close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2018
+3°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2018
USD1480.63
GBP1671.20
EUR1591.51
RUB18.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընտրողների «ուղեղների լվացքի» տեխնոլոգիաները

Թեմա

15 Մարտի 2017, 21:00
 Ընտրողների «ուղեղների լվացքի» տեխնոլոգիաները

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին կիրառվող ամենաուժեղ զենքերը երկուսն են. պոպուլիզմը և մասսայական քաղաքական ուժերի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվածների միջոցով ընտրազանգվածի փաստացի ահաբեկումը: Դա է պատճառը, որ քաղաքակիրթ ընտրարշավին բնորոշ տեխնոլոգիաներին տեղ չի մնում:

Պոպուլիզմի սարսափելի դոզան, որ անարգել հորդում է որոշ ուժերի նախընտրական ծրագրերից ու հրապարակային հայտարարություններից, փաստացի հեռուստատեսային սերիալների էֆեկտ ունի և մի ոչ փոքր ընտրազանգվածի վրա ունենում է հոգեմետ ազդեցություն: Օճառային օպերաների գրավչության գաղտնիքն այն է, որ դրանցով հեռուստադիտողին մատուցվում է դիտողի համար անհասանելի իրականություն՝ ի դեմս որպես կանոն բավականին հարուստ կենսակերպով ապրող հերոսների և նրանց շվայտ ապրուստի: Սերիալներն օգնում են մարդկանց՝ վիրտուալ, հոգեբանական մակարդակով ստանալու այն, ինչն իրական կյանքում ձեռք բերելու հնարավորություն նրանք գործնականում չունեն: Սա կյանքի, կենսապայմանների անարդարություններից, քիչ մրցակցային լինելու կոմպլեքսներից՝ այդ հեքիաթային իրականությանը ինչ-որ կերպ հաղորդակից լինելով  ազատվելու մեխանիզմն է: Եվ հենց այս հանգամանքն է հատկապես սոցիալապես անապահով, մինջինց ցածր կենսամակարդակ ունեցող մարդկանց սերիալների ժամերին գամում հեռուստաէկրաններին և ստիպում նրանց ապրել հերոսների ուրախություններն ու տխրությունները, հաճույքներն ու տագնապները: 

Նույնը տեղի է ունենում պոպուլիզմով ընտրողներին կերակրելու պարագայում: Ընտրողին տալիս են այն, ինչը երբեք ապահովել չեն կարող: Նրան թույլ են տալիս ապրելու այդ երազանքներով և դրդում գնալ իրենց ետևից: Սակայն գնալ՝ ոչ թե դրանց կատարմանը հավատալու պատճառով, այլ այդ երազանքները իրենց արժանացնելու, դրանցով իրենց ակնկալիքների բավարարման պատրանք ստեղծելու: Եթե սոցիոլոգները և հոգեբանները երբևէ փորձեն հետազոտել ընտրազանգվածի տեսակը, դասակարգել այն, բացարձակապես տարօրինակ չի լինի, եթե պարզեն, որ թե՛ սերիալների համար իրենց կոտորողները, թե՛ պոպուլիստական խոստումներ տվողն ուժերին համակրողները՝ նույն տիպի անձինք են:

Ինչպես հեռուստաընկերություններն են սերիալներով լվանում իրենց հեռուստադիտողների ուղեղները՝ միաժամանակ մեծ հեռուստալսարան ապահովելով գրավում գովազդատուներին, այնպես էլ ընտրություններին պոպուլիզմով ներկայացող ուժերն են լվանում ընտրողների ուղեղները՝ նրանց զրկում այդ խուստումների իրատեսականությունը գնահատելու կարողությունից և միաժամանակ փորձում ձեռք բերել այնքան անհրաժեշտ քվեները: Բայց դրանցի ոչ ընտրողն է օգտվում, ոչ էլ այդ քաղաքական ուժերն են դառնում ավելի ամուր, գաղափարական, հանրային վստահություն ունեցող  և բովանդակային առումով իսկապես քաղաքական:

Ռեյտինգային ընտրակարգով օդիոզ կերպարների, թաղային «կռուգ» ունեցողների  առաջադրումը հոգեբանական ներգործության մեկ այլ ձև է՝ խարսխված ընտրողներին ենթագիտակցորեն ահաբեկելու վրա: Դրա իմաստն այն է, որ նույն լյումպեն զանգվածը հանկարծ չմտածի, որ այս ընտրակարգն ինչ-որ ձևով տարբերվում է մեծամասնականից և ծառայում է համամասնական ընտրակարգին: Այստեղ գործում է եռաթև գործարքի սխեման: Քաղաքական ուժերը գործարքի մեջ են ռեյտինգայինով առաջադրված այդ մարդկանց հետ, որոնք տվյալ քաղաքական ուժի հետ ոչ մի արժեքային, գաղափարական կապ չունեն; Նրանք աշխատում են բացառապես մեկ նպատակով. լուծել խորհրդարան անցնելու խնդիրը՝ հանուն անձեռնմխելիության ձեռքբերման և պատգամավորական մանդատի շնորհիվ գործադիր իշխանության մոտ իրենց անձնական, բիզնես հարցերը լուծելու քարտ բլանշն ստանալու համար: Իսկ գործարքի էությունը հետևյալն է. լուծեք ձեր անձնական հարցերը՝ ցուցակով առաջադրվելու հնարավորությունն ստանալով, դրա դիմաց ձայն բերեք այդ հնարավորությունն ընձեռած քաղաքական ուժերին: Եվ կապ չունի՝ ինչ եղանակներով է իրականացվելու «ձայն բերելու» այդ օպերացիան. կարևորը արդյունքն է: Ահա թե ինչու այդ ուժերի ռեյտինգային թեկնածուներից շատերը բուն քարոզչությանը գրեթե մասնակցություն չեն ունենում: Նրանք գործուն են ստվերում:

Իրենց հերթին այդ ռեյտինգայինով առաջադրվածները մտնում են գործարքի մեջ ընտրողների հետ. բաժանում են ընտրակաշառք, տալիս են նրանց կենցաղային, կոմունալ հարցերը լուծելու խոստումներ, ում կարող են՝ ենթարկում են շանտաժի, միայն թե այդ մարդիկ քվեարկեն կոնկրետ թեկնածուի օգտին: Սա ամենակարևոր պահն է. ընտրողը չպետք է մտածի, որ ինքը ձայն է տալիս կուսակցությանը: Նա պետք է իմանա, որ իր քվեն տալիս է կոնկրետ թեկնածուի: Եվ եթե ընտրախցիկ մտնելով պետք է 9 քաղաքական ուժերի քվեաթերթիկներից, օրինակ, վերցնի կապույտ գույնի քվեաթերթիկը, ապա պետք է առաջնորդվի այն մոտեցմամբ, որ դա ոչ թե այդ կուսակցության, այլ հենց իր հետ աշխատած թեկնածուի «գույնն» է: Եվ այս մակարդակում ևս տեղի է ունենում ընտրողի, մարդու ուղեղի լվացում:

Նորմալ քաղաքական ռեյտինգային թեկնածուն օդիոզ ռեյտինգային թեկնածուից չի տարբերվում միայն նրանով, որ օդիոզ չէ: Հիմնական տարբերությունն այն է, որ նորմալ ռեյտինգային թեկնածուն ոչ թե իրեն ԱԺ գցելու համար է առաջնահերթորեն աշխատում, այլ այն ուժի, որի ցուցակով առաջադրվել է: Մոտիվացիան լրիվ հակառակն է: Այս մարդկանց համար խորհդրարան չանցնելը ողբերգություն չէ: Բայց «ահաբեկիչ ռեյտինգայինների» համար նման ելքն ուղղակի  կատաստրոֆա է թե՛ ծախսած միջոցների անվերադարձնելիության պատճառով, և թե՛ պարտված լինելու փաստի հետ հոգեբանորեն չհամակերպվելու: Նորմալ ռեյտինգային թեկնածուները, ի սկզբանե հստակեցնում են խաղի կանոնները. նրանք առաջադրվում են ոչ թե իրար հետ մրցակցելու և իրարից ձայն խլելու, այլ իրենց հատկացված «տարածքում, բնակավայրերում» տվյալ քաղաքական ուժի քարոզչությունը տանելու և ընտրողների վստահությունը, հանձինս իրենց կերպարների, իրենց հաղորդակցային ու հռետորաբանական կարողությունների շահելու նպատակով:

Ներթիմային բախումները մասսայական քաղաքական ուժերի ներսում առաջանում են այն պատճառով, որ մեկը «ներխուժում» է մյուսի տարածք, այսպես ասած՝ ազդեցության գոտի և փորձում այնտեղից իր համար ձայներ գողանալ; Եվ քանի որ այդ մարդկանց ֆեոդալական, վասալային մտածողությամբ ընտրատարածքներն իրենց կալվածքները կամ իշխանություններն են, իսկ բնակիչները՝ իրենց ճորտերը, չեն հանդուրժում իրենց այդ «սեփականության» նկատմամբ որևէ կողմնակի ոտնձգություն՝ անկախ նրանից՝ նույն թի՞մն են ներակացնում, թե՞ ոչ:

Եվ ահա այս երկու ժամանակակից «ընտրական տեխնոլոգիաները» ձեռք ձեռքի տված հասարակությանը և ընտրողների բավականաչափ ստվար հատվածին ուղղակի պահում են յուրօրինակ գերության մեջ՝ շարունակելով ապականել ընտրական ու քաղաքական համակարգերը:

Գևորգ Դարբինյան

Ջերմաստիճանը կբարձրանա
25 Փետրվարի 2018, 14:51 Ջերմաստիճանը կբարձրանա
Սպասվում են տեղումներ
24 Փետրվարի 2018, 18:00 Սպասվում են տեղումներ
Պատահար՝ Վանաձորում
24 Փետրվարի 2018, 11:06 Պատահար՝ Վանաձորում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica