close
Եղանակը Երևանում
25 Հունիսի 2017
+28°
+30°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնս 2017
USD1480.39
GBP1611.30
EUR1536.60
RUB18.07
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Ամենատխուրը կլինի այն, որ ապրիլի 3-ին նայենք իրար ու ասենք` պարզ է, այսպես էլ պետք է լիներ

Հարցազրույց

15 Մարտի 2017, 20:00
 Ամենատխուրը կլինի այն, որ ապրիլի 3-ին նայենք իրար ու ասենք` պարզ է, այսպես էլ պետք է լիներ

Yerkir.am-ի զրուցակիցը «Հայբուսակ» համալսարանի տնօրեն, թիվ 2 ընտրատարածքում ՀՅԴ-ի կողմից ներկայացված ռեյտինգային  թեկնածու, անկուսակցական Անահիտ Հարությունյանն է:

 

-Տիկի'ն Հարությունյան, ի՞նչը Ձեզ չգոհացրեց կրթության ոլորտում, որ որոշեցիք քաղաքականություն մտնել:

- Ժամանակն էր. 25 տարի է` ղեկավարում եմ այլընտրանքային կրթության «Հայբուսակ» համալսարանը: Մասնավոր կրթությունը, կարծում եմ, մեր անկախ հանրապետության լավագույն դրսևորումներից էր, այսինքն` ինչպես ցանկացած ոլորտում, այնպես էլ կրթությունում անհրաժեշտություն էր այլընտրանքը, դա և՛ մասնագիտությունների այլընտրանք էր, և՛ ուսման վարձի, և՛ նոր մոտեցմամբ էր կազմակերպում կրթությունը` ավելի ճկուն ու արդի: Այդ տարիների ընթացքում ես մեծ հույսեր ունեի, որ մեր երկիրը կաջակցի բոլոր տիպի ժողովրդավար դրսևորումներին, սակայն մեծ առումով այդպես չի եղել: Իհարկե, եղել են դրական փոփոխություններ` ոչ պետական բուհերի հավատարմագրումը, օրենսդիր դաշտում` բարձրագույն կրթության մասին օրենքը: Սակայն, մյուս կողմից, երկիրը կարող էր բարենպաստ պայմաններ ստեղծել մասնավոր կրթության զարգացման համար, բայց չարեց, և եթե այսօր տեսնում ենք ոչ պետական 2-3 հաջողակ բուհ կամ դպրոց, ապա դա բացառապես այն անհատների շնորհիվ է, ովքեր կյանք են դրել այդ գործի համար: Վերջին 7-8 տարիների ընթացքում ինձ մոտ հարց է ծագել` ինչո՞ւ է պետությունը բոլոր ոլորտներում տվել ազատական զարգացման հնարավորություն, իսկ կրթությունն անտեսել է: Եկել եմ մի եզրակացության` պետական բուհերը, որոնք արդեն ապահովված էին բոլոր պայմաններով և ունեին մեծ ազդեցություն, կարողացան այնպես անել, որ պետությունը շեղվի իր իսկական դիրքորոշումից և տանի կրթության զարգացումն այն ճանապարհով, որը բերում է փակուղու: Ասում են, թե ազգաբնակչությունը նվազել է, դրա համար էլ դիմորդների թիվն է պակասել, և պատկերացրեք` մասնավոր բուհերում որքան է նվազել ուսանողների թիվը: Սակայն բնակչության թվի նվազումը չէ պատճառը, որ մարդիկ ավելի քիչ են բարձրագույն կրթություն ստանում մասնավոր բուհերում, այլ այն, որ պետությունը որևէ քայլ չի անում` պաշտպանելու իր իսկ ստեղծած մասնավոր բուհական կրթությունը:

Այսինքն` հակամարտությունը մասնավոր և պետական բուհերի միջև շարունակվո՞ւմ է, և մասնավոր բուհերը մնում են բախտի քմահաճույքի՞ն:

- Հակամարտությունը ոչ միայն շարունակվում է, այլև վերջին տարիներին այն այնքան սրվեց, որ օրենքից որոշ կետեր, որոնք ձեռնտու չէին պետական բուհական համակարգին, պարզապես դուրս մղվեցին` բացարձակապես անհասկանալի ձևով, առանց քննարկումների ու հիմնավորման: Դա արվեց, որպեսզի լրիվ սեփականաշնորհվի պետական բուհական համակարգը, քանի որ պարզ է` եթե բնակչությունն ընտրի պետական բուհեր, դրանք մեծ օգուտներ են ենթադրում` անձնական ու պետական: Մինչդեռ` հաշվի չառնվեց կարևոր մի բան` պետության հիմքը միջին բիզնեսն է, և մասնավոր կրթությունն այնքան գումար է վճարում պետբյուջե, որ մեր` գոնե տարեցները կարող են հանգիստ ապրել: Մենք` մասնավոր բուհերս, պետությանը միայն տալիս ենք, ոչինչ չենք ստանում, և դրա կարիքն էլ չկա: Մի բան էլ` վատ օրից չէ, որ խոսում եմ այդ մասին. մեր բուհում 280 աշխատատեղ կա, մոտ 3000 ուսանող ունենք: Ես չեմ կարող նստել և նայել, թե ինչպես է մեռնում մասնավոր կրթությունը, այս տարիներին ես հետազոտել եմ այս ամենն ու իմ տեսլականն եմ ստեղծել, թե ինչպիսին պետք է լինի զարգացող պետությունը:

- Այսինքն` հիմա ձեզ պետք է ուժ, որպեսզի ձեր ցանկություններն ու նպատակները կյանքի՞ կոչեք:

-Այո, մեզ պետք է ուժ, որ կարողանանք ստիպել` օրենքն աշխատի, ապօրինի գործողություններ չարվեն, ամեն չինովնիկ, ում դուր չի գալիս, որ մասնավոր կրթությունը կարող է ավելի մեծ պահանջարկ ունենալ, քան պետականը, որևէ սխալ քայլ չանի մեր դեմ: Այսինքն` մեզ պետք է մեր ձայնն ունենալ ԱԺ-ում: Այսօր մեր ժողովրդին առաջին հերթին հենց արդարությունն է պակասում, իսկ ավելի ցայտուն ոլորտ, քան կրթությունն է, որտեղ էլ դրսևորվում է անարդարությունը, չկա: Պետական բուհերի սովորողների համար էլ կան խոցելի խնդիրներ` ինչո՞ւ պետք է ուսման տեղերն ավելանան կամ պակասեն այսինչ պատգամավորի ցանկությամբ: Թող չլինի տպավորություն, որ ես բացառապես մասնավոր սեկտորի շահերն եմ պաշտպանում, ո՛չ, պարզապես ուզում եմ` արդարություն հաստատվի: Ուսանողների մոտ 90 տոկոսը բուհերում վճարովի համակարգով է սովորում, իսկ ո՞վ է հաշվարկել` վարձավճարների չափն իրոք արդարացվա՞ծ է, որևէ տնտեսագետ կարո՞ղ է ասել, թե ինչու է ուսանողն այս կամ այն մասնագիտության համար վճարում 1 մլն կամ 900 000 դրամ: Կարծում եմ` պետք է հստակ հաշվարկ լինի, քանի որ վստահ եմ` այդքան գումար չի ծախսվում դասախոսներին կամ բուհը պահելու համար:

- Ինչպես հասկացա` ձեր գործունեության թիրախը լինելու է կրթությունը, բայց պատրա՞ստ եք նաև այլ ոլորտների հիմնահարցերով էլ զբաղվել, քանի որ ԱԺ-ում ներքաղաքական այլևայլ հարցեր էլ են քննարկվում:

- Ես կամա, թե ակամա դարձել եմ այս օրենքների մասնագետն ու գիտակը և ուզում եմ ասել, որ կրթության ոլորտի օրենսդիր դաշտին շատ լավ եմ տիրապետում: Բացի այդ` ես պատրաստ եմ աշխատել մշակութային հարցերի շուրջ, գիտեմ, որ այսօր մշակույթը նույնպես անկում է ապրում, մշակույթի գործիչների վիճակն անմխիթար է: Հայաստանում մշակույթն անցել է միջինից ցածր մշակութային գործիչների ձեռքը, մաֆիայի նման ինչ-որ բան է ստեղծվել, որ կառավարում է ոլորտը: Ես ինձ տեսնում եմ նաև սոցիալական հարցերի շուրջ աշխատելիս, ես կարող եմ դրանցում խորանալ, քանի որ իմ գործունեության ընթացքում ոչ միայն բախվել եմ դրանց հետ, այլև ես և մեր ամբողջ կոլեկտիվը նույնիսկ վիճակագրություն ենք ստեղծել, թե որ խավերից են մարդիկ հիմնականում մասնավոր բուհ ընդունվում: Դու չեք պատկերացնի, թե մտավորականների ինչ մեծ խավ կա այսօր մեր մասնավոր համալսարաններում, և սա խոսում է մի բանի մասին` պետական բուհերում վարձավճարները շատ բարձր են, կրթված խավը չի կարողանում հաղթահարել պետական բուհերի բարձր վարձավճարները: Այնպես որ` կարծում եմ, որ կան որոշակի ոլորտներ, որտեղ ոչ միայն կարող եմ, այլև ուզում եմ աշխատել, քանի որ փորձ ունեմ կուտակած, իսկ կենսափորձը ոչնչով հնարավոր չէ փոխարինել կամ գնել, դա այն է, ինչ ամեն մեկս մեր ներսում կրում ենք: Ես այսօր արդեն այնքան եմ հասունացել, որ իմ  գիտելիքների և կենսափորձի անգնահատելի պաշարը պատրաստ եմ ծառայեցնել մեր հանրության շահերին:

Կրթությունը մարդուն տալիս է գաղափարական ու հոգևոր անսահման ազատություն, արդյո՞ք քաղաքականությունը չի սահմանափակի ձեր ազատությունը:

- Արդեն չի կարող, քանի որ եթե ես 30 կամ 40 տարեկանում մտնեի քաղաքական դաշտ, կունենայի այն բոլոր սահմանափակումները, որոնք հաճախ նկատում եմ ԱԺ ներկայացուցիչների, հատկապես` երիտասարդների մոտ: Ես 59 տարեկան եմ, որից 38 տարին աշխատել եմ, այսինքն` իմ գիտակցական կյանքն աշխատել եմ և իմ ուսանողների, աշխատողների հետ ստեղծել մի արժեհամակարգ, որը ոչ մեկին չեմ հանձնի: Հենց այդ արժեհամակարգն է, որ ստիպում է ինձ գնալ այդ քայլին ու մտնել քաղաքականություն, և ես կոչ կանեմ բոլոր երիտասարդներին, ովքեր երազում են զբաղվել քաղաքականությամբ` սկզբից փորձ կուտակել ու որոշակի փուլեր անցնել, հաստատակամ լինել որոշման մեջ ու նոր միայն մտնել քաղաքական դաշտ: Ես ոչ մեկի խնդրանքով չեմ գնում քաղաքականություն, սա իմ որոշումն է: Ի դեպ, եթե առանձին առաջադրվելու հարց լիներ, ես չէի գնա այդ քայլին, քանի որ չեմ հավատում, որ մեր հանրության մեջ անհատը կարող է միայն իր ուժով ու արդար ճանապարհով ստանալ այնքան քվե, որ մտնի ԱԺ:

Ինչո՞ւ հենց ՀՅԴ-ի ցուցակով որոշեցիք քաղաքական դաշտ մտնել, մանավանդ` տարիներ առաջ ԲՀԿ-ին էիք անդամակցում: Ի՞նչ փոխվեց այս ընթացքում, և շա՞տ են տարբերությունները այս կամ այն կուսակցության միջև:

- Եթե մենք այսօր ստիպված պետք է բացատրենք, թե որն է ՀՅԴ-ի և այլ կուսակցությունների միջև եղած տարբերությունը, ուրեմն մենք` որպես հասարակություն, չենք կայացել: Որպես ազգ` կայացել ենք, որովհետև 10 միլիոն հայությունից 8,5-ը, որ արտերկրում է ապրում, քաջ գիտակցում է այդ տարբերությունը: Խորհրդային տարիներին, որ մենք պահպանվել ենք` որպես հայ ազգ, Դաշնակցության շնորհիվ է եղել: ՀՅԴ-ի ազգապահպան գործունեությունը ոչ ոք չի կարող ուրանալ, իսկ մեր ազգային արժեքների պահպանության և Արցախյան հարցում կուսակցության դիրքորոշումներն ամեն հայի սրտի ու խղճի դրսևորումներն են: Բացի այդ` ՀՅԴ-ն ինձ համար նաև «պապենական կուսակցություն» է` իմ հայրը եղել է կարկառուն դաշնակցական, ամուսինս նույնպես կուսակցական է, իսկ նախկինում մեր ընտանիքը տուժել է հենց այն պատճառով, որ պապերս եղել են դաշնակցական գործիչներ: Այո, մեկ տարի եղել եմ ԲՀԿ-ի անդամ և դուրս եմ եկել այնտեղից` անձնական պատճառներով. տարիներ առաջ ես ոգևորվեցի ԲՀԿ-ի ղեկավարի գործերով, քանի որ նա շատ էր աջակցում երիտասարդներին, մտահոգ էր, սակայն իմ անդամակցումը այդ կուսակցությանը շատ կարճ տևեց, ես որևէ քաղաքական հարց չեմ բարձրացրել ԲՀԿ-ի հետ: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա ինձ թվում է, որ ամեն մարդ իր սրտի խորքում դաշնակցական է, ուղղակի չի խոստովանում: Ես որևէ կուսակցության չեմ քննադատում և հավատում եմ, որ բոլորի ծրագրերն էլ տանում են դեպի արդար Հայաստան, բայց կարևոր մի բան կա, թե ով է ի զորու դրանք իրականացնել: Ուզում եմ` այս անգամ ավելի շատ լինի ՀՅԴ-ի ներկայացվածությունն ԱԺ-ում, ուզում եմ` մեր սրտի խոսքն ասենք ու անենք, ոչ թե գնանք արդեն տրաֆարետ դարձած բառերի ու մարդկանց հետևից:

-Տիկի'ն Հարությունյան, մարդու ամենակարևոր առաքելություններից մեկը կյանքում իր տեղը գտնելն է, և, հաշվի առնելով փաստը, որ 25 տարի է` կրթության ոլորտում եք, հիմա կարծում եք` Ձեր տեղը քաղաքականությո՞ւնն է:

-Այո, ինչպես Պաոլո Կոելյոն է ասում` կյանքում ամենակարևոր բանը քո տեղը գտնելն է, և դա ոչ միայն քո առաքելությունն է, այլ նաև` երջանկությունը: Նա, ով իր տեղում է, երջանիկ է ապրում` անկախ նրանից` որքան գումար ունի, ինչ ընտանիք ունի: Այո, ես երջանիկ եմ, չեմ հրաժարվում իմ աշխատանքից, պարզապես գործունեությանս ոլորտն եմ փոխում. հիմա էլ, հանուն կրթության, պատրաստ եմ անել ամեն ինչ: Այսինքն` ես իմ գործն անելու եմ, ճիշտ է, մի քիչ ավելի քիչ կշփվեմ ուսանողների հետ ու կարող է այդ ընթացքում ծերանամ, քանի որ երիտասարդների հետ շփվելը կյանք է տալիս, սկսում ես նրանց հետ ուրախանալ ու տառապել: Ուզում եմ` 10 տարի հետո ինքս ինձ ասել` արեցի ամենը, ինչ կարող էի, իսկ մնացածը թող անեն նրանք, ովքեր ինձնից հետո են գալու:

-Գաղտնիք չէ, որ թաղային հեղինակությունները տարբեր գործարքներ են առաջարկում ժողովրդին, Ձեր գործարքը ո՞րն է լինելու:

-Ես հավատում եմ, որ մեր ազգը մտածող, բարձր ինտելեկտի տեր ազգ է` անկախ կրթական ցենզից: 25 տարի է` շփվում եմ ազգի բոլոր խավի մարդկանց հետ և տեսել եմ, որ նույնիսկ սահմանամերձ համայնքում ապրողը, ով օրհասական խնդիր է լուծում, հնարավորություն ունի իր խղճին համապատասխան գործելու: Ամենակարևորն այստեղ միտքն է, մենք եզակի ազգ ենք` մեր ուղեղի հնարավորություններով: Իմ գործարքը հիմնված է միայն մարդկանց խղճի և ինտելեկտի վրա: Դրա համար էլ ես չեմ գնում շատ հանդիպումների և ժողովրդին բակեր կանչում, գիտեմ, որ բոլորն ունեն հեռուստացույց, օգտվում են ինտերնետից, կարծում եմ, որ իմ ձայնը կարողանում եմ լսելի դարձնել և, հետադարձ կապին հետևելով, տեսնում եմ, որ տեղ է հասնում խոսքս: Մեկ անգամ ևս ուզում եմ ասել` ապրիլի 2-ին կունանանք այն ԱԺ-ն, ինչ մենք ենք, մենք ընտրում ենք մեզ: Մի՞թե 10-20 հազար դրամ է գնահատվում մեր անձը, մեր ապագան: Թող յուրաքանչյուր քաղաքացի իրեն հարց տա, թե ո՞ւմ կուզեր տեսնել ԱԺ-ում, եթե ոչ` իրեն, չէ՞ որ այն մեր հավաքական ձայնն է: Ես կուզեի ինձնից ավելի լավին ու մտահոգին տեսնել ԱԺ-ում. ընտրությունը պետք է հիմնված լինի այս թեզի վրա: Ապրիլի 2-ին ժողովուրդը կտեսնի իր դեմքը, ինչպիսին կլինի այն` ինքներս կորոշենք, և թող չբողոքեն, թե` մեզ ստիպեցին: Ոչ ոք չի կարող մեզ խցիկում ստիպել ինչ-որ բան անել, այսօր բոլոր ընտրողները պաշտպանված են օրենքով:

Հավատո՞ւմ եք, որ ընտրություններից հետո ինչ-որ բան փոխվելու է մեր երկրում: Դուք այդ հույսն ունե՞ք, քանի որ բնակչության մեծ մասը հուսախաբ է:

- Այո, շատ հուսախաբ են մարդիկ, բայց մեկ ուրիշ բառ կա, որն ավելի բնորոշ է մեր իրավիճակին` մարդիկ հիասթափված են, բայց ոչ` հուսահատ: Հիասթափությունը կարելի է ոգևորության վերածել, իսկ հուսահատությունը վերջն է, քանի որ հույսը վերջում է մեռնում: Բայց մենք նաև ոգևորվող ազգ ենք, մեզ կարելի է ոգևորել: Ես անուղղելի լավատես եմ, այո, ես հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Մենք նաև կրիտիկական լուծումների ազգ ենք` առօրյայում ընտանիքին սարսափելի նվիրված ենք, ամեն հայ առաջին հերթին մտածում է իր և իր ընտանիքի շահի մասին: Օրինակ` շենքերի մուտքերը կարող է սարսափելի կեղտոտ լինել, իսկ երբ մտնում ես ցանկացած տուն, կատարյալ մաքրություն է տիրում: Սա անգնահատելի գիծ է, բայց ազգային հարցերի լուծման ժամանակ` խանգարող, և մինչև դանակը ոսկորին չի հասնում, ազգը բռունցք չի դառնում: Կրիտիկական լուծումները բերում են հաղթանակի, բայց չէ՞ որ այդ հաղթանակը կարող է չլինել, քանի որ բնականոն զարգացումը կարող է լինել այնպիսին, որ հաղթանակի կարիք չզգացվի:

Արդյո՞ք ընտրությունն էլ կրիտիկական պահ չէ, և հիմա էլ բռունցք դառնալու անհրաժեշտություն չկա` հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը:

- Այո, մենք ապրիլի 2-ին էլ պետք է դառնանք բռունցք ու գնանք ընտրության, քանի որ ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին խնդիրներ ունենք: Մենք ոչ միայն մեր ներսի թշնամուն պետք է հաղթենք, այլև դրսին էլ հայտ ներկայացնենք: Պարտավոր ենք այսօր ցույց տալ, որ կարող ենք կատարել սեփական ընտրությունը` առանց թելադրանքի, շահամոլության: Ամենատխուրը կլինի այն, որ ապրիլի 3-ին մենք նայենք իրար ու ասենք` պարզ է, այսպես էլ պետք է լիներ: Երազում եմ` ապրիլի 3-ին բոլորս իրար ասենք` տեսա՞ք, մենք դա արեցինք:

 

Կարինե Հարությունյան 

Երևանյան իժ ՝ Քասախում
24 Հունիսի 2017, 17:22 Երևանյան իժ ՝ Քասախում
Հարգելի ընթերցողներ
24 Հունիսի 2017, 16:05 Հարգելի ընթերցողներ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica