close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2018
+26°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կինն ավելի խորն է մտածում, ավելի հեռուն նայում. ՀՅԴ-ի իրավաբան թեկնածուն կպայքարի Դավթաշենում (լուսանկարներ)

Հարցազրույց

8 Մարտի 2017, 16:52
 Կինն ավելի խորն է մտածում, ավելի հեռուն նայում. ՀՅԴ-ի իրավաբան թեկնածուն կպայքարի Դավթաշենում (լուսանկարներ)

Yerkir.am-ի զրուցակիցն է 2017թ. ԱԺ ընտրություններում Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում ՀՅԴ-ի կողմից առաջադրված վարկանիշային թեկնածու Ռուզաննա Թադևոսյանը:

Ռուզաննա Թադևոսյանը 2005-ից զբաղվում է իրավաբանությամբ, 2008-ից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, 2015-ից` ՀՀ արդարադատության նախարարության արտոնագրված հաշտարար:

- Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել:

- Լինելով մասնագիտությամբ իրավաբան` աշխատանքային գործունեության ընթացքում հանդիպում եմ տարաբնույթ խնդիրներ ունեցող քաղաքացիների հետ, նաև շատ եմ առնչվել օրենքների երկիմաստությանը կամ ոչ ճիշտ կիրառությանը: Դրանից ելնելով` որոշեցի ինքս մասնակցել օրինաստեղծ գործընթացին և իմ չափով նպաստել այնպիսի օրենքների ընդունմանը, որոնք կգործեն ի նպաստ քաղաքացիների: Այս տարիներին էլ ներգրավված եմ եղել ընտրական գործընթացներում որպես իրավաբան` իմ աջակցությունն եմ ցուցաբերել: Այս անգամ որոշեցի ընտրական գործընթացում որպես թեկնածու ներգրավվել:

- Ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիք հենց Դաշնակցության ցուցակում, չէ՞ որ անկուսակցական եք:

- Երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել: ՀՅԴ ցուցակում եմ, քանի որ ընդհանուր գաղափարներ կան: Այս կուսակցության բազմաթիվ գաղափարներ համընկնում են իմ տեսակետին: Դաշնակցությունը եկար տարիներ, որպես ժողովրդավար հեղափոխական կուսակցություն, տնտեսական, սոցիալական, մշակութային և այլ ոլորտներում մշտապես ապահովել է քաղաքացիների շահերի պաշտպանությունը: Այս կուսակցության համար կարևորագույն արժեքներից է մարդը, նրա իրավունքը: Ինձ համար մեծ պատասխանատվություն է ՀՅԴ-ի կողմից առաջադրվելը:

- Ինչո՞վ է առանձնանում ձեր նախընտրական ծրագիրը մյուսներից: Ծրագրային մի քանի կարևորագույն դրույթներ կառանձնացնե՞ք:

- Մեր ծրագրում կան կարևորագույն դրույթներ, որոնք առնչվում են մարդուն, նրա իրավունքների պաշտպանությանը: Բոլորն էլ իրենց նախընտրական ծրագրերում գայթակղիչ խոստումներ են տալիս, սակայն Դաշնակցությունն այն կուսակցություն է, որը ոչ միայն բարձրացնում է խնդիրները, այլև լուծման մեխանիզմներ է առաջարկում և լուծում տալիս, ինչը կարևոր է: Ինձ համար կարևոր է, որ մեր օրենսդիր մարմնում ստեղծվեն այնպիսի օրենքներ, որոնք կգործեն ի նպաստ քաղաքացու, որպեսզի քաղաքացին իր երկրում իրեն պաշտպանված զգա: Մեր ծրագրում մանկապարտեզների, աշխատատեղերի ապահովման և այլ կարևոր հարցեր են բարձրացված: Օրինակ` այսօր շատ ծնողներ դժվարությամբ են կարողանում իրենց երեխաներին տեղավորել մանկապարտեզում, ինչը պետք է լուծվի: Այսօրվա իրականության մեջ մեծ խնդիր է աշխատատեղերի հարցը: Ինքս շատ քաղաքացիների գիտեմ, որոնցից շատերն այսօր չեն կարողանում աշխատանք գտնել իրենց մասնագիտությամբ և հոգալ ընտանիքի խնդիրները:

- Թիվ 2 ընտրատարածքում Ձեզ հետ ընտրապայքարում լինելու են օլիգարխներ, պաշտոնյաներ, լուրջ հեղինակություն ունեցող անձինք: Ինչպե՞ս պետք է ընտրողին համոզեք, որ բազմաթիվ թեկնածուներից, այդ թվում` ձեր թիմակիցներից, հենց Ձեզ ընտրեն:

- Ես առողջ մրցակցության կողմնակից եմ և յուրաքանչյուր հարաբերությունում կարևորություն եմ տալիս արժանապատվությանը: Որևիցե մեկի վրա ցեխ շպրտելու բնավորություն չունեմ: Ես վարկանիշային թեկնածու եմ և քաղաքացուն ներկայացնելու եմ իմ կողմից կատարվելիք աշխատանքները, մասնագիտական փորձառությունը, անցած ճանապարհն ու հետագայում կատարվելիք աշխատանքները: Դրա հիման վրա ընտրողը պետք է իր քվեն տա:

- Բացառված չէ, որ այս ընտրություններում ևս ականատես կլինենք ձայների վաճառքի, ինչպե՞ս պետք է բարձրացնել մարդկանց իրավագիտակցությունը և բացատրել, որ իրենք են իրենց քվեի տերը:

- Մարդիկ հոգնել են խոստումներից, որովհետև դրանք կյանքի չեն կոչվում: Ցավոք, ընտրակաշառքների մեխանիզմով ընտրությունների գնալու պրակտիկան մեր երկրում դեռ գործում է: Մեր քաղաքացիները դժգոհում են երկրի սոցիալ-տնտեսական վիճակից, բայց միաժամանակ վերցնում են ընտրակաշառքն ու դրանով «կառուցում» իրենց 5 տարվա ապագան: Ես խոսում եմ քաղաքացիների հետ, փորձում եմ նրանց իրավագիտակցության մեջ մտցնել, որ եթե բողոքում են իրավիճակից, բայց վերցնում են գումարն ու գնում ընտրության, դրանով արդեն իսկ որոշում են իրենց ապագան: Մարդիկ պետք է գիտակցեն, որ որևէ մեկը չի կարող ազդել իրենց կամաարտահայտության վրա: Իսկ եթե ստիպել են նկարահանել իրենց քվեարկությունը, կարող են գոնե ընտրելուց հետո անվավեր անել քվեաթերթիկն ու նորն ընտրել՝ քվեարկելով այն թեկնածուի օգտին, ում կցանկանան:

-Ներկայիս Ազգային ժողովում իրավաբան պատգամավորները մի քանիսն են: Արդյո՞ք ԱԺ-ն իրավաբան պատգամավորներով համալրելու անհրաժեշտություն տեսնում եք:

- Այո, ես կարծում եմ` Ազգային ժողովում պետք է լինեն իրավաբաններ, ովքեր հստակ պատկերացում ունեն օրենքների ընդունման մասին, պատկերացնում են, թե ինչպես պետք է մշակվի օրենքը, որպեսզի այն ճիշտ կիրառվի, և երկիմաստության խնդիր չլինի:

- Հաճախ շատ օրենքներում առկա բացերի մասին իմանում ենք դրանք կիրառելիս: Ի՞նչ պետք է արվի, որպեսզի իրավակիրառողները երկիմաստ օրենքների պատճառով խնդրի առջև չկանգնեն, իսկ քաղաքացիների համար էլ օրենքները «դյուրամարս» լինեն:

- Կարծում եմ` եթե հենց այդ ոլորտի մասնագետները զբաղվեն օրինաստեղծ գործընթացով, ոչ ճիշտ կիրառության խնդրին հաճախ չենք բախվի: Այն մարդիկ, ովքեր պատկերացնում են՝ ինչ է իրենից ներկայացնում օրենքը, ինչպիսի կիրառություն այն կունենա և հետագայում ինչ խնդիրների կարող է հանգեցնել, կփորձեն զերծ մնալ երկիմաստ օրենքներ մշակելուց:

- Կանանց ներկայացվածությունը Ազգային ժողովում 10.7 % է: Ըստ Ձեզ` ինչպե՞ս է հնարավոր վերականգնել կին-տղամարդ հավասարակշռությունը երկրի օրենսդիր մարմնում:

- Ակնհայտ է, որ այսօր կանայք ավելի շատ են ներգրավված երկրի քաղաքական և հասարակական կյանքում, քան նախկինում, սակայն ինչպես ամբողջ աշխարհում, մեր երկրում էլ դեռևս առկա է կին-տղամարդ անհավասարությունը: Ես` որպես կին թեկնածու, որևէ խոչընդոտ չեմ տեսնում, այսինքն` կանայք և տղամարդիկ հավասար իրավունքներ ունեն, և կինը կարող է իրականացնել այն բոլոր գործառույթները, ինչ տղամարդիկ, կինը որևէ կերպ չի կարող հետ մնալ տղամարդուց, այսինքն` սեռային տարբերությունը չի կարող խոչընդոտ լինել:

- Հայաստանյան քաղաքական դաշտում արդյո՞ք նկատելի է կանանց ազդեցությունը:

- Այսօր հայաստանյան քաղաքական դաշտում կանայք փորձում են հնարավորինս ակտիվ լինել, բայց, չգիտես` ինչու, շատերը թերահավատորեն են վերաբերվում կանանց կողմից իրականացվող աշխատանքներին: Սակայն ես համամիտ չեմ այդ կարծիքին, որովհետև շատ կանայք կան, ովքեր իրենց գործունեությամբ ապացուցում են, որ իսկապես կարող են լինել քաղաքականության մեջ, ունեն այդ ներուժը և հնարավորինս փոփոխություններ կիրականացնեն:

-Ի՞նչ առանձնահատկություն ունի կինը քաղաքականության մեջ: Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է կանացի մտածելակերպն օգնել ինչ-որ խնդրի ավելի ճիշտ լուծում տալու հարցում:

-Կարծում եմ` կինն ավելի խորն է մտածում, ավելի հեռուն է նայում, ավելի շատ է ծանր ու թեթև անում: Ճիշտ է, տղամարդիկ որոշումներ կայացնելիս ավելի սառն են դատում և այլն, սակայն կինն էլ հնարավոր է տվյալ որոշումը մի փոքր ուշ կայացնի, սակայն տարբեր ուղղություններով մտածի ու ճիշտ լուծում գտնի: Քաղաքականության մեջ կնոջ զգացմունքայնությունն էլ դեր ունի. իմ աշխատանքային գործունեության ընթացքում, օրինակ, զգացմունքայնությունը չի խանգարել:

- Որքանո՞վ են այսօր Հայաստանում պաշտպանված կանանց իրավունքները:

- Սա իսկապես ցավալի թեմա է, որովհետև այսօր մեր երկրում կանանց իրավունքները լիարժեք պաշտպանված չեն: Ճիշտ է, շատ են կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպանները, հասարակական կազմակերպությունները, այսինքն` ամեն կերպ փորձում են կնոջն իրազեկել իր իրավունքների մասին, սակայն այսօրվա իրականության մեջ կինը լիարժեք պաշտպանված չէ թե' անձնական, ընտանեկան կյանքում, թե' աշխատանքային հարաբերություններում: Իմ գործունեության ընթացքում ես շատ եմ առնչվել կանանց իրավունքների խախտման դեպքերին. 2004-ից մինչ օրս գերակշռում են ամուսնա-ընտանեկան գործերը: Ցավոք, կնոջ իրավունքների ոտնահարման դեպքերը մեր երկրում շատ են:

- Կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում իրավական նոր կարգավորումների անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:

- Նոր փոփոխություններն իրենց հետ բերում են ավելի շատ դրական հետևանքներ, միշտ պետք է նայել առաջ, միջազգային փորձն ուսումնասիրել և կանանց իրավունքների պաշտպանությանը նպաստող օրենքներ մշակել:

-Այսօր կանանց տոնն է, ի՞նչ կմաղթեք կանանց և նրանց շրջապատող տղամարդկանց:

-Կցանկանայի, որպեսզի տղամարդիկ գնահատեին կանանց, քանի որ կնոջ համար ամենակարևորը գնահատված լինելն է` թե' ընտանիքում, թե' աշխատանքում և թե', անգամ, քաղաքականության մեջ: Իսկ կանայք թող միշտ գեղեցիկ, նպատակասլաց, սկզբունքային և ուժեղ լինեն, միշտ առաջ շարժվեն և ցանկացած իրավիճակում չհանձնվեն:

Զրուցեց Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆԸ

Ջերմաստիճանը կնվազի
18 Օգոստոսի 2018, 20:09 Ջերմաստիճանը կնվազի
Իրավիճակը՝ շփման գծում
18 Օգոստոսի 2018, 15:53 Իրավիճակը՝ շփման գծում
ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Օգոստոսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica