close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2018
+16°
+25°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2018
USD1482.76
GBP1644.63
EUR1565.36
RUB17.81
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սոցիալական խնդիրներից այն կողմ մարդիկ ուրիշ ոչինչ չեն ուզում ընկալել. Նունե Պետրոսյան

Հարցազրույց

15 Մարտի 2017, 17:16
 Սոցիալական խնդիրներից այն կողմ մարդիկ ուրիշ ոչինչ չեն ուզում ընկալել. Նունե Պետրոսյան

Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ համամասնական ցուցակի 12-րդ հորիզոնականում գտնվող մանկաբույժ Նունե Պետրոսյանի հետ:

-Ո՞ր թվականից եք կուսակցական և ինչո՞ւ եք հենց ՀՅԴ-ն եք ընտրել:

-Դաշնակցության անդամ եմ 1997 թվականից և ինձ երբևէ չեմ էլ պատկերացրել մեկ այլ կուսակցության անդամի դերում, որովհետև, իմ կարծիքով, ամեն հայ, իսկական հայրենասեր հայ ինչ-որ չափով դաշնակցական է: Դաշնակցությունը կուսակցությունից վեր գաղափար է: Ոչ մի շահադիտական նկատառում ինձ երբեք չի դրդել ինչ-որ քայլի գնալ, եթե մի բան արել եմ, իմ որոշումն է եղել և միայն իմ կողքինին օգնելու, ինձանից ավելի թույլին կամ օգնության կարիք ունեցողին օգնելու համար է եղել: Բժիշկ լինելով` ես միշտ փորձել եմ ներուժս օգտագործել իմ հայրենակիցներին օգնելու համար: Դրա համար ուրիշ կուսակցության անդամ չէի էլ կարող լինել: Դեռ դպրոցական տարիներից ինձ միշտ հետաքրքրել է, թե Դաշնակցությունը որտեղի՞ց է եկել, ի՞նչ գործունեություն է ծավալել, միշտ հետաքրքրվել եմ, անգամ` խորհրդային տարիներին: Ես միշտ փափագել եմ, որ մի օր պիտի ընկալեմ այդ կուսակցությունն ամբողջովին, ու եկավ այդ օրը, և ես դարձա կուսակցական:

Նշեցիք, որ մասնագիտությամբ բժիշկ եք:

- Ես մշտապես աշխատել եմ որպես մանկաբույժ, շատ սիրում եմ իմ մասնագիտությունը, բայց, մասնագիտությանս զուգահեռ, նաև ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն եմ ծավալել մշտապես: Իմ` Ազգային ժողովում պատգամավոր դառնալը ինձ համար նպատակակետ չէ: Ես միշտ փորձել եմ և' մասնագիտությամբ, և' մասնագիտությունից դուրս հնարավորություններ ստեղծել. ունեմ բարեգործական հիմնադրամ` «Մարտիրոս», որը գործում է 2003 թվականից: Հիմնադրամի միջոցով շատ ծրագրեր ենք իրականացրել և' մեր մարզում, և' մեր քաղաքում, որպեսզի ինչ-որ մի բան կյանքում դեպի լավը փոխենք: Մինչև այսօր էլ աշխատում եմ` որպես բժիշկ: Արդեն մեկ տարի է` ես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննական գործակալության մանկական մասնագիտացված հանձնաժողովի նախագահն եմ և ցավով պետք է փաստեմ, որ ամեն երեխայի փորձաքննություն սոցիալական հարցերի մի տխուր պատմության հետ է առնչվում: Այս ամենի դեմ պետք է պայքարել: Մեր հայրենակիցները պետք է ապահովագրված առողջապահություն ունենան:

- Ինչո՞ւ եք ուզում մուտք գործել մեծ քաղաքականություն: Մտավախություն չունե՞ք, որ բժիշկը կամ մեկ այլ լավ մասնագետ երբ մուտք է  գործում քաղաքականություն, նրա տեղը բաց է մնում այդ ոլորտում:

Ես հաջողված բժիշկ եմ, մանկաբույժ, բայց կարծում եմ` ինձ պես բժիշկներ շատ ունենք թե' մեր մարզում, թե' Երևանում, թե' ամբողջ հանրապետությունում, բայց կա մի բան, որ ես ներքին մղումով զգում եմ` պետք է նաև ուրիշ այլ գործառույթներ կատարեմ, որովհետև դրանց կարիքն այսօր իմ հայրենակիցն ավելի է զգում: Երբ գնում եմ իմ հարազատ քաղաքը` Վայք, և տեսնում, որ քաղաքն իր դեմքը կորցրել է, ցավ եմ ապրում, որովհետև լքված եմ  տեսնում իմ քաղաքը`  իմ քաղաքի փողոցները` դատարկ, տներում լույս չի վառվում: Այդ նույն պատկերը երևի Հայաստանի շատ այլ քաղաքներում ու բնակավայրերում է: Ես հասկացա, որ եթե կուսակցությունն ինձ վստահի, ես մեծ սիրով կստանձնեմ այս գործառույթը և մեծ սիրով կփորձեմ իսկական պատգամավոր դառնալ իմ ընտրատարածքի համար:

- Նունե Պետրոսյանն իրեն պատկերացնո՞ւմ է Ազգային ժողովում և ի՞նչ է այնտեղ անելու:

-Այո, ես ակտիվ գործունեություն եմ ծավալել թե' սոցիալական ոլորտում, թե' առողջապահական ոլորտում, թե' կրթական ոլորտում. նախ` 4 երեխաների մայր եմ, դա ինձ հնարավորություն է տվել շատ շփվել դպրոցի հետ, նաև` դպրոցի խորհրդի անդամ եմ եղել` ՏԻՄ-ի կողմից ընտրված, եղել եմ ավագանու անդամ և  բոլոր` իմ ստանձնած պաշտոններում ես հնարավորինս ամեն ինչ արել եմ, որ ինչ-որ մի բան փոխեմ, որ եղած վատը դեպի լավը փոխեմ: Եես դա արել եմ շատ սիրով, և դա ինձ համար եղել է ամենամեծ գնահատականը, որ ինքս իմ արած գործից լավ եմ զգացել: Չեմ սպասել գնահատականների և համարում եմ, որ դա է ճիշտը:

-Առողջապահության ոլորտում ո՞րն է այն բացը, որի մասին կուզեիք խորհրդարանում հայտնվելու դեպքում բարձրաձայնել կամ գուցե օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ:

- Քանի որ մանկաբույժ եմ և տեսնում եմ, որ հիվանդ երեխային ինչ-որ հարցում այս պետությունը կարող է մերժել, դա ինձ համար մեծ ցավ է: Ամեն ինչ պետք է անեմ, որ այդ մերժումները պակասեն` լինի դեղորայքի, բուժման, թե այլ ծառայություններ մատուցելու հետ կապված: Մինչև 18 տարեկան անձանց մենք համարում ենք երեխա, նրանք պետք է ապահովված լինեն այդ բոլոր ծառայություններով, իսկ մենք հիմա ունենք սահմանափակումներ, այն էլ` բավականին շատ: Առաջին հերթին սրա մասին եմ բարձրաձայնելու, բայց պետք է նշեմ, որ կարևոր է ունենալ նաև որակյալ կրթություն, որը դեռ չենք կարողանում ամբողջ հանրապետությունով մեկ ապահովել: Որակյալ կրթությունն ամեն ինչի հիմքն է, և շատ-շատ բացեր կան այնտեղ, ու եթե լինի հնարավորություն, ես այդ մասին էլ անպայման կբարձրաձայնեմ:

-Գիտենք, որ կանանց իրավունքներն էլ մեր երկրում իդեալական պաշտպանված չեն, այս ոլորտում խնդիրների կարգավորման ձեր տեսլականը ո՞րն է:

-Կանանց շահերի պաշտպանության մի շարք ծրագրերում եղել եմ ղեկավար, նաև` կամավոր հիմունքներով աշխատող: Այո, մենք շատ խնդիրներ ունենք այդ ոլորտում: Ամենացավալին այն է,  որ մեր ժողովուրդը սոցիալական շատ ծանր վիճակում է, և այդ սոցիալական խնդիրներից այն կողմ մարդիկ ոչինչ չեն ուզում ընկալել: Երբ ժամանակին սեմինարներ, դասընթացներ էինք անցկացնում մեր գյուղերում, քաղաքներում, մարդիկ ավելի սիրով էին գալիս, ավելի հետաքրքրված էին: Հիմա այնքան դժվար են գալիս, առաջին հարցը, որ տրվում է` այնտեղ ինչ-որ բան բաժանվո՞ւմ է: Ցավոք, դա է իրական պատկերը: Մարդիկ չեն գիտակցում, թե իրենք ինչ վիճակում են գտնվում, ի՞նչ կարգավիճակ ունի կինը թե' ընտանիքում, թե' հասարակության մեջ, թե' իրենց բակում, թե' աշխատանքում: Դրա համար մենք պետք է շատ լինենք նրանց կողքին, որպեսզի կարողանան բացել իրենց խնդիրները:

- Երկրում առկա բազմաթիվ խնդիրներից մի քանիսի մասին խոսեցինք, այս ամենին Ձեր կուսակցության նախընտրական  ծրագիրը լուծում տալի՞ս է:

- Իհարկե, ամենակարևոր հանգամանքը այն է, որ անցնելու ենք խորհրդարանական կառավարման համակարգի, որի շնորհիվ ավելի ճիշտ լուծումներ կգտնենք այս երկրի համար, ճիշտ օրենքներ կմշակվեն, իրար զսպելով, իրար հետ քննարկելով` ավելի ճիշտ լուծումներ կգտնենք այս երկրում փոփոխություններն ավելի ակնառու դարձնելու համար, չի լինի միանձնյա ղեկավարում, օրենսդիր, գործադիր և դատական մարմիններն էլ կլինեն ավելի ազատ, և արդյունքում` կունենանք հնարավորություն ավելի շատ գործեր անելու և ավելի շատ ճիշտ օրենքներ մշակելու: Մրցունակ բիզնես խթանող հարցեր ունենք լուծելու, մենաշնորհի վերացման խնդիրներ ունենք, և նոր սկիզբը մեզ կտա հնարավորություն ավելի ճիշտ քայլեր անելու այս խնդիրների լուծման համար:

- Ոչ մի կուսակցության ծրագիր էլ վատը չէ, ինչո՞ւ պիտի ընտրողը ձեր ծրագրին նախապատվություն տա:

Այո, եթե լսենք բոլորին, շատ գեղեցիկ խոսքեր են ասում, բոլորն ասում են այն, ինչ ուզում են լսել մեր քաղաքացիները: Բայց Դաշնակցությունն այն կուսակցությունն է, որ չի ստեղծվել մի անձի շուրջ և ավելի շատ ժողովրդից ծնված է: Դաշնակցությունն իր ժողովրդին վերաբերվել է ծնողի պես: Դաշնակցությունն ավելի զգուշավոր է եղել իր քայլերում, ավելի  զգոն` իր բոլոր գործողություններում, որպեսզի մեր ժողովրդի ստեղծածը չվնասի, այլ հակառակը` նորը ստեղծի: Մենք պետք է ունենանք լուրջ ներկայություն պառլամենտում, որպեսզի այն, ինչ ուզում ենք ասել և ցույց տալ ժողովրդին, դրա հնարավորությունը տան մեզ, դա է կարևոր: Երկիրի կառավարումը պետք է լինի հավասարակշռված վիճակում, որպեսզի մենք ունենանք ցանկալի արդյունքներ:

-Միշտ ասում են` քաղաքականությունն անբարոյականություն է: Հնարավո՞ր է զբաղվել քաղաքականությամբ և լինել ազնիվ:

- Ես երբեք չեմ ընդունել այս բառերը` քաղաքականությունն անբարոյականություն է: Ես մի բան կասեմ` քաղաքականությունը դոգմատիզմ չէ,  քաղաքականությունը քայլերի մի շարք է: Իսկ եթե անբարոյականներն են զբաղվում քաղաքականությամբ, ուրեմն, այո, քաղաքականությունն անբարոյականություն է:

 Զրուցեց Ամալյա Առաքելյանը

Փլուզում՝ Երևանում
26 Մայիսի 2018, 13:00 Փլուզում՝ Երևանում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica