close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2018
+21°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞վ ասաց` քաղաքականությամբ չի կարելի ազնվորեն զբաղվել. Պարույր Սանթրոսյան

Հարցազրույց

7 Մարտի 2017, 21:05
 Ո՞վ ասաց` քաղաքականությամբ չի կարելի ազնվորեն զբաղվել. Պարույր Սանթրոսյան

Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական տարածքն ընդգրկող թիվ 2 ընտրատեղամասում ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է Պարույր Սանթրոսյանը: Նա 2006-ից Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի տնօրենն է, բացի այդ` բազմաթիվ հոդվածների և երկու գեղարվեստական  գրքի, ներկայացումների սցենարների, երկու բեմադրության հեղինակ։ Yerkir.am-ի զրուցել է Պարույր Սանթրոսյանի հետ:

-Ասում են` հայ տղամարդը պետք է ծառ տնկի, տուն կառուցի ու զավակ ունենա: Այս երեքից որո՞ւմ «թերացաք», որ որոշեցիք քաղաքականությամբ զբաղվել:

- «Թերացել» եմ որդի ունենալու հարցում, որովհետև 3 դուստր ունեմ, բայց մեծ հարց է` արդյո՞ք թերացել եմ: Կարծում եմ` այն, ինչ բնությունը չտվեց տղայի պարագայում, ես կարող եմ փոխարինել աղջիկներովս: Բացի այդ` ես հիմա այնպիսի հաստատությունում եմ աշխատում, որ շատ եմ շփվում երիտասարդների հետ: Իսկ քաղաքականությունը… Առնվազն 10 տարի է` քաղաքականությամբ չեմ զբաղվում, զբաղվում եմ կրթությամբ, ինչ-որ տեղ` գրականությամբ և արվեստով: Ես 47 տարեկան եմ, սակայն իմ 26 տարին անցել է ՀՅԴ շարքերում, գրեթե բոլոր պրոցեսների միջով անցել եմ: Ասում են, չէ՞, եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, մի օր քաղաքականությունն է քեզնով զբաղվում: Այսօր եկել է այդ պահը, և քաղաքականությունը որոշեց ինձնով զբաղվել: Ես հպարտ եմ, որ իմ կուսակցական ղեկավարները որոշեցին նաև իմ թեկնածությունն առաջադրել:

Դուք առաջադրվել եք մի ընտրատեղամասում, որտեղ արդեն իսկ ընտրողների ձայների հավաքագրմամբ են զբաղված: Դուք ի՞նչ եք առաջարկում ընտրողներին:

- Երբ հարցնում են, թե ո՞վ է ձեր իդեալը քաղաքականության մեջ, ես միշտ պատասխանում եմ, որ չունեմ իդեալներ, բայց կա մի մարդ` սուբկոմանդանտե Մարկոսը, ումից կարելի է շատ բան սովորել: Նա, լինելով փիլիսոփա ու հրապարակախոս, Մեքսիկայի բնիկների առաջնորդն էր հեղափոխական պայքարում: Նա մի աշխատություն ունի, որը կոչվում է «Այլ հեղափոխություն»: Մեքսիկայի ընտրությունների օրերին, իր բանակով 3000 կմ անցնելով, նա առանց մի կրակոցի մտնում է Մեխիկո. այլ հեղափոխությունը հենց դա էր: Ես այլ քարոզչությամբ եմ զբաղվելու: Ձայներ հավաքագրել, ընտրակաշառք բաժանել` այդ ամենը միշտ էլ եղել է: Ես ունեմ իմ, իմ գերդաստանի կենսագրությունը և աշխատանքը, որ արել եմ, սրանով էլ ներկայանալու եմ, ավելի բան չունեմ` ներկայացնելու: Կարող եմ գիրք նվիրել ընտրողներին, բայց գումար նախ չունեմ, հետո` մարդկանց փողով ինչքա՞ն պետք է խաբես:

Արդյո՞ք այն իրավագիտակցությունն ունենք, որ գրքով ընտրազանգվածին գայթակղեք կամ այլ քարոզչությամբ համոզեք քվեարկել ձեր օգտին:

- Գուցե այս ընտրություններին չստացվի, գուցե 10 տարի էլ չստացվի, բայց պետք է, չէ՞, գա մի օր, որ մենք այլ քարոզչությամբ այլ ընտրություններ անենք: Ի վերջո, 25 տարի անկախ երկիր ունենալը մեծ պատմություն չէ, հատկապես` եթե ավանդույթները, ի սկզբանե, ճիշտ չեն դրվել: Նորանկախ Հայաստանի բոլոր ընտրություններին մասնակցել եմ: Իհարկե, վատ երևույթները մինչև հիմա մնացել են, բայց տարբերություն չտեսնել, ճիշտ չէ, և տարբերությունը ոչ թե ընտրվողների մեջ է, այլ` ընտրողի: Ամեն դեպքում` եկեք ընդունենք, որ այսօր գոյություն ունեն քաղաքացիական հասարակության որոշակի տարրեր` կան մարդիկ, ովքեր բնավ էլ պատրաստ չեն ու ցանկություն չունեն, հակառակը, շատ վատ են տրամադրված նման` կեղծ մեթոդներով ընտրության գնալուն:

Ժողովուրդը հերթական անգամ ինչո՞ւ պետք է վստահի այս կամ այն քաղաքական ուժին, երբ ընտրությունից ընտրություն ավելի է հիսաթափվում, քանի որ քաղաքական ուժերի` քարոզարշավի ժամանակ տված խոստումները մնում են թղթի վրա:

- Ես շատ լավ հասկանում եմ ամեն ինչ, շատ ժամանակ ինքս եմ հիասթափվում: Ընտրողի համար խոստումներն ուղղակի բառերի կույտ են դարձել: Բայց, ի վերջո, կարելի է մի օր ինքնակազմակերպվել ու գնալ ընտրության` հետագա 5 տարիներին չբողոքելու համար:  Բուշի և Քերիի ընտրությունների ժամանակ 6 քաղաքական ուժերի ներկայացուցիչներով գնացել էինք ԱՄՆ` ընտրության ընթացքին հետևելու: Ընտրություններում հաղթեց Բուշը, և երբ դրանց ավարտից հետո գնացինք տեղի դեմոկրատական թերթերից մեկի խմբագրություն, խմբագիրն ասաց, որ ընտրություններն անցել են կեղծիքներով` քվեարկել են ուրիշների փոխարեն, կեղծել են էլեկտրոնային «թերթիկները», և միակ բանը, որ չասացին` 5000-10 000 դրամի դիմաց ընտրության գնալն էր: Մեզ մոտ, կարծում եմ, ժողովուրդը պետք է հավատա մարդու կենսագրությանն ու նայի նրա անցած ճանապարհին` սկսած ընտանիքից, ձեռք բերած կարողության ճանապարհից և վերջացրած գաղափարախոսությամբ` ի՞նչ է ուզում նա: Ես 3 երեխա և 500 ուսանող ունեմ, խաղաղության ամենամեծ կողմնակիցներից մեկն եմ: Ունեմ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված ուսանող, ունեմ ապրիլյանին մասնակցած և հիմա զորացրվող ուսանողներ, պատրաստ չեմ ամբողջ ժողովրդի հետագա կյանքը վտանգի տակ դնել, որպեսզի լավ ապրեմ: Որոշ քաղաքական ուժեր խոսում են Ղարաբաղյան հարցում փոխզիջումների մասին, սակայն դրանք իրականում զիջումներ են, ինչին ես, օրինակ, պատրաստ չեմ և կարծում եմ, որ ժողովուրդը նույնպես պատրաստ չէ:

-ԱՄՆ-ի օրինակը բերեցիք, բայց չե՞ք կարծում, որ մեզ նման փոքր պետություններում շեշտն ավելի շատ պետք է  դրվի տնտեսական զարգացման վրա, ոչ թե` ներքին քաղաքական խժդժությունների, շատ չե՞նք քաղաքականացված:

-Մենք քաղաքականացված ենք ամենուր ու ամեն ինչում. եթե առավոտյան տնից դուրս գալիս վերելակում հանդիպում եք հարևանին, ձեր զրույցը քաղաքական տարրեր է պարունակում: Խնդիրն այստեղ այլ է` եթե շատ երկրների պարագայում սահմանը մի անտեսանելի գիծ է, մեր երկրի դեպքում`մեր սահմաններից երկուսը խրամատներ են: Այս պարագայում մենք չենք կարող չքաղաքականացվել, քանի որ ամեն օր լսում ենք հնարավոր պատերազմի ու զոհերի մասին: Չկարծեք, թե չեմ տեսնում կոռուպցիան, երկրում տիրող իրավիճակը, այն, որ ասացի` ունեմ բանակից վերադարձող ուսանողներ, նշանակում է` գիտեմ` ինչ է տիրում նաև այնտեղ: Կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որոնք հանգեցրել են հասարակության` այս աստիճան քաղաքականացված լինելուն, նաև` մեր` էգոցենտրիկ լինելը: Տարօրինակ թող չհնչի, բայց իմ ամենասիրած բանաստեղծը Պարույր Սևակը չէ, ինչպես «ընդունված» է, այլ Համո Սահյանը, քանի որ նա շատ ավելի հողեղեն ու հոգևոր է, ու ես չեմ ընդունում միտքը, թե` «մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»: Այդ դեպքում ի՞նչ ասեն ուզբեկները, ղազախներն ու տաջիկները: Բոլորն իրենց այնպես են պահում, որ ստացվում է`  բոլորս ամեն ինչից տեղյակ ենք, ամեն ինչից հասկանում ենք, բոլորս պատրաստի տնօրեններ ու նախարարներ ենք: Ես մի սկզբունք ունեմ`եթե ես իմ տեղում, դուք` ձեր, մյուսները` համատիրություններում, քոլեջներում, ամեն մեկն իր գործն անի ու պաշտոնը համարի ոչ թե պաշտոն, այլ աշխատանք, հավատացեք` կունենանք շատ ավելի բարվոք վիճակ, ու մեզ չի էլ հետաքրքրի` ովքե՞ր են նախարարները, փոխնախարարները…

Հաճախ ասում են` էն թվերին ուրիշ էր, ի՞նչ է` այս ժամանակն ուրի՞շ չէ: Դուք հաճախ եք շփվում երիտասարդների հետ, գալիք սերնդի մասին ի՞նչ կասեք:

- Աճող սերունդն իմ հույսն է: Եթե խորհրդային պետությունը նորմալ պետություն լիներ, չէր փլուզվի: Փաստը, որ այն քանդվեց ու փլուզվեց, նշանակում է, ասել Սարոյանի, ինչ-որ բան ինչ-որ տեղ սխալ է: 90-ականներին ես 20-21 տարեկան էի, և մեր սերունդը ՀՀ ամենադժբախտ սերունդն է. մեր լավագույն տարիներն անցկացրինք պատերազմի, մթության մեջ: Մեր կյանքից բան չհասկացանք, նախորդ սերունդն ու հաջորդ սերունդը շատ սահուն անցան մեզ վրայով: Մտածողության փոփոխությունն է մեզ առաջ տանելու, այսօր կա այդ սերունդը: Կասեք` քիչ են կարդում, համաձայն եմ, նրանք էլ ինֆորմացիայի այլ աղբյուրներ ունեն, բացի այդ` կարելի է կարդալ շատ ավելի ժամանակակից գրականություն, քան դասական գրականության որոշ գործեր: Մարդկանց պետք է հարցնել` էն ժամանակ ուրիշ էր ասելով` ի՞նչ նկատի ունեն, կաշառակերություն չկա՞ր, դպրոցում դասղեկին նվեր չէի՞ն առնում, ո՞րն էր էն ժամանակվա ուրիշը, չեմ հասկանում: Այո, այն ժամանակ ուրիշ էին նաև հարևանները, ովքեր ամեն րոպե պատրաստ էին քո մասին զեկուցել համապատասխան անվտանգության ծառայակիցներին: Հիշում եմ` 8-րդ դասարանում  «Ազատություն» ռադիոկայան էի փորձում գաղտնի լսել` արտաքին աշխարհի իրադարձությունների մասին մի քիչ ավելի տեղյակ լինելու համար, այլապես մենք ապրում էինք պետական «Վրեմյա»-ի, «Պրավդա»-ի լուրերով` ատոմային պատերազմի վտանգն անդադար մեր աչքի առաջ: 

-ԿԳ նախարարն ասում է, որ կրթությունը պետք է զերծ մնա քաղաքականությունից, բայց Դուք ինքներդ քոլեջի տնօրեն եք, ինչպե՞ս պետք է ձեր քոլեջը դուրս մնա քաղաքականությունից:

-Իմ բախտը բերել է այնքանով, որ իմ ուսանողները չափահաս չեն, և այսպես, թե այնպես չեն կարող մասնակցել ընտրություններին և չեն կարող ներգրավված լինել քաղաքական պրոցեսների մեջ: Այո, կրթության համակարգը պետք է ապակուսակցական լինի: Ես, կուսակցական լինելով, քոլեջի տնօրեն եմ, սակայն դուք չեք գտնի մի մարդ, ով կասի, որ համոզել եմ դառնալ կուսակցական կամ մեր օգտին քվեարկելու կոչեր եմ արել: Ես անկեղծ խոսող մարդ եմ, տեսնում են նաև խնդիրները, որ կան Դաշնակցության մեջ, բայց մի բան գիտեմ` եթե ես Դաշնակցության մեջ եմ, չպիտի ճամբարս փոխեմ, հակառակը` պետք է փորձեմ թերությունները, որ կան ներսում, լուծել: Կուսակցությունից կուսակցություն գնալը բնութագրում է մարդուն: Ըընտրողին կարող են նաև դա ասել` թող նայեն, թե մարդը քանի կուսակցություն է փոխել:

-Տարիներ առաջ աղմուկ բարձրացավ, թե ձեր ուսանողներին չեք թողնում սերիալներում նկարահանվել: Ինչո՞ւ, ի՞նչն է վատ: Շատերն աշխատանքից հետո վազում են տուն, անգամ` տաքսիներով են տուն հասնում, որ նստեն բազմոցին ու անհոգ սերիալ նայեն:

-Ես ոչ թե դեմ եմ սերիալներին, այլ կարծում եմ, որ սերիալներում պետք է նկարահանվեն պրոֆեսիոնալ դերասաններ, մարդիկ, որոնց աշխատանքն է դա: Իսկ իմ ուսանողներին չեմ թողնում, քանի որ նախ` նրանք  անչափահաս են, բացի այդ` եթե նրանք անցնում են բեմական խոսք, դերասանի վարպետություն, ժամանակակից հայկական սերիալներում այդ առարկաների հակաուսուցումն է գնում: Ինչքան աչքովս ընկել է որևէ սերիալ, 3 րոպեից ավելի չեմ կարողանում դրանք նայել, միայն գռեհկություն է: Որքան էլ տարօրինակ հնչի` ուրախ եմ, որ հնդկական սերիալներ են ցույց տալիս, որովհետև երբ մարդիկ դրանք են նայում, գոնե գիտեն, որ սա մերը չէ, իսկ երբ նայում ես հայկական սերիալները, քեզ թվում է` հենց փողոց դուրս գաս, որևէ կրիմինալ խմբավորում քեզ տեղում կոչնչացնի: Թող չասեն` ալիքը փոխեք, մի նայեք, ես չեմ կարող հեռուստացույցի մոտ պահակակետ սահմանել, որպեսզի իմ երեխան ալիքները փոխելու ժամանակ հանկարծ 3 րոպե կանգ չառնի ու չլսի դրանք:

-Դուք գրականությանն ու թատրոնին մոտ կանգնած մարդ եք, մեր ներկայիս քաղաքական դաշտում տեղի ունեցողը շա՞տ է տարբերվում բեմերում ու գրքերում նկարագրվածներից:

-Ասում են` քաղաքական գործիչներն էլ են դերասաններ, սակայն, ի վերջո, դերասանը մասնագիտություն է, որը մարդը բեմի վրա է կյանքի կոչում`ներկայացնելով որոշակի կերպար, նպատակ ունենալով իր կերպարով հանդիսատեսին ինչ-որ բան ասել: Իսկ քաղաքական գործչի արած դերասանությունը զուտ անձնական շահերից է բխում: Սսա է տարբերությունը թատրոնի և քաղաքական թատրոնի միջև, քանի որ եթե բեմում նպատակը շատ ավելի ազնիվ ու բարի է` հանդիսատեսի ոգուն դիպչել ու ինչ-որ բան հասկացնել, քաղաքական թատրոնի պարագայում սեփական շահն է գերակշռում:

- Քաղաքականությամբ չի կարելի ձեռքի հետ զբաղվել, թեև ունենք շատ օրինակներ: Պատրա՞ստ եք Ձեր ունեցածը թողնել ու մտնել ոչ պրոֆեսիոնալ թատերական դաշտ:

- Այսօր քաղաքականությունը դիլետանտության մակարդակի է հասնում, որովհետև տարրական քաղաքագիտական գիտելիքներ չունեն այն մարդիկ, ովքեր զբաղվում են դրանով: Այսօր այնքան հեշտ է կուսակցություն բացել և առանց գաղափարախոսության կուսակցական լինել: Առհասարակ` ձեռքի հետ ինչ-որ գործով զբաղվելը սխալ է, կա՛մ պետք է անես լավ, կա՛մ ընդհանրապես չանես: Պատրա՞ստ եմ արդյոք: Այդ հարցը նաև իմ շրջապատում է քննարկվում, հաստատությունում, որտեղ աշխատում եմ /ի դեպ, անցած տարի նշեցինք մեր քոլեջի հիմնադրման 55-ամյակը/: Այս պահին չեմ կարող պատասխանել, քանի որ աշխատանքը, որ անում եմ, ինձ սիրելի է, ինձ շատ հաճելի է աշխատել նոր սերնդի հետ: Բայց, ամեն դեպքում, լինելով կուսակցական մարդ, պետք է ենթարկվեմ կուսակցական որոշումներին: Բացի այդ` չգիտես` ինչու, մարդիկ մի բան են հորինել, թե քաղաքականությամբ զբաղվում են անբարոյականները: Երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանն իր հոդվածներից մեկում ասում էր` այդպես չէ, ուղղակի անբարոյական մարդիկ են զբաղվում քաղաքականությամբ: Իսկ ո՞վ ասաց, որ քաղաքականությամբ չի կարելի ազնիվ զբաղվել: Ես 7 տարի աշխատել եմ ԱԺ-ում, եղել եմ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի գլխավոր մասնագետ-փորձագետ, ԱԺ փոխնախագահի խորհրդական, և հիմնական գործառույթներիցս մեկը եղել է քաղաքացիների ընդունելությունը, նրանց դիմում-բողոքներով զբաղվելը: Այսինքն` դաշտին ծանոթ եմ, և կարծում եմ` այնպես չէ, որ քաղաքական թատրոնը միայն ողբերգություններ պետք է «բեմադրի», ի վերջո, կարելի է նաև ազնիվ խաղալ: Ցավոք, մեր երկրում քաղաքականությունը, քաղաքագիտությունն ու դիվանագիտությունը սկսել են չտարբերել իրարից: Շատ կուզեի` դիվանագիտական ասպարեզում ունենայինք լավ քաղաքական թատրոն, իսկ ներքին դաշտում` ազնիվ դիվանագիտություն:

Կարինե Հարությունյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica