close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2017
+22°
+36°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2017
USD1478.62
GBP1620.39
EUR1550.51
RUB18.10
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Հացը, մարդը եւ քաղաքացին

Հարթակ

17 Մարտի 2017, 16:00
 Հացը, մարդը եւ քաղաքացին

Բոլորս` անկախ քաղաքական պատկանելությունից եւ հայացքներից կամ դրանց բացակայությունից, միահամուռ, միասնակամորեն ցավ ապրեցինք: Ցավ ապրելը միայն այդ պարագայում է լավ, երբ բոլորը միասին են այն ապրում, ազգովի, մանավանդ, երբ ազգովի այլ բան չենք անում, չենք կարողանում, չի ստացվում:

Հայաստանի քաղաքացի Արթուր Սարգսյանն էլ չկա, մահացավ, ասում են՝ սպանվեց, ասում են՝ սպանեցին: Այդպե՞ս է, չգիտեմ: Կպարզվի: Հուսանք՝ կպարզվի: Հուսանք՝ գոնե սա կպարզվի: Ուրիշ կարեւոր բան կա. Արթուր Սարգսյանը հաց բերող չէ, նա հաց է տարել, ինչպե՞ս, կարեւոր չէ, շատ կարեւոր է, բայց մեծամասնության համար կարեւոր չէ, իսկ մեծամասնության համար կարեւորն օրենք է, օրենքից վեր մի բան: Արթուր Սարգսյանը ՀՀ քաղաքացի է, սա ավելի կարեւոր է, կարեւորը սա է, ոչ թե նրա` հաց տանելը: Ուրեմն խնդիրը ոչ թե այն է, թե այս ի՞նչ են արել հաց բերողի հետ, այլ` այն, թե այս ի՞նչ են արել ՀՀ քաղաքացու հետ: Ռոմանտիկան, խիղճը, մարդկայնությունը հրաշալի բաներ են, բայց դրանցով պետություն չեն կառուցում, միայն դրանք բավարար չեն ընտանիք պահելու համար անգամ: Հաց բերողն այդ ռոմանտիկան է, քաղաքացին՝ պետությունը:

Կզարմանաք, բայց մենք պետություն ունենք: Պետությունն էլ իր օրենքներն ունի, որոնք էլի մերն են, գոնե մեզ են վերաբերում, մեզ, այսինքն` բոլորիս եւ հաց բերողին եւ հաց խլողին: Եթե պետության օրենքն ասում է, որ չի կարելի հաց տանել, իսկ մարդկային խիղճը դրա դեմ ընդվզում է, հետո` պոռթկում, ապա՝ ըմբոստանում, արդյունքում էլ՝ ապստամբում-հարձակվում, ապա հաց տանողը պետության օրենքն է խախտում` խղճի թելադրանքով, բայց խախտում է, մարդկայնորեն, բայց խախտում է… Գուցե ճիշտ է անում, գուցե ճիշտը պետության վրա թքելն է, ոչ թե` մարդու: Հնարավոր է, որ մարդու վրա չթքողը պետության վրա էլ չի թքում, քանի որ պետությունն առանց մարդ ոչինչ է, սա հաստատ այդպես է, բայց… Կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ մարդ է մահացել, Հայաստանի քաղաքացի Արթուր Սարգսյանը, որին նաեւ կոչում են՝ Հաց բերող, բայց դա, կզարմանաք, կարեւոր չէ:

Վերջին բանն էլ կա՝ զարմանալու: Թեև Արթուր անունն ու Սարգսյան ազգանունը շատ տարածված են, բայց բոլորս Արթուր Սարգսյան չենք: Եթե լինեինք, հացը մենք կտանեիք, չենք տարել, ուրեմն չենք: Ու հիմա պետք չէ, ճիշտ չէ, արդարացի չէ բոլորիս անվանել Արթուր Սարգսյան: Եթե նա հերոս է, ուրեմն բոլորս Արթուր չենք, քանի որ բոլորս չենք կարող հերոս լինել: Եթե բոլորս Արթուր ենք, ուրեմն նա հերոս չէ, քանի որ բոլորս հերոս չենք կարող լինել: Հերոսությունը բոլորը չեն անում, դա անհատական գործողություն է, հազվադեպ հանդիպող, դարը՝ մեկ: Արթո՞ւրը, Արթուրը ՀՀ քաղաքացի էր:

Հովիկ Աֆյան 

Իժ և գյուրզա` տան բակում
20 Հուլիսի 2017, 17:46 Իժ և գյուրզա` տան բակում
Փոխնախարար է նշանակվել
20 Հուլիսի 2017, 14:41 Փոխնախարար է նշանակվել
5 մարզում լույս չի լինի
20 Հուլիսի 2017, 13:10 5 մարզում լույս չի լինի

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica