close
Եղանակը Երևանում
24 Մայիսի 2018
+19°
+23°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մայ 2018
USD1482.65
GBP1646.46
EUR1566.10
RUB17.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սահմանադրություն փոխելը պարապ վախտի խաղալիք չէ, պարոնա՛յք

Թեմա

23 Մարտի 2017, 20:44
 Սահմանադրություն փոխելը պարապ վախտի խաղալիք չէ, պարոնա՛յք

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերից 3-ը՝ «Հայկական վերածնունդ»-ը, ՕՐՕ, «Ելք» և «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքները, նախընտրական ծրագրերում նախատեսել են իշխանության գալու դեպքում սահմանադրական նոր փոփոխություններ իրականացնել: ՀՎԿ-ն որոշել է դրանք նախաձեռնել «գործող խորհրդարանական մոդելի սահմաններում իշխանության թևերի հավասարակշռումը երաշխավորելու» համար, ՕՐՕ-ն՝ «քաղաքական հարաբերություններ ձևավորելու», ինչից հետո, ի դեպ, որոշել է նաև նոր ընտրական օրենսգիրք ընդունել: «ՀԱԿ-ՀԺԿ»-ն խնդիր է դրել վերականգնել կառավարման նախագահական-խորհրդարանական սահմանդրական մոդելը: Ավելին, նրանք պլանավորում են արդեն 2018 թվականին անցկացնել ուղիղ նախագահական ընտրություններ։ Սա նշանակում է, որ Սահմանդրական փոփոխությունների հանրաքվե անցկացնել արդեն այս տարվա ընթացքում: «ԵԼՔ»-ի պատճառաբանությունը Հայաստանի իրավակարգի լեգիտիմության ապահովումն է՝ նոր Սահմանադրության շուրջ հանրային համերաշխություն հաստատելու նպատակով:

Չորսի դեպքում էլ շարժառիթները լրիվ տարբեր են: Սա նշանակում է, որ նրանք չեն կարողացել գործող սահմանադրական կարգավորումներում առանձնացնել այնպիսի առարկայական ընդհանուր թերություններ, որոնք ստեղծում են երկրի կառավարման, իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու, մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորման առումով  ճգնաժամային իրավիճակներ: Եվ դա բնական է, այլ կերպ լինել չէր կարող:

Խնդիրն այն է, որ Սահմանադրությունը վերջին անգամ փոփոխությունների ենթարկվել է ընդամենը 15 ամիս առաջ: Ուժի մեջ են մտել նոր Սահմանադրության ընդամենը մի քանի գլուխներ: Վերջնականապես այդ Սահմանադրությունն ուժի մեջ կմտնի 2018թ. ապրիլից: Այսինքն` գործող Սահմանադրությունը լիարժեք գործելու ժամանակ ուղղակի չի ունեցել, որպեսզի հնարավոր լիներ տեսնել դրա թերությունները: Այդ Սահմանադրությամբ` երկրում ամենաֆունդամենտալ փոփոխությունը կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանականին անցումն է, որը ամբողջապես տեղի կունենա միայն 2018թ.: Տրամաբանական հարց է առաջանում` եթե նոր ընդունված Սահմանադրությունը դեռ նույնիսկ չի հասցրել գործել, որտեղի՞ց այս ուժերը վերցրեցին, որ այն նորից փոփոխելու անհրաժեշտություն կա և չի ապահովվում իշխանության թևերի միջև հակակշռումն ու հավասարակշռումը: Երա՞զ են տեսել, բախտագուշակի մո՞տ են գնացել, թե՞ «մատներից հոտ քաշելը» լիուլի բավարար են համարում նոր նախաձեռնություն ցուցաբերելու համար: Տպավորություն է, թե նոր կամ նորացված ձևաչափերով քաղաքական դաշտ մուտք գործել պատրաստվող քաղաքական ուժերն ինքնահաստատման ավելի լավ տարբերակ չեն գտել, քան ինքնանպատակ սահմանադրական փոփոխություններ իրականացնելը:

«Ելք»-ը, մի կողմ թողնելով բովանդակությունը, շեշտը դրել է նոր ընդունված Սահմանադրության շուրջ հանրային համախոհություն ապահովելու վրա: Այսինքն` որոշել են, որ նոր ընդունվածը լեգիտիմ չէ: Ինչի՞ վրա է հիմնված այս պնդումը, մնում է անհասկանալի: Նույնպիսի համոզվածություն այս դաշինքն ունի նաև նախկին ընտրությունների հետ կապված: Բայց, չգիտես` ինչու, դրանց ոչ լեգիտիմության փաստարկներով, ժամանակից առաջ ընկնելով, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջ չեն դնում: Ընդ որում՝ այս ուժերն ուզում են փոխել մի Սահմանադրություն, որը լիակատար իրավա-քաղաքական պայմաններ է ստեղծում Հայաստանի նորագույն պատմության բոլոր ժամանակների ընդդիմությունների  «ամենանվիրական» երազանքը՝ իշխանափոխությունն իրականացնելու համար: Դա ընդունում են բոլորը` այն պարզ պատճառով, որ նոր Սահմանադրությամբ վերանում է մինչ այժմ իշխանության վերարտադրման հիմնական երաշխավորը հանդիսացած և պետական իշխանությունը գրեթե ամբողջությամբ իր մոտ կենտրոնացրած նախագահի իսնտիտուտը: Չի լինելու իշխանության այս հզոր բևեռը, որը կարող է ոչ միայն հակակշռել իրեն ընդդիմադիր մեծամասնություն ունեցող խորհդրարանին, այլև, անգործության մեջ մեղադրելով, ցրել այն: Իշխանություն փոխելու համար հիմա անհրաժեշտ է ընդամենը մեկ ընտրությամբ կա'մ ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն ձևավորել, կա'մ գործող իշխանական քաղաքական ուժին փոքրամասնություն դարձնող կոալիցիա ձևավորել: Ի՞նչ իմաստ ունի, առանց նման հնարավորությունը գործնականում փորձարկելու, նոր փոփոխությունների հայտ ներկայացնել, առավել ևս` երբ անգամ մարդավարի չի նշվում, թե հանուն ինչի՞ են դրանք լինելու: Բայց սա դեռ հարցի մեկ կողմն է:

Սահմանադրություն փոխելը տունտունիկ խաղալ չէ, ի վերջո: Սահմանադրությունները թաշկինակ չեն, որը մի քանի շաբաթ օգտագործելուց հետո դեն նետես: Հայաստանի երեք իշխանություններն էլ գնացել են նոր Սահմանադրության ընդունման: Մի կողմ թողնենք վերջինի՝ դեռ պրակտիկայում քննություն բռնելիք առավելությունները: 25-ամյա այս հանրապետությունում արդեն սահմանադրական 4 հանրաքվե է կայացել: Շատ չէ՞, արդյոք: Ի՞նչ է, ստեղծելու ենք կայուն ավանդո՞ւյթ, որ ամեն նոր եկող իշխանություն իր համար նոր Սահմանադրություն բերի՝ երկիրը, ամբողջ իրավակարգը դարձնելով անդադար փորձարարության առարկա: Ինչո՞ւ են, օրինակ, այս ուժերը համոզված, որ իրենց խոստացած փոփոխությունները լինելու են իդեալական: Միշտ գտնվելու է որևէ քաղաքական ուժ, որը կարող է դեմ լինել ընտրված կառավարման մոդելին, իսկ անցկացված հանրաքվեն կեղծված համարել: Ուրեմն պետք է ավանդույթի ուժով իրավունք ստանա իշխանության գալու հաջորդ պահին Սահմանադրությո՞ւն փոխել:

Սահմանադրությունն ունենալ, իհարկե, անհրաժեշտ է: Սակայն, նույնքան էլ անհրաժեշտ է դրա լիարժեք կիրառումը: Այստեղ է իրականում թաքնված հայաստանյան խնդիրների  «շան գլուխը»:  Եվ հենց այստեղից պետք է սկսել երկրի վերանորոգումը:      

  Գևորգ Դարբինյան 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica