կարծրացնելուց, նրա պատերազմական շանտաժային քաղաքականությունը գիտակցված կամ չգիտակցված արդարացնելուց:

Գևորգ Դարբինյան  

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica