close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2018
+18°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2018
USD1485.62
GBP1638.83
EUR1558.03
RUB17.34
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի իրականության մեջ մի կողմում կա Դաշնակցություն, մյուս կողմում` այն, ինչ ունենք. Աշոտ Կուրղինյան

Հարցազրույց

8 Մարտի 2017, 20:01
 Հայաստանի իրականության մեջ մի կողմում կա Դաշնակցություն, մյուս կողմում` այն, ինչ ունենք. Աշոտ Կուրղինյան

Շիրակի մարզում ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը: Նա Yerkir.am-ի զրուցակիցն է:

-ՀՅԴ-ն միշտ նշում է, որ կուսակցության ասելիքն է կարևոր, կուսակցության ծրագիրն է առաջնահերթ ասելիքը, բայց կոալիցիոն հուշագրից հետո ՀՅԴ վարկանիշը, ասում են, ընկել է

-Կարող է, բայց սա սուբյեկտիվ է: Չգիտեմ, թե ինչու է վարկանիշը ընկել կամ, առհասարակ, ընկե՞լ է, թե՞ ոչ: Մի բան մենք կարող ենք հստակ ասել մեր ընտրողին, որն այնքան հստակ է սևով գրված սպիտակի վրա, որ ամենաչուզող մարդն էլ չի կարող չտեսնել: Նախ` այս վերջին տարիների ընթացքում չենք հիշի որևէ դեպք, որ Դաշնակցությունն իր կողմնորոշումը փոխած լինի: Սա հստակ է բոլորի համար: Չենք տեսել մեկ օր, մեկ վայրկյան, որ Դաշնակցությունն իր քաղաքական վեկտորը փոխած լինի` մի օրը լինի ազգայնական, մյուս օրը հանկարծ դառնա լիբերալ, հետո դառնա արևմտամետ և հանկարծ շատ կտրուկ հայտարարություններ անի, որ ինքը ռուսամետ է, բայց այդպիսի բազմաթիվ գործիչներ և ուժեր ենք տեսնում չէ՞: Մենք տեսնում ենք այսօր կարկառուն գործիչներ իշխանության բուրգի ամենավերևներում, ովքեր, կուրծք պատռելով, արդարացնում էին հայ-թուրքական արձանագրությունները, հետո, կուրծք պատռելով, ասում էին, որ սա սխալ էր, և թուրքերը մեր առաջ նախապայմաններ են դրել: Սա պետք է կարողանալ տեղ հասցնել մեր ընտրողին, և վստահ եմ` շատերը դա տեսնում են, գնահատում: 

Երկրորդ` տարաբնույթ ընտրությունների ընթացքում մենք չենք հիշի մի դեպք, երբ Դաշնակցությունն ընտրություններին գնացել է դաշինքով: Սա ի՞նչ է նշանակում: Սա ցույց է տալիս մեկ բան` թող մեծամամտություն չթվա, բայց գաղափարական դաշտում ամբողջ Հայաստանի իրականության մեջ մի կողմում կա Դաշնակցություն, մյուս կողմում` այն, ինչ մենք այսօր ունենք: Մենք տեսել ենք, թե ինչպես մեկ գիշերվա ընթացքում ՀՀՇ-ն դատարկվեց, դարձավ Հանրապետական, և շատ այլ դեպքեր էլ ենք տեսել:

Երրորդ` մենք միշտ` նորանկախ հանրապետության ստեղծման առաջին օրերից, տարբեր ձևերով քննադատել ենք մեր ժողովրդին անտարբեր դարձնելը, մեր ժողովրդին նյութապաշտ դարձնելը, իսկ սա մենք տեսել ենք միշտ, նույնիսկ մտածել ենք, որ միտումնավոր է արվում, և հասել ենք այն օրին` ինչ ունենք: Մենք ունեցել ենք «Քվեն ուժ է» շարժումը. իրոք, քվեն ուժ է: Դեմոկրատական ցանկացած երկրի համար դեմոկրատական ինստիտուտի ամենամեծ և առաջին զենքը քվեն է, և պետք է դողալ, սիրել, պաշտպանել, փայփայել քվեն: Մենք եկանք այն իրականությանը, որ, ցավոք, մեր հայրենակիցների մեծամասնությունն իր քվեին չի հավատում, այլ հավատում է այսօրվա փողին: Հիմա խոսում են, չէ՞, որ ավելի շատ է ընտրակաշառքը, բայց ինքն իր քվեին չի հավատում: Պետք է փորձենք հետ բերել: Իմ հույսը երիտասարդ սերունդն է, քաղաքացիական ակտիվ հասարակությունը: Շատ լավ երիտասարդներ ունենք: Այ պետք է հիմա փորձել, որ այս սերունդը գործընթացները վերցնի իր ձեռքը և ազնվորեն պայքարի:  Հետ ենք ընկել:

 -Ասացիք` հետ ենք ընկել:  Ձեր կուսակցության մեղավորությունը կա՞:

- Ես չեմ ուզում կուսակցության մասին խոսել: Ամեն դեպքում` ես չեմ հիշում,  ես այն թևին չեմ պատկանում, որ կոալիցիա մտնելը համարում է սխալ: Եթե դու նպատակին հասցրել ես ինչ-որ մի բան, ուրեմն արդարացված է ամեն ինչ: Բժիշկ լինելով` ես վերլուծում եմ այս ամենը: Մեր իրականության մեջ քաղաքական ամենամեծ ձեռքբերումը սահմանադրական բարեփոխումներն էին և հենց այս` նոր ընտրական մոդելը, որից օգտվում են հիմա բոլորը: Հիմնականում օրենքն ընդունելու ժամանակ փողոցային հեղափոխության և անհնազանդության կոչեր էին արվում, միայն թե այս ընտրական օրենսգիրքը չանցներ, Սահմանադրությունը չանցներ, որ  մեծ լծակներ ունեցող նախագահի ինստիտուտից չզրկվեին: Իսկ մենք ասում էինք` մարդկանց տեղը փոխելիս իշխանափոխություն չի լինում: Դաշնակցությունը շատ ավելի բարդ ուղի է ընտրել:

 Ասացիք, որ դուք չեք շեղվում ձեր ուղուց,  ի տարբերություն ոմանց: Քաղաքական դաշտում հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան, իշխանական կուսակցությունից մարդիկ առանձնացան, հիմա ընդդիմադիր դաշտում են գտնվում,  դաշինքներ ստեղծվեցին:

 -Նորմալ է: Հետաքրքիր պատկեր ունենք` ով ում միացավ, ով ինչ է ասում, ով ինչ է անում, հետաքրքիր է այնքանով, որ կողքից հետևում ենք մի խառնաշփոթ պայքարի: Որևէ դաշինք, գաղափարական հենքի վրա կազմված, չտեսանք:  Ռեսուրսների բաշխում, ռեսուրսների վերամիավորում և փնտրտուք տեղի ունեցավ: Դաշինքների գաղափարախոսությունը դա էր: Դաշինքներ  ստեղծվեցին, որոնց մեջ մարդիկ են, ովքեր մի քանի տարի առաջ բարիկադների տարբեր կողմերում էին, թշնամի էին, իսկ այսօր միմյանց ձեռք են սեղմում, բայց ինչո՞ւ: Որովհետև նոր Սահմանադրությունը, նոր իրողությունները, որոնց հեղինակը Դաշնակցությունն է, հանգեցրեց նրան, որ նրանք էլ զգացին` ռեալ կարող են իշխանության լծակները ստանալ, իշխանության մեջ լուրջ տեղ գրավել, մեծ ազդեցություն ունենալ երկրի կառավարման մեջ: ԱԺ պատգամավորի դերը տասնապատիկ բարձրացվեց, և դրա հեղինակը մենք ենք, ու սա միանշանակ է:

 Քաղաքական այս խառնաշփոթի մեղավորը Դաշնակցությո՞ւնն է:

 - Այո, կարելի է այդպես ասել (ծիծաղում է): Հետո կբյուրեղանա: Վերջին հաշվով կտեսնենք, որ ընտրություններից մեկ կամ երկու տարի հետո քաղաքական դաշտում գրանցված 100 կուսակցությունից մնալու են մի քանիսը:  Ով ուժեղ է, թող նա էլ մնա, իսկ Դաշնակցությունը միշտ եղել է, կմնա, որովհետև, քանի հայությունը կա, Դաշնակցությունը կա, սա է իրականությունը, ուզեն, թե չուզեն:

 -Բազմավաստակ բժիշկ եք, լավ կպատկերացնեք Ձեր ոլորտում առկա բացերն ու խնդիրները: ԱԺ անցնելու դեպքում արդեն պատկերացում ունե՞ք` ինչ օրենսդրական նախաձեռնություններով եք հանդես գալու:

 -Այո, միանշանակ: Խորհրդարանում կա առողջապահության հանձնաժողով, ես ընդհանրապես իրավունք չեմ վերապահում ինձ նրանց աշխատանքն այսօր գնահատելու, քննադատելու կամ ուղղորդելու, բայց որ  օրենսդիր մարդկանց, գրագետ մարդկանց, օրենք գրել կարողացող մարդկանց կարիք ունի ԱԺ-ն` ընդհանրապես, առողջապահության հանձնաժողովը` մասնավորապես, սա փաստ է: Մինչև այսօր չունենք հստակ հասկանալի` առողջապահության մասին օրենք: Մինչև այսօր չունենք  օրենսդրորեն սահմանված, թե ինչպիսի համակարգ ունենք մենք` ապահովագրական բժշկությո՞ւն է, պետական բժշկությո՞ւն է, մասնավո՞ր է, վճարովի՞ է, անվճա՞ր է: Իրոք, խառնաշփոթային տարբերակներ կան: Սրանք հստակեցման խնդիր ունեն:  Ավելորդ համեստություն չեմ ուզում անել, բայց չեմ էլ ուզում մեծամիտի տպավորություն թողնել, բայց որ այստեղ Կուրղինյան Աշոտը, ելնելով իր փորձից` որպես պրակտիկ բժիշկ և որպես Շիրակի մարզի ամենամեծ հիվանդանոցներից մեկը 13 տարի շարունակաբար կառավարող ու տարբեր դժվարությունների միջով կայուն զարգացման տանող մարդ, ընդհանուր առմամբ, իր ասելիքն ունի և լուրջ պատկերացումներ ունի այս ամեն ինչի մասին, դա էլ է հստակ:

Որպես բժիշկ` ԱԺ-ն ռենտգեն արե՞լ եք, ապա` ախտորոշում տվել, պատկերացում ունե՞ք` ինչպես եք բուժելու:

 -ԱԺ-ի ախտորոշումը, իմ կարծիքով, անելու համար հատուկ ռենտգեն սարքի կարիք չկա, որ ինչ-որ բան տեսնես: Բոլորս էլ անզեն աչքով տեսնում ենք, որ այն հիվանդ օրգանիզմ չի եղել, այդպես չի կարելի անվանել:  Դա օրգանիզմ է, որի մեջ կան ուժեղ կողմեր, շատ լավ կողմեր, բայց նաև թույլ կողմեր կամ լրիվ չաշխատող օրգաններ: Բուժման միակ մեթոդը ԱԺ-ն բացառապես հարյուր տոկոսով գրագետ, ազգային մտածելակերպով օժտված, օրենսդիր մակարդակ ունեցող մարդկանցով հագեցնելն է, միայն սա է բուժումը:  Նոր Սահմանադրությամբ հստակ ամրագրված է` ԱԺ-ն ունի լայն լիազորություններ, մնում է այդ լիազորություններն իրականացվեն գրագետ մարդկանց կողմից` անկախ կուսակցական պատկանելությունից, որովհետև միայն Դաշնակցության մեջ չեն նման մարդիկ, պետք է կուսակցությունների սերուցքը գա այնտեղ, և ամեն ինչ լավ կլինի:

 Զրուցեց Ամալյա Առաքելյանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica