close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2017
+15°
+26°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2017
USD1480.22
GBP1607.86
EUR1536.12
RUB18.04
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
news@yerkir.am yerkir.am@gmail.com
ՎԵՐԵՎ

Հետընտրական ցնցումների նախերգանք, կամ «Սասնա ծռեր»-ի ռեինկարնացիան

Թեմա

20 Մարտի 2017, 20:40
 Հետընտրական ցնցումների նախերգանք, կամ «Սասնա ծռեր»-ի ռեինկարնացիան

 «Ոտքի, Հայաստա՛ն» շարժման ղեկավարներից Անդրիաս Ղուկասյանը, ով 2016-ի հուլիսից անազատության մեջ է` Էրեբունու ոստիկանական զորամասի վրա զինված հարձակում գործած «Սասնա ծռեր» խմբին աջակցելու նպատակով Սարի թաղում անցած ամռանը զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով, ուղերձով դիմել է ընտրողներին: Նա կոչ է արել առաջիկա խորհրդարանական ըտնրություններին քվեարկել Սեյրան Օհանյանի գլխավորած ՕՐՕ դաշինքի օգտին: Ղուկասյանը պնդում է, որ Սեյրան Օհանյանի ներգրավումն ընդդիմադիր դաշինքում ցույց է տալիս երկրի ռազմական և իշխանական վերնախավի միջև առաջացած խոր հակասությունը: Այդ ենթադրյալ հակասությունը նույնացնելով 1998թ. ստեղծված՝ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին հանգեցրած  իրավիճակի հետ՝ նա ընդգծում է. «Հայաստանի այսօրվա ռազմական էլիտան չգնաց պետական հեղաշրջման ճանապարհով, այլ արժանապատվորեն դուրս եկավ քաղաքական պայքարի՝ խորհրդարանական ընտրություններում համալրելով ընդդիմության շարքերը: Իհարկե, ժողովրդավարական պետությունում բանակը պետք է չեզոք մնա քաղաքական պայքարից, բայց այդ կանոնը չի կարող գործել այնտեղ, որտեղ իշխանությունը զավթված է շինծու ընտրությունների միջոցով եւ օգտագործվում է անօրինական հարստութուն կուտակելու համար՝ նույնիսկ երկրի անվտանգության հաշվին»։ Ըստ Ղուկասյանի` բանակն ընդդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքացիական հանրության եւ ժողովրդի լայն զանգվածների հետ միավորվելով` պետք է վերացնի քրեական ռեժիմը և վերականգնի սահմանադրական կարգը։

Ակնհայտ է, որ ուղերձը մաքուր մանիպուլյացիա է: Բանն այն է, որ ՕՐՕ-ին Սեյրան Օհանյանի միանալը որևէ կերպ հնարավոր չէ մեկնաբանել որպես քաղաքական իշխանության և ռազմական էլիտայի միջև խոր հակասության փաստ: Նախ՝ պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական է, իսկ ռազմական էլիտան կենտրոնացած է առավելապես բարձրագույն սպայակազմում և գլխավոր շտաբում: Իսկ վերջիններից ոչ ոք դեռ ընդդիմություն դառնալու մասին հայտարարություն չի արել: Չափազանց վառ երևակայություն է պետք իշխանական կոնյունկտուրայից միայն նրա հեռանալը ռազմական ամբողջ էլիտայի քաղաքական կողմնորոշում ներկայացնելու համար: Եթե Ղուկասյանը, որպես ռազմական էլիտա, նկատի ունի ՕՐՕ-ի ցուցակում ընդգրկված մի խումբ նախկին ազատամարտիկների, ապա այդպիսիք կան նաև թե՛ իշխանական, և թե՛ ընդդիմադիր ուժերի ցուցակներում:

Այս առումով նման կոչը զուտ բանակ-քաղաքական իշխանություն երևակայական հակասության վրա խաղալու մանիպուլյացիոն հնարք չէ: Իրականում այն ավելի խորքային և հեռուն տանող ծրագրերի ակնարկ է. Անդրիաս Ղուկասյանն անուղղակի ռազմական թավշյա հեղափոխության կոչ է անում ինչպես ընտրողներին, այնպես էլ բանակի սպայական վերնախավին: Դրա մասին է վկայում ակնարկը ընդդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքացիական հանրության եւ ժողովրդի լայն զանգվածների հետ բանակին միանալու և միասին քրեական ռեժիմը վերացնելու վերաբերյալ: Փաստ չէ, իհարկե, որ խոսքը վերաբերում է երկրի ներսում զինտեխնիկայի և զորքերի կիրառմանը, այսինքն` ռազմական իրական հեղաշրջմանը, բայց որ Ղուկասյանն ակնարկում է նման սպառնալիք ստեղծելու, անկախ ընտրությունների արդյունքներից` հասարկությանը և բանակին հետընտրական սուր զարգացումների մղելու մասին, կարծես թե ակնհայտ է: Բայց սա Ղուկասյանի անձնական նախաձեռնությունը չէ: Նա ընդամենը զարգացնում է այն ուղեգիծը, որը միասին աստիճանաբար հստակեցնում են ՕՐՕ-ն և «Սասնա ծռեր» խումբն ու Ժիրայր Սեֆիլյանի համակիրները:

Օրեր առաջ  ՕՐՕ-ն ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին առաջարկեց  ընտրություններից հետո ՀՀԿ-ի բացառմամբ ստեղծել «Ազգային համաձայնության կոալիցիա» և կառավարություն: Քվեարկությունից առաջ, առանց իմանալու՝ որ ուժերն են հաղթահարում ԱԺ անցնելու սահմանային շեմը, ինչ հարաբերակցությամբ, որքանով են նրանց ծրագրային ու աշխարհայացքային մոտեցումները համընկնում դաշինքի պատկերացումներին, նման կոչով հանդես գալը կարող էր հետապնդել մյուս ուժերին իրական ընդդիմություն լինել-չլինելու արհեստական երկընտրանքի առջև կանգնեցնելու և հետընտրական հնարավոր զարգացումներն առաջնորդելու նպատակ: ՕՐՕ-ն, փաստորեն, հասկացնում է, որ իր հիմնական «խաղաժամանակը» հետընտրական շրջանն է:

Հիմնվելով քարոզարշավի ներկայիս փուլում ներթիմային կամ մասնակից ուժերի միջև լոկալ բնույթի մի քանի բախումների, ընտրակաշառքի բաժանման մասին անհասցե տեղեկությունների վրա, ինչպես նաև հաշվի առնելով Արթուր Սարգսյանի անժամանակ մահը, ՕՐՕ-ին մաս կազմող «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացնող Արմեն Մարտիրոսյանն հայտարարել էր, թե ընտրություններն այլևս չի կարելի գնահատել ազատ և արդար, ողջունել էր դրանից առաջ ՔԿՀ-ից Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» խմբի կողմից իրենց ուղղված` համաժողովրդական ընդվզման անցնելու կոչը: Հատկանշական է, որ այս կոչով հեղինակները ոչ միայն աջակցություն են հայտնում ՕՐՕ-ին, այլև Ջրառատի դեպքերի հետ կապված` իշխանության գործադրած «բռնությանը բռնությամբ» պատասխանելու` ՕՐՕ-ականների քայլը որակում են որպես իրենց զինված ապստամբության փորձից հետո «առողջարար մղումների» դրսևորում: Արմեն Մարտիրոսյանը չէր կարող չիմանալ, որ «Սասնա ծռեր»-ի և Ժիրայր Սեֆիլյանի այդ «ողջույնի» տակ կոդավորված է հենց ռազմական ապստամբության անցնելու մարտակոչը:

Ակնհայտ է, որ «Սասնա ծռեր»-ի և ՕՐՕ-ի միջև ոչ թե հաճոյախոսությունների սովորական փոխանակում է տեղի ունենում, այլ մարտավարությունների համադրում:  ՕՐՕ-ի համար «Սասնա ծռեր»-ի, Ժիրայր Սեֆիլյանի ու Անդրիաս Ղուկասյանի անունների հետ ասոցացվելը արմատական ընդդիմության կերպարով հանդես գալու և իբրև իրական ընդդիմություն մրցակցային դառնալու խնդիր է լուծում: Եթե սա զուտ նախընտրական քարոզչության դետալ է, կարելի է ընկալել: Սակայն տպավորություն է, որ կա՛մ այդ ուժը կարող է հայտնվել ներկայումս քաղաքական գործընթացների վրա անմիջական ազդեցության հնարավորությունից զրկված արմատականների ազդեցության և մանիպուլյացիաների հետընտրական թակարդի մեջ, կա՛մ էլ իրապես տեղի է ունենում ՕՐՕ-ի միջոցով «Սասնա ծռեր»-ի քաղաքական ռեինկարնացիա, և այս դաշինքը նրա համար վերածվում է հետընտրական սուր զարգացումներին ծառայեցվելու հանրային-քաղաքական հարթակի:

Գևորգ Դարբինյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica